Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Դրամաշորթը բռնվեց «Ֆեյսբուք»-ում (վիդեո)



«Ընկերներ ջան, 5 տարեկան Էրիկին պետք է շատ շտապ ոսկրածուծի վիրահատություն կատարվի և նրան ԱՆՀՐԱԺԵՇՏ է մեր ԲՈԼՈՐԻՍ օգնությունը: Խնդրում եմ, եթե կարող եք գոնե ինչ-որ գումարով օգնել, գրեք ինձ: Ժամանակը ՇԱՏ սուղ է»:

Այս հայտարարությունը հայտնվեց «Ֆեյսբուք»-ում այս տարվա հուլիսին, երբ արդեն 5 ամիս անցել էր Էրիկ Սարգսյանի մահվանից:

Երեւի հիշում եք, որ դեռեւս մեկ տարի առաջ «Փրկենք» հասարական նախաձեռնությունը կրկին «Ֆեյսբուք»-ի միջոցով դրամահավաք էր իրականացնում 5-ամյա Էրիկ Սարգսյանի բուժման համար: Դրամահավաքի ընթացքում հավաքվել էր մոտ 4 մլն դրամ, որով Էրիկը բուժման փուլ անցավ Ստավրոպոլ քաղաքում: Սակայն 2011 թ-ի փետրվար ամսին փոքրիկը չդիմացավ բուժման ընթացքին եւ մահացավ:

Ուռուցքաբանության ինստիտուտի մանկական բաժնից պարզեցինք, որ այնտեղ այս պահին Էրիկ անունով որեւէ երեխա չի բուժվում: Դե, արդեն իսկ պարզ էր, որ մահացած երեխայի անունն օգտագործելով` ինչ-որ խելացիներ փորձել էին գումար շորթել մարդկանցից:

Այս հայտարարության ճշգրտությանն անգամ չկասկածելով` «Եղոյան փրոդաքշնի» ֆեյսբուքյան էջի պատասխանատու Զառա Խաչիկյանն այն տեղադրել էր իրենց էջում: Զառան նշեց, որ իրեն Էրիկի` ոսկրածուծի վիրահատության մասին ինֆորմացիան հայտնել է ոմն Արմինե: Արմինե Բաղդասարյանի հետ զրույցը ներկայացնում ենք վիդեո տարբերակով:

Նկարահանումից հետո Արմինեն հայտնեց, որ իրեն դրամաշորթության մեջ փորձել է ներքաշել Վարդան Նազարյան անունով մի տղա, ում նա փորձեց զանգահարել, սակայն վերջինս չպատասխանեց զանգերին: Արմինեն հեռախոսային հաղորդագրություն ուղարկեց իր հավաստմամբ Վարդանի հոր հեռախոսահամարին, թե գտել է պահանջվող 70 հազար դրամի մի մասը եւ ուզում է հանդիպել ու հանձնել նրան:

Երեկոյան Արմինեն զանգահարեց ինձ` հայտնելու, թե առավոտյան պետք է Վարդանի հետ հանդիպի եւ ես էլ կարող եմ ներկա գտնվել` համոզվելու, որ դրամաշորթության փորձը Վարդանն է իրականացրել: Սակայն առավոտյան կրկին զանգ ստացա Արմինեից. հայտնեց, թե Վարդանը չի եկել հանդիպման:

Մոտ մեկ շաբաթ մի քանի անգամ զանգահարելուց եւ չմիանալուց հետո այդպես էլ առեղծվածային դրամաշորթ Վարդանը չգտնվեց: Միակ փաստը, որ ես ունեի այն էր, ինչ պատմեց «Եղոյան փրոդաքշնի» (որի ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր մահացած երեխայի առողջության համար դրամահավաքի հայտարարությունը) պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը.

«Օրեր առաջ Դիլիջանում էինք, ծանոթացանք Արմինեի հետ, ով ասաց, թե մի երեխա կա, ում շտապ ոսկրածուծի վիրահատություն է անհրաժեշտ անել: Ասաց, որ վիրահատության համար հազարավոր դոլարներ արդեն հավաքել են, մնացել է 70 հազար դրամ: Ես էլ զարմացա, որ 70 հազար դրամի համար վիրահատությունը դադարեցրել են: Ասացի` ես կտամ այդ գումարը: Հետո տեսա, որ մոտս այդ պահին այդքան գումար չկա, ասացի` հասնենք քաղաք` կտամ: Երբ արդեն քաղաք եկանք, Զառան, որ ինքնակամ իմ փրոդաքշնի ֆեյսբուքյան էջն է կազմակերպում, ասաց` դու մի տուր, ավելի լավ է ֆեյսբուքում գրենք, հենց մեր ընկերներից յուրաքանչյուրն էլ մի փոքրիկ հատկացում անի, գումարը կհավաքվի: Ես էլ ասացի դե դիր հայտարարությունն, ինչ ասեմ... Ես չգիտեի էլ, որ այդ աղջիկը խաբել է ոչ միայն մեզ, այլ նաեւ թույլ կտա, որ այդ խաբեությունը մեր էջում տարածենք»,- պատմում է Խաչիկ Եղոյանը:

Արմինեի հետ հանդիպեցի երկրորդ անգամ. այս անգամ նա պնդում էր, թե իր եղբայրը, որ լավ կապեր ունի, «երկու օրում կգտնի էդ Վարդանին ու մի լավ կսխկեն», ինձ էլ կապացուցի, որ ինքը մեղավոր չէ: Ես արդեն իսկ սկել էի չհավատալ նրա խոսքերին, քանի որ ողջ շաբաթվա ընթացքում բազմաթիվ անգամներ նա արդեն ստել էր: Միայն մի դեպքում համաձայնեցի դեռեւս չհրապարակել նյութը, եթե նա այցելի ոստիկանություն եւ հաղորդագրություն տա Վարդան Նազարյանի դրամաշորթության վերաբերյալ:

Երկու օր անց, երբ Արմինեն պետք է այցելեր ոստիկանություն, զանգահարեց, ասաց, թե Վարդանին արդեն գտել են եւ դատելու են մեկ այլ հոդվածով. «Պապաս ասեց, որ դրան գտել են արդեն, անունն էլ ոչ թե Վարդան ա, այլ չգիտեմ ինչ: Ու ոչ թե Ամիրյանում ա ապրում, այլ Արտաշատում, հեռուստացույցով էլ ցույց են տվել: Ինչ-որ տաքսիստի ա թալանել»,- պատմում էր Արմինեն:

Երբ խոսեցի Արմինեի հոր հետ, նա տեղյակ էլ չէր Վարդան անունով հանցագործի մասին: Նա միայն ասաց, թե սխալմունք է եղել եւ խնդրում է «չխաղալ աղջկա ճակատագրի հետ» ու չգրել դրամաշորթության փորձի մասին: Անհասկանալի պատճառներով Արմինեի հայրը նշեց նաեւ, թե իրենց ընտանիքը ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանի բարեկամն է:   

Իսկ Հայրապետ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նույնիսկ Արմինեին չի ճանաչում. «Ես այդ աղջկան տեսնեմ էլ, չեմ ճանաչի: Սկզբում կարծեցի, թե ոչ մի բարեկամ էլ չէ, հետո, երբ տուն գնացի, երեխաներս հեռախոսի համարը տեսնելով` հիշեցրին` ով է: Պարզվում է` նա քրոջս մահացած ամուսնու քրոջ թոռն է: Ես զանգեցի նրա հորն ու ասացի` ինչ պետք էր: Հետո նա զանգում է քրոջս, թե ինչպես անենք, որ հոդվածը չտպվի: Քույրս էլ պատասխանում է, որ լավ կլիներ մի բան անելուց առաջ մտածեիք, իսկ հիմա մեր գործը չէ, թե ինչպես եք պատասխան տալու»,- նշեց  ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը:

Նա նաեւ ավելացրեց, որ անձամբ կողմ է այս տեսակ դրամաշորթների գործունեության դեմ պայքարելուն. «Քանի որ նրանք առիթ են դառնում, որ մարդիկ չվստահեն իսկական բարեգործներին եւ ՀԿ-ներին»,- ավելացրեց Հայրապետ Գալստյանը:

Արմինեն պնդում է, որ ոչ ոքից գումար հավաքել իրեն չի հաջողվել, բայց տեղեկացնում ենք բոլոր նրանց, ովքեր այս հայտարարության հիման վրա գումարներ են փոխանցել, կարող են դիմել ոստիկանություն, ինչպես նաեւ մեր խմբագրություն:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. KHACHIK YEGHOYAN11:34 - 6 օգոստոսի, 2011
es himarin Dilijanum hangstanaluc chanachecii u sksec lacakumac pox uzel arden ban cher mnacel vor grpanics 70 000 dram tai:))))heto aseci lav stex gumar indz mot vor chpakasi hasnenq Yerevan ktam...u Parq Astcun OV ka miliard tokos u misht im koxqin e exel ....es himarn brnvec....p.s. shat qich depqerum em es axjkan asum nuinisk himar baic sa amena nurb xosqna es mardkain takanqutyan hamar....
2. W. Wallace12:16 - 6 օգոստոսի, 2011
Քրեական գործ!!!
3. Armine01:30 - 10 օգոստոսի, 2011
amot , haj kochvelu iravunq chuni,urenq hasel,srbutjun chuni,el inchu e aprum.
4. Արմենակ20:58 - 6 ապրիլի, 2014
9 մեկնաբանութիւն կայ այս էջի վրայ, որոնց 6-ը լատինատառ է: Ո՜վ արևելահայեր, դուք ե՞րբ պիտի հայանաք, հայու պէս զգաք, հայու պէս մտածէք, հայու պէս գործէք, ե՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞րբ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ