HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ժիրայր Սեֆիլյանին մերժել են կացության կարգավիճակ տրամադրել

03_12-j_sefilianԱյսօր մամլո ասուլիս էին հրավիրել նորաստեղծ «Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի` քաղաքացիական իրավունքների պաշտպանության կոմիտե»-ի անդամները: Կոմիտեի անդամ Արմեն Եղյանը, ով եղել է նաև Ժ. Սեֆիլյանի քաղաքացիական իրավունքների հարցերով ներկայացուցիչը, տեղեկացրեց, որ օրերս Սեֆիլյանին մերժել են հատուկ կացության կարգավիճակ տրամադրել, որով նա հնարավորություն կստանար օրինական կերպով ապրել Հայաստանում: Այժմ Ժ. Սեֆիլյանն ապրում է տուրիստի վիզայով, որի ժամկետը կավարտվի մարտի վերջին: Հիշեցնենք, որ արդեն երկու անգամ` 2003-ին և 2006-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և մեկ անգամ`2008 թ. Սերժ Սարգսյանը մերժել են քաղաքացիություն տրամադրել նրան: Ժ. Սեֆիլյանը դիմել էր նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով: Կոմիտեի անդամների խոսքերով` մինչ այժմ որևէ պատասխան նրանից չի եղել. «Սա Սեֆիլյան Ժիրայրի անձնական խնդիրը չէ, եկեք հարցին նայենք սփյուռքահայի աչքերով: ժ. Սեֆիլյանը Ղարաբաղի ազատագրմանը սփյուռքահայերի մասնակցության կենդանի ապացույցն է»,- շարունակեց Արմեն Եղյանը: «Ցանկացած մարդու վախով են ընդունում, դա խոսում է այն մասին, որ իշխանությունները խուճապի մեջ են»,- կարծում է կոմիտեի անդամ, Աժ պատգամավոր Զարուհի Փոտանջյանը: Կոմիտեի անդամները համոզված են, որ Ժ. Սեֆիլյանին կացության կարգավիճակ չտրամադրելու միակ պատճառը նրա` իշխանության տեսակետներից տարբերվող, այլընտրանքային հայացքներն են: «Լինելով հանրահայտ նշանավոր հրամանատար և դուրս գալով բանակից` նա մտավ ազգային- հասարակական դաշտ շատ պարզ կարգախոսով, որ պատերազմի ժամանակ ազատագրված տարածքները չի կարելի վերադարձնել»,- ասացին կոմիտեի անդամները: Կացության կարգավիճակ տրամադրելու դիմումը մերժելը որևէ կերպ այն չի հիմնավորել: «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն` կացության կարգավիճակ տալու դիմումը մերժվում է, եթե անձը ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավորված սպառնալիք է ներկայացնում: Զարուհի Փոստանջյանի խոսքերով` «Այդ հիմքերը նա չունի, նա որպես լիարժեք քաղաքացի է հանդես եկել, եղել է նվիրյալ անձ, ծառայություններ է մատուցել իր պետությանը»: Ի դեպ, ազգությամբ հայերը պարզեցված կարգով են ստանում կացության կարգավիճակ: «Սրանով իշխանությունները ցույց են տալիս, որ կապ չունի` կան իրավական հիմքեր, թե ոչ, ուզում են ասել, որ եթե մեզ դեմ ես, ինչ ուզենանք, այն էլ կանենք, բայց իշխանություններն ամենազոր չեն, եթե նրանք ամենազոր լինեին, վաղուց Սեֆիլյանին արտաքսել էին»,- կարծում է Արմեն Եղյանը: Ի դեպ, անցյալ տարի այն բանից հետո, երբ Սեֆիլյանը դուրս եկավ բանտից, իշխանությունները նրան արտաքսելու փորձ արեցին` հայց ներկայացնելով վարչական դատարան, սակայն, քանի որ օտարերկրացիների մասին օրենքը թույլ չի տալիս իր խնամակալության տակ 2 անչափահաս երեխա ունեցող անձին արտաքսել, դատարանից դիմումը ետ վերցրին: Արմեն Եղյանը կարծում է, որ եթե իշխանությունները հիմնավոր ապացույցներ ունենային, որ Ժիրայր Սեֆիլյանը իսկապես սպառնալիք է հանդիսանում, ապա, չկարողանալով արտաքսել, կդատեին նրան, իսկ եթե չեն դատում, դա նշանակում է, որ «նրանց մեղադրանքները բլեֆ են»: Զարուհի Փոստանջյանն ասում է, որ իրենք հույս ունեին, որ Սեֆիլյանին զրկելով ընտրելու և ընտրվելու իրավունքից` գոնե կացության իրավունք կտրամադրեին, և դրանով կապահովվեր գոնե նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը, սակայն նույնիսկ այս իրավունքը իշխանությունները հրաժարվեցին տրամադրել նրան: Չնայած «Օտարերկրացիների մասին» օրենքի 18.5 կետի համաձայն` նախագահի որոշումը վերջնական է ու բողոքարկման ենթական չէ, Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են դիմել վարչական դատարան և, անցնելով բոլոր դատական ատյանները, դիմել Սահմանադրական դատարան` բողոքարկելու նախագահի այդ որոշումը: «Նախագահի որոշումը իրավական ակտ է, իսկ ցանկացած իրավական ակտ չվիճարկելու հնարավորությունը հակասահմանադրական է»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Վերջում կոմիտեի անդամները տեղեկացրին, որ պատրաստվում են Ժ. Սեֆիլյանի քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար ստորագրահավաք սկսել և ներգրավել սփյուռքի ազդեցիկ դեմքերին, ովքեր կունենան լուրջ լծակներ այս իշխանությունների վրա: Կոմիտեի անդամ Աղավնի Սահակյանն անդրադարձավ մի քանի օր առաջ Շվեյցարիայում հայ համայանքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի արած կոչին. «Ասում է` գոնե տարին մեկ-երկու անգամ որ գաք Հայաստան, գիտե՞ք ինչ լավ կլինի, ի՞նչ է` սփյուռքը միայն փող մուրալու համա՞ր է, եկել է, ինչո՞ւ քաղաքացիություն չեք տալիս»: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը 1990 թ. որպես կամավորական Լիբանանից եկել է Հայաստան 23 տարեկան հասակում: 1992-94 թթ. Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը, ստացել է փոխգնդապետի կոչում, մարտական առաջին աստիճանի շքանշան, իսկ պատերազմից հետո ԼՂՀ պաշտպանության 6-րդ շրջանի հրամանատարն էր: 2001-ին հիմադրել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը և առ այսօր այդ կառույցը համակարգողն է: 2006 թ. Ժ. Սեֆիլյանին ձերբակալեցին սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար, բայց դատապարտեցին ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Ըստ կոմիտեի անդամների` այդ զենքը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից որպես պետական պարգև էր տրվել Սեֆիլյանին: Ըստ Արմեն Եղյանի` կեղծ մեղադրանքներ Ժ. ՍԵֆիլյանին առաջադրելով` Հայաստանի իշխանությունները հրահանգել էին ԼՂՀ իշխանություններին զենքի օրինականությունը հաստատող տեղեկանք չտալ նրան: Եվ Սեֆիլյանն, ի վերջո, պատիժ կրեց օրինական զենք ունենալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter