HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ չեն ավելանում համայնքային բյուջեների մուտքերը

Երբ ծանոթանում ես ՀՀ Վերահսկիչ պալատի «ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման, ինչպես նաեւ համայնքային սեփականության կառավարման

եւ օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ» ընթացիկ հաշվետվությանը, բավականին տեսանելի է դառնում, թե ինչու են մեր երկրում ՏԻՄ ընտրությունների ժամանակ համայնքապետերի թեկնածուները կենաց ու մահու կռիվ մղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար: Երբ լրագրողներն են խախտումներ կամ թերություններ հայտնաբերում վերջիններիս աշխատանքում, ՏԻՄ ներկայացուցիչները դրանք ընդունում են սվիններով:

Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, բնականաբար, վերջիններս այդպես չէին կարող արձագանքել: Հետեւապես, օգտվելով առիթից` անդրադառնանք այդ հաշվետվությանը եւ փորձենք եզրահանգումներ կատարել: Վերահսկիչ պալատը 14.08.-26.09.2008 թթ. ժամանակահատվածում ուսումնասիրություն է կատարել Գեղարքունիքի մարզի 14 համայնքներում:

Դիտարկման արդյունքներով ընտրվել են Մարտունու, Սեւանի, Գավառի, Վարդենիսի քաղաքապետարանները եւ Սոթք, Ծովակ, Ներքին Գետաշեն, Սարուխան, Ծաղկունք, Լճաշեն, Զոլաքար, Արտանիշ, Նորատուս, Հայրավանք համայնքների գյուղապետարանները:

Վերահսկողությունն ընդգրկող ժամանակահատվածը ներառել է 2006, 2007 թվականները եւ 2008 թվականի առաջին կիսամյակը: ԶԼՄ-ները հիմնականում անդրադարձել են վերոհիշյալ հաշվետվության` համայնքային սեփականության կառավարման եւ օտագործման բնագավառում հայտնաբերված ակնառու խախտումներին` դրանով ակամա չկարեւորելով կամ ուշադրությունից դուրս թողնելով ՏԻՄ-երի գործունեության մյուս` ոչ պակաս ուշադրության արժանի հարցերը:

Սույն հոդվածի շրջանակներում կփորձենք ներկայացնել տեղական տուրքեր եւ վճարներ հաշվարկելու եւ գանձելու գործում վերոհիշյալ համայնքապետերի «եռանդուն» ջանքերը: Յուրաքանչյուր համայնքի ղեկավար, առիթը ներկայանալու դեպքում, ամեն մեկիս կարող է հավաստիացնել, թե որքան մտահոգված է սեփական համայնքի հարկային եւ ոչ հարկային եկամուտների հավաքագրմամբ, եւ որքան հարցեր կարող էին լուծվել, եթե հաջողվեր ավելի շատ գումար ունենալ բյուջեում: Սակայն, պարզվում է, որ հաճախ համայնքապետերը, խախտելով օրենսդրությունը, չեն նկատում այն հարկային եկամուտները, որոնք կան իրենց համայնքներում: Ինչու՞: «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` տեղական տուրքը կամ վճարը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատաuխանատվությունը դրվում է տեղական տուրք կամ վճար գանձող համապատաuխան մարմնի կամ պաշտոնատար անձանց վրա:

Նույն օրենքի 17-րդ հոդվածով` «Տեղական տուրքերը եւ վճարները հաշվարկելու եւ գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը»: Վերահսկիչ պալատի ստուգումներով վերոհիշյալ 14 համայնքներից 13-ում (բացառությամբ Արտանիշի) հայտնաբերվել եւ հաշվարկվել են համայնքների բյուջեներ չվճարված տեղական տուրք` 22977.9 հազ. դրամ: Ստուգման ընթացքում համայնքների բյուջե է վճարվել 718.0 հազ. դրամ: Ներկայացնենք առավել ակնառու խախտումները, որոնք ի հայտ են բերել շուրջ 23 մլն դրամի տեղական տուրքի «թերակատարում»:

Գավառի քաղաքապետի 10.09.2008 թ. թիվ 513 կարգադրությամբ ստեղծված համայնքի վարչական տարածքում տեղական տուրք վճարողների գույքագրման եւ հաշվառման հանձնաժողովի աշխատանքի արդյունքում պարզվել է`

- հաշվառված ոգելից խմիչք եւ ծխախոտ վաճառող կազմակերպություններից ստուգման պահին 34-ը չեն ունեցել վաճառքի թույլտվություն, դրանց եւ նախորդ տարիներին չվճարած կազմակերպությունների` համայնքի բյուջե վճարելիք գումարը կազմել է 1161.5 հազ. դրամ:

- Համայնքի տարածքում գործող թվով երկու մարդատար «տաքսի» ծառայություն իրականացնողներ, ունենալով 38 ավտոմեքենա, աշխատել են առանց թույլտվության, եւ համայնքի բյուջե չվճարված գումարը կազմել է 425.0 հազար դրամ:

- Համայնքի վարչական տարածքում հաշվառվել են գործող թվով 7 հեղուկ վառելիքի եւ հեղուկացված գազերի վաճառքի օբյեկտներ, որոնցից 6-ը չեն ունեցել վաճառքի թույլտվություն, համայնքի բյուջե վճարելիք գումարը նախորդ տարիների հետ միասին կազմել է 1150.0 հազ. դրամ:

- Համայնքի տարածքում գործող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ վաճառքի թվով 4 օբյեկտներից 3-ը չեն ունեցել թույլտվություն, եւ համայնքի բյուջե չվճարված գումարը, նախորդ տարվա ապառքների հետ միասին, կազմել է 250.0 հազ. դրամ:

- Համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի վահանակներից 13-ը չեն ունեցել թույլտվություն, դրանց եւ նախորդ տարիներին չվճարողների կողմից համայնքի բյուջե արտաքին գովազդից վճարելիք տեղական տուրքի գումարը կազմել է 1977.4 հազ. դրամ: Սեւանի քաղաքապետի 14.08.2008 թ. N178 կարգադրությամբ ստեղծված համայնքի վարչական տարածքում տեղական տուրք վճարողների գույքագրման եւ հաշվառման հանձնաժողովի աշխատանքի արդյունքում պարզվել է՝

- հաշվառված ոգելից խմիչքի եւ ծխախոտ վաճառող թվով 121 կազմակերպություններից ստուգման պահին 83-ը չեն ունեցել վաճառքի թույլտվություն, եւ համայնքի բյուջե վճարելիք գումարը կազմել է 847.0 հազ դրամ: Ստուգման ընթացքում 24 տնտեսավարողների կողմից համայնքի բյուջե է վճարվել 236.0 հազ. դրամ գումար:

- Համայնքի վարչական տարածքում գործող թվով 7 մարդատար «տաքսի» ծառայություն իրականացնողներ աշխատել են առանց թույլտվության, եւ համայնքի բյուջե վճարելիք գումարը կազմել է 280.0 հազ. դրամ: Ստուգման ընթացքում համայնքի բյուջե է վճարվել 132.0 հազ. դրամ:

- Թվով 3 վառելիքաքսայուղեր վաճառող օբյեկտներ չեն ունեցել վաճառքի թույլտվություն եւ համայնքի բյուջեին պարտք էին 800.0 հազ. դրամ:

- Համայնքի վարչական տարածքում տեղադրված թվով 13 գովազդային վահանակներից համայնքի բյուջե 2007-2008 թթ. չի վճարվել 390.8 հազ. դրամ: Վարդենիսի քաղաքապետարանը, խախտելով «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ եւ 16-րդ հոդվածների պահանջները, տեղական բյուջե չի գանձել տեղական տուրքի գումար 2006-2008 թթ. 1-ին կիսամյակի ընթացքում` 1968.2 հազ. դրամ: Նույն ժամանակահատվածի տարեկան հաշվետվություններով` տեղական տուրքերի մասով տեղական բյուջե պակաս է նախատեսվել եւ գանձվել 4569.7 հազ. դրամ:

Քաղաքապետի 20.08.2008 թ. թիվ 56 կարգադրությամբ` հանձնաժողովի կողմից Վարդենիս քաղաքում իրականացված տեղական տուրք վճարողների գույքագրմամբ արձանագրվել են չհաշվառված սուբյեկտներ (վառելիքաքսայուղեր, գովազդային վահանակ, օղի եւ ծխախոտ), որոնց չվճարված տեղական տուրքի գումարը գույքագրման պահին կազմել է 444.3 հազ. դրամ:

Ստուգման ընթացքում տեղական բյուջե է գանձվել 162.0 հազ. դրամ: 22.01.07թ. Վարդենիս համայնքի ավագանու որոշման 3-րդ կետով հաստատվել է «Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքները սկսելու թույլտվության համար 25.000 դրամ»: Խախտվել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը. վերը նշված աշխատանքների համար տեղական տուրք է սահմանվում մինչեւ 5000 դրամ:

Որոշման 6-րդ կետի ա) ենթակետով 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար հաստատվել է խաղատների կազմակերպման համար 50.000 դրամ: Խախտվել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ կետի դ) ենթակետի պահանջը. վերը նշվածի համար տեղական տուրքը սահմանվում է 500.000 գ 1.000.000 դրամ:

Որոշման 11-րդ կետով հաստատվել է «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առքուվաճառքի թույլտվության համար եռամսյակի համար 7500 դրամ: Խախտվել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5.1 կետի պահանջը, որով նախատեսված թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար 50.000 դրամ: 25.01.08թ.

Վարդենիս համայնքի ավագանու որոշման 5-րդ կետի ա) ենթակետով համայնքի տարածքում գազի եւ վառելիքաքսայուղերի բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար ընթացիկ տարվա համար հաստատվել է 50.000 դրամ: Խախտվել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ կետի ա) ենթակետի պահանջը, այն է` «Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի տեխնիկական հեղուկների հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է 150.000-20.0000 դրամ»: 2007-2008 թթ. ընթացքում համայնքի ավագանին տեղական վճարների դրույքաչափեր չի սահմանել: Մարտունի համայնքում 2008 թ. գործել է երկու գազալցակայան, սակայն տեղական տուրքերի տարեկան ճշտված պլանով նախատեսված եկամուտների մեջ այն չի նախատեսվել, ուստի գանձման չի առաջադրվել 300.000 դրամ:

«ԷԳԱ» եւ «Ծովն Ծիրանի» ՍՊԸ-ների հետ կնքված պայմանագրերով եւ արտաքին գովազդային վահանակների գույքագրմամբ պակաս տեղական տուրք է հաշվարկվել, եւ գանձման է առաջադրվել 419.000 դրամ: 2008 թ. Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործում է մեկ բենզալցակայան, սակայն տեղական տուրքերի տարեկան ճշտված պլանով նախատեսված եկամուտների մեջ այն չի նախատեսվել, եւ չի գանձվել 150.000 դրամ:

2008 թ. համար համայնքի տարածքում գազի եւ վառելիքաքսայուղային նյութերի վաճառքի թույլտվության համար ավագանին տարեկան սահմանել է տեղական տուրքի գումար` 50.000 դրամ, ավագանու որոշումով խախտվել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետի բ) ենթակետի պահանջը, այն է` հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 150.000-200.000 դրամ:

2007թ. Ծովակ համայնքի տարածքում գործել են մեկական բենզալցակայան եւ գազալցակայան, սակայն տեղական տուրքերի տարեկան ճշտված պլանով նախատեսված եկամուտների մեջ այն չի նախատեսվել եւ գանձման չի առաջադրվել 100.0 հազ.դրամ ընդհանուր գումարով, իսկ 2008 թ. տարեկան ճշտված պլանով նախատեսված եկամուտների մեջ չի նախատեսվել եւ չի գանձվել 300.0 հազ.դրամ: 2008 թ. Սարուխան համայնքի տարածքում գործել է մեկ բենզալցակայան, սակայն տեղական տուրքերի տարեկան ճշտված պլանով նախատեսված եկամուտների մեջ այն նախատեսվել է 50.000 դրամ, եւ չի գանձվել 100.000 դրամ:

Լճաշեն համայնքի բյուջե տեղական տուրք վճարող, ոգելից խմիչք եւ (կամ) ծխախոտ վաճառողների հաշվառումից պարզվել է, որ համայնքում կան 18 ոգելից խմիչք եւ (կամ) ծխախոտ վաճառողներ, որոնցից 11-ը չունեն վաճառքի թույլտվություն, եւ համայնքի բյուջե վճարելիք գումարը կազմում էր 114.000 դրամ: Ստուգման ընթացքում համայնքի բյուջե է վճարվել 38.000 դրամ:

Ծաղկունք համայնքի վարչական տարածքում գործող տեղական տուրք վճարողների հաշվառումից պարզվել է, որ համայնքում գործող ոգելից խմիչք եւ ծխախոտ վաճառող 4 տնտեսավարող օբյեկտներից եւ 2006 թ.-ից գործող մեկ բենզալցակայանից համայնքի բյուջե չվճարված գումարը կազմում է 218,6 հազ. դրամ:

Նորատուսի գյուղապետարանի գույքագրման հանձնաժողովի 2008 թ. արձանագրության համաձայն` համայնքի տարածքում գործում են ծխախոտի եւ ոգելից խմիչքի վաճառքի չգրանցված 4 եւ հեղուկ վառելիքի վաճառքի չգրանցված 2 օբյեկտ, որոնք չեն հաշվառվել, թույլտվություն չեն ստացել եւ չեն վճարել տեղական տուրք ծխախոտի եւ ոգելից խմիչքի վաճառքի մասով` 18.0 հազ. դրամ, հեղուկ վառելիքի վաճառքի մասով` 300.0 հազ. դրամ:

Միաժամանակ հարկ է նշել, որ 2008 թ. համար ավագանու հաստատմանն է ներկայացվել եւ հաստատվել վառելիքաքսայուղային նյութերի վաճառքի թույլտվության համար տուրքի չափ` 50.000 դրամ, որը պլանավորվել է 2008 թ. բյուջեում: Դրանով խախտվել է «Տեղական տուրքերի մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի` վառելիքաքսայուղային նյութերի վաճառքի թույլտվության համար տուրքի նվազագույն չափ է սահմանված 150.000 դրամը:

Զոլաքար համայնքի ավագանու 2006, 2007 եւ 2008թթ. 1-ին կիսամյակի որոշումներով սահմանվել են համայնքի տեղական տուրքերի տեսակները եւ դրույքաչափերը, որոնք չեն համապատասխանում «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ եւ 10-րդ հոդվածների պահանջներին:

Ոգելից խմիչքի եւ ծխախոտի վաճառքի տուրքերի դրույքաչափերը սահմանվել են` կախված շինության զբաղեցրած տարածքից, որի հետեւանքով նույն տեսակի տուրք վճարողների համար սահմանվել են տարբեր դրույքաչափեր: Համայնքի բյուջե տեղական տուրք վճարողների հաշվառումից պարզվել է, որ համայնքի տարածքում առկա է ոգելից խմիչք եւ ծխախոտ վաճառող թվով 12 օբյեկտ եւ մեկ բենզալցակայան:

Տնտեսվարողները չունեին վաճառքի թույլտվություն, եւ համայնքի բյուջե նրանց վճարելիք գումարը նախորդ տարիների ապառքների հետ միասին կազմել է 1276.5 հազար դրամ, որից 976.5 հազար դրամը` խմիչքի եւ ծխախոտի, իսկ 300.0 հազար դրամը` բենզինի վաճառքի համար: Ստուգման պահին համայնքի տարածքում գործող ոգելից խմիչքի եւ ծխախոտի վաճառքի համար որպես տեղական տուրքի գումար համայնքի բյուջե է վճարվել 150.0 հազ.դրամ:

Հայրավանք համայնքում 2006-2007 թթ. սահմանվել է տեղական տուրքի գումար, սակայն թույլտվություն չի տրվել եւ չի գանձվել 235.0 հազ. դրամ, 2008 թ. չի սահմանվել եւ չի գանձվել տեղական տուրք, սակայն համայնքի տարածքում գործում է հեղուկ վառելիքի վաճառքի գծով մեկ օբյեկտ, որից ենթակա է գանձման 150.0 հազ. դրամ:

Վերոհիշյալ խախտումները երկու հիմնական պատճառ ունեն` 1. ՏԻՄ ներկայացուցիչների` օրենսդրության պահանջների վատ իմացություն, 2. կոռուպցիոն շահեր, որոնք համայնքային բյուջեի մուտքերն ուղղում են դեպի գրպան:

Լուսինե Թոփլաղալցյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter