HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հացպանյան. «Քրեակատարողական համակարգը ռազմագերիների ճամբար հիշեցնող մի փակ համակարգ է»

Հարցազրույց նախկին քաղբանտարկյալ, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի հետ, ով 2008-2011 թթ. անազատության մեջ է եղել «Երեւան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն» ՔԿՀ-ներում: 

Դուք, լինելով քրեակատարողական հիմնարկներում, անընդհատ ահազանգում էիք, որ ոտնահարվում են դատապարտյալների իրավունքները: Ի՞նչ նկատի ունեիք:

Այստեղ երեք խնդիր կա: Մեկը մարդկանց առողջական վիճակի հետ կապված ահազանգումներն էին: ՔԿՀ-ում բուժկետ կար, բայց ոչ մի մասնագետ չկար այդտեղ, չեմ հասկանում՝ ինչու ոչ մասնագիտական մարդիկ պիտի աշխատեն: Գալիս, ասում էին՝ մեզ մոտ միայն ցավազրկիչ կա, այն էլ՝ մեծ մասը ժամկետանց, եթե ուզում ես վերցրու, մենք հո հիվանդանոց չենք եւ այլն. էսպիսի մոտեցում էր: Է, եթե դուք հիվանդանոց չեք, մարդուն ուղարկեք «Դատապարտյալների հիվանդանոց», թող նայեն մասնագետները:

Կամ մարդը ուզում է իր կողմից վճարելով իր ուզած բժշկի կողմից զննվել, որն իր իրավունքների մեջ է մտնում: Երբեք թույլ չտվին. հարյուր անգամ ես գրել եմ դրա մասին, անձամբ իմ մասին եմ ասում, կային էլի տղաներ, որ էլի թույլ չտվին: Կարծում էի՝ քաղաքական դրդապատճառներով են ինձ արգելում, բայց պարզվեց՝ ցանկացած մարդու էդտեղ նույն բանն էին անում:

Մեր առջեւ շատ մարդիկ են վատացել, բայց հերթափոխի պետերի, ադմինիստրացիայի կողմից ընդհանրապես ոչ մի շարժում: Որեւէ մարդկային մոտեցում չի եղել, այսինքն՝ դատապարտյալին իբրեւ մարդ չեն ընկալում, դա իրենց համար ապրանք է, ինչ-որ իր, որ ասել են պահի, ինքը պիտի պահի: Օրենքով տալիս է, որ յուրաքանչյուր դատապարտյալ պետք է ունենա 4 քմ տարածք եւ 6 խմ օդ, դա անհեթեթություն է. ես տեսել եմ խուց, որտեղ 10-12 հոգի էին տեղավորել, որտեղ օդ չկա շնչելու: Էս ժամանակ էլ խեղդոց է, մարդ կարող է շոգից մեռնի:

Սոցիալ-հոգեբանական ինչ-որ համակարգ կա, բայց ոչ մի սոցիալ-հոգեբան չկա, որեւէ մարդ էդտեղ քո հետ չի աշխատում, քո դարդ ու ցավերի հետ կապված իրենք որեւէ քայլ չեն անում: Բանակի հիերարխիան է. ավելի լավ է լռել, ոչ մի բան չասել, էս խնդիրները թող մնան: Խնդիրներն էլ կուտակվում-կուտակվում են անընդհատ:

Իմ գտնված ՔԿՀ-ներում, բարեբախտաբար, էդ գողական աշխարհը, զոն նայող-բան չկար, եթե դա լիներ, դատապարտյալի վրա կրկնակի կլիներ ճնշումը, որովհետեւ մի հատ էլ գողական օրենք էր լինելու. չի կարելի դիմել ադիմինիստրացիային, ոչ մի շփում  եւ այլն, բայց իրենք առավոտից շփվում են հետները, ախպերացել են հետները:

Շրջաններից մարդիկ են գալիս տեսակցության, ժամերով սպասեցնում են հենց ըտենց, անհեթեթ, որովհետեւ ինչ-որ պետ իր սենյակում չէ, որ մակագրի էդ թուղթը: Եվրոպայում դա շատ լավ կարգավորված է. մի րոպե չես սպասի, կմտնես՝ քո հարազատին կամ ծանոթին տեսնելու:

Ես քանի անգամ գրել եմ, ամեն ինչ արել եմ, ու մի րոպեում մտել են, ասում եմ՝ ոնց էղավ, որ կռիվ տվինք, մտավ, ասում է՝ դե դու դեպուտատ կկանչես, լրագրող կկանչես: Ու մարդիկ սկսեցին գլուխ բարձրացնել, ասում են՝ այ մարդ, էս տղան ճիշտ է ասում, եթե օրենքները կան, մենք ինչու՞ չպիտի օգտվենք դրանցից:

Էս վերջին տարիներին քաղաքական բանտարկյալների՝ բանտերում հայտնվելով իրենք մի քիչ զսպվեցին, զգուշանում էին, որովհետեւ մենք կարողանում էինք լրատվամիջոցների հետ կապվել, ահազանգել: ՔԿՀ-ներում ամենաշատը վախենում են լրագրողից: Ոչ մեկից էդքան չեն վախենում, որքան լրագրողից, որովհետեւ լրագրող նշանակում է լուր գրող, իսկ լուր ՔԿՀ-ներում ինչքան ուզես կա:

Ու նստած մարդկանց մեծ մասին, ինչ որ ես տեսել եմ, դրանց չի կարելի հանցավոր անվանել, դրանց արածը նույնիսկ զանցանք չի: Ես նայում էի իրենց գործերը, ասում էի՝ չի կարող պատահի, գժվում էի, զարմանալու սահման չկա: Որ Հրայր Թովմասյանին հանդիպեցի, ասում եմ՝ էս ի՞նչ խայտառակություն է, սրա ամենավերեւում քեզ են դրել հիմա, դու չես ուզու՞մ դզել էսի:

Ասում էի՝ եթե ես լինեմ էս ՔԿՀ-ի պատասխանատուն, դուք մի ժամ հետո կզգաք, որ սրանք մարդիկ են, ու ամեն ինչ օրենքով կլինի: Մեզ պետք չի եվրոպական ինչ-որ օրենք, որ էս մարդիկ նորմալ պայմաններ ունենան, եղած օրենքները նույնիսկ շատ են, բավականին իրավունքներ ունի դատապարտյալը, բայց ոչ մեկից օգտվել չկա: Ասում է՝ լսի, էդ հո չենք գրել, որ օգտվես դրանից: Ճիշտ այդպես՝ ադմինիստրացիայի պետն էր ասում, ասում է՝ դու իրոք խելառ ես, հավատում ե՞ս դրան:

Ասում եմ՝ չհասկացա, բա դու էդ օրենքով ես էստեղ աշխատում, օրենքն է կարգավորում իմ՝ դատապարտյալիս, ու քո միջեւ հարաբերությունները. մենք ո՞նց պիտի հարաբերվենք: Ես ունեմ իրավունքներ եւ պարտականություն, դու եւս ունես իրավունքներ եւ պարտականություն:

Էս ամբողջը թե «ԿԳԲ-ի պադվալում», թե «Դատապարտյալների հիվանդանոցում» եւ թե «Վարդաշենում» բարձրաձայնել եմ, դիմել եմ համապատասխան մարմիններին, բայց ոչ մի ձայն-ձուն: Ավելի շատ լրագրողական դաշտն է արձագանքել, փորձել ինչ-որ բաներ անել իր կողմից, բայց նա էլ չի ազդել, որովհետեւ արգելում են լրագրողների մուտքը ՔԿՀ-ներ, որը ամենակոպիտ խախտումն է, որովհետեւ յուրաքանչյուր դատապարտյալ իրավունք ունի իր հարազատների, ԶԼՄ-ի ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ հանդիպել:

Ես անձամբ դիմել եմ երեւի 18 լրատվամիջոցի, երբեք իրենք թույլ չեն տվել: Ասում են՝ ինչու ես ուզում, որ իրենք գան, մեկ ա՝ ինչ որ ուզում ես, գրում են, հոդվածներ ես գրում մեր դեմ, ասում եմ՝ դա ես եմ ասում, գրում, բայց իրենք որ գան, իրենց աչքով կտեսնեն:

Միշտ ինձ տարել «կարցեր» են նստացրել, մարդկանց շահերը որ ուզեցել եմ պաշտպանել, փորձել են քրեական գործ հարուցել: Վերահսկող դատախազ կա, որ էդ ամբողջի օրինականությունը պիտի գա ստուգի, բայց մարդը թքած ունի: Երկու անգամ իմ դեպքում եկել են ճիշտն ասած: Երբ որ լսել է էդ ամբողջը, ասում է՝ դու Հայաստանից չե՞ս: Ասում եմ՝ չէ: Ասում է՝ հա, ես հասկացա. որ հայաստանցի լինեիր, էս հարցերը չէիր տա, դու չես հասկանու՞մ որտեղ ես գտնվում: Ասում եմ՝ որտե՞ղ եմ: Ասում է՝ այ տղա, սա քեզ համար սանատորիա չի, սա քրեակատարողական հիմնարկ է: Ասում եմ՝ այո, բայց օրենքով է, չէ՞: Օրենքները դնում էի սեղանի վրա, ասում էի՝ էսինչ օրենքը խախտված է:

Պետին նայում է, ասում՝ էս տղան խելքից-բանից խնդիր ունի՞: Չէ, ասում է, ինքը ուղղակի իսկապես Ֆրանսիայից է, ուզում է, որ այստեղ էլ Ֆրանսիայի նման լինի, բացատրում ենք, որ չի լինի, բայց ինքը չի հասկանում: Ասում եմ՝ լսի, ՀՀ-ն որոշել է դեպի Եվրոպա գնալ, էդ է ուղղությունը:

Մենք Աֆղանստան չենք կամ Բիրմա, չե՞ք ուզում, որ նորմալանա, մարդկային դառնա այս ամենը: Ասում է՝ ո՞նց չենք ուզում: Բա ինչու՞ չես անում, քեզ տվել են էդ հնարավորությունը, օրենքները կան, օգտվի էլի դրանցից: Ոչ: Ինչու՞ ոչ: Ես մինչեւ էդ «ինչու՞ ոչ»-ը հասկացա, բավականին ժամանակ անցավ, որովհետեւ Ֆրանսիայից լինելուս պատճառով շուտ չեմ ընկալում էդ ամենը:

Ասում է՝ Հացպանյան, էստեղ հաշիվներ պիտի տեսնես: Տեսակցություն ուզում ե՞ս, որ ամեն օր քո մոտ անսահմանափակ մարդ մտնի: Խնդրեմ, հարցերը լուծի ադմինիստրացիայի հետ, քո մոտ, երբ ուզես, մարդ կգա՝ ժուռնալիստներ էլ կգան, կամերա էլ կմտցնեն, կնկարեն էլ, ինչ կուզես. փողին մուննաթ: «Փողին մուննաթ»-ը ամենաշատը ՔԿՀ-ներում է: Էս վերջին տարիներին՝ հատկապես Հայկ Հարությունյանի ժամանակ, ՔԿՀ-ներում օրենքները դադարեցին գործելուց: Թեկուզ մինչ այդ քիչ էին գործում, բայց էլի գործում էին, չեմ կարող ասել, որ ընդհանրապես չէին գործում:

Մարդու ծնողն է մահանում, թույլատրվում է 7 օրվա արձակուրդ, բայց չէին թողնում գնալ, ահագին տղաների, ինձ էլ չթողեցին: Որեւէ պատճառաբանություն չկա: Ամենավերջում արդեն բունտի վիճակ ստեղծեցինք բանտում, մի ժամով ձեռքերը կանդալած (նույնիսկ տեսել եմ՝ մարդու ոտքից են շղթայել դատարան տանելուց) տղաներից մեկին տարան Հոկտեմբերյան՝ գերեզմանոց:

Մարդու իրավունքների կոպիտ խախտում է, քո արժանապատվության հետ են խաղում այդպես: Էդ տղան չէր հասցրել հող գցել հոր գերեզմանին: Իմ խցի կողքը Արթուր անունով տղա կար: Երեխա ունեցավ, քառասունքը լրացավ, ուզում էր երեխային տեսնել, ոչ մի ձեւ չթողեցին, ես գրեցի, ինքը գրեց, անձամբ զանգել եմ Հրայր Թովմասյանի երկու տեղակալների հետ եմ խոսել, ասում եմ՝ թողեք գնա տեսնի իր երեխային էս մարդը, ի՞նչ խնդիր կա, ասում է՝ ես չեմ հասկանում, խնդիր կա՞:

Ասում եմ՝ այո, բա դուք վերեւն եք, չեք հասկանու՞մ, որ խնդիր կա: Ամենավերջում էլի չթողեցին էդ տղային, ու ինքը հացադուլ սկսեց, անձնասպանության փորձ արեց: Իմ գտնված ժամանակ 5-6 հոգի իրեն կախել է: Մարդու հետ կես ժամ առաջ նստել ենք, զրուցում ենք, մեկ էլ ասում են՝ տղան իրեն կախել է: 2 տղայի ես եմ իջացրել պարանից, ես ապրել եմ էդ ամբողջը: Ու սրա պատասխանատուն քրեակատարողական վարչություն կոչվածն է:

ՔԿՎ-ում, բացառությամբ երկու հոգու, որոնք մեծագույն մարդիկ էին, ես նրանց առջեւ կարող եմ միայն շնորհակալությամբ խոսալ, մնացածը էդտեղ չկա մարդ: Այսինքն՝ ռազմագերիների ճամբար հիշեցնող մի փակ համակարգ, որտեղ մարդուն նսեմացնում, վիրավորում են:   

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter