HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

2008-ը հակասական իրադրություններով լի տարի էր, բայց տնտեսության մասով պատվով ենք դուրս եկել

Հարցազրույց Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ

Ինչպե՞ս եք գնահատում 2008 թվականը:

2008-ը տարբեր հակասական իրադրություններով լի տարի էր, բայց տնտեսության մասով կարող եմ ասել, որ պատվով ենք դուրս եկել, որովհետեւ այն խնդիրները, որոնք ունեինք, մեղմել ենք կամ չեզոքացրել: Բավականին հարկաբյուջետային հնարավորություններ ունեինք հակազդելու համար, եւ այդ հարկաբյուջետային միջանցքը թույլ տվեց, որ դրամավարկային քաղաքականությունը որոշակի ճկունություն ցուցաբերի եւ փոխարժեքի մասով արձանագրենք կայունություն:

Պետք է նշել նաեւ, որ երկրի պարտքը շատ ցածր է, ինչը թույլ է տալիս լուրջ պետական ներդրումային ծրագրերի մասին խոսել: Ես չգիտեմ` պատահականություն էր, թե ոչ, բայց ճգնաժամը դեռ օդի մեջ խոսակցություն էր Հայաստանում, երբ մենք 2008թ. խոշոր, հատկապես ենթակառուցվածքային ծրագրերի մասով, աշխատանքներ էինք սկսել, որոնք, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, նաեւ ճգնաժամի հաղթահարման տեսակետից լավագույն գործիքներն են. օրինակ` երկաթուղու, ավտոճանապարհների, ատոմակայանի կառուցումը եւ խոշոր ծրագրերի համար նախատեսված Համահայկական բանկի ստեղծումը, ինչը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում կապահովի ամբողջ հակացիկլային կամ տնտեսական ակտիվության անկմանը հակազդող քաղաքականության իրականացումը: Այսինքն` մեզ հիմա ինչ է պետք` մեծ մասշտաբի զբաղվածություն, իսկ ճանապարհաշինարարությունը, ատոմակայանի շինարարությունը եւ՛   ինժեներական ուժ են պահանջում, եւ՛ բանվորական ուժ: Համահայկական բանկի ծրագրերն էլ կապահովեն բարեփոխումների ընթացքը եւ նորամուծական ենթակառուցվածքների ստեղծումը, որպեսզի մենք այս հակացիկլային փուլն անցնելուց հետո կարողանանք խոշոր ներդրումներ ներգրավել եւ մեր զարգացման ծրագրերին սահուն կերպով հետամուտ լինել: Ի դեպ, աշխարհում ճգնաժամի մասին խոսակցությունները 2001 թ.-ին են սկսվել, երբ Միացյալ Նահանգներում կապիտալի շուկայի 50%-ից ավելի ճշգրտում տեղի ունեցավ, եւ դրանից հետո Միացյալ Նահանգների բյուջեի դեֆիցիտի կանխատեսումները մոտակա 10 տարվա հավելուրդից դեֆիցիտ դարձան: Այդ ժամանակ ես աշխատում էի Միջազգային  արժութային հիմնադրամում եւ մասնակցում էի խորհրդի այն նիստերին, որտեղ բուռն քննարկումներ էին ընթանում, թե ԱՄՆ-ը մոտակա 10 տարիների ընթացքում ինչպես պետք է մարի իր պարտքը: Այդ վիճարկումները կարեւոր էին, որովհետեւ ԱՄՆ-ի պարտքի մարումը աշխարհի մնացած երկրների  համար եկամուտների կորուստ էր` նշված պարտքային գործիքներում այդ երկրների կողմից ներդրումների առումով: Ճգնաժամային եւ պատերազմական գործողությունների արդյունքում պատկերը փոխվեց, եւ ԱՄՆ-ի երկու դեֆիցիտները (բյուջետային եւ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի) խորացան` դրանով իսկ ստեղծելով գլոբալ հաշվեկշռվածության խախտումներ: Այդ մասին արդեն 6-7 տարի է թմբկահարում են բոլոր միջազգային կառույցներն ու փորձագետները, սակայն աշխարհի զարգացած երկրները  փորձում էին այդ գլոբալ հաշվեկշռվածության խախտումները հաղթահարել կոսմետիկ ճշգրտումներով: Հիպոթեզն այն էր, որ կարելի է անհաշվեկշռվածութունը հաղթահարել, քանի որ  աշխարհը պատրաստ է ֆինանսավորել ԱՄՆ-ի տնտեսությունը: Պարզվեց` տնտեսագիտությունը միշտ ճիշտ է. չես կարող մեծ դեֆիցիտներ եւ պարտք ունենալ եւ գոյատեւել երկար ժամանակ: Հիմնական սրումը սկսվեց 2008թ, երբ հիպոթեքային շուկայում ստեղծվեց ճգնաժամային իրավիճակ:

Ինչ-որ թի՞մ է աշխատել այս ծրագրերի վրա, թե՞ կառավարության առաջարկն է: Ընդհանրապես, քննարկումներ լինու՞մ են այդ թեմաներով:

Կառավարությունն էլ է թիմ: Բայց նաեւ տարբեր վերլուծություններ են արվում եւ քննարկումներ կազմակերպվում: Օրինակ, հասարակական կազմակերպությունների կամ փորձագետների (ներառյալ միջազգային) հետ կլոր սեղանների միջոցով քննարկումներ ենք կազմակերպում: Այսօրվա կարեւորագույն բարեփոխումներից մեկը` կենսաթոշակայինը, օրինակ, չորս տարի է, ինչ հանրային քննարկումներ է անցնում: Ենթակառուցվածքների մասով քննարկումները, իրոք, ավելի նեղ շրջանակներով են անցկացվել, բայց նորից` դրսի եւ ներսի փորձագետների հետ միասին,  բավականին լուրջ գրականություն է ուսումնասիրվել ու կիրառվել են տարբեր հետազոտություններ, որոնք առաջարկներ եւ լուծումներ են տալիս: Բայց գործընթացը դեռ չի ավարտվել, քանի որ երբ այն սկսվում է, ինժեներական դիզայնը, ֆինանսավորման սխեմաները եւ այլ գործողությունները շարունակական դեբատների առարկա են դառնում, չէ որ դրանք մի տարվա ծրագրեր չեն եւ երկար ժամանակ կտեւեն իրականացման առումով:

Այդ ծրագրերի ֆինանսական աղբյուրները արդեն հստա՞կ են:

Ես լիազորված չեմ ասել` կա՞ն, թե՞ ոչ, բայց բնական է, երբ հանրապետության նախագահը հայտարարում է նման գաղափարի մասին, ուրեմն ռեսուրսները նախօրոք ճշտված են, եւ եթե հստակ չլինի այդ ռեսուրսների հայթայթման հարցը, նախագահն այդպիսի հայտարարություն չի անի: Օրինակ` ատոմակայանի մասով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից վերլուծություն է արվել, եւ կառավարությունը ծրագրի իրականացման համար պրոֆեսիոնալ խորհրդատվություն վարձելու որոշում է կայացրել: Երկաթուղու ճանապարհաշինարարության մասով Ասիական զարգացման բանկը  Հարավ-Հյուսիս մայրուղու շինարարական ծրագրի համար արդեն  մեկ միլիոնից ավելի դրամաշնորհ է հաստատել, որը պետք է տա ինժեներական լուծումներ եւ ֆինանսավորման հետ կապված առաջարկներ: Բնական է, որ Ասիական զարգացման բանկն իր մասնակցությամբ փաստում է, որ ընդհանուր ռազմավարական պատկերացում կա եւ ստրատեգիական տեսանկյունից այս ծրագիրն արժե իրագործել: Համահայկական բանկի ֆինանսավորումն արդեն օրենքով նախատեսված է, բանակցություններ են տարվել բոլոր միջազգային կառույցների եւ գործընկեր երկրների հետ, որպեսզի կարողանանք ռեսուրսներ կենտրոնացնել: Դա պետք է ներառի նաեւ մեր` մասնավոր պարտք վերցնելու ունակությունը, որը կարեւոր խնդիր է: Այս նախաձեռնությունը մասնավոր-պետական համագործակցություն է ենթադրում, ինչն ամբողջ աշխարհում առավելագույն արդյունք է բերում, եւ պետությունը կարողանում է իր մասնակցությունը մինչեւ 20-30 տոկոս հասցնել, թափանցիկ բիզնես մոդելներ է առաջ քաշում, որտեղ մասնավորը կարճաժամկետ օգուտներ չունի, բայց ունի երկարաժամկետ լուրջ օգուտներ: Այսպիսով նաեւ բիզնեսի սոցիալական պատասխանատվության հարցն է լուծվում: Մեր նպատակն է ցույց տալ, որ այս խոշոր կոնցեպցիան իրագործելու համար քաղաքական կամք կա, որ իրատեսական է եւ իրագործելի, ուրեմն` պետք է առաջին քայլերն անել: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այդ քայլերից հետո մասնավորը եւս ներքաշվում է, որովհետեւ դրանք խոշոր ծրագրեր են, եւ մասնավոր հետաքրքրություն է առաջանում:

Բայց ինչ-որ փուլում պետք է ցույց տալ, պետք է երեւա, որ դա արդյունավետ է, որ մարդիկ հավատան:

Առաջին քայլը կատարել ենք, ինչը երկրորդ փուլի համար պարարտ հող է ստեղծում, որ պետական-մասնավորը սկսի տեղից շարժվել: Բացի այդ, մենք արդեն իսկ ունենք պետական-մասնավոր համագործակցության մի քանի հաջողված ծրագրեր:

Պետությունները գնահատում են տնտեսական ճգնաժամից իրենց կրած վնասները, մենք կարո՞ղ ենք գնահատել մեր վնասները: Փորձ արվե՞լ է` գնահատելու այդ վնասները:

Եթե միջազգային մամուլից նկատել եք, օրումեջ այդ վնասի չափը փոխվում է:

Բայց 2008 թ.-ն ավարտվել է:

Բյուջեի մասով 2008 թ. համար կորուստները էական չեն, որովհետեւ մենք մեր ծրագրային թիրախներին հասել ենք: Տնտեսական աճի մասով մեր նպատակին չհասանք, հատկապես տարվա երկրորդ կեսին, քանի որ ունեցանք վրացական ճգնաժամի, պատերազմական գործողությունների հետ կապված խնդիրներ, եւ տարվա վերջին միջազգային հումքի գների անկման պատճառով տնտեսական անկում ունեցանք: Խնդիրներ առաջացան նաեւ շինարարության ճյուղում, որը վերջին մի քանի տարիներին եղել է գերարտադրողական ճյուղերից մեկը: Այսինքն, տնտեսական աճի մեր պատկերացումը 10 տոկոս եւ ավելի էր, իսկ կառավարության ծրագրով նախատեսված էր 8-10 տոկոս. այդ ծրագրային ցուցանիշի հետ համադրումն էլ կլինի մեր կորուստը:

Ներքաղաքական իրավիճակը ինչքանո՞վ է ազդում տնտեսության վրա:

Տնտեսական մակարդակում պիտի ազդի: Բնական է, կայունությունն է կարեւոր, ինչի առումով մենք էական խնդիրներ չենք գրանցել: Բայց երկարաժամկետ ներդրումների իմաստով ցանկալի է, որ  ներքաղաքական բարոյահոգեբանական իրավիճակն ավելի լավը լինի: Եթե ամբողջ ակտիվ բնակչությունը ձգտում է ներդրումներ բերել Հայաստան, դա այլ պատկեր է, քան երբ բնակչության որոշ, թեկուզ մեծ  մասն է զբաղվում երկիրը ներկայացնելու, ներդրում բերելու գործով: Փոխանակ քաղաքացին քաղաքական ինտրիգներով զբաղվի, ավելի լավ է զբաղվի արդյունավետ  գործունեությամբ, օրինակ` հանդես գա սոցիալական կամ տնտեսական ոլորտում ինչ-որ նախաձեռնությամբ:

Ի՞նչ եք կարծում, ժողովուրդը վստահու՞մ է կառավարությանը:

Կառավարության ծրագրերում, մեր հայտարարություններում էլ չենք թաքցնում, որ տեսնում ենք վստահության խնդիրը: Մենք պետք է կարողանանք գնահատել եւ գործիքներ զարգացնել, որ հասարակությունը կարողանա տեսնել կառավարության ազդեցությունն իր կյանքի վրա: Որովհետեւ այդ գործունեության ազդեցությունը բացի թոշակ, նպաստ բաժանելուց, ինչն, անշուշտ կարեւոր մաս է, դրսեւորվում է նաեւ բազմաթիվ այլ ծրագրերի իրականացման միջոցով, որոնք ազդում են տնտեսության աճի, մարդկանց սոցիալական եւ տնտեսական ակտիվության վրա: Երկակի պրոբլեմ կա. կան բնագավառներ, որտեղ անելիք կա թափանցիկությունը, գործիքակազմը լավացնելու, որպեսզի ազդեցությունը ուժեղացնենք: Մյուս պրոբլեմը հետեւյալն է. իրականում մեր արածն ազդեցության տեսակետից չենք կարողանում ներկայացնել, ինչը վստահության բանալին է: Պետք է մեր հաշվետվություններն այնպիսին դարձնենք, որ միտված լինեն ոչ թե նրան, թե ինչ ենք արել, այլ` թե մեր արածի արդյունքում ինչ ենք ստացել: Բարդ խնդիր է իրականացնելու առումով եւ բարդ է կոնսենսուսի առումով, որ մարդիկ ընդունեն գործունեության արդյունքները: Կան բնագավառներ, որտեղ պետք է ռեսուրսները ճիշտ վերաբաշխենք, որպեսզի մեր քաղաքականության ազդեցությունն ուժեղանա: Մասնավորապես` օրենքներ գրելու եւ ընդունելու հարցում շատ ուժեղ ենք, բայց կիրառելու, հետադարձ կապը ապահովելու, անալիզ անելու  խնդիրը, թե մեր օրենքը քանի տոկոսով ներդրվեց,  բարդ խնդիր է, որը չի լուծվել:

Կառավարությանը երբեմն մեղադրում են, որ ինչ-որ բան է հայտարարում, իսկ հետո մոռանում, օրինակ` Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելը կամ Զվարթնոց օդակայանը տնտեսական ազատ գոտի դարձնելը:

Երբ ես ներկայացնում էի Զվարթնոցի հայեցակարգը, հայտարարեցի ժամանակահատված, այսինքն` այն ունի ձեւավորման փուլ, հետո հասնում է գագաթնակետին, ինչը կտեւի 10-15 տարի: Ամեն դեպքում, սկզբում կոնցեպցիան ես հայտարարում: Մենք ուղղակի այդ ռեժիմում չենք ապրել, մեծ գաղափարները սովորաբար կոմունիկացիա են պահանջում. գաղափարի հայտարարմանը հաջորդում է հասարակության արձագանքը, ինչն օգնում է բացահայտել ծրագրի իրականացման ռիսկերը: Երկրորդ փուլում պետք է ձեռք բերվեն կոնկրետ ժամանակացույցի շուրջ  պայմանավորվածություններ: Մեր դեպքում դա այն է, թե ինչ ներդրումներ պետք է արվեն, կառավարությունը ինչ օժանդակություն պետք է ցույց տա, այս ամենը հայեցակարգում արդեն արտացոլված է: Ծրագիրն իրականացնելու համար այս տարվանից պիտի սկսենք բիզնեսմենների հետ խոսել: Ի դեպ, կան մարդիկ, որ համաձայն են գալ այդտեղ, եւ եթե նախատեսվող սառնարանային տնտեսությունը լինի, կփաթեթավորեն ապրանքը եւ կմտնեն դրսի շուկա: Այս կոնսոլիդացիայի գործընթացը պարտադիր պետք է անցնենք, որը Հայկական զարգացման գործակալության օրակարգում է ընդգրկված, պիտի շատ ակտիվ խոսենք բոլոր շահառուների հետ, որովհետեւ հնարավոր է վատ կոմունիկացիայի արդյունքում գտնես ընդամենը մի տասը ընկերություն եւ գաղափարը սպանես, բայց եթե չշտապես, կարող է 100-ը ունենաս եւ լավ ընտրություն կատարես: Այս պրոցեսը պետք է ճիշտ ներկայացնել, ինչը մեկ տարի կխլի: Այդ ընթացքում պարբերաբար հրապարակային կխոսենք իրականացված քայլերի մասին, ցույց կտանք համատեղ աշխատանքը: Սա նոր մոտեցում է, որն իրականանալի է, քանի որ շահառուների հետ քննարկված է: Բոլորն էլ ասում են, որ եթե համատեղ աշխատենք, ստացվող գաղափար է: Այսինքն` ոչ թե մոռացվում է, այլ փուլային լուծումներ է ենթադրում, իսկ երկարաժամկետ ծրագրերի իրականացումը ճիշտ կոմունիկացիա է պահանջում, եւ հույս ունենք, որ այդ հարցում դուք նույնպես մեզ կուղղորդեք:

Ճգնաժամի պայմաններում, կարծես, այս գաղափարները ժամանակավրեպ են, որովհետեւ աշխարհը այլ պրոբլեմների մեջ է, իսկ մենք գաղափարներ ենք տալիս, գուցե եթե չլիներ ճգնաժամը, դրանք աշխատեին, սակայն այսօր դրանք անիրականանալի են թվում:

Զարգացած երկրների, որոնք անմիջապես են ազդվել ճգնաժամից, ամենաիներտ սեկտորները բարձր որակի ծառայություններն են եւ բարձր տեխնոլոգիաները: Դրանք չեն ազդվում: Մեծապես ազդվել են խոշոր ֆինանսական փուչիկների վրա կառուցված սեկտորները, որոնք ավանդական են համարվում, իսկ դրանց կարելի է հակազդել կապիտալ ծախսերի միջոցով: Մենք հակաճգնաժամային  գործիքների փաթեթը ձեւավորել ենք, ինչը թույլ է տալու հարթ անցնել վայրիվերումները: Այն ռեսուրսները, որ մեզ պետք են այդ գաղափարները հասունացնելու եւ բիզնես ծրագրի կամ ներդրումային ծրագրի վրա դնելու համար, այդ ծախսերը էական չեն, որ մենք զիջենք, իսկ գագաթնակետը լինելու է մեկ տարի հետո, երբ աշխարհում շատ ռեսուրսներ են լինելու նման գաղափարների համար: Եթե մենք հասցնենք ծրագրերն այն մակարդակի, որ ներդրողներին ասենք, թե իրենց որ իրավունքը ինչպես է պաշտպանվելու, այդ փուլում կարող ենք ներդրումները ներքաշել Հայաստան: Իսկ Հայաստանը ցույց տվեց, որ ներքին պահանջարկի, մրցունակության տեսակետից համեմատական առավելություններ ունի:

Իսկ ե՞րբ է գալու այդ փուլը:

Միջազգային հեղինակավոր կառույցների կողմից լուրջ տնտեսամաթեմատիկական մոդելով կանխատեսումներ են կատարվել 1930-ական  թվականներից ի վեր 130 ճգնաժամերի թվային շարքերի միջոցով: Այդ մոդելի համաձայն,  ճգնաժամը սկզբից մինչեւ տնտեսական ակտիվության անկման հատակը  4-6 եռամսյակ է տեւում, այսինքն` տվյալ դեպքում մինչեւ 2009 թ. երկրորդ կեսը: Դրանից հետո կսկսվի վերականգման փուլը, որը երկար ժամանակ է պահանջում: Մոդելը ցույց է տալիս, որ գլոբալ ճգնաժամի վերականգնումը երկար կտեւի, քանի որ առկա է վստահության ճգնաժամ, գործընթացը կարող է տեւել եւս 2-6 տարի:Մենք այդ վստահության ճգնաժամը ֆինանսական համակարգի կայունության  առումով կարողացանք հաղթահարել: Հետեւաբար 2009թ. ընթացքում պետք է պատրաստվեն ծրագրեր, պետք է կարողանանք  ազդել տրամադրությունների վրա, ինչը կբերի վարքագծի փոփոխման: Արդյունքում կկարողանանք այդ վարքագիծը կառավարել  անուղղակի ձեւով ներդրումներ բերելու միջոցով: Սա է զարգացման շղթան: Եթե այն չես կարողանում ապահովել` ուրեմն գաղափարը չես կարող իրականացնել:

Արդեն խորհրդարանում կոալիցիոն ուժերի նեկայացուցիչները սկսել են անվստահություն հայտնել կառավարության այս ծրագրերին:

Ես տեղյակ չեմ նման մտադրությունների մասին, բայց միշտ էլ հոռետեսներ կլինեն:

ՏՏ ոլորտի մասին խոսելիս ասել եք, որ այն քիչ է տուժում, բայց այդ ոլորտն էլ է սկսել տուժել ճգնաժամից: Օրինակ` ամերիկյան Dell-ը որոշել է դուրս գալ Իռլանդիայից:

ՏՏ ոլորտի այն մասը, որտեղ գերներդրումներ են արվել, այժմ ճշգրտվում են, ոչ թե փակվում: Եթե ընկերությունը կարողանում է իր գործողությունների մի մասը կրճատելով ճշգրտել, որովհետեւ իրավիճակ է փոխվել, փրկվում է:

Ընկերության համար դա ճշգրտում է, իսկ Իռլանդիայի համար` կործանում:

Միանշանակ: Բայց կառուցվածքային առումով  ինքը իներտ է: 6 տարի  խոսվում էր համաշխարհային դիսբալանսների մասին, ինչը պետք է լուրջ ընդունվեր: Հիմա  ճշգրտումներ են արվում, բայց ցավալի է, որ պրոցեսը  կտրուկ է լինում: Միջազգային կառույցները, որոնք անալիզ էին անում եւ հայտարարում այդ դիսբալանսների մասին, չէին կարողանում ազդել խոշոր, հարուստ ընկերությունների տնտեսական քաղաքականության վրա: Սա դաս է ապագայի համար, որ չպետք է մեծամտանալ:

Մեծ ծրագրերի մեջ, որոնց մասին խոսեցիք, կարծես փոքր եւ միջին բիզնեսը տեղ չունի:

Ունի: Բոլոր ինովացիոն ենթակառուցվածքները, որոնք ունենք մեր մտքում, նախատեսում են  փոքր եւ միջին բիզնեսի ակտիվ մասնակցությունը: Ուզում ենք ճշգրտել փոքր եւ միջինի սահմանը, որ միկրոընկերությունները առանձնացվեն, քանի որ փոքր եւ միջին բիզնեսը պետք է ի վիճակի լինի ագրեսիվ աճելու եւ 2-3 տարվա ընթացքում դրանց մի  մասը շանս ունենա արտահանման կողմնորոշմամբ խոշոր ընկերություններ դառնալու: Սա մի ուղղություն է, որով   Համաշխարհային բանկի, Ասիական  զարգացման բանկի հետ լուրջ ծրագրային փաթեթներ են կազմվել: Եվրաբանկի հետ  կորպորատիվ կառավարման կոդի վրա ենք աշխատում, կապիտալի շուկաների զարգացման ծրագրեր  իրականացնում: Կենսաթոշակային ռեֆորմի շրջանակներում ազգային խնայողությունների մեծ մասը պիտի ուղղվի կապիտալի շուկա, որը  նոր ստեղծվող ընկերությունների համար խթան է`  շատ արագ զարգանալու եւ դուրս գալու կապիտալի շուկա` էժան ներդրումներ հայթայթելու համար: Եթե զարգացման այդ շղթան չունես, այստեղ արդեն չես կարող շատ ակտիվ նոր ընկերությունների ստեղծման գործընթաց սկսել, որովհետեւ իրենք ելքի տեղ պիտի ունենան, իսկ ելքն իր ստեղծած արժեքի դիմաց շատ արագ  կապիտալ ներգրավելն է, որ երկրորդ` խոշորացման կամ միջազգայնացման  փուլը կարողանաս  անցնել: Եթե սկսնակ ըներությունը ուզում է բարձր տեխնոլոգիա գնել, պիտի օժանդակես, երկրորդ փուլում  այն կվերադարձվի: Օրինակ` Հայաստանում անցած տարի կիրառեցինք այդ փորձը. Գյումրիում գործող «Ինսթիգեյթ» ընկերություն կա, 120 երիտասարդ ինժեներներ են աշխատում, չափից ավելի ներդրումներ էին կատարել եւ ժամանակավոր ֆինանսական խնդիրներ ունեին: Մենք` որպես պետություն, գնահատել տվեցինք իրենց արժեքը, հետո փայամասնակցություն վերցրեցինք, եւ 6-7 ամիս անց իրենք Գերմանիայում 2 միլիոն ներդրում գտան, դուրս եկան: Ինչո՞ւ այդ ներդրումը  չլինի Հայաստանում: Սա բարդ համակարգ է, դրա համար էլ կենսաթոշակային ռեֆորմի գաղափարն ենք դրել, որովհետեւ առանց դրա այդ համակարգը չի աշխատի: Փոքր եւ միջին ձեռնարկությունների մասով այս գործընթացը ճիշտ հիմքի վրա դնելու համար աշխատանք ենք սկսել Համաշխարհային եւ Ասիական բանկերի հետ, 1-2 տարվա ընթացքում արդյունքները կտեսնենք:

Կառավարաությունը չ՞ի ուզում հանքարդյունաբերության ոլորտ էլ մտնի, ներդրումներ կատարի, փայաբաժին վերցնի:

Դա բիզնես մոդելի հարց է, որի ուղղությամբ քննարկումներ են պետք, բայց ներկա պահի դրությամբ այդ խնդիրը դրված չէ: Սակայն հակաճգնաժամային տեսանկյունից` մինչեւ 250 մլն դոլարի չափով մեծ աշխատանքներ են տարվում բոլոր միջազգային կառույցների հետ, որպեսզի կարողանանք գործող մեխանիզմների միջոցով նաեւ վարչապետին կից օպերատիվ շտաբի միջոցով փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու ճանապարհով մեղմել  աշխատուժի տեղափոխումը կամ ժամանակավոր պարապուրդը, որովհետեւ հումքի գները անտրամաբանական ցածր են:

Այդ ոլորտի ընկերություններն էլ երկար չեն կարող դիմանալ, իրենց մայր կազմակերպություններն են սնանկանում:

Այդ երկխոսությունը ընթացքի մեջ է, թե ինչպես օժանդակել: Հիմա չեմ ուզում կանխատեսումներ անել:

ՏՏ ոլորտի զարգացման համար ոլորտի ընկերությունները խոսում են ինտերնետի գների իջեցման մասին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս հարցը լուծելու համար, քանի որ տարածաշրջանում ամենաթանկ ինտերնետը Հայաստանում է, ինչու՞ կառավարությունը չի կարողանում լուծել այս հարցը:

Երբեմն պրոբլեմները ինչու՞ են ծագում. Արեւմուտքում մի լավ կոնցեպցիա կա, թե ինչո՞վ է հարուստը տարբերվում աղքատից. ոչ թե որ մեկը մյուսից շատ փող ունի, այլ  որ մեկը կազմակերպված է, մյուսը` ոչ: Որոշումներ կայացրել ենք, որպեսզի հարցը լուծենք, բայց տեխնիկական լուծումներն էլ պիտի ունենաս, ինչը շատ լուրջ գիտելիք է պահանջում: Ամանորյա տոների մի մասը տրամադրել եմ նրան, որ 150-200 էջ կարդամ, հասկանամ, թե այլ երկրներում այդ խնդիրը ինչպես են լուծել: Կապը ճիշտ վերաբաշխելու համար, որպեսզի արագությունը չտուժի, եւ որ լայնաշերտ ցանցը աշխատի: Երկու ուղղությամբ էլ պրոսպեկտներ բացվել են, տեխնիկական դիզայնը 2-3 ամիսների ընթացքում կունենանք եւ մրցույթի միջոցով հանդես կգանք` թող ինտերնետ պրովայդերների մեջ կոնսոլիդացիա կատարվի, որպեսզի իրենք կարողանան ճիշտ վերաբաշխել, իսկ դրսի մասով տարբեր հնարավորություններ կան` գազամուղին զուգահեռ, էլեկտրականությանը զուգահեռ, նաեւ Թուրքիայի միջոցով էլ նախաձեռնություններ կան ավելի լավ կապ ապահովելու համար: Վերջինս «ԱրմԹեք» կոնգրեսի առաջարկն էր կառավարությանը, սա մասնավորի հետ երկխոսության առդյունքներին հետամուտ լինելու կոնկրետ փորձ էր: Երբ Հայաստանում էր ՄԱԿ-ի փոխքարտուղարը, ով պատասխանատու է ծով ելք չունեցող երկրների համար, հարց դրեցինք, եւ կար ընդհանուր ընկալում, որ այդտեղ էլ հնարավոր է միջազգային փաստաթուղթ ունենալ, որը ստորագրելով, հարեւան երկրները պարտավորություններ ստանձնեն ինտերնետ ենթակառուցվածքների համատեղ եւ անվտանգ օգտագործման հարցում: Ուզում ենք այս տարի նման մի նախաձեռնությամբ հանդես գալ միջազգային ասպարեզում:

Իսկ դա թափանցի՞կ գործընթաց է լինելու, թե՞ նորից մոնոպոլիա:

Թափանցիկ պիտի լինի, որովհետեւ ընդհանուր պատրաստի լար կամ ցանց չկա, դա ներդրում է պահանջում, եւ այդ ներդրման դիմաց պետական-մասնավոր համագործակցության գաղափարն է դրվում, երբ պետությունը ծառայություն է գնում այն ընկերություններից, որոնք կարող են ամբողջ երկրի տարածքը ծածկել, համապատասխան հզորությամբ ինտերնետ  կետեր ապահովել եւ այլն: Բաց մրցույթ պիտի կատարվի, ընդունված ձեւը դա է:

Համաշխարհային բանկի դրամաշնորհով ի՞նչ ծրագրեր են իրականացվում:

Օրինակ` մեր հաճախականությունների ուսումնասիրությունը, ինովացիոն ենթակառուցվածքների ձեւավորման համար անհրաժեշտ փոփոխությունները, կենսաթոշակային ամբողջ համակարգը պիտի էլեկտրոնային դարձնենք, այսինքն` այդ գումարը ծախսվելու է, որպեսզի բանիմաց մարդկանց միջոցով  ունենանք բիզնես մոդելները, որոնց դիմաց ներդրումներ կկատարվեն: 7-8 նման ծրագիր կա` ներառյալ ամբողջ Հայաստանը էլեկտրոնային ծառայություններով սփռելը, օրինակ` ունենք Փոստբանկի գաղափարը, որը հնարավոր է ծառայություններ մատուցի, այսինքն` մարդիկ գյուղերում կտրված չեն լինի այն ծառայություններից, որ Երեւանում են մատուցվում:

Ձեր ասածները երկրորդ սերնդի բարեփոխումների մասն են, իսկ ճգնաժամը ինչքանո՞վ կարող է ազդել բարեփոխումների վրա, սպառնալի՞ք է, արդյոք, ճգնաժամը այդ բարեփոխումներին:

Իմ տեսակետից` հնարավորություն է: Որովհետեւ այն  ծրագրերը, որոնք իրականացնելու համար պետք է համոզեիր, այժմ դարձել են հակաճգնաժամային: Օրինակ` «Էրիկսոնը» արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, որպեսզի իր արտադրանքը ներկայացնի, որ մենք ձեւավորենք մեր էլեկտրոնային հասարակությունը: Իսկ «Ինթելն» ու «Էյջփին» արդեն երկրորդ անգամ են պրեզենտացիա իրականացնում, որովհետեւ մենք գաղափար ենք ներկայացրել` ամեն անձին մեկ համակարգիչ: Կամ մեր փոստի գաղափարը. Եթե այն կարողանանք իրականացնել, վաղը կարող ենք վաճառել այդ արտադրանքը: Մենք` որպես փոքր երկիր, պետք է նման ամբիցիաներ ներկայացնենք, որոնցից մեկն էլ Պոլիտեխնիկում ՄԱԿ-ի օժանդակությամբ հեռահաղորդակցության գլոբալ կենտրոնի հիմնումն էր, որտեղ ուսումնասիրության առարկան լինելու է գլոբալ թվային անջրպետի հաղթահարումը: Այդ առումով ամենալավ օրինակը Ֆինլանդիան է, որը հանդիսանում է տեղեկատվական հասարակության լաբորատորիա Եվրոպայի համար, ինչու՞ մենք չենք կարող դառնալ նման լաբորատորիա Ռուսաստանի կամ այլ հարեւանների համար:

Այսօր ինչի՞ հաշվին է կատարվում դրամի արժեւորումը:

Դրամավարկային քաղաքականության, որն ընդհանուր գործողությունների եւ գործիքների  փաթեթ է: Կայունությունը արդյունք է ճիշտ քաղաքականության, որը, համաձայնեք, շատ երկրներ կերազեին ունենալ, բայց փաստ է, որ չկարողացան:

Իսկ տրանսֆերտները  ինչքանո՞վ են կրճատվել կամ ավելացել:

Ճգնաժամը ցույց տվեց, որ այդ տրանսֆերտները բավականին մոբիլ են, իհարկե, այժմ իրավիճակի փոփոխություն կա, քանի որ  միաժամանակ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը խնդիրներ ունեն: Այս հարցը քննարկման առարկա էր դարձել Ազգային մրցունակության խորհրդում, որտեղ ռուսական հեղինակավոր բիզնեսմեններ են խորհրդի անդամները: Ռուսաստանում, որը ռիսկի հիմնական աղբյուրն է, տարբեր մակարդակի եկամտի տեր մարդիկ կան, դրանց  մեծ մասը ֆինանսական հատվածից կախման մեջ չէ, որ տուժի, ուստի` էական անկման փոխարեն հնարավոր են տրանսֆերտների տեսակների փոփոխություններ: Միգուցե գործոնային եկամուտների առումով անկումներ լինեն, բայց հակազդեցության գործիքներն ուղղված են դրան, հետո էլ հայերը այն ոլորտներում են աշխատում, որոնք մշտապես պահանջարկ ունեն: Այդուհանդերձ, հակաճգնաժամային փաթեթներում տրանսֆերտների անկումը հաշվի է առնված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter