HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Հերթական «թալանչին», ում էլ վաճառվել է մաքրման կայանը

Վանաձորի կիսակառույց մաքրման կայանը, ավելի ճիշտ՝ կայանի՝ տարիներ շարունակ տեղի ունեցած թալանից մնացած շինությունները, արդեն մասնավոր սեփականություն են: Վաճառվել են մեկին, ով վաճառքից ընդամենը մեկ ամիս առաջ հափշտակություն էր կատարել նույն այդ մաքրման կայանից:

Գողության մասին հաղորդումը ներկայացրել էր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը 2010 թվականի հունիսի 7-ին:

Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել էր, որ մաքրման կայանի աէրոտիկ խառնիչների տարածքի 161 հատ երկաթբետոնե սալ է ապամոնտաժվել, և հափշտակվել էին դրանց մեջ եղած զգալի չափերով՝ 421 հազար 580 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, մետաղյա ամրաններ ու մետաղաձողեր: Նաև գույքն էր վնասվել՝ համայնքին պատճառելով 4 մլն 25 հազար դրամի նյութական վնաս:

Շուտով հայտնաբերվել էր նաև մաքրման կայանից հափշտակություն կատարողը՝ Վանաձորի բնակիչ Արթուր Սարուխանյանը՝ «Ատուկ» մականունով:

«Ապամոնտաժել էին բետոնե սալեր, որոնց միջից արմատուրաներ էին հանել»,- հաստատում է Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը՝ չնայած նա այն կարծիքին է, որ դա «ոչ թե հափշտակություն է եղել, այլ գույքի վնասում»:

«Արթուր Սարուխանյանը ձեռք էր բերել մաքրման կայանը և այդ ժամանակ ձեռք բերածից դուրս գույք էր վնասել»,- փաստերը շփոթում է դատախազ Շահբազյանը:

Իրականում Արթուր Սարուխանյանը հափշտակությունը կատարել էր հունիսի սկզբին (հունիսի 2-7-ն ընկած ժամանակահատվածում): Քրեական գործը հարուցվել էր հունիսի 22-ին: Շատ չանցած՝ հայտնաբերվել էր նաև Արթուր Սարուխանյանը: Իսկ սեպտեմբերի 6-ին մաքրման կայանը աճուրդով վաճառվել էր նրան, այն դեպքում, երբ տվյալ պահին նրան մեղադրանք էր առաջադրված մաքրման կայանից հափշտակություն կատարելու համար:

Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանն էլ պնդում է, թե մաքրման կայանը վաճառվել է կատարված գողության հետևանքով համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելուց հետո:

Այնինչ մաքրման կայանի վաճառքից մեկ ամիս անց միայն՝ հոկտեմբերի 14-ին, Լոռու մարզի քննչական բաժնում գրություն էր ստացվել Վանաձոր համայնքի կողմից այն մասին, որ մաքրման կայանից կատարված գողությամբ համայնքին պատճառված՝ 4 մլն 25 հազար դրամի վնասը վերականգնվել է համայնքային բյուջե, և համայնքն այլևս պարտքուպահանջ չունի: Եվ միայն դրանից հետո այդ հիմքով քրեական գործի վարույթը կարճվել էր:

Մաքրման կայանի վաճառքի գնի վերաբերյալ Վանաձորի գլխավոր ճարտարապետ Տ. Պապանյանն ասում է. «Պատճառված վնասի գնով աճուրդի գինը պակասել է: Գնողը հո դրա համար չէ՞ր վճարելու»,- միևնույն մարդու (վնաս պատճառողի և գնորդի - հեղ.) մասին է խոսում ճարտարապետը:

Մաքրման կայանի աճուրդային վաճառքի համար համայնքի ավագանու հաստատած մեկնարկային գինը եղել է 60 մլն 232 հազար դրամ: Իսկ Արթուր Սարուխանյանին վաճառվել է 63 մլն 243 հազար դրամով:

Հետաքրքիր է, որ Արթուր Սարուխանյանը հափշտակություն էր արել՝ ունենալով նման ֆինանսական կարողություններ և առավել ևս տեղյակ լինելով հայտարարված աճուրդի մասին: Ինչպես հայտնել էր քննիչին, մինչև հափշտակություն կատարելը աճուրդի մասին տեղեկացած է եղել ԶԼՄ-ներից:

Ի դեպ, մաքրման կայանի համար աճուրդ էր հայտարարվել դեռ 2009-ին: Նշանակվել էր կրկնաճուրդ, բայց դարձյալ վաճառք չէր կայացել:

Դրանից հետո համայնքի ղեկավարի առաջարկությամբ և ավագանու համաձայնությամբ մաքրման կայանի շինություններից 72 հատ 20X6 մ չափի պատի սալ էր ապամոնտաժվել և օգտագործվել Տավրոս թաղամասի գերեզմանոցի պարսպի կառուցման համար: Իսկ մնացած գույքը ավագանու համաձայնությամբ վերագնահատվել էր և դրվել աճուրդի:

Այսպիսով, Արթուր Սարուխանյանը մաքրման կայանը ձեռք է բերել համայնքի կողմից հայտարարվող աճուրդի «երրորդ փորձից»:

Ընդ որում՝ նա ոչ թե մաքրման կայանի տարածքն է ձեռք բերել, այլ մաքրման կայանի շինությունները: Վերջին աճուրդն էլ հայտարարված է եղել մաքրման կայանի կիսակառույց շինությունները քանդելու և տարածքն ազատելու նպատակով:

«Սեփականատերը գնել է տարածքը՝ մաքրելու, շինություններից ազատելու համար: Ոչ մի շինություն վերադարձնելու իրավունք չունի: Պարտավոր է քանդել, տնօրինել շինանյութին, տարածքը հարթեցնել և վերադարձնել համայնքին»,- ասում է ճարտարապետ Տ. Պապանյանը:

Վերջինիս խոսքերով՝ կիսակառույց մաքրման կայանի տարածքը շինություններից ազատելուց հետո այն պետք է օգտագործվի նոր մաքրման կայան կառուցելու համար, ինչը նախատեսված է ավարտել մինչև 2016 թվականը: Իսկ սեփականատերը, նրա ասելով, 2 տարի ժամանակ ունի ձեռք բերած տարածքը «մաքրելու» և այն համայնքին վերադարձնելու համար:

Տիգրան Պապանյանի կարծիքով՝ նախկին մաքրման կայանի տարածքը ամենահարմարն է նոր մաքրման կայան կառուցելու համար: Ճարտարապետը բացառում է կիսակառույցը ավարտին հասցնելու և այն գործարկելու տարբերակը. «Կիսակառույցը բարոյապես և ֆիզիկապես չի բավարարում այսօրվա պահանջներին: Կառուցված է 40 տարի առաջվա տեխնոլոգիայով: Անիմաստ է դա պահելը»:

Նրա ասելով՝ նոր մաքրման կայանը պետք է նաև բիոքիմիական մաքրում կատարի՝ ի տարբերություն այժմ Վանաձորում գործող մաքրման կայանի, որը միայն մեխանիկական մաքրում է կատարում:

«Ժամանակակից գիտական մակարդակով՝ ջուրը մաքրող մաքրման կայան է լինելու»,- կանխատեսում է ճարտարապետը:

Բայց «տնտեսող» ճարատարապետի համար ամենակարևորը, իհարկե, այն է, որ «նոր կայանի համար էդքան մեծ տարածք պետք չի լինի»:

Հ.Գ. Արթուր Սարուխանյանի հետ առայժմ չի հաջողվում զրուցել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter