HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զարմանում եմ, ամեն անգամ ինչու են փող ծախսում, ընտրություններ կազմակերպում»

Անահիտ Բաղդասարյան

Մեղրիի տարածաշրջանի Վարդանիձոր համայնքի բնակիչ Արտուշ Համբարձումյանն այդպես էլ ընտրության չգնաց: Նրա կարծիքով, ընտրությունները ձևական բնույթ են կրում. գրեթե բոլոր գյուղերում ընտրության միակ թեկնածուն գործող գյուղապետն է լինում. «Չեմ ուզում գնալ ոչ մի ընտրության: Զարմանում եմ, թե ինչո՞ւ են ամեն անգամ փող ծախսում, ընտրություններ կազմակերպում, եթե միայն գործող գյուղապետն է թեկնածուն լինելու»,-վրդովված խոսում է նա: 

Արտուշը եզակի չէ, նրան համակարծիք են շատերը . «Ժողովուրդն արդեն հոգնել է էդ ընտրություններից, երբ տեսնում է, որ ոչ մի դրական փոփոխություն չկա»,- ասում է Ռուդիկ Կարապետյանը:

Չնայած, որ Վարդանիձոր համայնքում խնդիրները շատ են, բայց ընտրողների մի մասն էլ շարունակում է  իրենց համայնքի ղեկավարի պաշտոնում հարմար թեկնածու տեսնել Ալբերտ Բեկլարյանին: Ասում են՝ գյուղում ուրիշ մեկին չեն պատկերացնում այդ պաշտոնում:

Նրանց կարծիքով, միայն գյուղապետի ջանքերով շատ բան չի կարող փոխվել. կառավարությունը պիտի աջակցի և լուծի  համայնքի խնդիրները. «Բեկլարյանը արժանի թեկնածու ա: Շատ ժողովրդական մարդ ա ու միշտ գյուղացիրների կողքին ա: Ինչ էլ ձեռից գալիս ա, անում ա»,- ասում է  Լյուդմիլա Պետրոսյանը:

Բնակիչները, սակայն, որևէ կերպ չեն հասկանում ավագանու անդամների դերակատարությունը: Նրանցից ոմանք նույնիսկ չգիտեին, որ այդ օրը նաև ավագանու ընտրություններ են. «Գյուղամիջով անցնող մարդիկ ասացին, որ էսօր ընտրություն ա: Ես էլ գնացի գյուղապետին ընտրեցի եկա, բայց ավագանիներից ոչ մեկին չեմ ընտրել. չեմ ճանաչում, ի՞նչ ընտրեմ: Պիտի իմանաս ով ա, ինչ պիտի անի, նոր ընտրես,-ասում է Վոլոդյա Ճագարյանը: Նա ավելացնում է, որ ոչ մեկը տեղյակ չի պահել, որ ընտրություններ են լինելու. «Մեկը գար ասեր ընտրություններ են, ինքն էլ մեկի փոխարեն երկուսը»: Իսկ Ժաննա Գյոզալյանը մտածում է, որ պիտի գյուղապետը իմանա, թե ինչու են ավագանի ընտրում. «Բոլոր ավագանու անդամներին էլ ճանաչում ենք. մեր գյուղացիներն են, բայց ես հինչ իմանամ, թե հինչ պիտի իրանք անեն. թող գյուղապետը իմանա»,- իմ հարցից զարմացած պատասխանում է նա:

Վարդանիձորի միակ թեկնածու, 2003թ-ից համայքի ղեկավար Ալբերտ Բեկլարյանը նախընտրական ծրագիր չուներ, քանի որ գյուղում բոլորը ծանոթ են իր գործունեությանը. «Բոլորն ինձ լավ են ճանաչում, ծանոթ են իմ գործունեությանը, -բայց  «միանշանակ» վստահ չէր, որ կընտրվի, քանի որ անցած ընտրություններին 15 հոգի դեմ է քվեարկել,- չեմ կարող ասել. գյուղացիներն են  որոշում` ընտրե՞ն, թե՞ ոչ»:  

Ալբերտ Բեկլարյանը նշեց, որ ընտրվելուց հետո կշարունակի սկսած գործերը. խմելու ջրի հարցը վերջնականապես կլուծի, գյուղի ճանապարհները կասֆալտապատի, համայնքապետարանը կվերանորոգի: Գյուղապետը խոստացավ նաև կազմել Վարդանիձորի քառամյա զարգացման ծրագիրը. «Կազմած-պատրաստ չունեմ, բայց կգրեմ»,- ասաց նա:

Վարդանիձորի համայնքի ՏԻՄ ընտրություններին 201 ընտրողներից մասնակցել է 160-ը:  Հանձնաժողովի նախագահ Թևոս Ալեքսանյանի խոսքով, ոչ մի ընտրախախտում չի գրանցվել: Ալբերտ Բեկլարյանն 150 ձայնով հերթական անգամ ընտրվել է Վարդանիձոր համայնքի ղեկավար: 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, 8 հոգի էլ դեմ է քվեարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter