HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Ապօրինի շինություններն օղակի մեջ են առել Սեւանա լիճը

Նախարարն օրենքը խախտողներից մեկն է

Սեւանա լճի ափին 1990 - ական թթ.- ից մինչեւ այսօր շարունակվում են կառուցվել բազմաթիվ շինություններ` առանձնատներ, հյուրանոցներ, սրճարաններ: Շատ հաճախ դրանք կառուցվում են հենց ափին` 1905.0մ նիշից ցածր տարածքում` զբաղեցնելով այն գոտին, որը լճի մակարդակի բարձրացման դեպքում պետք է անցնի ջրի տակ:

Նախագահի վերահսկողական ծառայությունն անցած տարվա ընթացքում ուսումնասիրել է Սեւանա լճի խնդիրը: Ծառայության` մեզ տրամադրած տվյալներով` 1900մ - 1903մ բացարձակ նիշերի վրա կառուցված է մոտ 150 շինություն: «Էկոլուր» տեղեկատվական բնապահպանական հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը տարիներ շարունակ զբաղվում է Սեւանա լճի հիմնահարցով: «Սեւանա լճի եւ ապօրինի շինությունների խնդիրը բարդ է նրանով, որ երկրի գրեթե բոլոր խոշոր հարստություն ունեցողները կապված են այդ խնդրի հետ. մեծահարուստներից եւ պաշտոնյաներից շատ քչերն են, որ Սեւանա լճի ափին առանձնատուն կամ բիզնես չունեն»,- ասում է տկն Զարաֆյանը: 2008 թ.-ի հոկտեմբերի 27- ին «Հետք» շաբաթաթերթը հրապարակել էր տեղեկություն Սեւանա լճի ափին` Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին, ափից մի քանի մետր հեռավորության վրա, կառուցված առանձնատան մասին (Բնապահպանության նախարարի առանձնատունը` Սեւանի ափին):

Լուսանկարում երեւում է շինություններից միայն մեկը, որի ետեւում կան այլ կառույցներ: Այսօր տարածքն արդեն շրջապատված է ցանկապատով եւ պահակներին տրված են համապատասխան ցուցումներ` «չասել տարածքի տիրոջ անունը»: Երկաթյա ցանկապատը ձգվում է ժայռից մինչեւ ջրի սահմանը: Թե որքա՞ն տարածք է մնում ցանկապատի ետեւում, դժվար է գուշակել, քանի որ, ինչպես պատմում են տեղացիները, հակառակ կողմից դեպի այդ տարածք տանող ճանապարհը լճի բարձրացման հետեւանքով անցել է ջրի տակ:

2008 թ. մայիսին կայացած մրցույթում նշված շինությունների տարածքը (9.6 հա) մինչեւ 2033 թվականը կառուցապատման իրավունքով տրամադրվել է «Ֆորիկ» ՍՊԸ- ին: Վարձակալության պայմանագիրը կնքվել է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ- ի եւ ընկերության տնօրեն Արմենակ Տիգրանյանի միջեւ:

Այս տեղեկատվությունը մեզ տրամադրել է Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի վարիչ Բագրատ Կրոյանն ասում է, որ նշված շինություններն այդ տարածքում հայտնվել են վերջին մեկ տարվա ընթացքում: «Ընկերության կառուցած շինությունները հիմնավոր են` կառուցված են բետոնե հիմքի վրա: Շինություններից մեկը կառուցված է 1901.0մ բացարձակ նիշի վրա, իսկ երկրորդը` 1902.0մ»,- ասում է պրն Կրոյանը:

Լճի ջրային սահմանից մինչեւ 1905.0մ բացարձակ նիշն ընկած տարածքը Սեւանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտու առաջին ենթագոտին է, որտեղ, կառավարության որոշմամբ, արգելված է հիմնական (կապիտալ) օբյեկտների կառուցումը:

Այս պահանջը սահմանված է ««Սեւան» ազգային պարկի եւ դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման եւ քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» ՀՀ կառավարության 2008 թ. դեկտեմբերի 18-ին ընդունած N 1563-Ն որոշմամբ: Նիշի խախտումը միակ խնդիրը չէ` կապված այդ շինությունների հետ:

Նույն որոշման 5-րդ կետի 2-րդ մասում սահմանված է, որ Սեւանա լճի առաջին ենթագոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին, մինչդեռ վարձակալության պայմանագիրը կնքված է մինչեւ 2033թ.-ը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի վարիչ Բագրատ Կրոյանի տեղեկացմամբ` խախտումների վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ կազմվել է արձանագրություն եւ հարուցվել է վարչական վարույթ (08.10.2008թ.):

Նշանակվել է տուգանք 200 հազար դրամի չափով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1- ին մաս), մարզպետարանը դիմել է ոստիկանություն` շինարարությունը կասեցնելու համար եւ «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրինությանը` «Ֆորիկ» ՍՊԸ-ի հետ վարձակալության պայմանագիրը լուծարելու համար:

«Մինչեւ այժմ (24.12.2008) մարզպետի որոշման ոչ մի պահանջ չի կատարվել»,- ասում է պրն Կրոյանը: «Հետքի» տեղեկություններով` նշված տարածքի եւ առանձնատների հետ կապ ունի 2007 թ. հունիսին ՀՀ Բնապահպանության նախարար նշանակված Արամ Հարությունյանը, ով մինչ այդ քաղաքաշինության նախարարն էր: Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը պատասխանել է, որ նախարարը որեւէ առնչություն չունի այդ տան հետ: Մինչդեռ Շորժա գյուղում առաջին իսկ պատահած բնակիչը կարող է ցույց տալ «նախարարի տունը»:

Ցանկացած ոք կարող է գնալ այդ բնակավայր եւ տաքսու վարորդին խնդրել տանել նախարար Արամ Հարությունյանի հանգստյան գոտին, եւ վարորդը, առանց որեւէ հարց տալու, մի քանի րոպեից մեքենան կկանգնեցնի այդ շինության դարպասների մոտ: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով` «Ֆորիկ» ՍՊԸ-ն գրանցված է Եղվարդում, որը նախարարի ծննդավայրն է: Իսկ ընկերության հիմնադիրն ու տնօրենը նախարարի երկու մորաքրոջ որդիներն են: Մենք այս մասին նախարարից փորձեցինք պարզաբանումներ եւ բացատրություններ ստանալ: Սակայն, մեր գրավոր հարցումն ու բազմաթիվ հեռախոսազանգերը որեւէ արդյունք չտվեցին:

Մեր վեց հարցերին, որոնք կապված են ինչպես նախարարի նախաձեռնած ապօրինի շինարարության, հողահատկացման, այնպես էլ լճի, «Սեւան» ազգային պարկի մի շարք խնդիրների հետ, ոչ գրավոր, ոչ էլ բանավոր պատասխաններ չտրվեցին, թեեւ սպառվել են տեղեկատվություն ստանալու հարցմանը պատասխանելու` «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված բոլոր ժամկետները: Կա եւս մեկ կարեւոր հանգամանք` կապված այդ տարածքի հետ, որը Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը դարձյալ ժխտում է. «Ֆորիկ» ընկերությանը վարձակալության տրված հողամասը նախկինում եղել է արգելոցային գոտում:

Բնապահպանության նախարարության բնական ռեսուրսների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Վ. Մարտիրոսյանը գրավոր նամակով մեզ տեղեկացրել է, որ մինչեւ «Սեւան» ազգային պարկի 2007- 2011թթ.-ի կառավարման պլանի հաստատումը «Արտանիշ» արգելոցային գոտու ցամաքային տարածքը կազմել է 2220 հա: 

Ներկայումս արգելոցի ցամաքային տարածքը 2142 հա է, 78 հա վարելահողերը կրճատվել են, որից 9.6 հա հետո տրվել է վարձակալության «Ֆորիկ» ՍՊԸ-ին: Ի դեպ, նրանք արդեն ունեն հարեւաններ. կողքի ափը նույնպես ցանկապատվել է:

Այն, որ «Ֆորիկ» ՍՊԸ- ի վարձակալած տարածքը գտնվում է Արտանիշ արգելոցից կրճատված հատվածում, հաստատեց նաեւ «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ- ի նախկին տնօրեն (1980-1991 թթ.) Գագիկ Սուխուդյանը` ծանոթ լինելով տեղանքին եւ «Սեւան» ազգային պարկի արգելոցային գոտիների սահմաններին: «Այսօր իշխանավորներն ավելի շատ սիրում են շահույթ բերող տարածքներ, ազատ տարածքներ նրանց պետք չեն»,- ասում է պրն Սուխուդյանը: Այս մի դեպքը մյուս` նիշից ցածր 150 շինություններից չէր առանձնանա, եթե կասկածներ չլինեին, որ բնապահպանական եւ քաղաքաշինական խախտումներն առնչություն ունեն բնապահպանության ներկայիս եւ քաղաքաշինության նախկին նախարարի հետ:

Ի դեպ, Բնապահպանության նախարարությունը կառավարությանը ներկայացրել է առաջարկություն` «Սեւանա լճի մինչեւ 1905մ բացարձակ նիշ գոտում գտնվող բոլոր ինքնակամ շինությունները համարել պետական սեփականություն եւ ապամոնտաժել կառուցապատողի միջոցների հաշվին»:

Նմանատիպ քաղաքաշինական եւ բնապահպանական խախտումներ Վերահսկիչ պալատն անցած տարեվերջին հայտնաբերել եւ հրապարակել է գործարար Արայիկ Հայրապետյանին պատկանող «Լավանդա Սիթի շին» ՍՊԸ-ի վարձակալած տարածքում, որտեղ տեղակայված է մոտ 400 քոթեջ:

Ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության` Սեւանի քաղաքապետարանը 47 հա տարածքը 50 տարով վարձակալության է տվել «Լավանդա Սիթի շին» ՍՊԸ- ին` 1քմ- ը տարեկան 14 դրամով (ամսական 1.2 դրամ): Բնապահպանական խախտումներից նշենք միայն մեկը. գործարարը, կառույցները լճի բարձրացող մակարդակից փրկելու համար, մեծ քանակությամբ հող էր ավելացրել ափին` փոխելով լճի այդ տարածքի ռելիեֆը:

1960-70 ական թթ.- ին ճարտարապետները Սեւանա լճի հանգստյան տներն ու սրճարանները` «Ախթամար», «Սպիտակ տուն», կառուցում էին ոչ թե լճի ափին, այլ ափից շատ հեռու` Սեւանի հին ճանապարհի մոտ. նրանք հավատում էին, որ մի օր Սեւանա լճի ջրի մակարդակն այնքան կբարձրանա, որ լճի ցամաքած ափերը նորից կանցնեն ջրի տակ: Այդ հավատը կապված էր լճի փրկության հետ, քանի որ ջրի մակարդակի բարձրացումն անհրաժեշտ է, որպեսզի լիճը չճահճանա:

Տեղեկանք

Սեւանա լիճն ունի հանրապետական եւ տարածաշրջանային բացառիկ տնտեսական եւ բնապահպանական նշանակություն, քանի որ այն իր բոլոր ցուցանիշներով բարձրորակ քաղցրահամ խմելու ջրի բնական ջրամբար է: 1930 - ական թթ.- ից սկսած` լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն եւ ոռոգում) խախտվեց լճի էկոլոգիական հավասարակշռությունը. Սեւանա լճի մակարդակը 1933 - 2000 թթ. արդյունաբերական շահագործման հետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5 մլրդ խմ: (Տեղեկությունը վերցված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախաբանից): Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65 տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով: Լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք:

Լճի ճահճացումը

ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի գիտական հետազոտությունները բացահայտել են լճի ճահճակալման հիմնական պատճառները: Ուսումնասիրությունների արդյունքների մասին պատմում է ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի գիտական քարտուղար, կ.գ.թ. Էվելինա Ղուկասյանը. «Լճի ծերացման (ճահճացման) դանդաղեցման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը:

Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում է ճահճանալ: Ջրի մակարդակի բարձրացման միջոցով մենք նպատակ ունենք վերականգնել այդ շերտը:

Մեծ Սեւանում շերտը լիովին բացակայում է, Փոքր Սեւանում այն կա աննշան չափով, սակայն ճահճացման երեւույթներն արդեն տարածվում են նաեւ Փոքր Սեւանի վրա. ջուրը կանաչում է եւ ծաղկում ջրիմուռներով»:

Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը մինչեւ Բալթյան ծովի մակերեւույթից (բ.մ.ծ.) 1903.5մ նիշը: Այս նիշին գումարվում է նաեւ ալիքի առավելագույն բարձրության չափը` 1.5 մ (1903.5 +1.5 =1905.0): 1905.0մ-ն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` ջրի տակ անցնելու համար: Այս պահանջը սահմանված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքով: (Նման սահմանափակում գործում էր նաեւ Խորհրդային Հայաստանի օրենսդրությամբ):

Բնապահպանության նախարարության «Հայաստանի հիդրոօթերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալներով` Սեւանա լճի մակարդակը (2008 թ. նոյեմբեր) եղել է բ.ծ.մ 1898.89մ: Այսինքն` դեռ 6.11 մետրով լճի մակարդակը պետք է բարձրանա: («Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված): Սեւանա լճի փրկության համար պետոթյունը հսկայական միջոցներ է ներդնում:

Սակայն այդ միջոցները որեւէ արդյունք չեն տա, եթե ափամերձ տարածքներում պաշտոնյաների կառուցած ապօրինի շինությունները չքանդվեն: Իսկ դրա համար բոլոր հիմքերը կան` դրանք կառուցվել են օրենքների բազմաթիվ խախտումներով:

Բնապահպանները կարծում են, որ Սեւանա լճից կրկնակի ջրառը կապ ունի շինությունների հետ

«Սեւանա լճի խնդիրը հասավ իր գագաթնակետին եւ պայթեց, երբ կառավարությունը որոշեց կրկնակի շատ ջուր բաց թողնել Սեւանա լճից,- ասում է «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը,- եթե մինչ այժմ ապօրինի շինությունների խնդիրը կարգավորված լիներ, ապա երբեք նման որոշման անհրաժեշտություն չէր լինի: Նրանք չկարողացան լուծել ապօրինությունների խնդիրը եւ այժմ ավելի բարդացրին»:

2008 թ. մայիսին, հղում անելով արտակարգ երաշտային իրավիճակին, Ազգային ժողովը համաձայնեց կառավարության առաջարկի հետ, եւ Սեւանա լճից ջրառը «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքով թույլատրված 170 մլն խմ-ից ավելացվեց մինչեւ 360 մլն խմ:

Փաստացի բաց թողնվեց 302.28 մլն խմ ջուր: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասում էր, որ ոռոգման սեզոնն աննախադեպ շուտ է սկսվել, տեղումները չեն բավարարում, ջրամբարները դատարկ են, եւ ջուր չկա: «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի, UNEP ազգային կոմիտեի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, բնապահպանության նախկին նախարար (1991-94 թթ.)

Կարինե Դանիելյանը կարծում է, որ ավելի քան կրկնակի ջրի բացթողումների անհրաժեշտության վերաբերյալ նշված փաստարկներն անհիմն են: «Անցած տարին իսկապես սակավաջուր է եղել, սակայն, ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, մայիսից հետո եղանակային պայմանները բարելավվել են, եւ կրկնակի ջրառի կարիք չկար: Եկեք համեմատենք փաստերը. վերջին տասնամյակում ամենավառ արտահայտված երաշտ տարի եղել է 2000-ին, 2008-ին երաշտ եղել է հունվարից մինչեւ մայիսի երկրորդ տասնօրյակն ընկած ժամանակահատվածում:

2000 թ. Ապարանի եւ Ազատի ջրամբարներում կար 69.4 մլն խմ ջուր, իսկ 2008-ին` 77.4 մլն խմ ջուր: 2000 թ. միջին ամսական ջերմաստիճանը Արարատի մարզում (ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին) նորման գերազանցել է 1.68 աստիճանով, իսկ Արմավիրի մարզում` 0.98 աստիճանով:

2008 թ. նույն ամիսներին Արարատի մարզում նորմայից գերազանցում եղել է ընդամենը 0.52 աստիճանով, իսկ Արմավիրի մարզում` 0.14 աստիճանով: 2000 թ. (ապրիլ - օգոստոս) տեղումներն Արարատի մարզում նորմայից պակաս են եղել 81.12 տոկոսով, իսկ Արամավիրի մարզում` 40.9 տոկոսով: 2008 թ. նույն ամիսներին տեղումներն Արարատի մարզում նորմայից պակաս են եղել 52.94 տոկոսով, իսկ Արմավիրի մարզում` 25.52 տոկոսով:

Ջրամբարները 2000 թ. ավելի սակավաջուր էին, եղանակն ավելի չոր էր, իսկ տեղումներն ավելի քիչ էին, քան 2008-ին:

Մինչդեռ 2000 թ. Սեւանից բաց թողեցին 189,97 մլն խմ, իսկ 2008-ին` 302.28 մլն խմ: Այս փաստերի հիման վրա մենք կարծում ենք, որ այդ քանակի ջրառն անհիմն էր»,- ասում է նախկին նախարար Կարինե Դանիելյանը: Նշենք նաեւ, որ գյուղատնտեսության համար օգտագործվող տարածքներն էապես չեն ընդարձակվել. Սեւանից ջրի բացթողման հաշվին ոռոգվող տարածքների մակերեսը 2008 թ. կազմել է 43.2 հազ. հա, 2007 թ.` 43.4 հազ. հա, 2006 թ.` 45.5 հազար հա:

Համաձայն ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի գիտական հաշվարկների` յուրաքանչյուր 12.5 մլն խմ բացթողումը լճի մակարդակը կիջեցնի 1սմ-ով: Լճերի բնական ծերացման ժամանակ լճի հատակը տարեկան բարձրանում է ընդամենը 1մմ- ով:

Այս տարվա ջրառի չափը լճի ծերացման ընթացքը միայն 2008 թ. արագացրեց մոտ 300 տարով: Իսկ 2008 թ. սեպտեմբերի 17-ին  Գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տարին (2008 թվականը) բերքառատ է եղել, ընդ որում` ի շնորհիվ բարենպաստ եղանակային պայմանների:

Հ.Գ. 2008 թ. դեկտեմբերի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվեց Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողով: Դրա ստեղծման պատճառն էլ հենց այն էր, որ հարցերի լուծման մինչ այժմ եղած միջոցները չեն ապահովում Սեւանա լճի խնդրի վերջնական լուծում: Ջրի բարձրացման տեմպերը բավարար չեն ճահճացման գործընթացը կանգնեցնելու համար. Սեւանա լճի բացարձակ նիշը 2007 թ. նոյեմբերին եղել է 1898.81մ, 2008 թ. նոյեմբերին` 1898.89. լճի մակարդակը մեկ տարվա ընթացքում բարձրացել է ընդամենը 8 սմ-ով, ինչը շատ քիչ է լճի վերականգնման համար: Բնապահպանության նախարարության 2008 թ. տվյալներով` «Սեւան» ազգային պարկի տարածքում կա 1062 ապօրինի շինություն: Քիչ չեն նաեւ խախտումներ հայտնաբերողները` «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ, Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչություն, Գեղարքունիքի մարզպետարան, Քաղաքաշինության նախարարություն: Ակնհայտ է, որ այս մարմինները պատշաճ չեն գործել:

Հետաքննությունը կատարվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի աջակցությամբ (Scoop):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter