
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասան Ազատ Գասպարյանը եւ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը քննարկեցին մշակութային գործիչների ֆինանսական վիճակը:
Արվեստագետներին հատկապես վրդովեցրել էր այն փաստը, որ ԱԺ-ում դատախազների աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծ են ընդունում, մինչդեռ սոված դերասաններն ու ռեժիսորները ստիպված են սրա-նրա մոտ ուզվորի դեր խաղալ:Նշենք, որ դատավորների աշխատավարձը 2009 թ. հունվարի 1-ից դառնալու է 440.000 դրամ, իսկ դերասանի աշխատավարձը 30.000 դրամ է, լավագույն դեպքում` 60.000 դրամ:
«Պետությունը ոչ մի կերպ չի խրախուսում մշակութային միջոցառումների հովանավորությունը: Ամբողջ աշխարհում ամեն կերպ դա խրախուսվում է. մի դեպքում մշակութային իրադարձություն հովանավորելիս կազմակերպությունը ազատվում է տարեկան հարկերի 10%-ը մուծելուց, մեկ այլ դեպքում էլ որոշ պետություններ ամենամյա մրցանակ են տալիս` տարվա լավագույն հովանավոր անվանակարգում»,-ասաց Ռուբեն Բաբայանը:
«Եթե երեխան նայի ինձ, իմ բնակարանին, իմ մեքենային ու նայի մեր շենքում ապրող դատավորին եւ նրա ունեցվածքին, ինչ կուզենա նա դառնալ»,-հարցրեց Ազատ Գասպարյանը:
«Այս երկիրը չի հասկանում, որ կիրթ հասարակություն կերտվում է մշակույթի միջոցով, եւ մշակույթը այս վիճակում թողնելը առնվազն հանցագործություն է»,- ասաց Ռուբեն Բաբայանը:
Ազատ Գասպարյանը սերիալներում նկարահանվում է միայն իր ֆինանսական խնդիրներից ելնելով, չնայած նշում է. «Սերիալը մեծ փորձ է դերասանի համար: Երբ դերասանը լիովին ֆինանսապես ապահովված լինի, ապա կմտածի` որ սերիալում նկարվի, ինչ դեր խաղա, եւ ոչ թե ցանկացած դերի համաձայնի»: Ռուբեն Բաբայանն էլ ասաց, որ մեղքը ոչ թե դերասանինն է, այլ սերիալների սցենարիստներինը. «Դա են կարողանում, դա են գրում եւ նկարում, իսկ դերասանը խաղում է իր դերը` անկախ նրանից` այդ դերը լավն է, թե ոչ»:
Մշակույթի ասպարեզում ֆինանսական խնդիրները լուծելու համար Ռուբեն Բաբայանն առաջարկում է ղեկավարության հետ երկխոսության գնալ: Ազատ Գասպարյանն ի պատասխան ասաց. «Եթե ես լրագրողների հետ խոսեմ բարդ մաթեմատիկայից, նրանք ինձ կհասկանան: Իհարկե ոչ, հիմա ես հարց եմ տալիս` այնտեղ ես ում հետ խոսեմ մշակույթի մասին, ում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել