HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունաքիմիկատները` ձկնաբուծարանի տարածքում

Սեփականատերը թաքցնում է

Թունաքիմիկատների հոտը զգացինք ճանապարհից, երբ կանգնեցինք տարածքը նայելու: Արմավիրի մարզի Ջրառատ գյուղն ավարտվում է, ճանապարհի աջ կողմում ընդարձակ տարածք է բացվում, որտեղ նախկինում եղել է խորհրդային տարիների թունաքիմիկատների ամենամեծ պահեստը: Հայաստանի հենց այս պահեստում են բեռնաթափել երկաթգծով ստացված թունաքիմիկատները եւ ուղարկել այլ պահեստներ: Այստեղ են ամբողջ հանրապետությունից հավաքվել ժամկետանց թունաքիմիկատները եւ տարաները, ուստի կուտակումն այստեղ նույնպես շատ է եղել: Այժմ նույն տարածքում պահեստի որոշ շինությունների փլատակներ են եւ ձկնաբուծական մեծ ավազաններ:

«Թունաքիմիկատները, կարելի է ասել, չկան արդեն, մանր-մունր սուպեր են եղել: Որը գյուղացին տարավ, որը' ծախեցին: 90-ականների սկզբից էլ բան չի եղել: Ինչ եղել է' բաժանվել է տնտեսություններին»,- մեր այցելության ժամանակ ասաց Ջրառատի համայնքապետ Գարիկ Հովհաննիսյանը:

Տարածքը ցանկապատված է: Աշխատակիցներն ասացին, որ չենք կարող մտնել տարածք եւ նայել թունաքիմիկատների պահեստը, մինչեւ սեփականատերը թույլտվություն չտա: Սեփականատերը ջրառատցի Գրիգոր Գրիգորյանն է: Նա խորհրդային տարիներին եղել է նույն պահեստի պետը եւ սեփականաշնորհել է այն Խորհրդային Միության փլուզումից հետո:

Գրիգոր Գրիգորյանը Արմավիրի մարզի ձկնաբուծական խոշոր տնտեսություններից մեկի' «Կոնստանտին եւ քույրեր» ընկերության ղեկավարն է: Այդ տնտեսությունը բնապահպանության նախարարության հրապարակած ցանկում Արմավիրի մարզի երրորդ խոշոր ջրօգտագործողն է:

Գրիգոր Գրիգորյանը տեղում չէր: Աշխատակիցը մեզ ուղեկցեց Գ. Գրիգորյանի աներձագի' Դավիթի մոտ, ով համակարգում է տնտեսության աշխատանքները: Դավիթը զանգահարեց Գ. Գրիգորյանին, որպեսզի ճշտի' կարո՞ղ ենք նայել տարածքը: Գ. Գրիգորյանի հետ զրույցից հետո ասաց, որ չի թույլատրում, եւ հեռախոսը փոխանցեց մեզ:

Գ. Գրիգորյանը բարկացած ձայնով մեզ հորդորում էր այլ թեմաների մասին գրել. ինչո՞ւ են թանկացել բենզինը, շաքարավազը եւ այլն: Ասացինք, որ ուզում ենք պարզապես նայել տարածքը, տեսնել, թե թունաքիմիկատների ինչ պաշար կա: Գ. Գրիգորյանն ասաց, որ պահեստները փլվել են, նայելու բան չկա: Ավելին, տարածքից, ջրավազաններից ու ձկներից արդեն փորձանմուշներ են վերցրել եւ որեւէ բան չեն հայտնաբերել:

Գ. Գրիգորյանի զայրույթը եւ թունաքիմիկատների պահեստը թաքցնելու ցանկությունը տարօրինակ կթվային, եթե նա թաքցնելու հիմնավոր պատճառներ չունենար. չէ՞ որ պահեստում եւ դրա շրջակայքում եղած թունաքիմիկատները կարող են անդրադառնալ նրա ձկնաբուծական տնտեսության հետագա գործունեության վրա:

Հողն արդեն վարակված է

Չեխական «Արնիկա» ասոցիացիան եւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն «Թույներ եւ թափոններ» ծրագրի շրջանակներում Հայաստանում հայտնաբերել են ժամկետանց թունաքիմիկատների հին պահեստներ եւ ԴԴՏ-ով (դիքլորդիֆենիլեռքլորէթան) աղտոտվածություն: Ամենամեծ եւ վտանգավոր օջախը Ջրառատ համայնքում է:

«Ամենացնցող բացահայտումներից էր այն, որ Ջրառատի պահեստից վերցրած նմուշներից մեկում ԴԴՏ-ի պարունակությունը կազմում էր 50%: Այս թունաքիմիկատի պաշարներն այստեղ հասնում են հարյուրավոր կիլոգրամների: Թունաքիմիկատը պատռված տոպրակներով թափված է ամբողջապես քանդված շենքում եւ, հետեւաբար, հեշտությամբ տարածվում է' քամու միջոցով կամ անձրեւաջրերի հետ միախառնվելով: Դա հանգեցնում է շրջակա միջավայրի զանգվածային աղտոտման»,- փաստել է Սյուզաննա Հոնսայկովան' Չեխիայի քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտից:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ պարկերից վերցված մեկ կգ թունաքիմիկատի մեջ 647 գրամ ԴԴՏ է եղել: Այսինքն' դրանք հենց ԴԴՏ-ի պարկեր են, որոնց մեջ ԴԴՏ-ն մասամբ քայքայվել է, առաջացել են նաեւ քայքայման կողմնակի նյութեր' մետաբոլոիտներ' ԴԴԴ, ԴԴԵ, որոնք ունեն տոքսիկ հատկություն:

 Չնայած ձկնաբուծարանի եւ պահեստի սեփականատերն ասաց, թե ոչինչ չի մնացել, այնուամենայնիվ, շինություններից մեկում պարկերով, տակառներով, փայտյա եւ երկաթյա տարաներով թունաքիմիկատներ կան: Այդ հսկա շինության տանիքը քանդված է. թունաքիմիկատների մի մասը բաց երկնքի տակ է: Քանդված տարածքի հետեւում ավելի փոքր պահեստ է, որը փակ է եւ տարածման առումով պակաս վտանգավոր: Մնացած պահեստները քանդվել են:

«Ինչ-ինչ նկատառումներով այդ պահեստները քանդվել են: Եւ քանդվել են' ոչ թե դատարկելով պահեստի եղածը, այլ շենքն են քանդել, իսկ կուտակված թունաքիմիկատները մնացել են տակը: Դրանք տեղ-տեղ բաց են, եւ երեւում է, որ պատառոտված թղթե պարկեր են, որոնցից թունաքիմիկատներ են թափված»,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հիգիենայի եւ էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանը:

Պահեստի տարածքում երեւում են թունաքիմիկատների տակառները: Բաց տեղերում թափված թունաքիմիկատները հիմնականում պարունակում են ԴԴՏ եւ ակտիվ վիճակում են: Լիլիկ Սիմոնյանն ասում է, որ քամու ժամանակ, շոգ եղանակին հնարավոր է, որ փոշին սփռվի շրջակա միջավայրում: Բացի դրանից' քանի որ տարածքը ծածկ չունի, անձրեւի, ձյան եւ քամու ազդեցությամբ թունաքիմիկատները տարածվել են պահեստի տարածքում:

Հողից վերցված նմուշների փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ 1 կգ հողում 280 միլիգրամ ԴԴՏ, ԴԴԴ, ԴԴԵ է հայտնաբերվել: Այսինքն' թունաքիմիկատներն արդեն անցել են հողի մեջ, իսկ մոտակա ձկնաբուծական մեծ լճակները բետոնապատ չեն, հենց հողի մեջ են, հետեւաբար կարող են անցնել նաեւ ձկներին:

Հիշեցնենք, որ ԴԴՏ-ի օգտագործումը 1970-ականներից արգելված է: 2001 թ. Հայաստանը ստորագրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան եւ մշակել Ազգային ծրագիր, որի շրջանակներում պետք է հայտնաբերվեին թեժ կետերը: Բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանը «Հետքի» հետ հարցազրույցում Ջրառատի մասին նույնիսկ չէր էլ նշել: «Ծրագրի շրջանակներում չի հայտնաբերվել, որովհետեւ չկար, ասում էին, որ չկա: Ինչքան որ հայտնաբերվել է, սա է (նկատի ունի Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը- հեղ.)»,- ասել էր Ա. Ալեքսանդրյանը' հայտնաբերելու պարտականությունը դնելով գյուղնախարարության վրա:

Լուծումը գույքագրումն է

Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության այգեգործության զարգացման բաժնի պետ Կարինե Եսայանն ասում է, որ չեն կարող իմանալ, թե որքան թունաքիմիկատ կա Հայաստանի պահեստներում, քանի դեռ գույքագրում չի իրականացվել. «Այո, ունենք լուրջ խնդիր, որը պետք է լուծել: Լուծելու համար պետք է գույքագրել: Երբ իմանանք, թե ինչ ծավալի հետ գործ ունենք, այդ ժամանակ էլ գուցե կարողանանք մեր Կառավարությանը դիմել, դոնորներ գտնել, կամ եթե հողը վարակված է, ինչպե՞ս այդ հողը վերականգնել»:

Հարցին, թե ԽՍՀՄ-ի փլուզումից հետո թունաքիմիկատների պահեստների վերահսկողությունն ո՞վ պետք է իրականացներ, եւ արդյոք սեփականաշնորհումից հետո սեփականատերերը որոշակի պարտավորություններ չունեի՞ն տվյալ պահեստների պահպանման կամ օգտագործման նկատմամբ, Կարինե Եսայանը պատասխանում է. «Ի՞նչ իմանամ»: Ապա մանրամասնում է, որ այդ խնդիրը միայն Հայաստանում չէ առկա, այլ ԽՍՀՄ ամբողջ տարածքում, ընդ որում' ամենաքիչը Հայաստանում է:

Միաժամանակ Կ. Եսայանը տեղեկացնում է, որ նախարարությունը շուտով գույքագրման պիլոտային ծրագիր է սկսելու, որում ներգրավված է լինելու երեք մարզի 10 ամենամեծ համայնք: Ծրագրի համար նախատեսված է 7500 դոլարին համարժեք դրամի աջակցություն:

Նախնական գնահատմամբ' 53-55 տոննա քիմիկատ է հաշվարկվում: Կ. Եսայանի կարծիքով' այդ թիվը պետք է երեք անգամ բազմապատկել: Ըստ նրա' եղած թունաքիմիկատները, բացի Ջրառատի պահեստից, մեծ վտանգ չեն ներկայացնում:

Մեր հարցին, թե որեւէ միջոցառում ձեռնարկելո՞ւ են Ջրառատ համայնքում հնարավոր վտանգը կանխելու համար, Կ. Եսայանը հավաստում է, որ գյուղը վնաս չի կրի, քանի որ պահեստը գյուղից բավական հեռու է, պահեստի հարեւանությամբ բնակելի տներ չկան. «Այդտեղից հոսք չկա դեպի գյուղ, եւ գյուղացին էլ չի կարող մտնել այդտեղ, որովհետեւ դա սեփական տարածք է եւ լավ հսկվում է»:

Մեր դիտարկմանը, թե պահեստը հենց գյուղի կողքին է, եւ անձրեւի կամ քամու միջոցով թունաքիմիկատները կարող են տարածվել, Կ. Եսայանը պատասխանում է. «Անձրեւի եւ քամու միջոցով էլ այդպիսի պահեստում եղած բանը դուրս չի գա»: «Բայց պահեստից դուրս պարկեր կան լցված»,- նկատում ենք: «Շատ պարկեր կան, բայց այդ պարկերից ոչ մեկը քլորօրգանական չէ: Ամբողջ խնդիրը գիտե՞ք' որն է. մարդիկ նայում են' պարկ կա, բայց այդ պարկի մեջ ի՞նչ է եւ որտե՞ղ է...: Յուրաքանչյուր կազմակերպություն ինչ-որ ձեւով... բոլորը գիտեն, կայուն օրգանական աղտոտիչների համար տրվում են գումարներ միջազգային կառույցներից, ու փորձում են հնարավորինս գումար կորզելու համար ոչնչից աղմուկ սարքել, հետո էլ ասում են' «չէ, գիտեք, այդպես չէր»«,- ասում է Կ. Եսայանը:

Թունաքիմիկատների եւս երեք պահեստ է հայտնաբերվել Մասիսում, Էջմիածնում եւ Արմավիրում, սակայն դրանք փակ տարածքներում են եւ պակաս վտանգավոր են: «Մենք անընդհատ հարց ենք բարձրացնում, որ Նուբարաշենի գերեզմանոցի հետ մեկտեղ պետք է ուսումնասիրվեն այդ պահեստներում եղած պաշարները, որպեսզի այդ հարցերն իրար հետ լուծվեն, դա էլ հավաքեն. եթե պիտի տանեն, տանեն. եթե պիտի տեղում անեն, տեղում անեն, բայց այդ հարցը լուծեն»,- ասում է Լիլիկ Սիմոնյանը:

Թե որքանով են աղտոտված Ջրառատի պահեստի հարեւանությամբ բուծվող ձուկը, շրջակա միջավայրը, օդը եւ ջուրը, դեռ պարզ չէ: Չեխ փորձագետները մոտակա բնակավայրերից ձու եւ այլ սննդամթերք են վերցրել լաբորատոր հետազոտությունների համար' պարզելու թունաքիմիկատների ազդեցությունը սննդամթերքի եւ մարդկանց վրա: Նրանք մարտին Հայաստան կժամանեն եւ կհրապարակեն փորձաքննության վերջնական արդյունքները:

Լուսանկարները` «Հետքի» և  Ա. Պետրլիխի, «Արնիկա»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter