HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Հին տանիքներով համերաշխ գյուղը

Դպրոցի զանգը հնչելուն պես Արաքսավան գյուղի կենտրոնական փողոցը լցվում է դպրոցականներով: Ռուսաստան մեկնելու «սեզոնը» սկսվել է, եւ գյուղում մնացել են երեխաները, կանայք ու գյուղամիջում «նարդի» խաղացող ծերերը, ովքեր հույս ունեն, որ «մի դուռ կբացվի», ու գոնե երեխաները չեն լքի գյուղը:

Արաքսավան հասնելու համար կամ պետք է տաքսի վերցնել կամ ոտքով քայլել, քանի որ Արտաշատ գնացող միկրոավտոբուսն անցնում է գյուղից 2 կմ հեռավորության վրա գտնվող մայրուղով: Գյուղացիները դիմել են Արարատի մարզպետարան, սակայն հարցը դեռ լուծում չի ստացել:  

Երբ 6-րդ դասարանցի մի խումբ տղաների խնդրեցինք պատմել իրենց գյուղի մասին, միահամուռ ասացին. «Մեր գյուղը համերաշխ գյուղ է»: Հետո միանգամից հիշեցին, որ գյուղում շատ դժվար է ապրել: Տղաները կրկնում էին մեծերից հաճախ լսած բառերը. «Աշխատանք չկա, աշխատավարձերն էլ շատ քիչ ա»: Նրանցից մեկը նույնիսկ հպարտացավ, որ երկրից դուրս է գնացել` ծնողների հետ մեկնել են Ռուսաստան, որ այնտեղից Գերմանիա գնան. «Բայց չեղավ, հետ եկանք, որովհետեւ Հայաստանում համարյա թե բոլոր գյուղացիներին ճանաչում ենք, մենք Հայաստանն ենք սիրում»:

Գյուղի ամենատարեցը 79-ամյա Վազգեն Հակոբյանն է, ով միայնակ է ապրում. երեխաները Ռուսաստանում են: Նա ամեն օր զգուշորեն իջնում է աստիճաններով, փողոցի մի ծայրից քայլում դեպի մյուս ծայրը՝ գարնանային արեւի տակ հավաքված տղամարդկանց հետ նարդի խաղալու: Վազգեն պապը գյուղում ամենալավ նարդի խաղացողն է, միանգամից զգացվում է, որ երկար տարիների փորձ ունի:

Նա ձմեռվա վառած գազի վարձը դեռ ամբողջությամբ չի վճարել: «Ցախ չեմ կարողանում հավաքել, օգնող էլ չունեմ, վառել եմ, ինչ անեմ: Վառել եմ, փողն էլ չեմ կարողանում տալ: Թոշակը կգա՝ կտամ»,- ինքն իրեն հուսադրում է Վազգեն պապը:  

Գյուղը չլքած միջին տարիքի տղամարդկանցից է Նվեր Մհերյանը, ով ամեն առավոտ դեպի մոտակա արտն է քշում համագյուղացիների ոչխարները, կրակ վառում ու սպասում մինչ երեկո: Հետո նորից հավաքում է մոտ 40 ոչխարն ու քշում դեպի գյուղ: Յուրաքանչյուր ոչխարի համար ամսական ստանում է 1000-ական դրամ:

Մեր այցելության օրը Նվերը տրամադրություն չուներ. նրա մեկ ամսական երեխային տեղափոխել էին հիվանդանոց. «Բժիշկներն ասում են՝ մրսել ա երեւի, ասել են լավ կլինի: Գիշերները չենք քնում, մտածում ենք էրեխեքի մասին,- կցկտուր ասում էր Նվերը,- փող էլ չկա, որ Ռուսաստան գնամ, տոմսի փող չկա»: Նվերի ամսական աշխատավարձը հերիքում է հեռուստացույցի ապառիկը վճարելուն, իսկ սնունդն ու դեղերը պարտքով են վերցնում:

Հարցին, թե ինչ կփոխեր իրենց գյուղում, Նվերը պատասխանեց. «Տանիքները»:

Արաքսավանի տարածքում մի քանի ավազի հանքեր կան, որոնցից մեկում Նվերի հայրը՝ Հայկ Մհերյանը, հավաքարար էր աշխատում: Հիմա նրան ազատել են աշխատանքից, բայց անգործ չի նստում. ամեն օր գնում է դաշտ՝ փայտ հավաքելու: «Մտածում եմ՝ գոնե տունը տաք լինի, թոռներս չմրսեն: Ինձ ոչ մի օգնություն պետք չէ, ինձ աշխատանք է պետք: Թող գյուղում աշխատատեղ ստեղծեն, ապրենք: Գնում եմ խանութ, ասում` պարտքով հաց տվեք, ասում են՝ չէ, էլ չենք կարող տալ: Ես էլ ասում եմ՝ չեք կարող տալ, շնորհակալություն, հաջողություն»,- ասում է Հայկ Մհերյանը:

Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter