HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Երբ հավաքարարի աշխատանք ունենալը հեռավոր երազանք է

Գյումրիում մի փողոց կա, որտեղով երկու օր շարունակ անցնելիս նկատում էի Սահականույշ Խաչատրյանին դստեր` Շուշանիկի հետ:

Նրանք ամեն օր բացում են փայտե քարուքանդ դարպասի դուռը ու գլուխները դուրս հանում` անցող-դարձողին նայելու: Այս միջոցով է, որ խնայում են նաեւ էլեկտրաէներգիան: Տանը լույսը վառում են միայն մինչեւ մահճակալ հասնող ճանապարհը լուսավորելու համար: Երբ Շուշանիկն արդեն պառկում է, մայրն անջատում է լույսն ու շոշափելով շրջակայքը` հասնում անկողնուն:

Եթե դեռ քնել չեն կարողանում, միացնում են հին «սովետական» հեռուստացույցը, մինչ միօրինակ հաղորդումները կձանձրացնեն` ննջելու աստիճան:

«Մեր հարեւանի երեխեն ասում էր` դուք լույս չունե՞ք, ես էլ ասում եմ՝ ունենք, ուղղակի մենք լույսն անջատած ենք սիրում հեռուստացույց դիտել՚,- ասում է Սահականույշն ու ժպտում:

Եթե գիշերներն էլեկտրաէներգիա խնայելու խնդիր ունեն, ցերեկները մտածում են` ինչ ուտել, որ հնարավորինս հաց խնայեն ու քիչ պարտքեր ունենան խանութում:

«Էս մեր կողքի խանութպանն ասում է` երբ ինչ պետք է, արի տար: Բայց ես էլ հո ամոթ ու ինքնասիրություն ունե... որ էդքան պարտք անեմ, հետո ո՞նց եմ փակելու: Էստեղ-էնտեղ գործ եմ անում, մի քիչ փող են տալիս, ապրում ենք. լույսն ու ջուրը մուծում ենք, մեկ էլ ամեն օր մի հաց առնում: Հետո էլ մտածում ենք, թե ոնց խնայելով ուտենք, որ օրական հաշվարկվածից  ավել պարտք չանենք»,- պատմում է տիկին Սահականույշը:

Ճոխ ապրելակերպի մասին չեն էլ երազում. տիկին Սահականույշը համարում է, որ բախտն իրենց եթե ժպտա, կկարողանա գոնե հավաքարարի աշխատանք գտնել եւ դրանով իսկ երջանիկ կլինի. «Ես շատ բան չեմ ուզում, մի աշխատանք, որ գոնե 40-50 հազար դրամ էլ ստանամ, կարողանանք մարդավարի ապրել, հացի փող ունենանք: Աղջկաս համար խանութներում աշխատատեղ կգտնվի, բայց դե ինքը խելոք երեխա ա, կգնա, կխաբեն, տակ կտա»,- ասում է Սահականույշը:

Իսկ Շուշանիկը երազում է համակարգչային օպերատոր աշխատել, բայց «ուր դիմում եմ, ասում են կզանգենք ու չեն զանգում: Երեւանում եթե ժամանակավոր աշխատանք լինի, կուզեմ գնամ աշխատեմ»,- ասում է նա:

Բայց Շուշանիկի մայրը կտրականապես դեմ է Երեւան գնալու մտքին. «Եթե երկուսով գնայինք, հա, բայց ինձ էստեղ մենակ թողնի ու՞ր էրթա»,- պատճառաբանում է Սահականույշը:

Սահականույշն իր ամուսնուն եւ 10-ամյա աղջկան կորցրել է երկրաշարժի ժամանակ, մեծ դստերն ամուսնացրել է, եւ հիմա միակ մարդը, որ իր կողքին է, Շուշանիկն է: Աղջկա Երեւան գնալու միտքն անգամ խոցում է կնոջը:

Երբ արդեն պատրաստվում էի հեռանալ, տիկին Սահականույշն ասաց. «Գրեք, որ վիճակները վատ է. չեմ ասում բերեն մեզ փող տան, բայց դե գոնե մի աշխատանք լինի, մեզ մարդ զգանք, հոգնել ենք արդեն էս վիճակից...»:                   

Մեկնաբանություններ (2)

Tony
In my view, media has to go beyond exposing corrupt politicians in office. Expose corruption by photographs, videos etc. Otherwise, this, negative, situation will continue to get worse. These corrupt oligarchs will not let these, poor, people live a normal and a better life. Investigative journalism is the answer. People can help,too, in exposing these corrupt politicians.
Varaz Syuni (Amsterdam)
Gutse tarorinak tva im hetevyal hartsy: INCHU Hayastanum kan AYSKAN SHAT tsayrahex axkatner/chkavorner?..................................................................................Tony - the whole problem is that there is NO Armenian government, but a bunch of oligarchs. And they do NOT resign, because they NEED to stay in power in order to protect their businesses.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter