HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու լիարժեք չի գործում վաղաժամկետ ազատման ինստիտուտը

Լուսանկարում Անահիտ Մխիթարյանն է որդու` Արթուրի հետ: Կին, ով 4 տարի առաջ որոշել է կյանքը կապել ճաղերից այն կողմ գտնվող Արամ Գասոյանի հետ: «Մեր սերը միացրեց մեզ ու տվեց սիրո պտուղ, ծնվեց մեր առաջնեկը: Հիմա էլ սպասում ենք երկրորդ երեխային»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Անահիտը՝ պատմելով նաև այն ֆինանսական, հոգեբանական դժվարությունների մասին, որ ստիպված է կրել, քանի որ ամուսինը կողքին չէ:

Արամ Գասոյանը 10 տարի է` բանտում է՝ «Կոշ» ՔԿՀ-ում, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման 104 հոդվածի 2-րդ մասով (սպանություն): Պայմանական վաղաժամկետ ազատման ժամկետը, ըստ ՔՕ 76-րդ հոդվածի, լրացել է երկու տարի առաջ, սակայն 7 անգամ վարչական հանձնաժողովը մերժել է նրան և չի ներկայացրել անկախ հանձնաժողովին պայմանական ազատելու համար: Արամը նամակով դիմել է «Հետքին»՝ պատմելով իր ու իր ընտանիքի մասին. «Նախկինում դատված չեմ եղել, պատժի կրման ընթացքում չեմ ունեցել տույժ, չունեմ քաղաքացիական հայց, չեմ եղել պատժախցում, պատժիս կրման ընթացքում ամուսնացել եմ, որդիս արդեն 2 տարեկան 7 ամսական է, կինս սպասում է երկրորդ երեխային, խնամքիս է նաև հիվանդ մայրս: Հիվանդ եմ եղել թոքախտով, բուժվել եմ դատապարտյալների հիվանդանոցում: «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ տեսա, որ դատապարտյալներից Ռուբեն Ամատունին բարձրաձայնել էր վաղաժամկետ ազատման գործընթացում առկա խախտումների մասին, ինչը համապատասխանում է իրականությանը»:

Արամին զարմացրել էր նաև այն փաստը, որ հեռուստատեսային նույն հաղորդման ժամանակ անկախ հանձնաժողովի անդամներից հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը նշել էր, որ պայմանական ազատման ժամանակ առաջնահերթությունը տրվում է այն դատապարտյալներին, ովքեր ընտանիք են կազմել, ունեն երեխաներ, նախկինում դատված չեն եղել: «Իմ ամուսինը հենց այդպիսի դատապարտյալ է, սակայն նրան մերժում են: Իսկ նրա ներկայությունը այնքա~ն կարևոր է մեր կողքին: Արամի մայրը հիվանդ է, երբեմն կարողանում է դուրս գալ այգի ու փուչիկներ վաճառել, դրանով գոնե գոյատևել, մենք էլ թափառականի պես՝ մեկ ամուսնուս մի քրոջ տանն ենք լինում, մեկ՝ մյուս, որ կարողանանք ապրել: Երեխան շուտով կդառնա 3 տարեկան, բայց մանկապարտեզ չեն ընդունում՝ պատճառաբանելով, թե տեղ չկա: Ուզում եմ մանկապարտեզ գնա, որ գոնե ես աշխատեմ, կարողանամ հոգալ որոշ կենցաղային հարցեր: Լա՛վ, չեն ազատում, գոնե բաց տիպ տանեն, այդպես գոնե հաճախ կտեսնվենք, կկարողանա աշխատել նաև: Ո՞վ է շահում, երբ դրական դատապարտյալը մնում է բանտում, ես չեմ հասկանում»,-ասաց դատապարտյալի կինը՝ Անահիտը:

Որքա՞ն կորուստ է կրում պետական բյուջեն

Արամ Գասոյանը մեկն է այն բազմաթիվ դատապարտյալներից, ովքեր դժգոհում են պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացից՝ նշելով, որ համակարգը չի գործում, չկան հստակ չափորոշիչներ, որոնց առկայության դեպքում դատապարտյալը կարող է պայմանական ազատման հույս ունենալ:

«Հետքին» ուղղված մեկ այլ նամակով էլ պարբերաբար այս թեմաներն արծարծող դատապարտյալ Ռուբեն Ամատունին հաշվարկել է, թե որքան կորուստ է կրում պետական բյուջեն, երբ դատապարտյալներին շարունակում են պահել բանտերում՝ չկիրառելով պայմանական ազատումը. «Մեկ դատապարտյալին ՔԿՀ-ում մեկ օր պահելու համար պետական բյուջեից ծախսվում է մոտ 4000 դրամ: Ինձ 7 ամիս արդեն ավելորդ պահում են այստեղ: Այդ 4000 դրամը ես բազմապատկել եմ 7 ամսով, այսինքն՝ 210 օրով, ստացել 800.000 դրամ, որը իզուր վատնվել է: Հիմա պատկերացնենք, թե բանտերում ինչքան դրական բնութագրվող, տույժ չունեցող դատապարտյալներ կան, և որքան գումար է փոշիանում, որ կարող էր ուղղվել այլ ոլորտներ, որտեղ դրա կարիքը շատ կա: Եթե ինձ պայմանական չազատեն ու պահեն մինչև պատժի կրման վերջին օրը, այսինքն՝ ևս երկու տարի մեկ ամիս, ապա պետական բյուջեից միայն ինձ համար կծախսվի ևս 3.000.000 դրամ»: Դատապարտյալը գրում է, որ  ազատության մեջ գտնվելով՝ կարող է գումար վաստակել, պահել իր հիվանդ մորը, օգտակար լինել պետական բյուջեին աշխատավարձից գոյացած պետական վճարումներով:

«Հետքի» միջոցով պետական պաշտոնյաներին դիմող դատապարտյալները կոչ են անում կիրառել օրենքով իրենց հասանելիք պայմանական ազատումը` միևնույն ժամանակ նշելով, որ խնդիրը ՔԿՀ-ներից դուրս է, որ վարչական հանձնաժողովները մեղավոր չեն: 

Ո՞րն է խնդիրը

Ըստ դատապարտյալների` խնդիրն այն է, որ տաբու է դրված մի քանի հոդվածների վրա: Նրանք նկատել են, որ պայմանական ազատում չի կիրառվում ՀՀ Քր. օր.-ի 104, 112, 113, 175, 176, 178, 179, 215, 266, 268 հոդվածներով: Բայց թե ո՞ր օղակի կողմից է «սահմանվել» այդ չգրված օրենքը, դատապարտյալները դժվարանում են ասել: «Հետքը» դիմել էր ՔԿՎ՝ հարցմամբ, թե տարեկան միջին վիճակագրությամբ ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովները քանի անգամ են ՔՕ վերը նշված հոդվածներով դատապարտված անձանց ներկայացրել անկախ հանձնաժողովին` պայմանական վաղաժամկետ ազատման համար: Վարչությունից հայտնել էին, որ նման վիճակագրություն չի վարվում: Այժմ նույն հարցմամբ դիմել ենք անկախ հանձնաժողովներին: 

 

Երկրորդ լուսանկարում Արամ Գասոյանի որդին է` Արթուրը

Մեկնաբանություններ (3)

ROB
ETE LIARJEQ GORCI PAYMANAKAN VAXAJAMKET AZATUM@, APA BOLOR DATAPARTYALNER@ IRENC HANGIST KPAHEN U KUXXVEN VOR IRENC CHMERJEN VAXAJAMKET AZATMAN NISTER@, ISK ETE DATAPARTYAL@ GITI VOR IREN MERJELU EN U INQ@ MNALUYA PATJI MINJEV VERJIN OR@ BANTUM' ARDEN EL INCH UXXVELUCA XOSQ@ GNUM...? VOOONC UZUM ES QEZ PAHI, MEKA CHEN AZATELU MINJEV PATJI VERJIN OR@. MARDUN VOR CERBAKALUM EN, ARAJIN ISK ORVANIC GRAVOR KERPOV CUYC EN TALIS IR PARTAKANUTIUNNER@ U STIPUM EN VOR NA KATARI, ISK VOR ANCNUM EN TARINER U ARDEN ORENQ@ PITI IR PARTAKANUTIUNNER@ KATARI' CHI KATARUM... HETO EL ASUM EN HAYASTANIC XI EN PAXNUM...
վերլուծաբան
Երբ որեւէ երկիր գլխավորողների առաջին խնդիրն է դիտվում անձնական շահն ու հենց սեփական գլխի անվտանգությունը, ապա ստիպված աչք է փակվում իրենց հավատարիմ հենարան համարվող, առաջին կարգի ծառաների կամայականությունների վրա: Այս դեպքում հնարավոր է շատ պարզ բացատրություն գտնել - բանտի բիզնեսի տեր ծառաները, բնականաբար, հակված են իրենց բիզնես դաշտն ըստ հնարավորինս ընդարձակելու եւ ոչ կրճատելու! Պատկերացրեք որ հանցագործների ու բանտարկյալների թիվը հրաշքով փոքրանա մի 4-5 անգամ: Քննիչ, դատավոր, դատախազ ու բանտատերերի ընդարձակ բանակի հետ ինչ կկատարվի այդ դեպքում! Լուրջ հարց եմ տալիս - ինչպես պիտի ապրեն բարձրակարգ, խիստ արժեքավոր այս հազվագյուտ սպեցիալիստները, իրենց բարձրամիտ տիկինների ու լեթված լամուկների հետ? Դրա համար էլ բանտերը հարկավոր է լեցուն պահել ու նորերը սարքել, քանի որ այդ ծախսերն ամենից շուտ են արդարացվում! Պետք է բազմակողմանիորեն զարկ տալ նաեւ հանցագործությունների անշեղ աճին, ներգրավելով նաեւ շահագռգիռ ու բազմափորձ պրոֆեսսիոնալ քրեականներին ... ինչ կա այստեղ անհասկանալի, հարգելի Զարուհի!
hasmik
tesnel e petq te orakan inchqan uteliq e mtnum bantery, gumarac heraxosi poxy, mahchakali poxy... u da bazmapatkeq kalanavorneri tvov, orakan milionavaor dollarner e kazmum, da arvum e amenaverevi hovanavorchutjamb, ajnpes vor inchqan shat kalanavor, ajnqan lav

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter