HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

72-ամյա կինը կարիերայի մասին չի մտածում, ուզում է ներդրում ունենալ համայնքում

Իրմա Հարությունյանը երեկ ողջ օրն անհանգիստ էր: Մի քանի երիտասարդների հետ կանգնած էր Արարատի մարզի Նիզամի գյուղի դպրոցի բակում, որտեղ ընթանում էին համայնքապետի եւ ավագանու ընտրությունները: Իրմա Հարությունյանի պարանոցից կախված էր վկայականը. նա ավագանու թեկնածու էր: Նիզամիում ավագանու թեկնածուները ութն էին, նրանք պայքարում էին 5 տեղի համար:

Իրմա Հարությունյանին հաջողվել է առաջ անցնել իր մրցակիցներից եւ 61 ձայնով ընտրվել ավագանու անդամ: Նա Նիզամիի միակ կին ավագանու անդամն է եւ ամենամեծը` 72 տարեկան:

Մինչ ընտրությունների ավարտը Իրմա Հարությունյանը կանգնած մնաց դրսում եւ հերթով  ողջունեց ընտրության եկած համագյուղացիներին: Նա ժպտում էր ու լարվածությունից տրորում ձեռքի մատերը: «Բալես, անհանգիստ եմ, ախր»,-ասում էր ավագանու ամենատարիքով թեկնածուն եւ հուզմունքից թաքցնում հայացքը:

Իրմա Հարությունյանը պատմեց, որ փախստական է, 1980-ականների վերջին Բաքվից գաղթել է Հայաստան եւ արդեն 26 տարի է` ապրում է Նիզամի գյուղում: Նա նշեց, որ իր բնույթով ակտիվ մարդ է եւ իր տարիքից ավելի երիտասարդ է իրեն զգում, այդ իսկ պատճառով որոշել է առաջադրել իր թեկնածությունը եւ ինքն էլ իր հնարավորության սահմաններում օգտակար լինել համայնքին:

«Մեր գյուղն այս տարիների ընթացքում առաջ չի գնացել, հակառակը՝ հետ է գնացել, դրա համար այս տարիքում որոշեցի առաջադրվել: Սկսեմ տարրական բաներից՝ փողոցները լուսավորված չեն, կեղտոն են, ցեխոտ, գյուղում ոչ մի բան չունենք՝ ոչ բուժկետ, ոչ մշակույթի տուն, դատարկ նստած ենք,-ասում է Իրմա Հարությունյանը եւ ցույց տալիս շուրջը հավաքված երիտասարդներին ու ավելացնում,-ես ուզում եմ այս երիտասարդների ապագան լավ լինի, որ իմ եւ շատերի երեխաները չփախնեն Ռուսաստան ու մնան այս գյուղում: Զրոյից տուն եմ սարքել, բայց ներկա դրությամբ մենակ ես եմ այդ տանը ապրում, երեխեքս դրսում են, ինչի՞ պիտի գնային»:

Թեեւ Իրմա Հարությունյանի երեխաները Հայաստանից դուրս են եկել, սակայն ինքը չի շտապում հետեւել նրանց օրինակին, ճիշտ հակառակը՝ ջանքեր է գործադրում, որ նրանք վերադառնան Հայաստան:

«Հայրենասիրությունը բառերով չեն ասում, բայց ես իրոք հայրենասեր եմ: Ուզում եմ իմ երեխաները Հայաստանում ապրեն, հայ ենք, պիտի Հայաստանում ապրենք: Իմ ցանկությունը դա է, դրա համար էլ առաջադրվել եմ: Այս տարիքում ոչ կարիերա եմ անելու, ոչ էլ հավակնություններ ունեմ, պարզապես ուզում եմ ներդրում ունենալ համայնքում»,-նշում էր ավագանու թեկնածուն:

Իրմա Հարությունյանի կարծիքով, եթե գյուղը հարմարություններ եւ երիտասարդները զբաղմունք ունենան, ոչ ոք չի թողնի ու գնա: Նա այս հարցում շատ է կարեւորում ավագանու դերը:

«Ազգային ժողովը մեծ նշանակություն ունի ամբողջ երկրի համար, իսկ ավագանին նույն նշանակությունն ունի գյուղի համար: Եթե ավագանին որոշի, որ գյուղում այսինչ գործը պիտի արվի, համայնքապետը պարտավոր է այդ որոշման տակ կնիք դնել: Բայց մինչ օրս նման բան չի եղել, երեւի ղեկավարից է գալիս, որ չի եղել»,-ասում էր Իրմա Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter