HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղական արտադրության խթանմանն ու արտահանմանը նպաստող որոշումներ

Կառավարության կայքէջը տեղեկացնում է, որ այսօր տեղի ունեցած կառավարության նիստում ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք ուղղված են տեղական արտադրության խթանմանն ու արտահանման ծավալների աճին, այդպիսով նպաստելով երկրի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի ազդեցության մեղմմանը։ Հիմք ընդունելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի 2009 թ. հունվարի 23-ի նիստի արձանագրային որոշումը, ինչպես նաեւ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին` «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք 3 մլն 400 հազար ԱՄՆ դոլար գումարով` որպես «Էյչ- Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ից ներգրավվող 1 մլն 500 հազար ԱՄՆ դոլար եւ գործող 1 մլն 900 հազար ԱՄՆ դոլար ժամկետային վարկերի հիմնական գումարի վերադարձման ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով։ Որոշվել է որպես երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց ընդունել «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքը, սարքավորումները, ինչպես նաեւ պահեստում առկա պատրաստի արտադրանքի մնացորդը` շրջանառու գրավի կանոններով։ Որոշումն ընդունվել է` նկատի ունենալով, որ ՀՀ-ում արտադրված մրգերի եւ հատապտուղների արտաքին շուկաներում մրցունակության ապահովման միակ իրատեսական ճանապարհը դրանք օրգանիկ բազայի վրա տեղափոխելն է։ Այդ գործընթացի նախաձեռնությամբ հանդես է եկել «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ն, որն ունի օրգանիկ արտադրության եւ արտահանման միջազգային պահանջները բավարարող համապատասխան սերտիֆիկատներ, եւ կառավարության աջակցությունը կնպաստի հիշյալ նախաձեռնությունն ընդլայնելուն։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրին։ Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին` ծրագրի ֆինանսավորման համար, «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրով ՀՀ գյուղատնտեսության նախարարության գծով նախատեսված հատկացումների հաշվին «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ին տրամադրել 300 մլն դրամ (Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման մեջ։ Հանձնարարվել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարին` ապահովել որոշմամբ հավանության արժանացած ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների եւ դրանց մոնիտորինգի համակարգի վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության եւ էկոնոմիկայի նախարարությունների եւ «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի միջեւ համապատասխան պայմանագրի կնքումը։ Այս որոշումների վերաբերյալ վարչապետը նշել է. «Մենք ըստ էության, ձեզ հետ միասին մի նոր էջ ենք բացում` պետություն-մասնավոր հատված համագործակցության բնագավառում։ Նմանատիպ ծրագրեր նախկինում երբեք չեն իրականացվել, երբ պետությունը ուղղակի աջակցում է մասնավոր հաջողված բիզնեսին` ընդլայնելու հնարավորությունները, բացահայտելու նոր շուկաներ։ Մեր այսօրվա այս երկու որոշումները ստեղծում են նոր հնարավորություններ «Թամարա Ֆրութ» ընկերության համար։ Բացի դրանից, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ հանգամանքի վրա. մենք մի նոր մեխանիզմ ենք ներդնում` ինչպե՞ս պետք է պետությունը գյուղատնտեսության մեջ իրականացնի սուբսիդավորում, որպեսզի այդ միջոցները չփոշիանան, որպեսզի ծառայեն նպատակին եւ լինի պատշաճ վերահսկողություն։ Այսօր առաջարկվող մեխանիզմի էությունը կայանում է նրանում, որ այդ սուբսիդավորման գործընթացը առաջին հերթին վերահսկվելու է հենց մասնավոր հատվածի` «Թամարա Ֆրութի» կողմից, որը շահագրգիռ կողմ է, որպեսզի հատկացված միջոցները չփոշիանան, եւ եթե պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսությունը, ապա այդ գումարը հասնի հենց այն գյուղատնտեսական ապրանք արտադրողին, որի ապրանքը համապատասխանում է «Թամարա Ֆրութի» կողմից ներկայացված չափանիշներին։ Մենք եռակողմ համաձայնագիր ենք ստորագրելու, ինչը երաշխավորելու է, որ այսուհետեւ սուբսիդավորմանն ուղղված պետական միջոցները ծառայելու են բուն նպատակին։ Երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս գործընթացը վերահսկվելու է եւ շահերի բախում է լինելու ոչ միայն «Թամարա Ֆրութի», գյուղատնտեսության մեջ ներգրավված մարդկանց, մեր ֆերմերների, պետության, այլ նաեւ հասարակության կողմից, ինչը մենք նույնպես չափազանց կարեւորում ենք։ Օպերատիվ շտաբի ընդունած ցանկացած որոշում պետք է դառնա հրապարակային քննարկման առարկա եւ հասարակության կողմից վերահսկվի։ Երրորդ առանձնահատկությունն այն է, որ «Թամարա Ֆրութը» ունի սերտիֆիկատ, որը վկայում է լավագույն չափանիշներին համապատասխան օրգանիկ ապրանքների արտադրության մասին, ինչի արդյունքում էլ նրա համար բացվում են նոր միջազգային շուկաներ, որտեղ օրգանիկ ապրանքի պահանջարկն այսօր չափազանց մեծ է եւ գներն էլ շուկայական համանման ապրանքներից 40 տոկոսով ավելի բարձր են։ Այսպիսի միջոցառումը նպաստելու է ե՛ւ տեղական արտադրողի ծավալների բարձրացմանը, ե՛ւ արտահանման ծավալների կտրուկ աճին։ «Թամարա Ֆրութը» հաջողված ձեռնարկություն է, որն ունի հաջող պատմություն, բավականին գրագետ մենեջմենթ, դրական համագործակցություն առեւտրային բանկերի հետ, եւ այս ամենը հույս է ներշնչում, որ կառավարության որոշումը կծառայի բուն նպատակին։ Ռիսկերի մեր գնահատականը այնպիսին է, որ պետության հետ «Թամարա Ֆրութի» ձեռնարկի հաջողության հավանականությունը չափազանց մեծ է։ Ես մանրակրկիտ եմ անդրադառնում այս խնդրին, որովհետեւ սրանք առաջին նմանատիպ որոշումներն են, որ ընդունվում են կառավարության կողմից, եւ մենք ձեզ հետ միասին, ՀՀ-ում ձեւավորում ենք մի նոր ավանդույթ` պետություն-մասնավոր համագործակցության դաշտում։ Սա մեր հակաճգնաժամային ռազմավարության կարեւորագույն գործիքներից մեկն է, որ մենք այսուհետ պետք է օգտագործենք», - ասել է Տիգրան Սարգսյանը։ ՀՀ մաքսային օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է թույլատրել «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված մեքենասարքավորումների եւ արտադրությանն անհրաժեշտ այլ պարագաների (ընդամենը 161 միավոր) նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները երկարաձգել մինչեւ 2011թ. ապրիլի 30-ը։ Ընկերության գործունեությանն աջակցելուն ուղղված որոշումն ընդունվել է` նկատի առնելով, որ ընկերությունը ներկայումս կազմակերպել է կարի արտադրություն Երեւան եւ Վանաձոր քաղաքներում` ապահովելով շուրջ 700 աշխատատեղ, երկարաժամկետ զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսում է Հայաստանում իրականացվող գործունեությունը տարածել նաեւ հանրապետության սահմանամերձ մարզերում (Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ, Տաշիր եւ այլն), որտեղ կստեղծվեն շուրջ 10 հազար նոր աշխատատեղեր։ Կարեւորելով այս որոշման ընդունումը, վարչապետն ընդգծել է.«Տեքստիլի բնագավառում մենք հանդիպում ենք ունեցել թեթեւ արդյունաբերության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, եւ այժմ համատեղ մշակում ենք ծրագրեր, որոնք պետք է նպաստեն տեքստիլի բնագավառում ՀՀ-ի որոշակի դիրք զբաղեցնելուն։ Ընդհանուր առմամբ, այս բնագավառում մրցակցությունը աշխարհում գտնվում է չափազանց բարձր մակարդակի վրա` խիստ մրցակցություն կա, եւ ամեն երկիր փորձում է իր հարաբերական առավելությունը բացահայտել։ Մենք այսօր ունենք «ՎԿՍ Արմենիա» ընկերություն, որը միջազգային ասպարեզում մեծ փորձ ունենալով, ունի առավելություն այլ ընկերությունների համեմատ։ Եթե այս ծրագիրը հաջողություն ունենա Հայաստանում ու ստեղծվի շուրջ 10 հազար աշխատատեղ, ապա դուք տեսնում եք, որ, ըստ էության, հանքահումքային արդյունաբերության համեմատ, այստեղ զբաղվածների թիվը երկու անգամ ավելի կարող է լինել ՀՀ-ում։ Եթե մեր խոշորագույն հինգ ձեռնարկությունները հանքահումքային արդյունաբերությունում այսօր ունեն 6 հազար աշխատող, ապա միայն այս ծրագրի իրականացումը մինչեւ 10 հազար աշխատատեղ է ստեղծելու ՀՀ-ում, ինչը բավականին լուրջ խնդիր է մեզ համար։ Այսօրվա որոշումով, մենք, ըստ էության, հնարավորություն ենք ստեղծում «ՎԿՍ Արմենիա»-ի համար, որպեսզի նա արդյունավետ ձեւով իրականացնի իր ծրագրերը ՀՀ-ում։ Ավելին` մենք օպերատիվ շտաբում քննարկել էինք մեկ այլ բիզնես ծրագիր, որը ներկայացված էր Վայոց ձորից եւ, եթե այդ մարզում գործող «Տարոն» ձեռնարկությունը համագործակցի «ՎԿՍ»-ի հետ, ապա նաեւ «Տարոն» ձեռնարկությունում կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Այդ պատճառով, սա կարեւոր ծրագիր է մեզ համար։ Եվ մենք պետք է կարողանանք ընդհանրապես այս ոլորտին նոր շունչ հաղորդել»։ Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Օրենքի նախագիծն ընդունվել է` իրավական դաշտի բարելավման, վարչարարության նվազեցման նպատակով։ Հաշվի առնելով նաեւ զարգացած, անցումային եւ այլ երկրների փորձը` ԱԱՀ-ի հաշվարկման, հավաքագրման եւ գանձման ոլորտում, օրենքի նախագծով առաջարկվում է` կիրառել որոշ ապրանքների ներմուծման դեպքում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը մինչեւ 3 տարի ժամկետով, եթե այդ ապրանքների մաքսային արժեքը կամ ներդրումային փաթեթի արժեքը կազմում է 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ ավելի։ Նշվել է, որ առաջարկությունը համահունչ է նաեւ ԱԱՀ-ի հաշվարկման եւ գանձման մասով վարվող IMF-ի քաղաքականությանը, այն է` մաքսային սահմանի վրա կատարել ԱԱՀ-ի ամբողջական հաշվառում` ապահովելով ԱԱՀ-ի գանձման իրականացումը տարբեր փուլերում։ Վարչապետն այս նախագիծը եւս կարեւորել է, նշելով, որ այսօրվա գնահատականներով արմատական այս փոփոխության արժեքը կազմում է շուրջ 5 մլրդ դրամ։ «Մենք գիտակցաբար գնում ենք այս քայլին, որովհետեւ առաջնահերթությունն այսօր տալիս ենք նոր ներդրումային ծրագրերին, որոնք միտված են նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Մենք ստանում ենք առաջարկություններ` նոր ձեռնարկություններ, արտադրություններ ստեղծելու վերաբերյալ։ Մասնավոր հատվածի հետ մեր բազմաթիվ հանդիպումները վկայում են այն մասին, որ այս որոշումը կարող է լուրջ խթան հանդիսանալ, որպեսզի ՀՀ-ում կազմավորվեն նոր ձեռնարկություններ, այդ թվում նաեւ այն խոշորագույն ներմուծող ընկերությունները, որոնք ՀՀ-ում ներկայացնում են հայտնի արտասահմանյան բրենդներ, այս որոշումն ընդունելուց հետո, պատրաստ են իրենց արտադրությունները բացել ՀՀ-ում։ Դա է պատճառը, որ մենք այս փուլում ազատական ռեժիմ ենք սահմանում ծրագրային փաթեթների համար։ Այսինքն, պետք է կառավարություն ներկայացվեն ամբողջական ծրագրեր, որոնք ենթադրում են արտադրությունների կազմակերպում ՀՀ-ում։ Ապագայում եթե այս ծրագիրը հաջողությամբ պսակվի, մենք 2010-2012թթ. միջինժամկետ ծրագրում կարող ենք գնալ ավելի ռադիկալ որոշումների, այն է` ընդհանրապես սարքավորումները, որ ներմուծվում են ՀՀ, սահմանի վրա ավելացված արժեքի հարկով չհարկել, բոլորի համար այս ռեժիմը կիրառել, բայց այսօր մենք դրան պատրաստ չենք, որովհետեւ գինը չափազանց մեծ է։ Այս որոշումն ինքնին ենթադրում է արմատական փոփոխություն։ Մեր գնահատականներով համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի պայմաններում սա իրապես լուրջ խթան է լինելու, որպեսզի նաեւ մեր հայրենակիցներն աշխարհի տարբեր երկրներում իրենց արտադրությունները տեղափոխեն Հայաստանի Հանրապետություն», - ասել է Տիգրան Սարգսյանը։ Այլ որոշումներով կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծերին եւս, որոնցով առաջարկվում է ձեռագործ գորգերի արտադրությունն ազատել շահութահարկից եւ ավելացված արժեքի հարկից։Նշվել է, որ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվողների համար հարկման բարենպաստ պայմանների ստեղծմամբ, ինչը կնպաստի ազգային եւ մշակութային մեծ արժեք ունեցող արհեստագործական այդ ճյուղի զարգացմանը, միջազգային տարածմանն ու դրանով զբաղվողների քանակի ավելացմանը։ Որոշման ընդունման կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այսուհետեւ ձեռագործ գորգերի արտադրությունը ՀՀ-ում դիտարկվելու է որպես ժողովրդական արհեստ։ Այդ պատճառով մենք այսուհետ ձեռագործ գորգերի արտադրությունը ազատում ենք շահութահարկից եւ ավելացված արժեքի հարկից։ Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե ձեռագործ գորգերի արտադրությունը տեղափոխում ենք արդյունաբերական դաշտ, ապա դրանք կորցնում են իրենց մրցունակությունը եւ, ընդհանրապես, այդ բոլոր արտադրությունները փակվում են ՀՀ-ում, ինչը, բնականաբար, մեզ համար անընդունելի է։ Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը, այս բնագավառում ստեղծված իրավիճակը, համարում ենք, որ սա միակ ճանապարհն է, որպեսզի կարողանանք պահպանել այն ավանդույթները, որ կան ձեռագործ գորգերի ոլորտում, այդ ժառանգությունը փոխանցենք մեր ապագա սերունդներին։ Այդ պարագայում է, որ մենք տեղափոխում ենք այս խնդիրը մշակութային դաշտ։ Այսուհետ նաեւ մեր մշակույթի նախարարությունը պետք է հետեւի, որ այս ժողովրդական արհեստը պահպանվի ՀՀ-ում։ Մենք կարծում ենք, որ այս երկու օրենքների ընդունումը` շահութահարկի մասին եւ ավելացված արժեքի հարկի մասին օրենքներում փոփոխություն կատարելը, ազատում է հարկերից, որի շնորհիվ մենք կարող ենք պահպանել ձեռագործ գորգերի արհեստը ՀՀ-ում»։ Նիստում կառավարությունը հավանություն է տվել նաեւ ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որի վերաբերյալ վարչապետը նշել է, որ այն հակաճգնաժամային միջոցառումների ծրագրի օրենսդրական նախաձեռնություններից է։ «Այս որոշումը արդյունք է մասնագիտական լուրջ քննարկումների եւ բանավեճի, որը տեղի է ունեցել ե՛ւ օպերատիվ շտաբում, ե՛ւ Տնտեսական բարձրագույն խորհրդում։ Արդյունքում մենք եկել ենք այն եզրահանգման, որ այն ապրանքները, որոնք ներմուծում ենք Հայաստանի Հանրապետություն եւ որոնց նկատմամբ կա մրցակցային դաշտ` մեր սեփական կարողությունների ներքո, այդ ապրանքների վրա են միայն բարձրացվում մաքսային տուրքերը։ Ապրանքների ընտրությունը կատարվել է հետեւյալ տրամաբանությամբ` պաշտպանել մեր արտադրողին, որպեսզի կարողանանք համաշխարհային տնտեսական ճգնաժամն ավելի մեղմ հաղթահարել», -ասել է Տիգրան Սարգսյանը։ Նա համոզվածություն է հայտնել, որ առաջարկվող փոփոխությունը էական խթան կլինի, որպեսզի ՀՀ-ում արտադրվող ապրանքների շուկաներն ընդլայնվեն, որովհետեւ, ըստ նրա, մեր արտադրողները ստանալու են հարաբերական առավելություն մաքսային տուրքերի բարձրացման հետեւանքով։ Մեկ օր ժամկետ է տրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարին` հստակեցնելու վերջնական քննարկման անհրաժեշտություն ներկայացնող ապրանքախմբերի ցանկը, օրինագիծը հնարավորինս շուտ Ազգային Ժողով ներկայացնելու, ինչպես նաեւ մաքսային օրենսգրքի փոփոխություններն արագացված ընթացակարգերով ընդունելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter