HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիլվային մեղադրել են «թավշյա հեղափոխության» կազմակերպման մեջ

silva

2008թ.-ի հունիսի 26-ին Իրանի կառավարության դեմ «թավշյա հեղափոխության» կազմակերպման փորձում մասնակցության համար ձերբակալվեց իրանահայ Սիլվա Հարությունյանը: Նրան բանտարկեցին, և 2009թ.-ի հունվարի 19-ին դատապարտեցին երեք տարի ազատազրկման:

2009թ-ի հունվարին Իրանի Դատաիրավական իշխանության խոսնակը հայտարարել էր, որ Իրանում թավշյա հեղափոխություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել են չորս անձինք, որոնց թվում խոսնակը նշել էր բժիշկներ Արաշ եւ Քամյար Ալայիների անունները: Ալայի եղբայրները մեղադրվում են ԱՄՆ-ի հովանավորությամբ Իրանում թավշյա հեղափոխություն կազմակերպելու մեջ: Հունվարի 22-ին Իրանում Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունը հրապարակել էր մեղադրյալներից երրորդի անունը` իրանահայ Սիլվա Հարությունյան: Նա մեղադրվում է Ալայի եղբայրների համագործակցությամբ իրանում թավշյա հեղափոխություն կազմակերպելու մեջ: Ալայի եղբայրները դատարանի կողմից դատապարտվել են 6 եւ 3 տարվա ազատազրկման, իսկ Սիլվան դատապարտվեց 3 տարի ազատազրկման: Սիլվան 34 տարեկան է: Նա հայազգի ծագմամբ Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի է: Թեհրանի Ազադ համալսարանում ուսումնասիրել է հայ գրականություն: Սիլվայի ընկերուհի Սելինը, ճանաչելով նրան երկար տարիներ, բնութագրում է Սիլվային որպես սիրող և հոգատար անձնավորություն:

«Նա սիրում էր գրել և ընթերցել համաշխարհային գրականություն, էմոցիոնալ էր և ըմբռնող, ... և շատ ռոմանտիկ: Նա մի ընկեր էր, ով կիսում էր ուրախությունդ և օգնում ծանր ժամանակներում իր լսելու ունակությամբ»,-նշում է Սիլվայի մանկության ընկերուհին:

2000 թվականին` հոր մահվանց հետո Սիլվան ստանձնել է մոր խնամքը և տան կերակրողի դերը:

«Նա կատարել է տարբեր ադմինիստրատիվ աշխատանքներ. դասավանդել է Գրականության հայկական դպրոցում, որպես իրանահայ համայնքի ակտիվ անդամ` կամավորական հիմունքներով հայ-գրականության ուրբաթօրյա դասընթացներ էր անցկացնում ուսանողների համար»,-գրված է www.Free Silva.org` Սիլվայի պաշտպանության համար հարազատների նախաձեռնած կայքում: 2007թ.-ի դեկտեմբերի 1-ից Սիլվա Հարությունյանն աշխատանքի է անցել IREX-Հայաստանի Միջազգային հետազոտությունների և փոխանակման երևանյան գրասենյակում` որպես ծրագրի կազմակերպիչ և տեղափոխվել Երևան:

IREX-ը կազմակերպում է առողջապահության իրանցի մասնագետների միջազգային փոխանակում ամերիկացի գործընկերների հետ:  IREX-Հայաստանի տնօրեն, կրթական ծրագրերի ղեկավար Արինա Զոհրաբյանի փոխանցմամբ, Սիլվան Մոր և երեխայի առողջության ուսուցման և փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում (MCHEEP-ը, կազմավորվել է 2006թ.-ին Իրանի կողմից նախկինում ֆինանսավորվող և մեկ այլ անկախ կազմակերպության կողմից կառավարվող ծրագրի հիման վրա) 2008թ.-ի հունիսի վերջին մասնակիցներին հանդիպելու նպատակով էր այցելել Իրան, որտեղ և նրան ձերբակալել են:

Արինա Զոհրաբյանը նաև հաստատում է, որ Սիլվան բժիշկ չէ: Սիլվայի աշխատանքը ներառում էր 20 իրանցի մասնակիցների աշխատանքների, բյուջեի և ճանապարհորդության  կազմակերպումը:

«Սիլվան մի նուրբ և գթասիրտ անձնավորություն է, ով ցանկանում էր իր աշխատանքի միջոցով օգնել ուրիշներին և զարգացնել իր հայրենի երկիր Իրանը»,- ասում է հայկական արմատներ ունեցող, Լոս Անջելեսի տարածաշրջանի բնակիչ Կլարա Մորադկանը,- Սիլվան աշխատում էր` բարելավելու համար իր և իր ընտանիքի կյանքը, և նա, դժբախտաբար, այսպիսի թյուրիմացության մեջ ընկավ»: Այս գործի ընթացքին հետևելուց բացի, Կլարա Մորադկանը և այլոք փնտրում են տարբեր դիվանագիտական ուղիներ Սիլվային օգնելու համար: Նրանք նամակներ են ուղարկել  Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին: Բողոքարկման գործընթացը ևս արդեն սկսվել է:

Սիլվա Հարությունյանին ազատելու համար հարազատները նախաձեռնել են նաև ստորագրահավաք:  Հատուկ Սիլվայի պաշտպանության և նրա գործունեության նկարագրության ողջ տեղեկատվությունը զետեղված է FreeSilva.org կայքում, որի այցելուները կարող են ստորագրել նաև դիմումը` «Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդներին ուղղված հարգալից խնդրանքով` ազատ արձակելու մեր սիրելի Սիլվա Հարությունյանին»: Նախորդ կիրակի` կայքը մեկնարկելուց հետո դիմումն արդեն հասցրել են ստորագրել 600 մարդ 38 տարբեր երկրներից: www.Free Silva.org միջազգային վեբ կայքը «մեզ կօգնի միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնել Սիլվայի դրությունը և լայնամասշտաբ դիմում նախաձեռնել նրա ազատության համար»,- ասում է Կլարա Մորադկանը` Սիլվայի զարմիկը, ում ընտանիքը հիմնել է կայքը և կազմակերպել առգիծ բողոքարկումը:

«Սիլվայի ընկերները և սիրելիները ուղիներ են փնտրում իմ սիրելի զարմիկին ապահով ազատելու համար: Նա մեր ձայնի կարիքն ունի, և մենք պետք է բարձրաձայնենք,-ասում է նա,- Սիլվայի մայրիկի, ով այժմ Իրանում է, և ընտանիքի մյուս անդամների անունից հայտնում եմ, որ անչափ զգացված ենք հայերի, իրանցիների, ամերիկացիների և այլ երկրների քաղաքացիների օգնության համար, ովքեր արդեն միացել են մեզ»:

«Տասնամյակներ շարունակ Իսլամական Հանրապետությունը ապահովել է իր հայ համայնքի պաշտպանությունն և կրոնական ազատությունը: Սիլվայի ազատ արձակումը կծառայի որպես Իրանի կողմից Քրիստոնյա հայ համայնքի նկատմամբ մեծահոգության ևս մի ապացույց»,-ասում է Մորադկանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter