ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Հույս ունենք, որ այս հարցը կլուծենք իրավական դաշտում»



Հարցազրույց «Բջնի» ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանի հետ

- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն (ԴԱՀԿԾ) արդեն հայտարարեց, որ «Բջնի» ընկերության գույքը աճուրդով վաճառվել է: Ձեր գնահատականը կայացած աճուրդին, ի՞նչպես ընթացավ այն:

- Իմ կարծիքով` ԴԱՀԿԾ-ն էլեկտրոնային աճուրդը կազմակերպել եւ անցկացրել է օրենքի խախտումներով: Մեր հայտարարություններում բազմիցս նշել ենք, թե ինչ խախտումներ են կատարել, որոնցից ամենաակնառուն այն էր, որ աճուրդի ներկայացված գույքի լոտի գինը իրականում ցածր էր պահանջի չափից: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը հստակ ԴԱՀԿ-ին պարտադրում է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը եւ դիմել դատարան` ընկերությանը սնանկ ճանաչելու հայցով: Պարզ հաշվարկները հետեւյալն են ասում` լոտի մեկնարկային գինը կազմել է մոտ 4 մլրդ 450 մլն դրամ, մինչդեռ պահանջի չափը կազմել է 5 մլրդ դրամ: Պահանջի չափը ես այսպես եմ հաշվարկել. Վարչական դատարանի վճռի համաձայն` «Բջնի» ընկերությունից պետք է գանձվեր 4 մլդ 68 մլն դրամ, որպես բնօգտագործման վճար: Այնուհետեւ, դրան զուգահեռ, 81 մլն դրամ որպես պետական տուրքի գումար եւ 207 մլն դրամ որպես հարկադիր կատարման ծախս: Այսինքն` հարկադիր կատարողն այս գումարները պետք է բաշխեր, իսկ ավելացած գումարը` վերադարձներ պարտապանին: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի տրամաբանության համաձայն` պահանջի չափի մեջ պետք է հաշվարկվեն ինչպես կատարողական վարույթի իրականացման հետ կապված ծախսերը, այնպես էլ գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները: Հետեւաբար, ԴԱՀԿ-ն պարտավոր է այդ գույքի լոտի իրացման գումարից հանել ավելացված արժեքի հարկը եւ տարբերությունը տալ պարտատերերին, իսկ միայն տարբերությունը կազմում է 740 մլն դրամ: Հետեւաբար, եթե հաշվենք, թե որքան գումար էր անհրաժեշտ, որպեսզի այդ պահանջը բավարարվեր, ապա լոտը պետք է վաճառվեր 5 մլդ 96 մլն դրամով, մինչդեռ լոտը վաճառվել է 4 մլրդ 441 մլն 500 հազար դրամով: Ուրեմն, այս խնդիրն արդեն կա: Չնայած, մեզ չի զարմացնում, որ ԴԱՀԿ-ն մի շարք խախտումներից զատ այս մի խախտումն էլ կարող էր թույլ տալ եւ գնորդին տալ օրենքի խախտումներով անցկացված աճուրդի հետեւանք գույքը: Կատարողական վարույթի ընթացքում արձանագրվել են նաեւ մի շարք այլ բնույթի խախտումներ. մասնավորապես, հարկադիր կատարողները դիմակներով եւ առանց տարբերանշանի համազգեստներով մուտք են գործել ընկերության տարածքներ: «Բջնի» ընկերությունը, բնականաբար, հարց է բարձրացրել, թե ի՞նչ իրավական հիմքով են նրանք գտնվում ընկերության տարածքում: Երբ ԴԱՀԿ-ին հարց ենք ուղղում` այս գործով հարկադիր կատարողների խումբ կա՞ ձեւավորված, թե՞ ոչ, նրանք սկզբում ասում էին` ոչ, իսկ հետո նրանցից մեկն ասաց` այո, կա: Պահանջեցինք տալ խումբ ձեւավորելու մասին որոշումը, քանի որ պարզ տրամաբանական հարց է ծագում` եթե նրանք խմբի անդամ են եւ դիմակավորված են, պարտապանն ինչպե՞ս որոշի, թե այդ դիմակավորված անձանցից ով ով է: Չէ՞ որ պարտապանն իրավունք ունի նաեւ բացարկ հայտնելու կոնկրետ հարկադիր կատարողին: Հարկադիր կատարողներն իրավական դաշտն ընդհանրապես արհամարհել էին, այդ պատճառով պարտապան ընկերությունը դիմել է դատարան եւ խնդրել հարկադիր կատարողներ ներկայացող դիմակավորված, առանց տարբերանշանի համազգեստով անձանց կատարած գործողություները ճանաչել ոչ իրավաչափ: ԴԱՀԿ-ի մասին եւ ԴԱՀԿ ապահովող ծառայության մասին օրենքների համաձայն` հարկադիր կատարողն ունի տարբերանշանով համազգեստ, դիմակի մասին խոսք չկա, առանց տարբերանշանի համազգեստի մասին նույնպես խոսք չկա: Ավելին, տարբերանշանի գաղափարը կայանում է նրանում, որպեսզի անձը կարողանա տարբերակել, որ գործողություն իրականացնողը պետության անունից լիազորված պաշտոնատար անձն է, եւ ոչ թե` հանցագործ կամ պատահական մեկը:

- Ձեր տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունից գաղտնի է պահվել, թե իր որ գույքն է օտարվելու, որքան է գնահատվել այն եւ այլն: Օրենքով սեփականատերը կարո՞ղ էր մասնակցել իր գույքի աճուրդին եւ գնել այն: Օգտվե՞լ եք այդ հնարավորությունից:

- ԴԱՀԿ մասին օրենքը հստակ տալիս է այն ընթացակարգը, թե ինչպես պետք է գույքը ներկայացվի գնահատման, ինչպես օտարվի եւ այլն: Դա նաեւ կարգավորվում է հրապարակային սակարկությունների մասին օրենքով: Տվյալ դեպքում պարտապան ընկերությունը տեղյակ չի եղել, թե իր որ գույքն է ներկայացվել գնահատման: Լսել է, որ իր գույքն աճուրդի է հանվել x գնով, իսկ այդ գնահատման եզրակացությունն ընկերությանը չի տրամադրվել: Ընկերությունը բազմիցս դիմել է եւ խնդրել, որ գնահատման հաշվետվությունը տրամադրեն, որպեսզի պարզ լինի, թե, ի վերջո, իր որ գույքն է գնահատվել եւ որքան է գնահատվել: Լոտի կազմում եղել է` անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, ապրանքային նշանների իրավունքներ: Մենք չգիտեինք, թե, օրինակ, y մեքենան որքան է գնահատվել, մասնաշենքերից որն ինչքան է գնահատվել, հաստոցը կամ մյուս գույքը, որոնց արդյունքում գոյացել է նրանց հայտարարած 4 մլրդ-ը: Ընկերությունը բազմիցս խնդրել է տրամադրել հարկադիր կատարողի ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը կից ցանկը, քանի որ հարկադիր կատարողը որոշում է կայացրել փորձաքննություն նշանակելու մասին եւ որոշման մեջ գրել է, որ կից տրամադրվում է գույքի ցանկը: Ընկերությունը ԴԱՀԿ ծառայության պետին եւ հարկադիր կատարողին դիմել է 2008 թ. դեկտեմբերի 18-ին, իսկ ԴԱՀԿ ծառայությունը դրան արձագանքել է միայն 2009 թ. հունվարի 15-ին, մինչդեռ սկզբնական աճուրդը նշանակված էր դեկտեմբերի 15-ին: Ավելին, գրում են, որ գույքի ցանկը վերաբերում էր փորձագետին եւ ոչ թե ընկերությանը, եւ որ գույքացանկը փորձագետը տրամադրել է փուլային կարգով ու դրանից հետո կրկին չի տրամադրել: Ընկերությունը կարծում է, որ ԴԱՀԿ ծառայությունը պարտավոր էր նախքան գույքը աճուրդի ներկայացնելը մեկնարկային գնի վերաբերյալ ընկերությանը դիմել առաջարկություն ստանալու համար: Օրենքում ասվում է, որ 14-օրյա ժամկետում պարտապանն իրավունք ունի առաջարկել նոր մեկնարկային գին, եթե գտնում է, որ մեկնարկային գինը սխալ է ներկայացված: Եթե 14-օրյա ժամկետում չի օգտվում այդ իրավունքից, ուրեմն հարկադիր կատարողն ինքն է ներկայացնում մեկնարկայն գինը: Այս մոտեցման տրամաբանությունն այն է, որ պարտապանները տեղյակ լինեն, թե ինչ գնով է նրանց գույքը վաճառվում: Հարկադիր կատարողը, փորձելով պնդել, որ օրենքի այս պահանջն էլեկտրոնային աճուրդին չի վերաբերում, այդ կանոնը չի կիրառել: Մենք պնդում ենք, որ էլեկտրոնային հարկադիր աճուրդը նույնպես հարկադիր աճուրդի տեսակ է, եւ ասվածն ընդհանրական է բոլոր տեսակի աճուրդների համար:

- Դուք խոսում եք գաղտնի աճուրդ կազմակերպելու մասին, սակայն ԴԱՀԿ տարածած հայտարարություններով աճուրդի մեկնարկի մասին որոշումն ուղարկվել է պարտապան եւ պահանջատեր կողմերին` ծանուցումը հրապարակելուց առնվազն տասն օր առաջ:

- Առաջին աճուրդի ժամանակ առնվազն 10 օր առաջ չենք ստացել աճուրդի որոշումը, եւ դա փաստ է: Հետաքրքիր էր, որ հարկադիր կատարողը փորձել էր շատ արագ որոշումն առձեռն հանձնել բաժնետերերից մեկին` Սարիբեկ Սուքիասյանին, բայց բաժնետերն ընդհանրապես պարտապան չէ եւ որեւէ կապ չուներ այս գործի հետ: Սակայն այն հանգամանքը, որ նա հենց բաժնետիրոջը` Ս. Սուքիասյանին է հանդիպել եւ փորձել է հանձնել նրան, խոսում է այն մասին, որ այս գործընթացը, կարծես թե, իրավական հարթությունից դուրս է: Այս գործընթացը քաղաքական ենթատեքստի տարրեր է պարունակում: «Բջնի» ընկերությունը մի քանի բաժնետեր ունի, ինչո՞ւ հենց Ս. Սուքիասյանին պետք է տրամադրվեր այն:

- Ձեր վստահորդները` Սուքիասյանները, բազմիցս հայտարարել են, որ աճուրդը կարող է անվավեր ճանաչվել, որովհետեւ այն կազմակերպվել եւ անցկացվել է օրենքի պահանջների խախտմամբ: Ի՞նչ գործոններ են Ձեզ այդպիսի վստահություն ներշնչում, այն դեպքում, երբ ինքներդ եք ասում, որ Վարչական դատարանում գտնվող ձեր բազմաթիվ հայցերը չեն քննվում:

- Մենք զգում ենք, որ դատական համակարգը, մեղմ ասած, տրամադրված չէ լսելու այս գործերով դատական հայցերը եւ օրինական վճիռներ չենք ակնկալում: Սակայն ՀՀ Սահմանադրության ուժով եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի համաձայն` մենք կարող ենք դիմել Եվրադատարան: Ասեմ, որ արդեն բողոք ենք պատրաստում եւ, հույս ունենք, որ այս հարցը կլուծենք իրավական դաշտում: Ներկայումս այս խնդրի հետ կապված 8 գործ կա դատարանում: Դրանցից մեկով անցել ենք դատաքննության փուլին, երբ հարկադիր կատարողը դիմել էր Մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդին եւ խնդրել էր անվավեր ճանաչել Մտավոր սեփականության գործակալության օբյեկտի իրավունքի փոխանցումը մեկ այլ ընկերությանը: Այսինքն` «Բջնի» ընկերությունն իր ապրանքային նշանը փոխանցել էր մեկ այլ ընկերության, եւ նրանց միջեւ կնքված պայմանագիրը գրանցել էր Մտավոր սեփականության գործակալությունում: Սակայն, վերջինս ընդունել է հարկադիր կատարողի դիմումը եւ անվավեր է ճանաչել իր որոշումը: Ներկայումս, բացի այն, որ բողոքարկվում է գործակալության նշված որոշումը, բողոքարկվում է նաեւ հարկադիր կատարողի` որպես պաշտոնատար անձի գործողությունների իրավաչափությունը: Մենք ասում ենք, որ պաշտոնատար անձը իրավունք չուներ վարչական վարույթ հարուցել վարչական մարմնի դեմ` իրավունք չունի ընկերության անունից դիմելու: Նրա խնդիրը մեկն է` ապահովել վճռի կատարումը, այսինքն` գույքը վաճառել եւ գումարը հանձնել պարտատիրոջը: Սակայն, Մտավոր սեփականության գործակալությունը, ինչպես հետագայում փորձում էր դատարանում պաշտպանվել, հարկադիր կատարողի դիմումը որակել է որպես քաղաքացուց ստացված դիմում: Ընդ որում, նա ներկայացել էր որպես հարկադիր կատարող եւ ԴԱՀԿ կնիքով կնքել էր դիմումը: Ինձ մոտ տպավորություն է, որ պատվերն ընդունելիս դրանք անվերապահորեն եւ անօրինական կատարվում են` ի վերջո պատվիրատուի համար դառնալով արջի ծառայություն: Չէ՞ որ այդ գործերով նախադեպեր են ստեղծվում: Չէ՞ որ վաղը նույն հարկադիր կատարողը մեկ այլ գործով էլ կարող է նույն անօրինական գործողությունը կատարել:

- Ձեր տարածած հայտարարության մեջ թվարկել եք դատարանում գտնվող այն հայցերը, որոնցով փորձելու եք պաշտպանել Ձեր վստահորդների սեփականության իրավունքը դատական կարգով, միաժամանակ նշել եք, որ դրանց քննությունը դանդաղում է: Ի՞նչ քայլեր կարողացաք անել դատարանում, եւ առհասարակ նման դեպքերում, երբ առկա է քաղաքական որոշումը, ի՞նչ կարող է անել փաստաբանը:

- Լինում են գործեր, երբ, իրոք, փաստաբանը կարողանում է ինչ-որ բանի հասնել: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, թե դատարանն ինչպես կարող է ոչ իրավաչափ չճանաչել հարկադիր կատարողի դիմակավորված շոուն «Բջնի» ընկերության տարածքում: Ընդ որում` ասեմ, որ ԴԱՀԿ-ն միամտություն է ունեցել եւ իմ հարցմանն ի պատասխան` ընդունել է, որ նրանք եղել են իրենց ստորաբաժանման օպերատիվ բաժնի աշխատողները: Հիմնականում դժվար է լինում այդ փաստը ապացուցելը, որովհետեւ մենք ունեցանք «Բջնի» ընկերության հետ կապված այլ դատական գործեր, երբ հարցաքննության հրավիրեցինք ոստիկանության աշխատակիցներին եւ նրանցից մեկն, իմ կարծիքով, սուտ ցուցմունք տվեց` ըստ էության ժխտելով, որ «Բջնի» ընկերության համակարգիչներն առգրավելուց հետո տարվել են 6-րդ վարչություն: Մինչդեռ, ես անձամբ նույն մեքենայի մեջ եմ եղել, որով համակարգիչները տեղափոխվում էին ոստիկանության 6-րդ վարչություն: Լինում են դեպքեր, որ փաստաբանն, իրոք, անելիք ունի, թեկուզ այն, որ նյութեր է նախապատրաստում Եվրադատարան դիմելու համար, բայց ամենից առաջ պետք է օգտվել ներպետական բոլոր միջոցներից եւ դրանով փորձել հիմքեր նախապատրաստել Եվրադատարանի համար:

- Հայտնի՞ են Եվրադատարանի նախադեպեր, որոնք Ձեզ վստահություն կներշնչեն, որ ներպետական ատյաններում հաջողության չհասնելուց հետո Ձեր վստահորդների իրավունքները կարող եք վերականգնել Եվրադատարանում:

- Ռուսաստանի Դաշնությունում գտնվող «Յուկոն» ըկերության` ընդդեմ ՌԴ-ի գործը Եվրոպական դատարանն ընդունել է վարույթ, որը նույնպես քաղաքական ասպեկտներով իրականացված դատաքննություն էր: Մենք կարծում ենք, որ օրենքներով երաշխավորված իրավունքներն են խախտվել այստեղ, նույնիսկ հակասահմանադրական օրենք է կիրառվել: Կա օրենք, որում ասվում է` չպետք է խախտվի կամայականության արգելքի սկզբունքը, մինչդեռ այն խախտվել է: «Բջնի» ընկերության հետ կապված, հիշում եք, որ հայտարարվեց, թե գետի հոսող ջուրն է ընկերությունը շշալցում: 2005 թ. դեկտեմբերին ստուգել էին եւ խախտում չէին արձանագրել, իսկ 2007 թ. ստուգել էին, եւ այդ իրավիճակին այլ գնահատական էր տվել, բայց փաստերը նույնն էին, հաշվիչը տեղադրված էր 2005 թ.-ից:

- Ձեր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են` ուղղակի եւ անուղղակի, որպեսզի հրաժարվեք մասնագիտական ծառայություններ մատուցելուց:

- Իմ նկատմամբ ոչ մի ճնշում չի եղել եւ, կարծում եմ, այդ իմաստով առաջընթաց պետք է արձանագրել: Միգուցե անցել են այն ժամանակները, երբ փաստաբանի նկատմամբ ճնշումներ էին գործադրվում: Բոլոր իշխանությունների ժամանակ էլ լինելու են մարդիկ, որոնք պաշտպանվելու կարիք են ունենալու իշխանություններից եւ այս դեպքում, ես կարծում եմ, փաստաբաններին ուղղակի ոչնչացնելը չի բխում հենց իշխանության շահերից: Ի վերջո, միշտ չէ, որ որսորդը հասնում է որսին, գալիս է ժամանակ, որ որսորդն ինքն է որս դառնում: Փաստաբանի դերն այստեղ չեզոք է, նա իրավունքների պաշտպան է, ինձ քաղաքականությունն այս իմաստով ընդհանրապես չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է խախտված իրավունքների վերականգնումը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ