HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսինը ծեծում է կնոջը, որդին միանում է հորը

Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչներ Սանասար եւ Մարինե Ղեւոնդյանների համատեղ կյանքի ընթացքում 4 արու զավակներ են ծնվել, որոնցից մեծը` 13, իսկ փոքրը 3 տարեկան է: «Միասին ապրել ենք 15 տարի, որից 8 տարիները ամուսինս ապրել եւ աշխատել է Հունաստանում, իհարկե այդ ընթացքում եկել-գնացել է տուն, երեխեքին էլ լավ է նայել, ոչ մի բանով չի բրախել»,- պատմում է Մարինե Ղեւոնդյանը:

Սակայն 2008 թ. հունվարի 2-ին Մարինեն իմանում է, որ ամուսինը Հունաստանում ամուսնացել է. «Հունաստանից մի կին զանգահարեց ու ասաց, հետն էլ ինձ վիրավորեց»: Ամուսինը Մարինեին հանգստացրել է, թե` էդ հեչ, անցողիկ բան է: Մարինեն փորձեց ներկայացնել ամուսնուն` Սանասար Ղեւոնդյանին.«Ինքը գիտե՞ք ինչպես է մտածում, ասում է` բերեմ տունը լցնեմ, ոչ մի բանի կարիք չունենաս, ձենդ կտրի, նստի, երեխեքին պտի պահես, տնային գործերով զբաղվես: Ես ման կգամ, Հունաստանում կին կուզեմ, թե ոչ, դա քո գործը չէ: Ես էլ իմ երեխեքի խաթեր լռել եմ, երբեք երեխաներիս մոտ ամուսնուս մասին վատ բան չեմ ասել, դա բացառվել է»:

Սանասար Ղեւոնդյանը 8 տարիների հեռավորությունից այդպես էլ չի մտածել, թե իր երկարատեւ բացակայության ժամանակ ինչ կարող է զգալ 17 տարով իրենից փոքր, երիտասարդ կինը, որը նաեւ իր 4 տղաների մայրն է, եւ ընտանիքի հետ համատեղ կյանքը վերսկսելու համար առանձնապես չի մտահոգվել: Ղեւոնդյանների ընտանիքում լարվածությունը օրեցօր մեծացել է` ընդգրկելով նաեւ ամուսնու հարազատների շրջանակը, մինչեւ որ 2008 թ. հուլիսի 17-ին ծագած կենցաղային վեճի արդյունքում ընտանիքը փլուզվել է: Ցավալին այն է, որ կնոջ հետ իր վեճերի մեջ Սանասար Ղեւոնդյանը ներքաշել եւ շահարկել է իր անչափահաս տղաներին: Կնոջն անվանարկելու եւ երեխաներին նրանից հեռացնելու համար նա ամեն ինչ կանխամտածված է արել:

ԸՆտանեկան վեճը սկսվել է նրանից, որ փոքր տղայի` Գոռիկի շորերը փոխելու համար Մարինեն գնում է կողքի սենյակ` երեխայի համար նոր շորեր բերելու: Երեխան մոր ետեւից լաց է լինում: Սանասար Ղեւոնդյանը երեխային հանգստացնելու փոխարեն իր 13 տարեկան տղային` Գարիկին հանձնարարում է. «Գնա ոչխար մորդ ասա, գա էս էրեխին տեր դառնա»: Գարիկն անցնում է կողքի սենյակ ու մորը դիմում. «Այ անասուն, շուտ արի էրեխուն տեր դառ»: Վիրավորանքից Մարինեն ձեռքով հարվածում է տղայի ուսին: Սանասարն էլ տղային հրահանգում է անպատասխան չթողնել մորը, ապա հայր ու որդի ծեծի են ենթարկում մորը:

«Լսելով հորը` Գարիկը սեղանի վրայից վերցրեց սուրճի ափսեն եւ խփեց ինձ: Ես նույն ափսեն ետ շպրտեցի, որից այն կոտրվեց: Ամուսինս Գարիկին տվեց ջարդված ափսեի մի կտոր, ինքը բռնեց ձեռքերիցս եւ կոտրած ափսեի սուր ծայրով Գարիկը սկսեց հարվածել ինձ: Ես չէի կարողանում ազատվել ամուսնուս ձեռքերից, հետո նա իմ մազերից քաշելով դուրս հանեց սենյակից ու խփեց երեսիս»,- արտասվելով պատմեց Մարինեն:

Եվ քանի որ կնոջ հետ կապված Սանասարը հեռահար նպատակներ է ունեցել, ընտանեկան լարվածությունը հարթելու փոխարեն տղայի հետ անմիջապես գնում է ոստիկանություն: Ոստիկանություն է դիմում նաեւ Մարինեն: Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, որից էլ պարզվում է այն, ինչ ցանկանում է Սանասար Ղեւոնդյանը:

Ըստ քննիչ Մովսես Թամազյանի եզրակացության` «Օձուն գյուղում գտնվող իրենց տանը Մարինե Ղեւոնդյանի անչափահաս որդին` 1995թ. հուլիսի 18-ին ծնված Գարիկ Ղեւոնդյանը, վիրավորել է մորը, վիրավորված մայրը որդու ուղղությամբ շպրտել է սուրճի ափսեն, որն էլ դիպել է Գարիկ Ղեւոնդյանի ձեռքին, որի հետեւանքով վերջիս ստացել է առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք»: Այդ կենցաղային վեճի ընթացքում Մարինե Ղեւոնդյանի ամուսինը՝ Սանասար Ղեւոնդյանը, ձեռքով մեկ անգամ հարվածել է Մարինե Ղեւոնդյանի դեմքին` նրան պատճառելով առողջության թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով:

Ըստ քննիչ, ոստիկանության լեյտենանտ Մովսես Թամազյանի` անչափահաս տղան առանձնապես դատապարտելի արարք չի կատարել մորը վիրավորելով, քննիչին ոչ պատահականորեն չի հետաքրքրել նաեւ այն հանգամանքը, թե մորը վիրավորելու համար տղային պատժելու փոխարեն ինչու՞ է Սանասար Ղեւոնդյանը ապտակել կնոջը: Բանից պարզվում է` մայր ու որդի կռվել են, հայրն էլ կնոջը ապտակել է տղայի հետ գլուխ դնելու համար: Քննչական աշխատանքի նման շեղումները ոստիկանության համակարգում պատահական չեն լինում: Զավեշտական է նաեւ, որ ոստիկանության սպայի համար անչափահաս երեխայի կողմից մորը անասուն անվանելը, կամ տղամարդու կողմից անպաշտպան կնոջ նկատմամբ բռնություն իրականացնելն առանձնապես դատապարտելի չի համարվել:

Նախապատրաստած նյութերով մերժվում է քրեական գործի հարուցումը` հաշտության հիմքով: Իր հաջողություններով ոգեւորված Սանասար Ղեւոնդյանը 29.07.2008թ.-ին հայց է ներկայացնում դատարան` ընդդեմ Մարինե Ղեւոնդյանի` երեխաների խնամքն ու դաստիարակությունը իրեն հանձնելու պահանջով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, 11.09.2008թ.-ի դռնբաց դատական նիստում քննելով երեխաների խնամքն ու դաստիարակությունը իրեն հանձնելու` Սանասար Ղեւոնդյանի հայցը` նրա պահանջը բավարարել է մասնակի` 18.07.1995թ. ծնված Գարիկին եւ 17.10.1997 թ. ծնված Արմանին թողնելով հոր մոտ, իսկ մյուս երկու երեխաներին` Կարենին եւ Գոռին` թողնելով մորը` պատասխանող Մարինե Ղեւոնդյանին: Նշենք, որ հայցում Սանասար Ղեւոնդյանը կնոջ մասին նշել է, որ նա «դաժան է վերաբերվել երեխաների հետ, նրանց ծեծի է ենթարկել»:

Որպես վերջինիս վկայություն էլ դատարանում նրա հաղթաթուղթը եղել է քննիչ Մովսես Թամազյանի քննչական եզրահանգումը, որն էլ հաշվի է առել դատարանը, այն դեպքում, երբ դատարանին տրված Օձունի գյուղապետարանի տեղեկանքում Մարինե Ղեւոնդյանը բնութագրվում է որպես դրական անձնավորություն, հարեւաններ Ս. Քիքանյանը, Ք. Մայիլյանը, Ս. Աթաբեկյանը, Լ. Օհանյանը դատարանին տեղեկացնում են. «Մարինեն բարոյապես լավ կին է եւ լավ մայր, ոչ մի անառողջ բան չենք նկատել Մարինեից»:

Օձունի թիվ 2 միջն. դպրոցի տնօրեն Ա. Թամազյանն էլ դատարանին հայտնել է, որ իրենց դպրոցում սովորող Գարիկ, Արման, Կարեն Ղեւոնդյաններն ուսումնառության տարիներին դպրոցում կարգապահական որեւէ խախտում չեն կատարել, մայրը` Մարինե Ղեւոնդյանը, հետեւողականորեն զբաղվել է երեխաների ուսման եւ դաստիարակության հարցերով, երեխաներին դպրոց ուղարկել կոկիկ հագնված: Անտեսելով այս բնութագրերը` դատարանը գտել է, որ կողմերը իրենց բարոյական եւ անձնական այլ հատկանիշներով առանձնապես չեն տարբերվում, սակայն գույքային ու բնակարանային պայմանների տեսանկյունից Սանասար Ղեւոնդյանը ունի առավելություններ, քանի որ ունի առանձնատուն եւ նյութական բավարար միջոցներ, իսկ Մարինե Ղեւոնդյանը ապրում է ծնողների եւ քրոջ ընտանիքի հետ, բազմաբնակարան շենքի երկսենյականոց բնակարանում, որտեղ հնարավոր չէ պահել 4 երեխաների: Մարինե Ղեւոնդյանն այժմ աշխատում է, փորձում է ոտքի կանգնել իր անչափահաս տղաներին պահելու համար: Անհանգստացած է, որ առանց իր համաձայնության ամուսինը անչափահաս տղաներին կտանի Հունաստան: Ասաց, որ արդեն տեղեկություն ունի, որ նա Ալավերդու անձնագրային բաժնում երեխաների համար անձնագրեր է պատրաստում: Վախենում է, որ 4 տղաները կօտարանան միմյանցից: Մարինեն մտածում է նաեւ Գարիկի բնավորության մեջ իր վրա ձեռք բարձրացնելու հատկության այլ հետեւանքների մասին: Նա տեղյակ է, որ ամուսինը Գարիկին համոզել է, թե ինքն «անբարոյական է»: Սակայն հույս ունի, որ մի օր որդին կիմանա ճշմարտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter