HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ղարաբաղում պայթյունները շարունակվում են

Հոկտեմբերի 18-ին Զագլիկ գյուղից Մարտակերտի հիվանդանոց տեղափոխվեց 11-ամյա Արկադի Խաչատրյանը: Պայթուցիկի բեկորները վնասել էին տղայի փորոտիքը, ձախ ձեռքը, մատներից մեկը կտրվել էր, մյուսը կախված էր: Մինչեւ վիրահատությունը զրուցեցինք վիրակապարանում պառկած Արկադիի հետ. «Աղբի միջից եմ գտել էդ բանը, չգիտեի` ինչ է: Մի փոքր անցք կար վրեն, նայեցի, բան չէր երեւում, չէի իմանում` ինչ է: Հետո գնացի մուրճը վերցրի, ձախ ձեռքով բռնեցի, աջով խփեցի, պայթեց»,- արտասվելով պատմում էր 11-ամյա Արկադին: Բժիշկները դեռ չգիտեին` ինչ բեկորներ կան տղայի որովայնում: Որովայնի վրա բազմաթիվ պատռվածքներ կային, եւ բժիշկները ենթադրում էին, որ բեկորներ կան ներսում:

Արկադիի նկարագրածից կարելի է ենթադրել, որ նռնակի կամ ականանետի պայթուցիչ է եղել հայտնաբերածը: Թե ինչ է գտել Արկադին աղբի միջից, առայժմ հնարավոր չէ ճշգրիտ ասել: Փաստի առթիվ Մարտակերտի ոստիկանությունում հարուցվել է քրեկան գործ, եւ քննությունը կպարզի` ինչ պայթուցիչ է եղել: Նման դեպքեր պատահում են հատկապես Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմանամերձ եւ այն բնակավայրերում, որոնք պատերազմի տարիներին տեւական ժամանակ ադրբեջանցիների հսկողության տակ էին:

Զագլիկ գյուղը նույնպես ամիսներ շարունակ ադրբեջանցի զինվորների հսկողության տակ էր: Դեպքի օրը մենք եղել էինք Վերին Հոռաթաղ գյուղում, այնտեղ էլ դպրոցի տնօրեն Նաիրա Առստամյանը պատմեց, որ տարիներ առաջ երկու դպրոցականներ զոհվել են հայտնաբերած արկի հետ խաղալիս: Իսկ սահմանամերձ Բերդաշեն գյուղում ռազմական գործողությունների ավարտից հետո 21 մարդ է զոհ դարձել խաղողի այգիներում, դաշտերում թշնամու տեղադրած ականներից կամ գնդիկավոր ռումբերից: Նրանցից 8-ը զոհվել են:

Ղարաբաղում ականազերծման աշխատանքները հիմնականում իրականացնում է բրիտանական «Հալո Տրաստ» (HALO TRUST) կազմակերպությունը: Կազմակերպության օպերատիվ բաժնի ղեկավար Յուրի Շահրամանյանը «Հետքին» հայտնեց, որ այս տարի իրենք գրանցել են վեց դեպք, եղել է 9 տուժող, որից 2-ը մահացել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter