HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Հայկական միգրացիայի առանձնահատկությունները

«Մտածում էի` փախչենք Հայաստանից: Այստեղ նորմալ ապրելն անհնարին էր: Գնանք, մեկ այլ տեղ աշխատանք գտնենք, տուն-տեղ դնենք, միգուցե մի օր էլ վերադառնանք Հայաստան»,- սա Հայաստանից մեկնողների ամենահաճախ հանդիպող պատճառաբանություններից է:

Հայաստանից շարունակվում են միգրացիոն հոսքերը, չնայած վերջին տարիներին Հայաստանում մարդկանց կենսամակարդակը զգալիորեն բարելավվել է: Այդուհանդերձ, Հայաստանի սահմանային անցակետերի հավաքագրած տվյալներով` 2004 թ.-ից չնչին տարբերությամբ ավելի մեծ է վերադարձողների թիվը, քան մեկնողների: Դրական ցուցանիշներ արձանագրող զուտ քանակական տվյալներից որակական պատկեր ստանալու համար վերջերս ԵԱՀԿ հայկական գրասենյակի պատվերով «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» հ/կ-ն ծավալուն հետազոտություն է իրականացրել: anna-minasyan_biophoto1«Ուսումնասիրության նպատակը միգրացիոն քաղաքականության մշակմանը նպաստելն է, որ միգրացիոն քաղաքականություն մշակողները ունենան ոչ միայն քանակական, այլև որակական տվյալներ միգրացիոն հոսքերի պատճառների, խնդիրների, վախերի, հույսերի վերաբերյալ, որպեսզի մենք որպես ելքի երկիր հնարավորինս շատ օգուտ ստանանք միգրացիոն գործընթացներից»,- ասում է «Առաջադեմ սոցիալական տեխնոլգիաներ» հ/կ-ի նախագահ Աննա Մինասյանը` միաժամանակ ընգծելով, որ իրենք հետազոտությունում շեշտն ավելի շատ դրել են վերադարձի հետ կապված խնդիրների ու դրդապատճառների բացահայտման վրա: Հետազոտությունը վերաբերում է 2002 թ. հունվարից մինչեւ 2007 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում միգրացիոն գործընթացներին: Հետազոտությունը հիմնված է 2001 թ. մարդահամարի տվյալների վրա, որի համաձայն` Հայաստանում ապրում է 2.367.105 մարդ: Տվյալները հավաքագրվել են 2008 թ. մարտին Երևանի, 21 մարզային քաղաքների և 43 գյուղական բնակավայրերի 2500 տնային տնտեսություններում պատահականորեն ընտրված համամասն հավանականությամբ: Ընդհանուր առմամբ հավաքվել են տեղեկություններ 8561 անձի մասին: Հարցազրույցն անցկացվել է տնային տնտեսության ղեկավարի հետ, ով տեղեկություններ է տվել տնտեսության չափահաս 16 անդամների մասին: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ արտաքին միգրացիոն գործընթացներին մասնակցող մարդկանց թիվը կազմել է 230 000 (±15 000), ընդ որում` նրանցից մոտ 85 հազարն արդեն 2002 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ չեն եղել Հայաստանում: Միգրանտներից յուրաքանչյուրը միջինը 2 անգամ մեկնել է և վերադարձել, այսինքն` գրանցվել է միգրացիոն շարժերի միջինը 460 հազար դեպք: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2002-2007 թթ. Հայաստանի միգրանտների 94 %-ը (163-189 հազար մարդ) աշխատելու նպատակով է մեկնել, 3%-ը (25-37 հազար մարդ) մեկնել է մշտական բնակություն հաստատելու համար, 2 %-ը` (3000-7000) սովորելու, եւս 2 %-ը` այլ նպատակներով: Մինչև 2002 թ. մեկնածների մեջ 34% են կազմել մշտական բնակության համար մեկնողները: Այսպիսով, Հայաստանի 778.666 տնային տնտեսութունների 20 տոկոսը մասնակցություն է ունեցել աշխատանքային միգրացիայի գործընթացին, ընդ որում` գերակշռող մեծամասնություն են կազմել այն ընտանիքները, որտեղից արտագնա աշխատանքի է մեկնել ընտանիքից միայն մեկ հոգի: Դրանով աշխատանքային միգրացիան վերածվել է «ընտանիքի հայրերի արտերկիր մեկնելու գործընթացի»: Հատկապես` եթե հաշվի առնենք, որ Հայաստանից մեկնողների մոտ 80 %-ը կազմում են 29-54 տարեկան միգրանտները, և աշխատանքային միգրանտների 90 %-ը տղամարդիկ են: Դրա արդյուքնում, չնայած 2001 թ. մարդահամարի տվյալներով տղամարդկանց թիվը կազմել է 47 տոկոս, այդ թիվը այս տարիներին նվազել է մինչև 42-44 %: Կանայք գերակշռում են ուսանող միգրատների թվում: Միգրանտներից արտագնա աշխատանքի մեկնողների 94 %-ը և մշտական բնակության նպատակով մեկնողների 71 %-ը հաստատվել են Ռուսաստանի Դաշնությունում: Զրոյական տոկոս է կազմել ԱՄՆ, Եվրոպա, ԱՊՀ երկրներ (բացի Ուկրաինայից` 2 %) արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Մշտական բնակության մեկնողների 9,1 %-ը մեկնել է Ուկրաինա, 8.1 %-ը` Եվրոպա, մոտ 6 %-ը` ԱՊՀ այլ երկրներ, մնացածը՝ ԱՄՆ: Ուսանող-միգրանտների կեսից քիչ ավելի մասն է մեկնել Ռուսաստան, 26 %-ը Եվրոպական միության երկրներ է գնացել: Աշխատանքային միգրացիայի գերակշիռ հոսքը եղել է Երևանից` 23 %, իսկ մնացածը` մարզերից, ընդ որում` Հայաստանի գյուղական բնակավայրերից մեկնածների թիվը 44 % է: Ամեն հաջորդ անգամ մեկնելիս միգրանտի աշխատավարձը բարձրացել է Աշխատանքային միգրացիայի տեմպի ամենաբաձր ցուցանիշները գրանցվել են Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում և Տավուշում, իսկ ուսանողական միգրացիան առավելապես Երևանի և Կոտայքի մարզերից է: Ընդհանուր միգրացիոն ցուցանիշներով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է: Կոնկրետ վերադարձի մասին լայն պատկերացում կազմելու նպատակով հարցազրույցներ են անցկացվել 106 անձանց հետ, ովքեր ներկայացնում են 3 տարբեր խմբեր. -մարդիկ, ովքեր Հայաստանից մեկնել են` նպատակ ունենալով բնակություն հաստատել արտերկրում, բայց ինչ-ինչ պատճառներով վերադարձել են Հայաստան 2002-2007 թթ. ընթացքում, -աշխատանքային միգրանտներ, որոնք 3 և ավելի տարիներ անընդհատ մեկնել են Հայաստանից, բայց 2002-2007 թթ. այլևս որոշել են չմեկնել Հայաստանից, -ուսանող-միգրանտներ, որոնք 2002-2007 թթ. ընթացքում վերադարձել են Հայաստան: Միգրատների ճնշող մեծամասնությունը վերադարձել է Հայաստան առնվազն մեկ անգամ: Սա ևս ցույց է տալիս, որ քիչ քանակությամբ միգրանտներ են նպատակ ունեցել մշտական բնակություն հաստատել արտասահմանում: Յուրաքանչյուր չորրորդ միգրանտը կարող է տեղավորվել մշտական վերադարձողների շարքում: Այս ամենաբարձր ցուցանիշը եղել է Կոտայքում, իսկ ամենացածրը` Լոռիում: Մինչև վերադառնալը ամեն միգրանտ արտերկրում մնացել է առնվազն 10 ամիս, և ամեն հաջորդ անգամ այդ ժամկետը նվազել է: «Երբ մենք խոսում ենք վերադարձի մասին, խոսքը հիմնականում ժամանակավոր վերադարձի մասին է: Վերադարձի ընդհանուր ցուցանիշը 75 % է, որոնցից միայն 24 %-ն է, որ եկել է, էլ չի ուզում գնալ, 50 %-ը մարդիկ են, որոնք գնում-վերադառնում են, իսկ մնացած 25 %-ը մարդիկ են, որոնք չեն ուզում գան կամ դեռևս չեն եկել: Այսպիսով, մենք հաղթահարել ենք այն երևույթը, որ ունեինք 90-ականներին, երբ հազարավոր մարդիկ լքում էին Հայաստանը ընտանիքներով և ապաստան փնտրում դրսում` փախչելով Հայաստանի իրականությունից»,- ասում է Աննա Մինասյանը: Աշխատանքային միգրանտները ամենաշատը վերադարձել են Ռուսաստանից, որը պայմանավորված է տրասնպորտի ցածր գների և երկիր առանց վիզայի մուտք գործելու հնարավորությունների հետ: Բայց մշտական բնակության համար Ռուսաստան մեկնածների մեջ վերադարձողները հարաբերականորեն փոքր թիվ են կազմում: «Իրականում 2002 թ.-ից մենք գործ ունենք ժամանակավոր, սեզոնային աշխատանքային միգրացիայի հետ, երբ հայրը մարտին գնում է Ռուսաստան, փող է աշխատում, աշնան վերջին վերադառնում է»,- ասում է Աննա Մինասյանը: Արտագնա աշխատանքով հայ միգրանտները ամսական միջինը 660 դոլար են վաստակել, այն դեպքում, երբ Հայաստանում զբաղված բնակիչը վաստակել է միջինը 66 հազար դրամ: Հմուտ մասնագետները վաստակել են միջինը մոտ 737 դոլար, Հայաստանում այդ տարբերությունը 57-71 հազար դրամ է: Աշխատանքային միգրատների կեսից ավելին ստացել է 500-999 դոլար աշխատավարձ: Հետազոտությունը փաստում է, որ ամեն հաջորդ անգամ մեկնելիս միգրանտի աշխատավարձը բարձրացել է: Ովքեր են մեկնում Հայաստանից Հայաստանից մեկնածների մեջ առաջին տեղերում են տնտեսագետները, բժիշկները, մանկավարժները և հասարակական գիտությունների ներկայացուցիչները, որոնք կազմում են Հայաստանի հմուտ աշխատուժի 52 %-ը: Հայաստանի աշխատաշուկան ի վիճակի չէ կլանել նման թվով մասնագետների, դրսի աշխատաշուկան այդ թվով հայ մասնագետների կարիք չունի, դրա համար էլ նրանց մեծ մասը Հայաստանում զբաղվում է ոչ մասնագիտական աշխատանքով: Մասնավորապես, միգրանտների 70 %-ը զբաղվում է շինարարությամբ, 10 %-ը` առևտրով, 6 %-ը` ծառայությունների ոլորտում, այսինքն` բացի շինարարներից, ճարտարապետներից և տրանսպորտի ոլորտում աշխատողներից, քչերն են իրենց մասնագիտության համապատասխան աշխատանք գտել: ovsanna«Արտագնա աշխատանքի մեկնելու դեպքում ֆինանսականից բացի շատ մեծ նշանակություն ունի նաև հոգեբանական գործոնը, քանի որ այստեղ մարդիկ այդքան պատրաստ չեն իրենց ընկերների և հարազատների աչքի առաջ անել աշխատանք, որի համար նրանք տարիներով չեն պատրաստվել, այսինքն` ավարտելով համալսարանը` աշխատել շինարարության բանվոր: Կարծում եմ, որ եթե այս հոգեբանական պահը չլիներ, միգուցե մարդկանց մի մասը ուշադրություն չդարձներ նրա վրա, որ կարող է այնտեղ 100 դոլար ավել վաստակել»,- կարծում է ԵԱՀԿ հայկական գրասենյակի ժողովրդավարության զարգացման ազգային պատասխանատու Օվսաննա Բաբայանը: Հետազոտության հեղինակներն այլ մտահոգություն էլ ունեն. «Այն, որ Հայաստանում տարբեր ոլորտների համար պատրաստված մասնագետների մեծամասնությունը մեկնելով արտագնա աշխատանքի` զբաղվում է հիմնականում շինարարությամբ, դրանով սահմանափակվում է Հայաստան մտնող հմտությունների և գիտելիքների շրջանակը»: Նրանք եկել են եզրակացության, որ, այնուամենայնիվ, միգրացիան պայմանավորված չէ միայն ներպետական շուկայում որոշակի մասնագիտական խմբերի մրցունակությամբ, քանի որ մեծ է նաև շինարարության, ճարտարապետության, ինժեներների, տանսպորտի ոլորտի մասնագետների հոսքը, չնայած վերջին տարիներին նման մասնագետների նկատմամբ կա ներքին պահանջարկ: Սակայն նրանց գրավում է աշխատանքի ավելի բարվոք պայմաններում աշխատելու հնարավորությունը: Բացի այդ, նրանք, ովքեր որոշել են մշտական բնակություն հաստատել արտասահմանում, ավելի երիտասարդ են, քան նրանք, ովքեր որոշել են մշտական վերադառնալ Հայաստան: Սակայն մասնագիտական կրթություն ունեցող անձանց մասնաբաժինը նույնն է մշտական բնակություն հաստատած, ժամանակավոր և մշտական վերադարձողների մոտ, հետևաբար կրթությունը որևէ դեր չի խաղում վերադառնալու որոշման վրա: Պետք է արձանագրել, որ արտասահմանում աշխատած մեր համաքաղաքացիները Հայաստանում ավելի մեծ հնարավորություն ունեն աշխատաշուկայում, քան ոչ միգրանտները: Տնտեսական ակտիվությունը և զբաղվածության մակարդակը հատկապես ավելի բարձր է մշտապես վերադարձողների մոտ: Միգրացիոն գործընթացներին չմասնակցած քաղաքացիների զբաղվածության ցուցանիշը 43 % է: Մշտապես վերադարձողների 60 %-ը և ժամանակավոր վերադարձողների 32 %-ը 2008 թ. սկզբի դրությամբ ունեցել են աշխատանք: Դա նշանակում է, որ եթե ժամանակավոր միգրանտները աշխատանք գտնեն Հայաստանում, ապա չեն արտագաղթի: Բացի այդ` վերադարձողների աշխատավարձը տեղացիների աշխատավարձից բարձր է 10 %-ով: Չնայած Հայաստանից մեկնած ոչ բոլոր միգրանտներն են աշխատանք գտնելու նպատակով մեկնել, բայց 90 %-ի դեպքում դա հաջողվել է: Աննա Մինասյանի խոսքերով` իրենց անցկացրած հարցազրույցները ցույց են տալիս, որ Հայաստանից մեկնողների մեծամասնությունը շատ հստակ պատկերացրել է, թե ուր է գնում, ինչ պայմաններում է ապրելու, ինչ պայմաններում է աշխատելու և պատրաստ է եղել ունենալ շատ վատ կենսապայմաններ, որովհետև հիմնականում նպատակը եղել է գումար վաստակելը և ոչ այնտեղ հրաշալի ապրելակերպի պայմաններ ստեղծելը: Հայաստանից մեկնած միգրանտները, որոնց մեջ ճնշող մեծամասնություն են կազմում Ռուսաստան աշխատելու մեկնածները, այնտեղ հիմնականում բախվել են այնպիսի հիմնախնդիրների հետ, ինչպիսիք են կեցության անօրինական կարգավիճակը, որը սահմանափակել է տեղաշարժի ու գործունեության հնարավորությունները, տեղացիների անբարյացակամ վերաբերմունքը հայ միգրանտների նկատմամբ, աշխատանք գտնելու դժվարությունները, բարքերին չհարմարվելը: Հիմնականում միգրանտներին հաջողվել է, ի վերջո, ձեռք բերել օրինական կեցության իրավունք, բայց ոչ օրինական ճանապարհներով` պաշտոնյաներին կաշառելով: Վերադարձողների դեպքում պատկերն այլ է. «Վերադարձողների կեսից ավելին եկել են վարդագույն ակնոցներով, երկար ժամանակ անցկացնելով դրսում և ունենալով սահմանափակ տեղեկատվություն, երբ նրանք նայում են Հանրային հեռուստաընկերությունը և տեսնում, որ մարդկանց կենսապայմաններում մեծ բարեփոխումներ են եղել, մարդիկ աշխատում են, ակտիվություն կա, շարժ կա, վերադառնում են, սակայն այստեղ բախվում են բազում խնդիրների հետ, որ իրականում դժվար է գործ գտնելը, իրականում աշխատավարձը ցածր է: Իհարկե, մեծ փոփոխություններ են եղել Հայաստանում, բայց կարևոր է, որ մարդիկ գան գիտակցված, քանի որ եթե մարդը գալիս է և հիասթափվում է, երկրորդ անգամ նրան ետ բերելն անհնար կլինի»,- ասում է Ա. Մինասյանը: Հետազոտության հիմնական եզրակացությունն այն է, որ բացի ֆինանսական ներհոսքից, որը կրկին շատ կարևոր է աղքատութունը զգալի չափով կրճատելու առումով, միգրացիան զարգացման տեսանկյունից ոչ մի օգուտ չի տալիս Հայաստանին: «Միգրացիան մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքն է, ուղղակի անխուսափելի նորմալ երևույթ, որը այսօր պետության զարգացման հետ մեծ առնչություններ ունի, դրա համար էլ պետությունը պետք է ունենա տեսլական`օրինական միգրացիայի շահավետ դրսևորումները հնարավորինս օժանդակելու և անօրինական, անկանոն միգրացիան կանխարգելելու համար»,- կարծում է ԵԱՀԿ հայկական գրասենյակի ժողովրդավարության զարգացման ազգային պատասխանատու Օվսաննա Բաբայանը: Սակայն, ըստ նրա, միգրացիոն ոլորտն այսօր Հայաստանում չի կանոնակարգվում, և միգրացիոն հոսքերը տեղի են ունենում քաոտիկ կերպով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter