HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

1993-ի ապրիլի 17. ճակատագրական օր Շահումյանի համար պայքարում

«Ջամբուլադը` որպես առաջատար, առաջից էր թռչում, ես` հետեւից: Անցանք տարածքը Սարսանգ հէկ-ի վրայով, մտանք անտառների, ձորերի մեջ ու վայրէջք պիտի կատարեինք այնտեղ, որտեղ մեզ արդեն սպասում էին պարտիզանական ջոկատի տղաները: Տղաները մեզ շատ լավ ընդունեցին, ու մենք սկսեցինք զենք-զինամթերքը բեռնաթափել: Անցել էր երեւի մոտ 2-3 րոպե, ինչ-որ պայթյուն լսվեց, եւ բոլոր մեր ֆիդայիները սկսեցին դիրքավորվել, ու տղաները ցույց էին տալիս ձեռքով, որ էս կողմի վրայից կրակոցը եկավ, այսինքն` մեզնից դեպի աջ`Թալիշի կողմից մեզ վրա կրակում են»,- 1993 թ. ապրիլի 17-ի չվերթն այսպես է հիշում «Արմաերո» ավիաընկերության ուղղաթիռի հրամանատար Ռաֆիկ Մեհրաբյանը:

Պատերազմի ժամանակ օդաչուները միշտ 2 ուղղաթիռով էին թռիչքներ կատարում Շահումյանի շրջանում պայքարող պարտիզանների մոտ: Ապրիլի 17-ին 2-րդ ուղղաթիռը, որը թռել էր Ռաֆիկ Մեհրաբյանի ուղղաթիռի հետ, խփվեց Գյուլիստան գյուղի մոտակայքում:

Ուղղաթիռում գտնվում էր «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի հրամանատար Շահեն Մեղրյանը` իր 7 մարտական ընկերների հետ: Զոհվեցին նաեւ ուղղաթիռի անձնակազմի բոլոր անդամները` հրամանատար Ջամբուլադ Մուրադյանը, 2-րդ օդաչու Արամ Գրիգորյանը եւ բորտմեխանիկ Իոսիֆ Միքայելյանը:

Ուղղաթիռը մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր տանում պարտիզանական ջոկատին: Առաջինը վայրէջք էր կատարել Ջամբուլադի ուղղաթիռը, նրանից մի փոքր հեռու` Ռաֆիկինը: Պարտիզանները միշտ հավաքվում էին առաջինը վայրէջք կատարած ուղղաթիռի մոտ:

«Բախտի բերմամբ հետո ենք իմանում, որ արդեն մեզ վրա աշխատում է «Ստրելա» կոչվող հրթիռը, որը հատուկ ուղղաթիռներ ու ինքնաթիռներ խփելու համար է: Եթե մենք այդ ժամանակ իմանայինք, որ էդ հրթիռն է մեզ խփում, կարող էինք անմիջապես անջատել շարժիչները, միջից դուրս գալ ու դիրքավորվել տղաների հետ կամ, ասենք, տեղափոխվել ուրիշ տարածք: Այդ ժամանակ արդեն ես անձամբ խոսում էի Ջամբուլադի հետ, որ «արի տեղափոխվենք մյուս կողմը, որտեղ ավելի անվտանգ է»: Ջամբուլադը կախվեց, տեղափոխվեց, նստեց էն տեղը, որտեղ անվտանգ էր, այսինքն` սարի հետեւում, որ աջ կողմից չերեւա: Ես մի քիչ ավելի հեռու նստեցի, ու բեռնաթափումը սկսեց նորմալ ընթանալ: Բայց մեզ նորից չասացին, թե ինչ տեխնիկա է մեզ վրա աշխատում: Արդեն խոսակցությունը Ջամբուլադի հետ կար, որ «Ջամբուլադ, զգույշ եղիր, էնպես արա, որ քեզ չտեսնեն, կրակում են»: Հետո խոսակցությունը եղավ, որ «արագացրու, որովհետեւ արդեն մեզ տեսել են»: Մենք արդեն զգացինք, որ մեզ թշնամին է խփում»,- պատմեց Ռաֆիկ Մեհրաբյանը:

Նրա խոսքերով` Շահեն Մեղրյանը` իր զինվորներով, նստեց Ջամբուլադի ուղղաթիռը, քանի որ այն պարտիզաններին ավելի մոտ էր վայրէջք կատարել:

«Եղնիկների» հրամանատարը պատրաստվում էր Երեւան գալ: Բեռնաթափվելուց հետո Ռաֆիկ Մեհրաբյանի ուղղաթիռն առաջինն է օդ բարձրանում, որպեսզի իջնի ձորը եւ արագ հեռանա տարածքից:

«Ես արդեն թռչում եմ, իջնում եմ ձորը, դեպի աջ` ավելի հեռու էդ տարածքից, որտեղից մեզ վրա կրակում են: Մտնում եմ էն ձորը, որտեղ արդեն պետք է ուղղություն վերցնել Մարտակերտ: Ձորը մտնելիս արդեն զգացի, որ 2-րդ հրթիռն են բաց թողել մեզ վրա, որը երեւի բախտի բերմամբ չի կպել իմ ուղղաթիռին: Երկրորդ հրթիռը, իհարկե, ես տեսնում եմ էն ժամանակ, երբ խփում է սարի դոշին, ու վառվում է սարի դոշը: Ես էդտեղ արդեն Ջամբոյին զգուշացնում եմ, որ «2-րդ անգամ են մեզ խփում, զգուշացի»: Այդ ժամանակ արդեն Ջամբուլադը օդի մեջ էր, թռչում էր: Ես իրեն տեսնում եմ արդեն ու կապով հաղորդում եմ. «Ջամբուլադ, դու ինձ տեսնու՞մ ես»: Ասում է. «Ես քեզ տեսնում եմ», եւ ես ասում եմ. «Դե, գնացինք»: Էդ պահին ես նորից շրջվում եմ, որ տեսնեմ` ոնց է ինքը թռչում, ու արդեն տեսնում եմ, որ ինքը վառվում է. 3-րդ հրթիռը արդեն կպել է իրեն: Ես կանչում եմ իրեն ռադիոյով, բայց ինքը արդեն էլ չի պատասխանում»,- ասաց Ռաֆիկ Մեհրաբյանը:

Ուղղաթիռը կեսից մինչեւ պոչամասը կրակի մեջ է եղել: Ռաֆիկ Մեհրաբյանի խոսքերով` իրենք չեն իմացել, թե որտեղից են կրակում:

«Թեքվում եմ դեպի աջ, երկրորդ օդաչուին` Մուշեղին, ասում եմ. «Մուշեղ, նայի տես` ինչ է կատարվում ուղղաթիռի հետ»: Մուշեղն ասում է. «Ծուխ հանելով` ընկնում է»: Մենք չգիտենք` որտեղից են արդեն խփում. կարող է եւ ավելի ներքեւներն էլ դիրքավորված լինեն: Ու չգիտենք արդեն` ինչ անենք, որովհետեւ անտառ է: Ես արդեն ուզում եմ հետ դառնալ` Ջամբոյին օգնության, տղաներն ասում են. «Ամբողջը անտառ է, տեղ չկա նստելու»: Ու արդեն աշխատում ենք, որ դուրս գանք էդ տարածքից դեպի Մարտակերտ: Մարտակերտը անցնելիս ես մեր կապով զեկուցում եմ Երեւան, որ «Ջամբոյի ուղղաթիռն են խփել, ուղղաթիռը ընկավ, բայց չգիտենք` ինչ է կատարվում իրենց հետ»»,- պատմեց Ռաֆիկ Մեհրաբյանը:

Շահեն Մեղրյանի ջոկատի տղաները տեսել են, թե ինչ է կատարվում, իջել են ուղղաթիռի մոտ եւ զեկուցել այդ մասին: Երկու օր անց` 1993 թ. ապրիլի 19-ին, 2 ուղղաթիռ է թռել Շահումյան` զոհվածների աճյունները դուրս բերելու:

Մի ուղղաթիռը` իր անձնակազմով, կանգնել է սարի գագաթին` որպես թիրախ, որպեսզի իր վրա գրավի թշնամու ուշադրությունը, իսկ 2-րդ ուղղաթիռը մտել է անտառ եւ դուրս բերել տղաների աճյունները:

Ստեփան Օհանյանը, ով այժմ «Արմաերո» ավիաընկերության փոխտնօրենն է թռիչքների կազմակերպման գծով, այդ օրը եղել է այն ինքնաթիռում, որը վայրէջք էր կատարել սարի գագաթին:

«Մինչեւ նրանք չթռան, մենք սարի գագաթից չթռանք: Պարտիզանական ջոկատի տղաները գնացին այն վայրը, որտեղ ուղղաթիռն էր ընկել, բոլորին հանեցին, բերին ավելի խորք` դեպի Գյուլիստան, որպեսզի կարողանանք հանգիստ նստել եւ էնտեղից վերցնել ու բերել: Արդեն ադրբեջանցիները սպասում էին, որ մենք պիտի գնանք էդ մարդկանց հետ բերելու, դրա համար էլ շատ դժվար էր: Նրանք չնկատեցին մյուս ուղղաթիռը. նրանց ուշադրությունը մեզ վրա էր: Կրակում էին, բայց մենք հատուկ տեղ էինք նստում, որ նրանց արկերը մեզ չհասնեին: Տղաներին բերին, հանձնեցին հողին Եռաբլուրում: Բոլորն էլ իրար մոտ` Եռաբլուրում են»,- ասաց Ստեփան Օհանյանը:

Խփված ուղղաթիռի 2-րդ օդաչու Արամ Գրիգորյանը եւ բորտմեխանիկ Իոսիֆ Միքայելյանը հետմահու պարգեւատրվել են ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ ուղղաթիռի հրամանատար Ջամբուլադ Մուրադյանը` ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի եւ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:

Ռաֆիկ Մեհրաբյանն ընդգծեց, որ ուղղաթիռներն են, որ ապահովել են Արցախի հետ կապը պատերազմի սկզբից մինչեւ 1992 թ.` Շուշիի եւ Լաչինի ազատագրումը, երբ հնարավոր եղավ նաեւ ավտոմեքենաներով գնալ:

««Էրեբունի» օդանավակայանը իր ամբողջ հզորությամբ աշխատում էր Ղարաբաղի վրա: Մենք զինվորական ուղղաթիռներով էլ ենք թռել, կրակել եւ այլն»,- նշեց Ռաֆիկ Մեհրաբյանը:

Ստեփան Օհանյանի խոսքերով էլ` իրենց համար ամենալավ եղանակն այն էր, երբ Քարվաճառի ու Մարտակերտի շրջանները ծածկված էին լինում ամպերով, իսկ ամենադժվարը Շահումյանի պարտիզանների մոտ թռիչքներ կատարելն էր. Շահումյան թռչելիս օդաչուները վտանգավոր ու մեծ ռազմաճակատի վրայով էին անցնում:

«Մենք ամպերի վրայով գալիս էինք, Շահումյանի վրա նայում. երբ բաց էր լինում, նստում էինք, երբ չէ` նորից հետ էինք գալիս, որովհետեւ մենք հենց վիզուալ պիտի նստենք. դա աերոդրոմ չէ, որ ինչ-որ դիստանցիաներով գաս հանգիստ նստես, անպայման պիտի տեսնես, որ էնտեղ ես նստում: Նստում էինք` որտեղ պատահի: Հրապարակներ ունեինք ամբողջ Շահումյանի շրջանում: Եթե սարերի գլուխը փակ էր, ձորերի մեջ էինք նստում: Եթե ձորերը փակ էին, սարերի գագաթներին էինք իջեցնում ժողովրդին: Պատերազմի ժամանակ մենք չենք էլ նայել, թե ով որ կուսակցությունից է: Մեր դրվածքը էսպիսին էր. առաջին հերթին ով զենքով եկավ, նստեց` տանելու ենք, եւ բժիշկներին` արտահերթ»,- ասաց Ստեփան Օհանյանը:

1989-94 թթ. ՀՀ տեղական օդանավակայանների կապի պետ Սերգեյ Մելքոնյանը ապրիլի 17-ի չվերթի ժամանակ անմիջական կապի մեջ է եղել Շահումյանի պարտիզանների մոտ թռիչք կատարած 2 ուղղաթիռների հետ էլ:

«Երբ ես կապի մեջ էի, եւ ասացին, որ դեպք է տեղի ունեցել, այդ դեպքը մշուշում էր, մշուշում էր, հետո զուլալվեց, եւ առաջին մարդը, որը մոտեցավ, Սերգեյն էր (հրամանատար Չալյան Սերգեյի մասին է խոսքը), ով ասաց` «200»: Դա ծածկագիրն էր, որ զոհ` ուղղաթիռի միջի մարդկանցից»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը:

Նա դեռ 1989 թ.-ին գնացել է Շահումյան` այնտեղ կապի միջոց տեղադրելու: Սերգեյ Մելքոնյանի պատրաստած կապավորները ապահովում էին Երեւան-Ստեփանակերտ-պարտիզանական ջոկատ միջանկյալ կապը եւ առհասարակ ընդհանուր կապը թռիչքների կառավարման համար:

«Իմ կաբինետը դարձել էր ռացիա: Շատ-շատ մարդիկ են եկել-գնացել: Նույնիսկ պահեր են եղել, երբ դիակը փոխանցել են, ինֆորմացիա է հասել, այդ երեւույթի հետ կապված` ուրախացել է, որ չի կորել, չի մնացել թշնամիների ձեռքին: Գոնե մեր ունեցած ձեռքբերումները, որոնց չափազանց թանկ գնով ենք հասել, խաղաքարտ չդառնան որեւէ մեկի համար` անկախ նրանից, թե ով է, որովհետեւ երեւույթ` որպես այդպիսին, չի եղել պատմության ընթացքում Տիգրան Մեծից հետո, մեկ էլ Աշոտ Երկաթի ժամանակ, եւ մենք կատեգորիկ իրավունք չունենք որեւէ բան զիջելու, կորցնելու առավելեւս: Դաշտային Ղարաբաղը այսօր ամբողջությամբ տնօրինում է չարակամ հարեւանը»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը:

«Եղնիկների» հրամանատար Շահեն Մեղրյանը պարտիզանական պայքար էր մղում հենց Դաշտային Արցախի, այդ թվում` Շահումյանի ազատագրման համար: Շահենի եղբայրը` Պետրոս Մեղրյանը, ով նույնպես մասնակցել է ազատագրական պայքարին, ապրիլի 17-ին եղել է Սերգեյ Մելքոնյանի կողքին:

«Առհասարակ պարտիզանական շարժումը սկսվել է 25 հոգուց, առաջին հերթին եղել է շրջանի տղաներով: Հետո սկսել են մեզ միանալ այն տղաները, ովքեր եղել են Շահումյանում` «Արաբոյի», «Տիգրան Մեծի», Պռոշյանի ջոկատի, Հոկտեմբերյանի տղաները, եւ արդեն 1993 թվին ստեղծվեց զորամաս, որը Շահենի զոհվելուց հետո վերանվանվեց Շահեն Մեղրյանի անվան հատուկ նշանակության ջոկատ: Եթե չլինեին «Եղնիկները», էսօր մեր սահմանը կլիներ Թարթառ գետը: Այսինքն` էն կողմի վրա մենք ոչ մի բան չէինք կարող անել, որովհետեւ թուրքերը Հաթերքում են եղել, Մատաղիսով, բայց այսօր, փառք Աստծո, մինչեւ Թալիշ մենք ենք, թեկուզ ունենք մի 7-8 գյուղ Մարտակերտից, որոնք թուրքերի ձեռքին են»,- ասաց Պետրոս Մեղրյանը:

Պատերազմի ժամանակ նա կորցրել է հայրական եւ մայրական կողմից 7 ամենամոտ ազգականի: 1993 թ. ապրիլի 17-ին ուղղաթիռում զոհվեց նաեւ նրանց ազգական, 17-ամյա Հայկ Մեղրյանը: Այդ օրը ուղղաթիռում գտնվող մյուս պարտիզաններն էին Արտակ Խաչատրյանը, Գրիգոր Գրիգորյանը, Պողոս Սիմոնյանը, Ռաֆիկ Բադալյանը, Արմեն Բազյանը եւ Ալեքսանդր Մեժունցը:

«Շահումյանում աշխատել եմ լինել միշտ Շահենի կողքին, եթե ինքը ինձ հրահանգներ չի տվել, որ «գնա Երեւան, գնա էս բեր, էն բեր»: Իմ ու Շահենի մանկությունը միասին է անցել, մենք այնքան մոտիկ ենք եղել, իրար հետ էստեղ ուսանողներ ենք եղել: Մենք 7 եղբայր, 4 քույր ենք: Ես ընտանիքի 10-րդ երեխան եմ, Շահենը 9-րդ երեխան է, Շահենը ինձանից 2 տարով մեծ է»,- ասաց Պետրոս Մեղրյանը:

Շահեն Մեղրյանը ծնվել է 1952 թ. Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում: 1975 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, վերադարձել հայրենի գյուղ, աշխատանքի անցել շրջկենտրոնում` որպես տնտեսագետ:

1981-88 թթ. եղել է շրջանի պահածոների գործարանի տնօրենը, 1988-91-ին` շրջանի ագրոարդյունաբերության վարչության պետը, իսկ 1991-92 թթ.` շրջանի գործկոմի նախագահը: Շարժման հենց սկզբից նա դարձավ շրջանի ինքնապաշտպանական ուժերի կազմակերպիչը:

Շահումյանը անկում ապրեց 1992 թ. հունիսին: Դրանից հետո Շահեն Մեղրյանը իր պարտիզաններով շրջանի ազատագրման համար պայքարեց 9 ամիս շարունակ` մինչ զոհվելը:

Զոհվելուց մի քանի օր առաջ Շահենի անմիջական մասնակցությամբ ազատագրվել էր Գյուլիստանը, որը, սակայն, 2 օր մնաց հայերի հսկողության տակ:

«Շահենի երազանքը նա էր, որ Քուռից Արաքսով լիներ մերը` Հայաստանին միացած: Որպես հայ` ես նույնպես կուզենայի, որ առաջին հերթին միացում լինի: Այսօր շատ բան են շահարկում, շատ բան են ասում` Ղարաբաղի ճանաչում եւ այլն: Ես համարում եմ (միգուցե դա սխալ է իմ կողմից, միգուցե ես քաղաքականությունից հեռու մարդ եմ), որ եկել է ժամանակը, որ Հայաստանը Ղարաբաղին ճանաչի ոչ թե անկախ պետություն, այլ իր մի մասնիկը, իր մի մարզը… Շահենը ինձ համար շատ լավ եղբայր է եղել` եւ որպես ընկեր, եւ որպես իմ հարազատ: Մնացած գնահատականները թող տան էն մարդիկ, ովքեր իր հետ քայլել են: Չկա մարդ, որ սխալ չանի, բայց ինքը էն մարդկանցից է, որը, իմ կարծիքով, շատ քիչ սխալներ է արել, եւ էն մարդն է, որը, շատ բան իմանալով, իր հետ տարել է էն աշխարհ»,- ասաց Պետրոս Մեղրյանը:

Նա եւ Շահենի ընկերները համոզված են, որ եթե Շահենը չզոհվեր, ապա 93-94 թթ. հայերը կկարողանային վերադարձնել Շահումյանը:

Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի

Ապրիլի 26, 2010թ., www.old.hetq.am

Մեկնաբանություններ (17)

barséghian
Chahen ir engernérov hayoutian bajban, mindj mah. Djenk mornar as hérosnéroun yérpék. Irents hayrounov ardzanagrédzin azgayn voské édj. Ge xonarém
W. Wallace
Ինչի մասին եք խոսում, ինչ դաշնակցություն, ինչ ազատամարտ.... հաջորդ հոդվածը կարգացեք, Սերժի խնամու, Քոչարյանի եղբոր աղջկա մասին, նրանք են այսօրվա Հայաստանի հերոսները.... էլ գաղափարներ չկան, չկա ազգային արժանապատվություն, կարևոր է միայն փողը, իսկ ազգը ստրուկի պես նայում է ու լռում...
Kevorkian
Ayo garevor e vor amen mart kidna tashnagtsutian masin. Yev garevor e vor tashnagsutiuneh hayastani mech norits iprev sharzhoum bashdbanvi. Tuk Hayastani mech sxal usum estatsak sovietneri tserkin dag, yev bolsheviknereh amen desag suder badmetsin tashnagtsutian masin. Payts bolsheviknereh hetch chi patsadretsin irenk inchbes turkerin pogh yev zenk dvin vor arevmdian hayastaneh kraven turkereh. Miyayn zenkov gah hayots prgoutiun.
Անժիկ
Ցավալի է, որ Շահենի ու մնացած հերոսների մասին այսօր քիչ է խոսվում: Մեր երիտասարդներից քչերը գիտեն ղարաբաղյան ազատամարտի ու հերոսների մասին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հիշում ու հիշեցնում են:
Karo
Մhttp://www.youtube.com/watch?v=3mgRvRRSp_Eեկնաբանությունը...
David Khachatryan
AYD CHARABASTIK OR@ HAYRS KRVUM ER QELBAJARI YANSHAK GJUXI MATUYCNERUM U CAVOQ...... ev shaters piti aprili 17-@ hamarenq herosakan ogu or, isk Shahen@ ajd ogu ararichn e exel u konkret es hpartanum em nra sxranqnerov,,, zhamanak@ kga u inchpes Shahumyan@, aynpes el mnacats mer srbazan hoxer@ kazatagrenq!!!!!!!!!
Վան Սեդրակյան
Ցավոք այսօր պատմության էջերից սկսել են ջնջել Գուսան Սիփանի անունը, մարդ ով այդ օրհասական օրը կանգնել էր Շահեն Մեղրյանի կողքին և զոհվեց նրա հետ մեկտեղ.
NeNe
5. Mher isk duq hima vortex eq aprum? Hima ete noric paterazm liner kmasnakceiq? Parq Cer Mer Qajordiner.......... Tox astvac Cez Pahapan lini,,, mer Herosner!!!
Smbat
Heros Arcivner !!!
Тадевос
НИЗКИЙ ПОКЛОН КТО ПОГИБ ВО ВРЕМЯ ВОЙНЫ В ШАУМЯНЕ ИЗ ГРУППИРОВКЕ ( ЕХНИКНЕР )
davit
what difference does political affiliation make that is selfish they died for Armenia and our motherland i am Dashnak myself but we need to look at our fallen hero's not in regards to their political affiliation but as Armenian hero's!
Լևոն Հայրապետյան
Հարգելի Sassoun և Guest, շնորհակալություն ձեր մեկնաբանությունների համար: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու հոդվածում չի նշվել, որ Շահեն Մեղրյանը ՀՅԴ անդամ էր, ապա կարծում եմ` առաջնայինն այստեղ այն է, որ նա հայրենի Շահումյանի համար պայքարող հերոս ազատամարտիկ էր, իսկ կուսակցական պատկանելությունն այստեղ բնավ էլ կարևոր չէ: Հարգելի Sassoun, Ձեր այն դիտարկմանը, որ այսօր մենք ունենք հերոսների կարիք, ովքեր «մեր հողերը կազատագրեն օլիգարխների ձեռքից», ուզում եմ նշել, որ ՀՅԴ վերնախավում էլ քիչ չեն օլիգարխները: Լևոն Հայրապետյան
Mher
aprili 17 in es el ei urratiri mej,,apsoss aisor chka shahumiani hartsn banaktsutiunnerrum .. shnorhakalutiun
Sassoun
A very timely article with good insight on the war for the liberation of our homeland. However, what is the reason that Sona leaves out the fact that Shahen was a member of the ARF. Today, we need to have more Nationalist Heroes to liberate our lands from the hands of the oligargs.
Shockolat
Glory to our nation's War Heroes. Their efforts and sacrifice will never be forgotten.
Guest
This is a wonderful article...however I wonder how come the article doesn't mention that Shahen Meghryan was an ARF member...
Aram
.........Another reason not to give up on Hayastan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter