HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու՞ է ձեւավորվում «որ գրում եք, ի՞նչ է փոխվում» կարծիքը

Հարցազրույց Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում 2008 թ. Լոռու մարզի քրեական իրավիճակը:

-Համեմատած 2007-ի հետ` 2008-ին մարզում տարբեր հանցատեսակներով արձանագրվել է հանցագործությունների աճ, մասնավորապես անձի եւ սեփականության դեմ ուղղված հանցագործություններով: Անձի դեմ ուղղված հանցագործություններով ունենք սպանության դեպքերի աճ: Մենք հանցավոր խմբավորումների պարզաբանումների արդյունքում արձանագրված սպանություններ չունենք, խոսքը վերաբերում է մարզի քննչական մարմինների վարույթներում քննվող քրեական գործերին: Արձանագրվել է սպանության 7 դեպք: Հիմնականում բոլոր սպանությունները կատարվել են կենցաղային հողի վրա: Մարզում արձանագրվել է ընդհանուր հաշվով 731 դեպք` նախորդ տարվա 645-ի դիմաց: Հանցագործությունների դեպքերn աճել են 86-ով կամ 13%-ով: Նշեմ նաեւ, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 84% է: Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը 2008 թ. ամենաբարձրն է եղել Լոռու մարզում` 32 դեպք: Կոռուպցիայի դեմ պայքարում Լոռու մարզն առաջիններից է հանրապետությունում, այդ մասին նշվեց ՀՀ դատախազության կոլեգիայում: Դատախազությունը 2008 թ. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ Հյուսիսային քրեական դատարան ուղարկել է 272 անձի նկատմամբ 273 քրեական գործեր: Դրանցից 255 անձ դատապարտվել է, 1-ը ցմահ ազատազրկվել է:

-Ո՞րն եք համարում 2008 թ. մարզում կատարված ամենացնցող հանցագործությունը:

-Առանձնապես ծանր դեպքերով ես կարող եմ նշել Վանաձորի «Հայփոստ» ընկերությունում հսկիչի սպանությունը, որի համար անձը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Խուլիգանական դրդումներով հանցագործը մտել էր փոստ եւ աշխատանքի ժամին իր մուտքը շենք արգելելու համար հսկիչի պարանոցը կտրել էր: Դրանից հետո մենք ունեցանք նորից առանձնապես ծանր դեպք Սպիտակի տարածաշրջանում` երկու եւ ավելի անձանց սպանության դեպք: Ունեցանք դեպք Ստեփանավանում` կապված քաղաքապետի մասնակցությամբ կրակոցների հետ:

-Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են լինում ապօրինի անտառահատումների մասին: Վերջերս «Չորրորդ իշխանություն» թերթը Դսեղի անտառների զանգվածային ապօրինի հատումները կապում էր հենց ձեր անձի հետ, իսկ շուրջ 8 ամիս առաջ «Հետք»-ում հրապարակված Շնող գյուղի «Շինու Խեչի ձորի» անտառների ընկուզենիները ապօրինի հատողներն առ այսօր մնում են անպատիժ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստերը:

-Ձեր թերթի հրապարակման առթիվ դատախազության կողմից հանձնարարություն էր տրվել ոստիկանությանը եւ քննչական մարմնին` նյութեր նախապատրաստել փաստի առթիվ: Հարուցվեց քրեական գործ` որպես պաշտոնեական դիրքի չարաշահում, ինչպես անտառտնտեսության աշխատակիցների, այնպես էլ Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյանի նկատմամբ, պաշտոնական կեղծիքի հոդվածով, որի նախաքննությունը դեռեւս շարունակվում է: Ձգձգումները հիմնականում կապված են տարբեր փորձաքննությունների կատարման հետ: Ինչ վերաբերում է Դսեղի անտառների ապօրինի ծառահատումներին, հենց առաջին հրապարակումից հետո հունվարին գրավոր հանձնարարել եմ «Հայանտառին» եւ Բնապահպանական պետական տեսչությանը Դսեղի անտառտնտեսությունում ստուգումներ կատարելու եւ արդյունքները դատախազությանը ներկայացնելու համար: Այժմ ստացվել են տեղեկություններ Բնապահպանական պետական տեսչությունից, «Հայանտառից» չի ստացվել, սպասում ենք այդ ակտին: Ստանալուց հետո համապատասխան ընթացք կտանք եւ Ձեր թերթին էլ կտեղեկացնենք: Այս առումով եղան հրապարակումներ, որ Լոռու մարզի դատախազը գեներալների հետ ծառեր է կտրում, չգիտեմ, ամեն ծառից իրեն բերում, գումարներ են տալիս, անհեթեթություն է ուղղակի, ես չգիտեմ` ո՞րն է դատախազին վարկաբեկելու նպատակը:

-Ապօրինի ծառահատումների համար 2008 թ. որեւէ մարդ քրեական պատասխանատվության ենթարկվե՞լ է:

-Դատախազության աշխատակիցների ղեկավարությամբ գիշերով հայտնաբերվել են բազմաթիվ ապօրինի փայտանյութով բարձված մեքենաներ: Բայց ինչու՞մն է խնդիրը. ամենալավ բարձված, ամենամեծ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, ընդունենք բարձված 30 խմ փայտով, դրա արժեքը չի հասնում 400 հազար դրամը: Իսկ օրենքը նախատեսում է, որ վնասը պետք է 400 հազար դրամը գերազանցի, որ առաջացնի քրեական պատասխանատվություն: Նյութերը նախապատրաստվելուց հետո անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Այսինքն` այսօր բոլոր ապօրինի ծառահատողները գիտեն, որ բռնվեն, կվճարեն, կգնան նորից իրենց գործին: Նրանք շատ լավ գիտեն, որ դրա համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվում: Մինչդեռ, եթե հարուցվի քրեական գործ եւ նախաքննություն կատարվի, համոզված եմ` կբացահայտվեն անտառտնտեսության աշխատակիցների չարաշահումներ, որովհետեւ բոլորը գիտեն, որ մեծածավալ անտառահատումներն առանց անտառտնտեսության աշխատակիցների դժվար է կատարվում: Այս մասով մենք առաջարկություն ենք արել օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու համար:

-Որքան էլ դուք կամ ՀՀ դատախազության կոլեգիան գտնում եք, որ կոռուպցիայի դեմ պայքարում Լոռու մարզային դատախազությունը առաջիններից է հանրապետությունում, մարզում իշխում է այն կարծիքը, որ Լոռու մարզային դատախազությունը եւ քննչական մարմինները փորձագիտական ձգձգվող ուսումնասիրությունների քողի տակ, մասնավորապես կոռուպցիոն դրսեւորումների մասին մամուլի հրապարակումներում տեղ գտած փաստերի քննությունը միտումնավոր ձգձգում են այնքան, որ հասարակության կողմից դրանք մոռացվեն, ու հետո փակում են այդ գործերը:

-Եթե քրեական գործով նշանակված է փորձաքննություն, քննիչի կամ դատախազի ամենամեծ ցանկության դեպքում գործի ընթացքը լուծել անհնարին է: Դատախազությունը կամ ոստիկանությունը իրենց համակարգում համապատասխան փորձագետներ չունեն: Հիմնականում մեր փորձաքննությունների ձգձգումը կապված է դատահաշվապահական, շինարարական փորձաքննությունների հետ, որոնք կատարվում են կամ ՀՀ արդարադատության նախարարությունում, կամ փորձագիտական կենտրոնում: Ձգձգումները հիմնականում կապված են փորձագետների ծանրաբեռնվածության հետ:

-Մամուլով ահազանգվող պետական միջոցների յուրացումների մասին նյութերի ուսումնասիրման կամ, ինչպես դուք եք ասում, նախաքննության համար օրենքը չի նշու՞մ որոշակի ժամկետ:

-Օրենքը նախատեսում է ժամկետ, սակայն փորձագետի եզրակացությունը ստանալուց հետո միայն հնարավոր է լուծել դրա հետագա ընթացքը, որովհետեւ դա պահանջում է մասնագիտական գիտելիքներ, լրագրողի տված տեղեկությունները որպես ապացույց նախատեսված չեն, որպես ապացույց նախատեսված է փորձագետի եզրակացությունը:

-Մինչ դատախազությունը սպասում է փորձագետի եզրակացությանը, չարաշահումներ կատարած անձինք, ոգեւորվելով անպատժելիությունից, հոխորտում են լրագրողների դեմ, ինչպես վերջերս Լոռու մարզի Աքորի գյուղի գյուղապետ Կամո Սիմոնյանը: Մարդը պետբյուջեից միլիոնավոր դրամներ է ծախսել, իբր թե տնկարան է կառուցել, մի 2000 մ մոլախոտերով ծածկված տարածք է ցանկապատել` արդեն 2 տարի առանց տնկիների: Բյուջեի 9մլն դրամաշնորհով Կամո Սիմոնյանի` 2008-ին սարքած լիճը խորհրդային տարիներին Աքորու անասնապահական ֆերմայի գոմաղբի հորն է եղել: Շահագործման օրից չի աշխատում Սեդվի-Աքորի ոռոգման ջրատարը, որի վրա նույնպես հսկայական պետական միջոցներ են ծախսվել: Այս եւ այլ համայնքապետերի կողմից կատարված վատնումների ու յուրացումների շատ փաստեր այդպես էլ մնում են առանց իրավական գնահատականի: Իսկ Կամո Սիմոնյանը մեզ հարցնում է. «Որ գրեցիք, ինձ ի՞նչ արին»: Չեք կարծում, որ դատախազության կողմից նման գործերի ձգձգումները վտանգում են լրագրողի ոչ միայն անձը, այլեւ ձեւավորում են են հասարակական կարծիք` «որ գրում եք, ի՞նչ է փոխվում»:

-Ինչ վերաբերում է Աքորիին, թերթի հրապարակումն անմիջապես ուղարկվել է նախաքննական մարմին` նյութեր նախապատրաստելու: Ես պաշտոնապես հայտնում եմ, որ Աքորիի գյուղապետի գործը դեռ փակված չի, փորձաքննության ընթացքի մեջ է: Ձեզ ասեմ, որ բոլոր հրապարակումներում եղած ահազանգերը ես պահում եմ իմ հսկողության տակ, իսկ Ալավերդու գերեզմանոցի հետ կապված հրապարակումից հետո ես անձամբ եղել եմ գերեզմանոցում` տեղում տեսնելու իրավիճակը, այցելել եմ Սանահինի մոտ կառուցած զուգարանը: Գերեզմանոցի գործը փակված չի:

-Իսկ 2008 թ. մամուլի հրապարակած նյութերով դատախազության կողմից որեւէ գործ ուղարկվե՞լ է դատարան:

-Բազմաթիվ գործեր ունենք դատարան ուղարկված, Թումանյանի տարածաշրջանից այսօր դատական փուլում է գտնվում Ախթալայի նախկին քաղաքապետի վերաբերյալ քրեական գործը:

-Ի դեպ, այս գործի մասին, կարծում եմ, Ձեզ կհետաքրքրի տարածաշրջանի հասարակական կարծիքը: Քանի որ այստեղ խոսքը 1,2մլն դրամի մասին է, որը փոքր գումար է մամուլում հրապարակված մեծ չարաշահումների համեմատ, որոնք կատարվել են տարածաշրջանի մյուս համայնքապետերի կողմից: Ժողովուրդը խոսում է, որ Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանը, ի տարբերություն այլ համայնքապետերի, իրավապահներին գումար չի տվել, որի պատճառով էլ դատախազությունը էս մեկի փորձագիտական եզրակացությունը ոնց որ արագ է ստացել ու դատարան ուղարկել:

-Ժողովրդի էն կարծիքը, որ իրավապահ մարմիններին գումար չի տվել, ուղղակի անհեթեթություն է: Իմ կարծիքով` եթե, այ, ժողովուրդը օբյեկտիվ քննարկեր իրավապահ մարմինների աշխատանքը, մասնավորապես Ախթալայի նախկին քաղաքապետի հետ կապված, ապա, ես նշում եմ, թե ինչն է եղել մեղադրանքը: Նախ` որ մեքենան գնվել է շուկայականից ավելի բարձր գնով, եւ այդ գումարները նպատակային չեն ծախսվել: Իսկ մյուս համայնքների հետ կապված բոլոր հաղորդումների, բոլոր ահազանգերի, բոլոր օպերատիվ ստացված տվյալներով նյութերը նախապատրաստվում են: Ժողովրդից, այդուհանդերձ, նման խոսակցություններ ինձ չեն հասել, որ իրավապահները մեկի չարաշահումը բացահայտեն, մյուսինը` թաքցնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter