HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Առողջ մարդուն մտցրու ՔԿՀ, հիվանդ դուրս կգա, հաստատ»

Հարցազրույց նախկին քաղբանտարկյալ, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի հետ, ով 2008-2011 թթ. անազատության մեջ է եղել «Երեւան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն» ՔԿՀ-ներում:

Դուք, լինելով քրեակատարողական հիմնարկներում, անընդհատ ահազանգում էիք, որ ոտնահարվում են դատապարտյալների իրավունքները: Ի՞նչ նկատի ունեիք:

սկիզբը

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողով կա: Յուրաքանչյուր ամսվա 25-31-ը դատապարտյալները ներկայացվում են հանձնաժողովին, որ այսինչ մարդը իր պատժաչափը կրել է հանգիստ, խաղաղ, գործող տույժ-տուգանք չունի: Յուրաքանչյուր դատապարտյալի մասին ամեն ամիս ռեփորթ կա քո անձնական քարտի մեջ՝ լավ, շատ լավ… Մտնում ես, 7-8 հոգի նստած են ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովից: Ու քեզ գովում են՝ էս տղան շատ լավն է, յուրաքանչյուր գործը անում է… միայն լավը, ու իրենց եզրակացության մեջ ասում են, որ այսինչ դատապարտյալը պատժի մնացած հատվածը կալանավայրում անցկացնելու կարիք չունի: «Պեչատ», ստորագրություն, այսինքն՝ քեզ առաջարկում են անկախ հանձնաժողովին, որը քեզ պետք է ազատի:

Դուրս ես գալիս, կես ժամ հետո մտնում ես, ասում են՝ մերժված ես: Չես հասկանում՝ ո՞վ մերժեց, ասում է՝ մենք: Բա դուք չէի՞ք էդ ամեն ինչը քիչ առաջ ներկայացնում իմ մասին: Ես ի՞նչ եմ արել, որ ինձ մերժում ես: Մերժման համար հիմք պետք է լինի, առանց հիմքի չկա պատճառաբանություն:

Մի հատ տղա կար, կուրանում էր արդեն, մնացել էր մի քանի ամիս, իրեն բաց չէին թողնում: Դատարան դիմեց էդ տղան, «Վարդաշեն» ՔԿՀ-ի ադմինիստրացիային դատարանը ստիպեց, որ էս տղային էդ բոլոր դրական գնահատականներով ներկայացնեն անկախ հանձնաժողովին, ու էդ մարդը հաղթեց դատը: Դատական նախադեպը կա, այսինքն: Ու հետաքրքիր է, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ն չբողոքարկեց: Տղան ազատվեց երեք օր հետո, դա բոլորի ուրախությունն էր:

Դրանից հետո մենք բոլոր դատապարտյալներով, բացի պարսիկներից, բողոքարկեցինք նախարարին՝ հույս ունենալով, որ Հրայր Թովմասյանը կիրթ է, գրել-կարդալ գիտի, էն բոլոր օրենքները, որ մենք ենք կարդում, ինքն էլ է կարդում, Սահմանադրությունից էր խոսում, ասում էր, որ դրա առաջ բոլորն են հավասար: Ես իրեն գոնե մի 18 հատ լրիվ պատճառաբանված, ադմինիստրացիայի անուն-ազգանուններով նշված բողոք եմ ուղարկել, ինքն ասեց՝ ես ծառայողական քննություն կբացեմ սրա հիման վրա: Եթե ծառայողական քննություն անցկացվի, ՔԿՀ-ում երեւի թե մեկ կամ երկու աշխատող կմնա: Նրանց տեղը հենց ՔԿՀ-ներն են:

Հրայր Թովմասյանի հետ երբ որ էդ դարակազմիկ հանդիպումը եղավ, ինքն ասեց՝ էդ գրքի մեջ ինչքան օրենք կա, բոլորից կօգտվեք, ես երաշխավորում եմ դա: Մյուս օրը մեզ մոտ ուղարկեց իր տեղակալին՝ էս հունվարին էր: Ասեց՝ Հացպանյան, հիմա կանչի էդ տղաներին, հավաքվեք, ինչքան խնդիր կա՝ դուք գրեք, մենք լուծում ենք, մեզ մի ամիս ժամանակ տվեք: Չորս ներկայացուցիչով ժողով արեցինք էդ տղայի՝ Նիկոլայ Առուստամյանի հետ: ՔԿՎ-ի երկու տեղակալների խայտառակ արեցի իր առջեւ: Մենք հույս ուենացանք, որ սրանք հարցերը կդզեն, այսինքն՝ ձայնը տեղ հասավ:

Բայց ի՞նչ տեղ հասավ: Էս անգամ սկսեցին վրեժխնդիր լինել՝ վարդաշենցիները հարց են բարձրացնում. սկսեցին տղաներին տույժեր տալ: Ինձ առանձնացրին իրանցից: Պատգամավորներ, դիտորդներ, իրավապաշտպաններ եկան, լուրջ աժիոտաժ եղավ, մենք դարձանք իրենց աչքի փուշը: Ի՞նչ անել. առաջինը սրանք են էս բունտը ստեղծել, եթե սրանց կոտրենք, մնացած տեղերում արդեն կվախենան: Իսկ մնացած տեղերում մարդիկ, լսելով, որ «Վարդաշենում» շարժում կա, իրանք եւս սկսեցին սենց հարցեր դնել:

Մարտի վերջին, ապրիլին սկսեցին մարդկանց բաց ռեժիմ հանել կիսաբացից ու փակից: Եթե ըստ քո հոդվածի՝ 1/3-ը, կեսը կամ 2/3-ը նստել ես, ու համարում են, որ քո՝ բաց ռեժիմում գտնվելը վտանգավոր չի, դուրս են բերում, ու դա նաեւ լավ է, որովհետեւ ընտանիքները քայքայվում են: Բաց ռեժիմ որ մարդուն հանում են, առավոտ 8-ին ինքը դուրս է գնում՝ ուր ուզի՝ տուն, աշխատանքի, երեկոյան 8-ին պիտի գա հետ, միայն քնելու համար է գալիս: Այսինքն՝ մարդը գնում աշխատում է, իր ընտանիքին է օգնում:

Երբ բունտային վիճակը արդեն շատ ուժեղ էր մեզ մոտ, ու բոլորս պիտի հացադուլ սկսեինք, միանգամից խումբ-խումբ սկսեցին բաց ռեժիմ անել: Ասում էինք՝ մեզ կուտ են տալիս, որ հանգստանանք: Նախարարությունից մարդիկ եկան. բա՝ հանգստացեք, ՔԿՎ-ից հանձնարարական է իջեցվել, բոլոր պայմանականները, բաց ռեժիմի մարդիկ դուրս կգան…

Պայմանական վաղաժամկետի ներկայացվողների ցուցակ է կազմվում օրենքով յուրաքանչյուր ամիս: Բայց ՔԿՎ-ի պետը կամ տեղակալը զանգում է յուրաքանչյուր ՔԿՀ-ի պետին, ասում է՝ էդ ցուցակիդ վրա էս 3 մարդու կողքը պլյուս դիր, ինձ պետերն են պատմել էդ մասին: Էդ պլյուսները նրանք են, որ պիտի անցնեն: Էդտեղ փողային հաշիվներ կան: Մարդը օրենքով իրեն հասանելիքը փողին մուննաթ կարողանում է լուծել եւ դուրս գալ:

Մարդիկ որ հանձնուք են ստանում, կան արգելված բաներ: Օրինակ՝ տոլմա չես կարող բերել, ձուկ չես կարող բերել, ձու չես կարող բերել, ելակ չես կարող բերել, ձմերուկ չես կարող բերել: Անհեթեթություն է: Ցուցակը կարդացել եմ, չեմ հասկացել՝ սա ինչու կարելի է, սա՝ ոչ: Ասում են՝ տենց են ասել: Նայում եմ՝ մարդը ձմերուկ է ուտում, բա ո՞նց է ուտում: Դա, ասում է, շեֆի հետ հարցերը լուծել է: Հիմա խաղողի շրջան է, բայց չեն թողնում:

5200 դատապարտյալ կա, յուրաքանչյուրի վրա օրական ծախսում են 3800 դրամ, ինչի համար ՔԿՎ-ն բյուջեից առանձին սնվում է: Ես նստած-ելածի կարգավիճակով ասում եմ, որ օրը 300-400 դրամ էլ չի ծախսվում: Էդ հացը որ դատապարտյալին տալիս են, լրիվ մեջը ջուր է, խոնավ: Ես իրան ասում եմ՝ ինչի՞ չես ուտում էդ հացը, որ մեզ բաժանում ես, ասում՝ էդ ուտելու հա՞ց է, որ ես ուտեմ: Հաշվապահությանը հարցրի, թե էդ 3800-ի մեջ ինչ է մտնում: Ասում է՝ Հացպանյան, գի՞ժ ես, ես տենց բան ոնց կանեմ, ինձ գործից կհանեն, ասի՝ տղա ջան, ես հեսա ամբողջ մամուլին կթափեմ ստեղ, դու կասես:

Ասի՝ ատամի պաստան ինչքան է, ասում է՝ 800 դրամ: Հիմա մտեք որեւէ սուպերմարկետ ու 800 դրամով ատամի պաստա գտեք: Դրանք որ տալիս են, Պարսկաստանից բերված «Նասիմ» են, ժամկետանց: Պարսիկ տղաներին ասում էի՝ ինչ է գրված, ասում են՝ ուժի մեջ է մինչեւ 92 թիվ: Էդ պաստաներն ու օճառները Կարմիր խաչին, դիտորդներին, ՔԿՎ-ի պետին եմ ուղարկել:

Ես չեմ տեսել մի հատ մեխ մեխի էդ ադմինիստրացիան, հոսանքի լար անցկացնի, ջրի խողովակները անհեթեթ վիճակի մեջ են: «Վարդաշենում» մենք մեր ուժերով ենք նասոսը ներս բերել, խողովակները հողի տակից անցկացրել, որ լողանալու ջուր ունենանք ձմեռը, նասոսը չսառի: Այսօր Հայաստանում յուրաքանչյուր դատապարտյալ միայն իր ընտանիքի, հարազատների հաշվին է ապրում, ոչ պետության: Առողջ մարդուն մտցրու ՔԿՀ, հիվանդ դուրս կգա, հաստատ: Էդտեղի ուտելիքները ուտելիք չեն, ջուրը՝ շատ վատ եւ այլն, եւ այլն:

Խնդիրը կոռուպցիոն է, տնտեսական է: Մարդը ասում է՝ սրանք իմ կլիենտներն են, ես սրանց հաշվին փող եմ աշխատում, իրենց ծնողներից, բարեկամներից, փաստաբաններից: Ասում է՝ հիմա օրենքները գործեն, սրանց դուրս կհանեն, մարդ չի մնա ներսում, բյուջեից տրվող միլիոններն էլ չեն լինի: Դրա համար ինչքան ուզում, ավելացնում են դատապարտյալների թիվը:

Դատապարտյալների դիմումները տեղ հասնու՞մ են:

Հիմա՝ հա, առաջ՝ չէ: Ում որ դատապարտյալները դիմել էին, զանգում էի ես, ասում էին՝ դիմում չենք ստացել: Հատուկ մասին ստիպել եմ, բերել են մատյանները, ստուգել ենք, պարզվել է, որ իրենք չեն ուղարկել: Հրայրին ասում եմ՝ 4 դիմում եմ քեզ ուղարկել, ինչու չես պատասխանել, ասում է՝ ոնց, ես քեզնից միայն մեկ դիմում եմ ստացել: Պետը խառնվեց իրար, կես ժամ հետո երեք դիմումը, որ իրենց մոտ էին, հանեցին տվին Հրայրին: Ու նախարարը դա տեսավ: Դրանից հետո էդ համակարգը սկսեց մի քիչ աշխատել:

Իսկ զանգահարե՞լը:

Դա միշտ խնդիր է: Գրաֆիկ կա կազմված: Քո օրը գնում ես տաքսաֆոնից զանգելու, ասում է՝ չի աշխատում, «ԱրմենՏել»-ից է: Բայց շատ լավ էլ աշխատում է, ուղղակի չեն թողնում: Մի ուրիշ մաֆիա է գործում. իրենք ասում են՝ եթե ուզում ես միջոցներից օգտվել, հաշիվներ կան մաքրելու: Ու տարբեր դատապարտյալներ, ուզեն թե չուզեն, մեծ ծախսերի հաշվին գնում են էդ քայլին: Ես բարձրացրել եմ դատապարտյալներին բջջային հեռախոս տրամադրելու հարցը: Օրենքով դա արգելված չէ: Մեկ է՝ ԿԳԲ-ն ամբողջը լսում է: Ամեն ՔԿՀ-ում երկու անդամ կա, օպերբաժին են ասում, իրենք յուրաքանչյուր շաբաթ լսումների ռեփորթ են տալիս:

Իրավապաշտպանների առջեւ նույնպե՞ս դնում են արգելքներ, ինչպես լրագրողների առաջ:

Այո: Տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ դիմել էին՝ ինձ հետ հանդիպոլու: Ասում էին՝ պետը հարմար չի համարում, կուզի՝ կթողնի, չի ուզի՝ չի թողնի: Իրենք միայն դիտորդների խմբին չեն կարողանում արգելել, դիտորդներին էլ դարդ ու ցավդ պատմում ես, ասում է՝ ես արդարադատության նախարարին զեկույցի մեջ գրում եմ: Այսինքն՝ մի հատ փակ շղթայի մեջ կարուսել, նստած պտտվում ես:

Բայց էս ամենը որ մինչեւ հիմա շարունակվում է, էդտեղ Հրայր Թովմասյանի մեղքը 90 տոկոս է: Չի կարող մարդը արդարադատության նախարար լինել՝ առանց իր մեջ արդարություն ունենալու: Հրայր Թովմասյանի մեջ եթե դույզն-ինչ արդարություն լիներ, էս դատապարտյալների հարցերը լուծելը կես ժամվա խնդիր է: Եվ այսօր մենք Հայաստանում 5200-ի փոխարեն կունենայինք 200 դատապարտյալ: Էդտեղ շատ քիչ մարդ կա, որ իրոք հանցագործ է:

Մեկնաբանություններ (3)

Dr. Aramais Mirzakhanian , Stockholm
(Հարգելի խմբագրություն, խնդրում եմ տեղադրել այս օրինակը, առաջին օրինակում կան համակարգչային վրիպումներ): Իմաստուն է ասված. Եթե արեգակի գոյությունն անգամ դիպչեր մարդկանց շահերին, ապա կժխտվեր նաև. արեգակի գոյությունը: Այս պայքարը արդարության և անարդարության պայքար է, դասակարգային պայքար, դասակարգային անտագոնիզմ, մերօրյա բազազ արտեմների և գիքորների անհաշտելի պայքար: Սարգիս Հացպանյանը ազնվորեն և քաջաբար նկարագրում է անկախ Հայաստանի բանտերի իրական ու փաստացի վիճակը, այն զնդանների, որոնց՝ իշխանությունները խուսափելով բառի քաղաքական իմաստից, անվանում են «քրեակատարողական հիմնարկներ»: Սարգիս Հացպանյանը առայժմս այն միակ քաղբանտարկյալն է, որը ցուցաբերում է մարդկային բարձր կեցվածք և ինտելեկտ և մտահոգված է երկրի բանտերում տառապող անարդարությունների զոհ իր հայրենակիցների մասին: Հացպանյանը թե՛ ազատության մեջ, արցախյան լեռներում, և թե՛ պարտադրված զնդանում, օգտակար է եղել իր ժողովրդին: Արդարության և անարդարության պայքարն անվերջանալի է: Հուսանք Հացպանյանի փաստացի բացահայտումները կշարունակվեն և կծառայեն արդարության ու ժողովրդավարության գործին:  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «երախտագիտություն» մեդալի շքանշանակիր  Ստոքհոլմի արքայական տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս Դոկտ. Արամայիս Միրզախանյան
MG
Վահագն. այն, որ շեֆերիդ ուզում ես քծնել, հասկանալի է: Ոչ ոք երբևէ չի հավատացել այն մեղադրանքներին, որ ներկայացվել են Հացպանյանին և ոչ ոք չի կասկածում այն ամենին, ինչի մասին ահազանգում է Հացպանյանը:
Վահագն
Ես որքան գիտեմ Հացպանյանը սուտ մատնության համար է դատապարտվել: Մենք, ինչու չէ նաև ոլորտի իրավասու պատկան մարմինները լավ գիտենք, հասկանում ենք ՔԿՀ-ի վիճակի մասին, բայց որ պարոն Հացպանյանը կարողանում է նախարարի մեղքի աստիճանը հաշվի ու տոկոսով վերածի 90 աստիճանի, պետք է մինչև հանցագործություն անելը պետք է ամեն ինչ հաշվեր: Կարծիք ունեմ, որ եթե կես ժամ տևողությամբ Հացպանյանին դնեն ՀՀ Արդարադատության նախարար, ապա հենց այդ կես ժամը բավարար կլինի, որպեսզի վերջինս լիովին փչացնի այն, ինչ սկսել է անել ներկայիս նախարարը: Ոլորտի ռեֆորմները ժամով չեն լուծվում: Գիտեմ հասկացող մարդիկ եք: Մտածեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter