HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանը նահանջել է 11 տեղով եւ 41-րդն է աշխարհում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին հաշվետու ժամանակահատվածում մրցել է Ռուսաստանի թիմի հետ եւ 0-2 հաշվով  պարտություն կրել, ինչը իր հետեւանքներն է ունեցել: Մեր թիմը նահանջել է 11 տեղով եւ այժմ 699 միավորով 41-րդն է: Հիշեցնենք, որ փետրվարին գրանցված 30-րդ հորիզոնականը ռեկորդային է մեր ազգային հավաքականի համար: 

Համաշխարհային ցուցակի առաջատար հնգյակն անփոփոխ է մնացել. Իսպանիա, Գերմանիա, Արգենտինա, Պորտուգալիա, Կոլումբիա: Նրանց հաջորդում են Ուրուգվայը, Շվեյցարիան, Իտալիան, Բրազիլիան, Բելգիան: «Եվրո-2016»-ում մեր մրցակիցներից լավագույնը, ինչպես երեւում է, պորտուգալացիներն են (4): Դանիան 2 հորիզոնականով նահանջել է 22-րդ տեղ: Սերբերը մեկ տեղով առաջադիմել են եւ հիմա 28-րդն են, իսկ ալբանացիները մեկ տեղով բարձրացել են 54-րդ հորիզոնական: Մեր ընտրական խմբի պահեստային մրցակից Ֆրանսիան էլ մեկ տեղով առաջընթաց է գրանցել ու հիմա 17-րդն է:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը շարունակում են մնալ ուկրաինացիները, որոնք պահպանել են իրենց 18-րդ հորիզոնականը, ռուսները մեր թիմին հաղթելուց հետո 3 տեղով բարձրացել են 19-րդ տեղ: Մյուս թիմերը զիջում են Հայաստանի ընտրանուն: Վերջինիս ամենամոտը ուզբեկներն են, որոնք 55-րդն են:

Մեր հարեւաններից լավագույնը այս պահին Թուրքիան է, որը 4 տեղով բարձրացել է եւ Հայաստանի նահանջի շնորհիվ առաջ անցել մեզնից: Թուրքերը 38-րդն են, Իրանը նահանջել է 4 տեղով եւ մեր թիկունքում է՝ 42-րդ տեղում, Ադրբեջանը 2 տեղով բարձացել է մինչեւ 91-րդ հորիզոնական, իսկ վրացիները՝ 4 տեղով մինչեւ 99-րդ տեղ:

Հաջորդ ցուցակը կհրապարակվի ապրիլի 10-ին: Մինչ այդ մեր թիմի մասնակցությամբ խաղ նախատեսված չէ: Առաջիկա մրցակիցը կլինի Ալժիրը (մայիսի 31-ին), իսկ հետո՝ Գերմանիան (հունիսի 6-ին): Աֆրիկացիներն այս պահին 25-րդն են, իսկ Գերմանիան՝ 2-րդը աշխարհում:

Լուս.՝ ffa.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter