HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«15 մլն դրամ գումար են ծախսել, տրուբեն կա` ջուրը չկա»,- ասում է Ճոճկանի նորընտիր համայնքապետը

jojkanairum2-063Լոռու մարզի Ճոճկան գյուղի նորընտիր համայնքապետ Սամվել Գիգոլյանը փետրվարի 5-ին` մեր այցելության պահին, խիստ անհանգիստ էր ընդամենը երկու ամիս առաջ Ճոճկանի նախկին համայնքապետ Վարուժան Թամազյանից ընդունած համայնքապետարանի փաստաթղթերի համար: «2006 թ.-ին Լալվարից Ճոճկան ջուր են քաշել, 15 մլն դրամ էլ գումար են ծախսել, տրուբեն կա` ջուրը չկա: Նայել եմ ջրագծին, կիսատ-պռատ է: Գյուղի վերևն ա, թե այդ 15 մլն դրամն ում միջոցներից է հատկացված, ով է կառուցել, ոչ մի փաստաթուղթ չկա:

Համայնքապետարանի հիմնական միջոցների գրքում ընդամենը գրված է` Լալվար-Ճոճկան խմելու ջրի ջրատար` 15 մլն դրամ»,- բացատրեց համայնքապետը: Թե Վ. Թամազյանից փաստաթղթերն ընդունելու ժամանակ ինչու չի պահանջել ջրագծի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, Սամվել Գիգոլյանը պատասխանեց. «Բալանսում ինչ կա, Ես այն ընդունել եմ, ջրագծի համար էլ ոչ մի պատասխան չեմ կարող տալ: Ինչ պատասխան տեմ տալ, ջրագծի միակ փաստաթուղթն այս մի տողն է»: Սամվել Գիգոլյանն այն համոզմանն էր, որ Լալվարից Ճոճկան ջուր բերելու համար 15 մլն-ը փոքր գումար է, և գտնում էր, որ ջրագծի գործում ինչ-որ բան այն չէ, իսկ գյուղում ամենահրատապը խմելու ջրի խնդիրն է: Ջրատարի մասին մեր հարցին նախկին համայնքապետ Վարուժան Թամազյանը պատասխանեց. «Շատ լավ էլ ջուրը գնում է, ջրատարը կառուցվել է ՀՀ կառավարության միջոցներով, Լոռու մարզպետարանի կողմից, գյուղի գլխին հսկա ցիստեռն եմ սարքել, ջուրը լցվում է այնտեղ, երկու տարի ջուըը գյուղ է եկել, տրուբեքը քանդած տեղեր ունի, թող գնան սարքեն` էլի կգա»: Համայնքապետի պաշտոնավարման շուրջ 12 տարիների ընթացքում սա Վարուժան Թամազյանի կողմից Լալվարից Ճոճկան կառուցված երկրորդ չկայացած ջրագիծն է: Ճոճկանցիները դեռ չեն մոռացել 1999 թ. Շահագործված «Լալվար – Ճոճկան» ոռոգման ջրատարը, որի բացման ժապավենը կտրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Հորդառատ անձրևներին այս ջրատարում ջուր է եղել, ամռան տապ եղանակներին`ոչ, դրա արդյունքում էլ գյուղի 1000 հա այգիները չորացել են»,- գյուղ մտնող ամեն անծանոթի բացատրում են ճոճկանցիները: «Օբյեկտներ ունենք` մեր գրքերում չկան, սեփականատեր էլ չկա, օրինակ` բաղնիքի շենք ունենք, սառնարան ունենք, ո'չ տերը կա, ո'չ էլ մեր հաշվեկշռում է: Գյուղի բժշկական ամբուլատորիան գրանցված չէ ո'չ համայնքապետարանի, ո'չ էլ` Ալավերդու առողջապահական կենտրոնի հաշվեկշռում»,- ասում է նոր համայնքապետ Սամվել Գիգոլյանը:

Բժշկական ամբուլատորիայի ընտանեկան բուժքույր Սաթենիկ Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ես այս շենքում նստած եմ ահուդողով: Թվում է` էսա-էսա շենքի պանելը իմ գլխին կընկնի, որովհետև ճիշտ չի սարքված, ցեմենտ չկա, լրիվ հող ա: Ամբուլատորիայում ջուր չունենք, ես ինչքան կարամ շշով գնամ ջուր բերեմ: Շենքը սարքելուց մեկ շաբաթ հետո պարկետները լրիվ օդում են եղել»: Ամբուլատորիայի տնօրեն, բժշկուհի Նաիրա Գրիգորյանն էլ հայտնեց իր կարծիքը. «Ամբուլատորիան կառուցված է 2000 թ.-ին, դեռ հանձնված չէ, դրա վերանորոգումն ընթացքի մեջ է»:

Ամբուլատորիան կառուցած շինարարի կամ ընկերության մասին համայնքապետարանում տեղյակ չէին: «Ամբուլատորիան Լոռու մարզպետարանն է կառուցել, ՀՀ առողջապահության նախարարության ծրագրով: Շինարարի անունը չեմ կարող հիշել, թող գնան մարզպետարանի առողջապահության վարչությունում հարցնեն: Ես շենքը չեմ ընդունել թերությունների համար, թերությունները վերացնելու համար մի 800 հազար դրամ են հատկացրել, գումարը քանի որ քիչ էր, ոչ մի շինարար էլ չուզեց թերությունները վերացնել, էդպես էլ մնաց»,- ասում է նախկին համայնքապետ Վարուժան Թամազյանը: Սամվել Գիգոլյանը Ճոճկանի վիճակը շատ ծանր գնահատեց:

«Էսօրվա վիճակում գյուղի մանկապարտեզը չի աշխատում, շենքը վթարային վիճակում է, մշակույթի տունը և երաժշտական դպրոցը չեն գործում, այգիները չեն մշակվում, խորհրդային տարիների 1000 հա դեղձի ու խաղողի այգիներից մնացել է 10 հա այգի: Վարելահողերի 40 տոկոսը չի մշակվում գյուղացիների կողմից, անմխիթար վիճակում են գյուղամիջյան ճանապարհները: Ճոճկանից երիտասարդությունը` տարեկան մի 200 հոգի, դուրս են գալիս, գնում են Ռուսաստան կամ Երևան` աշխատելու: Ժողովուրդը հուսահատված է»,- ասում է Սամվել Գիգոլյանը:

Տարիների ավանդույթով ճոճկանցիները երբեք տեղյակ չեն եղել համայնքի բյուջեին: Հայտնին մեկն է եղել` Վարուժան Թամազյանն անվերապահորեն, ի սկզբանե արգելել է սեփական վարելահողերը մշակել այն գյուղացիներին, ովքեր չեն կարողացել վճարել հարկերը:

Նոր համայնքապետը համաձայն չէր այս մոտեցմանը. «Գյուղացին պետք է հողը մշակի, որ կարողանա հարկ տա, որ չմշակի, որտեղից կտա: Ամեն ինչ անելու ենք, որ ճոճկանցին իր հողը մշակի»: Այդուհանդերձ, Ճոճկան համայնքի 2008 թ. բյուջեի եկամուտները պլանավորվել են 30,3 մլն դրամ, որից տարեվերջի մուտքերը կազմել են 22,7մլն դրամ, վերջինիս 12,6 մլն դրամը կազմել է դոտացիան: Համայնքապետարանը թերացել է սեփական հարկային եկամուտների հավաքագրման գործում, հողի հարկի նախատեսված 6 մլն դրամ եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 3,5մլն դրամ, վարձակալությամբ տրված հողերի նախատեսված 3,6 մլն դրամ վարձավճարների փաստացի հավաքագրումը կազմել է 1մլն դրամ:

Առավել զավեշտական է բյուջեի ծախսային մասը: Վ. Թամազյանը բյուջեի 23,5մլն դրամ փաստացի մուտքերից 17,5մլն դրամը ծախսել է Ճոճկանի համայնքապետարանի աշխատակազմի պահպանման համար, իսկ 3,9մլն դրամի մասով ավագանու որոշում է կայացրել համայնքապետի համար ծառայողական նոր ավտոմեքենա գնելու մասին, որն էլ իրականացրել է նոր համայնքապետը:

Սամվել Գիգոլյանը դեկտեմբերի 12-ին համայնքի անդամների ժողով է հրավիրել, որտեղ գյուղացիների հետ քննարկել է սեփական հարկային եկամուտների գանձման, երաժշտական դպրոցի ու մանկապարտեզի խնդիրները, աղբահանության, կենցաղի ջրի 500 դրամ վարձավճարների սահմանման, գյուղի «Գիլասկուտ» հանդամասի 10 հա հողերը, որոնք չեն օգտագործվում, տնկարան կառուցելու նպատակով հատկացնելու և գյուղի համար կարևոր այլ հարցեր:

Համայնքապետն իր առաջին խնդիրներից մեկը համարել է գյուղացիների հավատի վերականգնումը. «Ահագին մարդիկ են դիմել, այգի են ուզում տնկել: Ամեն ինչ արել ենք, որ ոռոգման սեզոնին գյուղացիներին արդյունավետ մատակարարենք ջրի եղած պաշարները:

Ոռոգման ջրի գյուղի ներքին ցանցը խայտառակ վիճակում է, ամբողջությամբ երևի չհասցնենք վերանորոգել, բայց մասամբ կվերանորոգենք»,- ասում է համայնքապետը: Ճոճկանցիները համայնքի ղեկավարից պահանջում են ոռոգման համար Դեբեդից ինքնահոս ջուր հասցնել գյուղ:

«Երևանում որոշ մարդկանց դիմել եմ, մեծ գումարի հետ է կապված: Կառավարությունը դրա շուրջ կարող է որևէ ծրագիր իրականացնել, մեր շրջանից 3 գյուղ է` Այրումը, Ճոճկանը, Շնողը, Նոյեմբերյանի տարածքից մոտ 10 գյուղ կա: Տվյալներն էդ գյուղերից վերցրել եմ, 10 հազար հա հող կարող է ինքնահոս ջրի տակ մտնել»,- ասում է Ս. Գիգոլյանը:

Գյուղի տնտեսության վերականգնման ու գյուղացիներին ոտքի կանգնեցնելու ուղղությամբ համայնքապետը մի ելք է տեսնում. «Գյուղի փրկության միջոցն էն ա` մենք այգի ունենանք: Ցորենը, գարին սուտ բան ա, դրանք մեր գեղըմը բերք չեն տալիս փաստորեն: Մի տարի, երկու տարի տվին ու վերջ:

Այգի է պետք, մերը այգին ա»: Սամվել Գիգոլյանը նաև հայտնեց, որ համայնքի 2009 թ.-ի բյուջեն արդեն հաստատվել է ավագանու կողմից, բյուջեի` իր կողմից նախատեսված եկամուտները կազմում են 33մլն դրամ, որից 17մլն դրամը ՀՀ կառավարության կողմից նախատեսված դոտացիան է:

Հ.Գ. Այսուհանդերձ, Ճոճկանի նորընտիր համայնքապետ Սամվել Գիգոլյանի ուշադրությունը չենք կարող չհրավիրել գյուղի մուտքի հսկա աղբակույտերի վրա, որի կողքով անցնելիս անհնար է չնկատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter