Խորքային հորերի հիմնական խնդիրը կապված է ձկնաբուծարանների հետ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր է սպասվում ձկնաբույծներին՝ հաշվի առնելով Արարատյան դաշտավայրի խորքային հորերին վերաբերող խնդիրները:
Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ այդ հարցը թե հանրապետության նախագահի, թե վարչապետի ու համապատասխան գերատեսչությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում է:
Ըստ նախարարին՝ անցած տարվանից կառավարությունն իրականացնում է համալիր միջոցառումներ: Առաջինը՝ իրականացվում է գույքագրում, երկրորդը՝ չեզոքացնում են ապօրինի եւ տիրազուրկ հորերի վնասակար հետեւանքները, եւ երրորդ միջոցառումը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին:
Նախարարը նշեց, որ 420 խորքային հոր շահագործում են ձկնաբուծարանները, 470-ը՝ կենցաղային նպատակներով՝ խմելու եւ ոռոգման համար: Հիմնական խնդիրը ձկնաբուծարանների մոտ է, եւ ուսումնասիրություններից հետո կքվոտավորվի, թե որ ոլորտին ինչ քանակության ջուր պետք է տրվի:
Խնդիրներ են հարուցում նաեւ խորհրդային տարիներից ոռոգման նպատակով շահագործվող խորքային հորերը, եւ այստեղ էլ ուսումնասիրություններ են կատարվում:
Մեկնաբանել