HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը միավորու՞մ, թե՞ միմյանց դեմ է հանում փոքր գյուղերը

Էմմա Պետրոսյան

Լոռու մարզի Շամուտ գյուղի տարեկան բյուջեն 5.5-6 մլն դրամ է, որի մեծ մասը` 3,5-4մլն-ը, ծախսվում է աշխատավարձերի համար, իսկ մնացած գումարով հնարավոր չի լինում 352 բնակիչ ունեցող Շամուտ գյուղում լուրջ ծրագրեր իրականացնել: Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանի խոսքով` գյուղում անելիքներ շատ կան. «Դե գյուղում որ ասեմ մեծ բաներ ենք անում` չէ, չենք էլ կարա: Լինում է, որ ճամփեքից քանդված-մանդված տեղեր կա, էդ եմ վերանորոգում: Էս ներքևը կանգառ ունենք մեքենաների համար, էդ ենք անում, ջրագծեր ունենք, դրանց վրա ենք ուշադրություն դարձնում, օրինակ հիմա`ջրագիծ ունենք, մի 100մ վերանորոգման կարիք կա»:

ՀՀ 915 համայնքներից 442-ը կամ 48%-ը ունի 1000-ից պակաս բնակիչ: Այդ փոքր և միջին համայնքներում առկա ռեսուրսները, մասնավորապես` ֆինանսական միջոցները չեն բավարարում օրենքով նախատեսված լիազորություններն ամբողջությամբ կատարելու և տվյալ համայնքների բնակիչներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար: Շամուտ գյուղում, օրինակ, արարողությունների սրահ չկա, գյուղապետն ասում է, որ բնակիչները տարիներ շարունակ այս հարցն են բարձրացնում. «Ժողովուրդը անընդհատ գյուղապետարան է գալիս ու էս հարցը առաջ քաշում: Ես էլ վերևը որ բան եմ ասում, ասում է` պիտի գոնե 90 տոկոս հարկի տոկոսն ապահովես, որ կառավարությունը քեզ թույլ տա ու օգնություն ցույց տա: Ես էլ չեմ կարում 90 տոկոսն ապահովեմ, քանի որ չունի ժողովուրդը, էդ կարգավիճակում չի, հարկ չի հավաքվում»:

Համայնքների ռեսուրսները կենտրոնացնելու և արդյունավետ  ծախսելու նպատակով ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը մշակել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր: Քննարկվել է ծրագրի 2 մոդել` ծրագրային և վարչական: Առաջին մոդելը ենթադրում է համայնքների խոշորացում որևէ ծրագրի շրջանակներում, իսկ վարչական մոդելի ներդրման դեպքում խոշորացումը կատարվում է ըստ համայնքների միջև հեռավորության, բնակչության թվաքանակի և համատեղելիության: Ըստ այդմ՝մշակվել են թվով 14 համայնքային փնջեր: Ծրագրի մեկնարկը տրվելու է այս տարի, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր կիրականցվեն Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում և Տաթևում: Պիլոտային ծրագրի հաջող մեկնարկից հետո ծրագիրն իրականացվելու է նաև այլ մարզերում: Համայնքների ֆինանսիստների միավորման ներկայացուցիչ, ֆինանսական կառավարման փորձագետ Վահրամ Շահբազյանը նշում է, որ համայնքները դրանից չեն տուժի, քանի որ մնում են որպես առանձին բնակավայր` կազմելով խոշորացված համայնքի մի մասը. «Ինքը` համայնքը, մնում է իր տեղում որպես բնակավայր, պարզապես մտնում է որոշակի համայնքների փնջի մեջ: Խոշորացված համայնքը ունենում է կենտրոն բնակավայր և այլ բնակավայրեր: Խոսքն այն մասին է, որ կենտրոնացնեն մի տեղ, ունենան արդեն մեկ համայնք: Եվ էդ դեպքում արդեն որոշակի հաշվարկներ են կատարվել, որոնք վերաբերում են ծախսերի և օգուտների վերլուծությանը: Այդ հաշվարկները ցույց են տվել, որ որոշ միջոցներ կարող են խնայվել եւ օգտագործվել այդ բոլոր բնակավայրերում ծառայություններ մատուցելու և ծրագրեր իրականացնելու համար»:

Այս հանգամանքն, իհարկե, դժգոհություն է առաջացրել հատկապես համայնքապետերի շրջանում, քանի որ նրանցից շատերը կորցնելու են իրենց պաշտոնը: Բացիայդ, կրճատումներ կլինեն նաև գյուղապետարանների աշխատակազմերում: Խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակավայրից մեկ վարչական ներկայացուցիչ կլինի, ով որոշակի լիազորություններ կունենա: Շամուտի գյուղապետարանում, օրինակ, 4 աշխատող կա` գյուղապետ, քարտուղար, հաշվապահ և հավաքարար: Համայնքների խոշորացումից հետո չի բացառվում, որ Շամուտի գյուղապետարանի աշխատակազմում կրճատումներ լինեն: Բաղիշ Վանյանը կարծում է, որ Շամուտի նման փոքր համայնքները ոչինչ չեն շահելու խոշորացումից. «Դե հիմի ես եթե ասեմ համաձայն չեմ միավորվի, ասելու են` էս մարդը իր պաշտոնից կպած է, չի ուզում: Բայց երբեք դա արդարացի չի լինի, փոքր համայնքը էլի տուժած է լինելու, մեծ համայնքը շահելու է: Ֆինանսի մեծամասնությունը գնալու է ընդեղ, ես էլ լինեմ`առաջ իմ գյուղի համար եմ անելու, նո րիմ կողքի գյուղիհամար»:

Տարբեր համայնքապետեր տարբեր կարծիքները ունեն խոշորացման մասին: Թումանյանի քաղաքապետ Լևոն Ձավարյանն, օրինակ, կողմ է խոշորացմանը. «Էն գումարները, դոտացիան, որ տրվում է գյուղերին ու դպրոցներին, շատ մեծ են: 10 երեխա ունեցող դպրոցին մեծ գումար են տալիս, բայց էդ դպրոցում 2 աշակերտ ունեցող դասարանում նորմալ դաս չեն էլ անում, չեն էլ կարա անեն: Էդ գումարները թող հավաքեն, տան մի ավտոբուս առնեն, կենտրոնացնեն մի դպրոցում, էդ աշակերտներն էլ էդ ավտոբուսով գնան, նորմալ դաս կանեն»:

Մարցի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սարգիս Մկրտչյանն էլ կարծում է, որ դա ավելորդ քաշքշուկների առիթ է դառնալու համայնքների բնակիչների համար. «Սովորական մի տեղեկանքի համար այլ համայնք գնալը հե՞շտէ: Չէ: Էդ նույն օրը չի կարողանալու տեղեկանքը վեր ունի, օրեր է կորցնելու»:

Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանն էլ նշում է, որ բնակիչներն իշխանությունից իրենց ավելի մոտ են համարում համայնքի ղեկավարին և յուրաքանչյուր հարցով, նույնիսկ անձնական` դիմում են համայնքապետին, ով հնարավորության սահմաններում և երբեմն էլ այդ սահմաններից դուրս փորձում է օգնել իր համայնքի բնակչին:Սահակ Նազարյանն ասում է, որ համայնքների խոշորացումից հետո խոշոր համայնքի բնակավայրերի վարչական ներկայացուցիչների ձեռքում այլևս նախկին իշխանություններն ու իրավունքները չեն լինելու, որ կարողանան աջակցել բնակիչներին, բնակիչներն էլ իրենց ավելի հեռու են զգալու իշխանությունից. «Էն ժամանակ գյուղացին էլի կդիմի թաղապետին, բայց թաղապետի ձեռքին էն լիազորություններն ու թեկուզ փոքրիկ ֆինանսական հնարավորությունները չեն լինի, որ կարողանա հարցին լուծում տալ: Թաղապետին կդիմեն, թաղապետն էլ կգա կդիմի համայնքի ղեկավարին ու կսպասի համայնքի ղեկավարը ինչ լուծում կտա, ինչ ընթացք կտա, էդ ընթացքը նոր կհասցնի համայնքի բնակիչներին»:

Ֆինանսական կառավարման փորձագետ Վահրամ Շահբազյանը վստահեցնում է, որ բոլոր այս հարցերը հաշվի են առնվել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը կազմելիս. «Այդ հարցերը նույնպես պետք է կարգավորվեն, նախ` էստեղ պետք է մտածենք, որ ՏԻՄ-ը երկուսն են, միայն համայնքի ղեկավարը չի, նաև ավագանին է, և այդհամայնքի ավագանին պետք է ձևավորել համամասնորեն: Բոլոր համայնքներից անպայման ներկայացուցիչներ պետք է լինեն ավագանու կազմում, որոնք իրենց համայնքի շահերը կպաշտպանեն»:

Փաստ է, սակայն, որ ավագանու ինստիտուտը դեռ կայացած չէ, և անգամ փոքր համայնքներում ավագանու գործունեությունը դժվար է բավարար համարել:

Վահրամ Շահբազյանը նշում է, որ քայլեր են ձեռնարկվելու նաև խոշորացված համայնքի ավագանին ուժեղացնելու ուղղությամբ: Առաջիկայում նախատեսվում է նաև համամասնական ձևով կուսակցություններին մասնակից դարձնել ՏԻՄ ընտրություններին և հնարավորություն տալ որոշ քաղաքական դիրքորոշումներ առաջ տանել: Մեծ ուշադրություն է դարձվելու նաև խոշորացված համայնքի քառամյա զարգացման ծրագրի կազմմանն ու բյուջեի հաստատմանը` հաշվի առնելով բոլոր բնակավայրերում ծառայությունները համամասնորեն մատուցելու և ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը:

Համայնքների բնակիչների մեծ մասն արդեն տեղյակ է խոշորացման պիլոտային ծրագրին: Բնակիչների շրջանում կարծիքներն իրարամերժ են. ոմանք կողմ են, ոմանք էլ` դեմ համայնքների խոշորացմանը: Մարց համայնքի բնակիչ, 77-ամյա Մայիս Գևորգյանն, օրինակ, կարծում է, որ անիմաստ է համայնքներում շատ թվով աշխատակիցներ պահել, երբ նրանց կարիքն առանձնապես չի զգացվում. «Էդ լսել եմ ես, շատ լավ կլի, որովհետև ստեղ համայնքում մի 10 հոգի աշխատում է:  Ձրի աշխատավարձ են ստանում, մի թոշակի օր գալիս կանգնում են, որ ժողովրդից փող հավաքեն: Էդ ժողովուրդը սենց թե նենց իրա հարկը տալիս է: Ուզում եմ ասեմ` էդ խոշորացումը ամենաձեռնտու բանն է, գոնե որ գյուղերը խոշորանան, էդ նախագահը կասի` էս մի հերթն էլ էս մի գյուղի հմա մի բան անեմ: Խոշորացումն էն կտա, որ փող կհավաքվի, ամեն գյուղի հմա մի բան կանեն»:

Շամուտի բնակիչ Ալբերտ Կիրակոսյանն էլ վստահ է, որ խոշորացումից հետո գյուղացու համար որևէ էական փոփոխություն չի լինելու. «Ես չեմ կարա ասեմ`լավ կլի, թե չէ, որովհետև դեռ տենց օրինակ չկա: Բայց դե ինչ տի ըլի, էլի դու ու քու աշխատանքը, կաշխատես` կապրես, չես աշխատի` չեսապրի»:

Խոշորացված համայնքի բնակավայրերի միջև կապը պահպանելու և ծառայությունները մատչելի դարձնելու համար մի շարք բարեփոխումներ պետք է իրականացվեն` նախևառաջ վերանորոգվեն ճանապարհներն ու տրանսպորտային միջոցներ տրամադրվեն:Այս առումով անելիքներ շատ կան, բարեփոխումների մինչև վերջ իրականացումն էլ բավականին բարդ է լինելու, քանի որ համայնքները միայնակ ի զորու չեն լուծում տալու բոլոր այս հարցերին,- նշում է ֆինանսական կառավարման փորձագետ Վահրամ Շահբազյանը: Ծրագրի իրականացման համար ակնկալվում է նաև պետության օժանդակությունը, շահագրգռված են նաև միջազգային և տեղական կազմակերպությունները, որոնք նույնպես ֆինանսական աջակցություն են ցուցաբերելու: Սակայն մինչ խոշորացման պիլոտային ծրագրի հաստատումը նաև հանրաքվե է անցկացվելու` այս հարցում հասարակության կարծիքը հաշվի առնելու համար:

 

Մեկնաբանություններ (2)

barséghian ardachèce
Anrajecht vorochoum miyadznél kurérou régavaroutioun, miyadznél dendésagan, socialagan, mechagouytay, karakatsiagan ouj, ourrvadz hadgabés karakatsinérou chahérou. Orinag Franssan aysbissi miyatsadz kurér garorétsan teknikagan kordzik kennél dzaraélou kurérou makroutian, abahovoutian, garéli mévcanizasianér kuradendésoutian (andarayn, haykinérou ...) i verdjo kurér ge dendésén régavaroutian dzarsér amén indjov artunavéd. Indj ge gadarvé atornérou xentir ....
ագրոնոմ
Խեղճ ու քայքայվող գյուղերի գլխին նոր փորձանք է սարքվում, որն ավելի կարագացնի երկրի ամայացումը: Համայնքների խոշորացումը նախաձեռնող «գիտունները» կամ բթամիտ են, կամ էլ չարամիտ, որովհետեւ վնասակար հետեւանքները հեշտ է հասկանալ: Այդիսի փորձ էլ գոյություն ունի բավականին, եթե ցանկություն լինի ուսումնասիրել: Ճիշտ նույն դատողություններով ու սպասելիքներով, սովետական տարբեր ղեկավարներ արդեն մի 2-3 անգամ միացրել-խոշորացրել էին մանր գյուղերը, ու համոզվելով որ միայն տնտեսական անկում է արձանագրվում, նորից են տրոհել: Այդ այն դեպքում, երբ պետությունը միշտ կանգնած էր ի պաշտպանություն գյուղի - ահռելի դոտացիաներով տրվում էին գյուղ. մեքենաներ, պարարտանյութ, քիմիկատներ, կատարվում էր պլանավորված սերմնափոխություն, ոռոգման ջուրը բացարձակ ձրի էր եւ այլն: Եթե կասկածներ կան (գիտելիքների պակաս) առանց ամաչելու հարցրեք հին ու հարգելի խորհրդային ղեկավարներին, նրանցից օգուտ կարելի քաղել - եթե մտադրություններն իսկապես բարի են, ու հիվանդ ամբիցիաները մի կողմ կարող են դրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter