HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր համայնքապետը վեր է հանում հին խնդիրները եւ փորձում լուծել դրանք

02_02-s_karyan1Հաղպատ համայնքի նորընտիր համայնքապետ Սերգո Քառյանը վերջին 10 տարիներին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում մեզ հանդիպած, թերևս, առաջին գրագետ համայնքապետն էր: Ս. Քառյանից տեղեկացանք, որ իր` համայնքապետ ընտրվելուց առաջ Լոռու մարզային դատախազությունը բռնագանձել է համայնքապետարանի 2005-2008 թթ. հաշվապահական փաստաթղթերը, որոնք մինչ օրս չեն վերադարձվել: Այդ պատճառով էլ նորընտիր համայնքապետը չի կարողացել ծանոթանալ համայնքի ներքին ֆինանսական խնդիրներին: 

Փաստորեն, Հաղպատի արդեն նախկին գյուղապետ Ռուբեն Վարոսյանը (մականունը` «Ավարա Ռուբո») շարունակում է դեգերել դատախազության դռներով: Սերգո Քառյանը հայտնեց, որ  որոշել է իր աշխատանքը կազմակերպել գյուղացիների ցանկությունների  համաձայն և 2009 թ. համայնքի իր աշխատանքային ծրագրերի ելակետը հաղպատցիների` իրեն հայտնի պահանջներն են: «Պարզել ենք, որ նրանց ամենամեծ պահանջը գյուղի գազաֆիկացումն է: Գազի խողովակները 2-3 տարի առաջ հասել են գյուղ, բայց գյուղացիները չեն կարողանում օգտվել դրանից` սոցիալական ծանր վիճակի պատճառով: Մենք էլ այս խնդիրը լուծելու համար ավագանու որոշմամբ միջնորդագիր ենք գրել ՀՀ բնապահպանության նախարարությանը և խնդրել ՀՀ կառավարության կողմից համայնքի բյուջեին հատկացված բնապահպանական 9,7 մլն դրամ դրամաշնորհից 7մլն դրամն օգտագործել գյուղի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման համար: Համաձայնությունը ստացել ենք, և այս կարճ ժամանակում պատվիրել ենք գազաֆիկացման ներքին ցանցի նախագիծ, որն էլ արդեն պատրաստ է»,- ասում է Սերգո Քառյանը: Նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է 30 մլն դրամ, որը համայնքի բյուջեն չունի: Ըստ համայնքապետի` եթե չհաջողվի հավելյալ գումարներ գտնել, ապա ծրագիրը կիրականացնեն փուլ առ փուլ: Ս. Քառյանը  համոզված  է, որ գյուղի գազաֆիկացման խնդիրը լուծելով` լուծում է նաև բնապահպանական խնդիր. «Գյուղում 270 ընտանիք է ապրում, որը ձմռան ընթացքում բնակարանների տաքացման համար 4000 խմ փայտ է օգտագործում, վերջինիս գնման գումարային արժեքը կազմում է 32 մլն դրամ: Գազաֆիկացման խնդիրը լուծելով` կօգնենք գյուղացիներին և կփրկենք անտառը»: Գյուղապետն ասաց, որ գյուղի 30 փոքրիկների համար անհրաժեշտ է վերանորոգել մանկապարտեզի հին շենքը: Հաղպատը խորհրդային տարիներից մանկապարտեզի տիպային շենք  է ժառանգել, որը վերջին 6 տարիներին ավերակի է վերածվել, իսկ «գույքը  կերել է մուկը»: Սերգո Քառյանը հավաստիացրեց, որ մանկապարտեզի շենքի մասնակի վերանորոգման համար արդեն մեկ հովանավոր գտել է, բայց շարունակում է որոնել: Նորընտիր համայնքապետի գործելակերպի մասին փորձեցինք իմանալ գյուղացիների կարծիքը: Հաղպատի գյուղամիջում մշտապես նստած Վանիկ Աբելյանն ասաց. «Մեռած գեղ ա, դե գյուղապետը մի երկու օրում ինչ պտի անի, բայց հույս ունենք, հույս ունենք, որ լավ  կլի, որ կյանքն աշխուժանա, մարդկանց շարժ լինի: Դուրս ենք գալի` մի մարդ չկա, որ բարևես: Գյուղացիների ու գյուղապետարանի նորմալն էսպես ա, փաստորեն, ժողովրդի կարծիքը փոխվել ա, հայհոյանքը` մեր փայը պրծել ա, գնաց: Գյուղապետը լուսակետեր ա տեղադրել,  ջրի ցանց ա ուզում փոխի: Գարնանը լավը կլի, տրակտոր ա նախապատրաստել, որ վարուցանք անել տա: էսպիսի բաներ»: Հողը չմշակելը Վանիկ Աբելյանի ցավն է . «Մի 3 հազար մետր հող ունեմ, սեփականաշնորհված դաշտում էլ հող ունենք, հողս գեղի դզումն ա, էսա քանի տարի է խոպան վերընկած ա: Մի տարի փորձեցի, վարեցի: Ցանքերն արի և այլն, և այլն, երևի մի 70 հազար դրամի ծախս արի: Վերջումն էնքան ցորեն եղավ, որ շլակեցի ու գնացի տուն: Հիմա, եթե տրակտոր լինի, կցանեմ, մի քիչ էլ պարարտանյութ կտամ, կլի: Գյուղը հույսով ապրում ա»: Գյուղամիջում կանգնած մեկ այլ հաղպատցի՝ Սերյոժա Բեժանյանն էլ պատմում է, որ գյուղը զուրկ է տեխնիկայից, ինչի պատճառով էլ անցյալ տարի խոտհարքի 50%-ը չի հնձվել: «Ես լավ բանի չեմ սպասում, ես ուրիշ բանի եմ սպասում»,- կատակով ասաց.նա: Նրա կողքին կանգնած մեկ այլ ծերունի արձագանքեց. «Այտա’, նա Գաբրիել հրեշտակին ա սպասում», և երկու ծերունիները միասին քրքջացին: Գյուղամիջում հավաքվածները կարևորում էին գյուղի ոռոգման ջրի հարցը: Մի քանի տարի առաջ Ծաղկաշատի լեռնային աղբյուրներից Հաղպատ, Ակներ և Սանահին գյուղերի համար ոռոգման ջրագիծ էր քաշվել: Հաղպատցիները դժգոհեցին, որ ջրագիծը կառուցողների նպատակը ոչ թե գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելն էր, այլ սեփական ՀԷԿ-եր կառուցելը: «Ծաղկաշատի Ժիվանք հանդամասից բերված այդ ջուըը անցյալ տարիների ընթացքում ոչ ռիթմիկ է տրվել, քանի որ այդ ջրի մեծ մասը ՀԷԿ-երն են վերցնում, չնայած պայմանագրով նախատեսված է, որ ոռոգման ժամանակաշրջանում ջուըը պետք է լրիվ տրամադրվի գյուղերին, սակայն գուցե հենց արհեստական խոչընդոտներով ջուրը լրիվ չի մատակարարվում Հաղպատին: Մենք այս տարի հետևողական կլինենք»,- բացատրեց Սերգո Քառյանը: ՀԷԿ-երից մեկը գտնվում է գլխավոր մայրուղուց դեպի Հաղպատ թեքվող ճանապարհի աջ մասում, 200 մետրի վրա, իսկ մյուսը` Ծաղկաշատի Ժիվանքի բաղերի մոտ: Տարիներ առաջ   Հաղպատում բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել` ասելով, որ ՀԷԿ-երը գործում են գյուղի փոքր առվակի վրա: Բողոքողների թվում է եղել նաեւ ներկայիս համայնքապետ Սերգո Քառյանը: Նրա վերաբերմունքը չի փոխվել, այսօր էլ նույն կարծիքին է. «Հարցին պետք է շատ խիստ մոտենամ, ջուրը առաջին հերթին գյուղացիները պետք է օգտագործեն, հատկապես ոռոգման նպատակով, ջրի ավելանալու դեպքում այն կարող են օգտագործել ՀԷԿ-երը»,- ասում է համայնքապետը: Ում են պատկանում այդ ՀԷԿ-երը: Մի ժամանակ տարածաշրջանում մարդիկ խոսում էին, թե դրանք պատկանում են Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանին: Հաղպատի համայնքապետը հայտնեց, որ դեռ չի կարող պատասխանել, թե ովքեր են նրանք. «ՀԷԿ-երի տերերին ես էլ չգիտեմ, գիտեմ, որ պայմանագիր կա, ուղղակի պայմանագիրն ինձ էլ չի հասել, որովհետև բոլոր փաստաթղթերի հետ այն էլ է բռնագանձված դատախազության կողմից: Ես գիտեմ, որ պայմանագրով  ՀՀ կառավարությունը թույլ է տվել ՀէԿ-եր կառուցել այն պայմանով, որ ոռոգման ժամանակ ջուրն ամբողջությամբ օգտագործեն Հաղպատը, Ակները, Սանահինը, իսկ նոյեմբերից հետո, երբ ջրերը սառչում են, մասնակիորեն օգտագործեն այդ ՀԷԿ-երը: Հիմա, եթե Ակներն ու Սանահինը ոռոգման այս ջուրը առհասարակ չեն օգտագործել, Հաղպատն էլ մեկումեջ է օգտագործել, ուրեմն ինչ-որ մի բան էնպես չի»: Գյուղապետը հավաստիացրեց, որ երբ ՀԷԿ-երի պայմանագրերն իրեն տրվեն ու պարզվի, որ նրանց ետևում «ուժեղ» մարդիկ են կանգնած, մեկ է` տեր է կանգնելու Հաղպատի շահերին, քանի որ շահագրգռված է, որ գյուղացիները հողը մշակեն, իսկ հողը մշակելու առաջին նախապայմանը ջուրն է: Սերգո Քառյանը տեղեկացրեց, որ համայնքի 2009 թ. բյուջեն արդեն քննարկվել և հաստատվել է ավագանու նիստում: Բյուջեի մուտքերը կազմում են 21 մլն դրամ, որից ՀՀ կառավարության կողմից հատկացված դոտացիան 7մլն դրամ է, իսկ բնապահպանական  դրամաշնորհները` 9մլն դրամ: Հողի սեփական հարկային եկամուտները պլանավորվել են 4,4 մլն դրամ: Գյուղապետը նաև ասաց, որ Լոռու մարզային դատախազության կողմից նախկին գյուղապետ Ռուբեն Վարոսյանի յուրացումների մասին Հաղպատի համայնքապետարանին առայժմ ոչինչ չի տեղեկացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter