HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւմ է ներում երկրի նախագահը

Վերջին անգամ ՀՀ նախագահի ստորագրած ներման հրամանագրի մասին հանրությունն իմացել է 2009-ին, երբ տեղեկատվություն տարածվեց 2008թ. մարտի 1-ի գործով 2-3 տարվա ազատազրկման դատապարտված 16 անձանց ներում շնորհելու մասին: Համենայնդեպս, սա նախագահական ներման մասին միակ տեղեկատվությունն է, որ գտանք ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: Իսկ դրանից առաջ ու դրանից հետո թե ում է ներել նախագահ Ս. Սարգսյանը, պարզվում է՝ գաղտնիքին հավասարազոր տեղեկատվություն է:

Միայն հայտնի է, որ անցյալ տարի ներման խնդրագրով նախագահին դիմել է 424 դատապարտյալ, որոնցից ներում է շնորհվել 23-ին: Ներման արժանացածներից գրեթե բոլորը դատապարտվել են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար: Այս մասին «Հետքի» հարցմանը պատասխանելով՝ հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների ու կոչումների վարչության պետ Ջեմմա Հակոբյանը:

Ովքե՞ր են ներված 23 դատապարտյալները

Սակայն ովքե՞ր են այդ 23 դատապարտյալները, ինչո՞ւ են ընտրվել հենց այդ 23 անձինք, ի՞նչ հիմքով է մերժվել 401 դատապարտյալի խնդրագիրը. նախագահական նստավայրում այս տեղեկությունները պահվում են հազար կողպեքի տակ: Հանրությանը չեն ներկայացվում ներվածների անունները:  «Հետքը» խնդրել էր հրապարակել 23 ներված դատապարտյալների անունները ու ստացել է մերժում՝ հետևյալ հիմնավորմամբ.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի ներման խնդրագրերի վերաբերյալ հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն հրապարակման, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ, որոնք, ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն, չի կարելի օգտագործել կամ տարածել՝ առանց տվյալ անձանց համաձայնության: Հրամանագրերն ի կատարումն ուղարկվում են համապատասխան պետական մարմիններ: Հրամանագրերի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկվում են ներման խնդրագրերով դիմած դատապարտյալները, ինչպես նաև  միջնորդություններով հանդես եկած անձինք»:

Փաստաբանների պալատի անդամ Անի Թորոսյանը կարծում է, որ նախագահի ներման հրամանագրերը պետք է հրապարակվեն, քանի որ «ներում շնորհելու մասին հրամանագիրը չի կարող պարունակել անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ: Նույն կանխավարկածից ելնելով՝ ուրեմն չպետք է հրապարակվեն դատական ակտերը, սակայն, ինչպես տեսնում ենք, դրանք հասանելի են հանրությանը և տեղադրված են պաշտոնական www.datalex.am  կայքում: Ուրեմն ո՞րն է տրամաբանությունը, եթե դատավճիռը առանց անձի համաձայնության հրապարակվում է և «չի պարունակում անձնական կյանքի մասին տեղեկություններ», սակայն  նույն դատավճռով դատապարտված անձին ներում շնորհելու հրամանագիրը համարվում է հանրության համար ոչ հասանելի: Եթե նույնիսկ դիտարկենք այդ հրամանագրերը որպես անհատական ակտեր, ապա «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետության Նախագահի անհատական հրամանագրերը և կարգադրությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից և ուժի մեջ են մտնում սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով»: Ուստի, ամեն դեպքում նշված հրամանագրերը ենթակա են հրապարակման»:

«Հետքը» զրուցեց նաև այլ իրավաբանների հետ՝ Արա Ղազարյան, Արտակ Զեյնալյան, Արա Զաքարյան, ովքեր ևս նույն պարզաբանումը տվեցին՝ նշելով նաև, որ «Իրավական ակտերի մասին» հոդված 59-ում սահմանված է, որ հրապարակման ենթակա չեն միայն իրավական այն ակտերը կամ դրանց առանձին մասերը, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք: «Որքան էլ հայեցողական լինի երկրի նախագահին տրված` դատապարտյալներին ներում շնորհելու լիազորությունը, այդուհանդերձ, նա չի կարող դա կամայական իրագործել կամ չիրագործել»,- նկատեց իրավաբան Արտակ Զեյնալյանը:

Քրեական իրավունքի հին համակարգերից մեկը 

Նշենք, որ նախագահը, Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն, ունի դատապարտյալներին ներելու իրավունք: Իսկ 2003թ. նախագահը հրամանագիր է ստորագրել դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը սահմանելու մասին:

Նախագահի կամ միապետի ներման ինստիտուտը տարածված է ամբողջ աշխարհում, համարվում է քրեական իրավունքի հին համակարգերից մեկը: Ի դեպ, մտածողներից Կանտն ու Վոլտերը շատ են քննադատել ներման ինստիտուտը՝ նշելով, որ միապետը այդպիսով ներում է արքունիքի հովանավորչությունը վայելողներին: Այնուամենայնիվ, ներումը հասել է մինչև ժամանակակից աշխարհ: Այն վկայում է երկրի ղեկավարի մարդասիրության, մեծահոգության մասին: Հաճախ կիրառվում է քաղաքական նպատակներով՝ ընտրություններից առաջ կամ հետո: Կիրառվում է նաև պետական ու կրոնական տոների առիթով:

Կան երկրներ, որտեղ երկրի նախագահը ներում է շնորհում նաև ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվածներին:  Օրինակ՝ Դանիայում ցմահ դատապարտյալին թագավորը կամ թագուհին 12 տարի անց կարող են ներում շնորհել` 5 տարի փորձաշրջանով: Հոլանդիայում ցմահ դատապարտյալները 20 տարի անց կարող են դիմել թագուհուն ներման խնդրանքով: Այնտեղ ընդամենը 2 դատապարտյալ կա, ովքեր 20 տարուց ավելի կրում են իրենց պատիժը: Այսինքն` ներում հասկացությունը սովորական երևույթ է: Հայաստանում անցյալ տարի 6 ցմահ դատապարտյալ է ներման խնդրագիր գրել նախագահին, սակայն այդ խնդրագրերից որևէ մեկը չի բավարարվել: Ցմահ դատապարտյալներին ներելու նախադեպ Հայաստանում չկա: 

Մեկնաբանություններ (2)

Silva
,,Դատալեքս,,-ը ամենևին էլ պաշտոնական կայք չէ։ Այն ընդամենը հանրային կրպակ է, որում տեղադրված տեղեկությունների իսկությունը որևէ մարմնի կողմից չի վերահսկվում։,,Դատալեքս,,-ը նպաստում է կոռուպցիայի պարտակմանը։ ՀՀ դատական համակարգի պաշտոնական տեղեկությունները կարելի է ստանալ ՀՀ դատական համակարգի էլեկտրոնային կառավարման ,,Դատական համակարգ,, համակարգչային ծրագրից, որը գտնվում է դատական դեպարտամենտի կառավարման ներքո։
Զարուհի
Հարգելի Սիլվա, խոսքը հրապարակել-չհրապարակելու մասին է, այնպես որ առավել ևս հանրային տեղեկատվական համակարգում հրապարակվում են դատավճիռները, այսինքն՝ համարվում է, որ դրանք անձնական բնույթի տեղեկատվություն չեն պարունակում, հետևաբար ներումը ևս նույն տրամաբանությամբ չի պարունակում այդպիսի ինֆո: Հոդվածը նախագահի ներել-չներելու և այդ ինֆորմացիան հրապարակելու մասին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter