HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Մանգասարյան. «Պետք է նկարել այն դեպքում, երբ չես կարող չնկարել»

Ռուբենի մասին պատմում են նրա ընկերները և գործընկերները

«Պատկեր» ստուդիայի հիմնադիր, բազմաթիվ մրցանակների եւ միջազգային մամուլում հրատարակված գործերի հեղինակ, տեղական և միջազգային մրցանակների արժանացած Ռուբեն Մանգասարյանի ընկերները չեն հավատում, որ նա այլևս չկա:

Ռուբեն Մանգասարյանը ծնվել է 1960 թվականի հունիսի 29-ին, Երեւանում: Մոտ 25-ամյա փորձ ունեցող ֆոտոլրագրողի նկարները պատկերում են Հայաստանի անցած պատմական ճանապարհը, նրա ողբերգական և ծանր տարիները` Սպիտակի երկրաշարժ, Ղարաբաղյան շարժում, պատերազմ, սոցիալական ծանր իրականություն, Հայաստանի անկախացում, հայ-թուրքական հարաբերություններ և այլն: Ռ. Մանգասարյանը հեղինակ է մի քանի տասնյակ լուսանկարչական ռեպորտաժների, որոնք տպագրվել են «Թայմս», «Բոստոն Գլոբ», «Ֆիգարո», «Ջեո Կորեա», «Նյու-Յորք Թայմս», «Ֆոկուս» և մի շարք այլ  պարբերականներում: Նա համագործակցել է «AP», «Ֆրանս-պրես», «Ռոյթերս», «Իտառ-Տասս», «Ռիա-Նովոստի» և այլ գործակալությունների հետ: Ռուբեն Մանգասարյանը կապեր ուներ աշխարհի տարբեր երկրների ֆոտոլրագրողների հետ: Նույնիսկ իր ուսանողներին տարբեր ծրագրերի շրջանակներում իր հետ տարել է տարբեր երկրներ: Այդպիսի ծրագրերից էր «Մեհրաբարև»-ը: Ռուբեն Մանգասարյանին հաջողվել էր ձեռք բերել ամերիկյան նշանավոր «National Geographic Traveler» հանդեսի հայաստանյան տարբերակը հրատարակելու իրավունքը: Նկարազարդ հանդեսի 2 համար արդեն լույս էր տեսել, պատրաստվում էր նաև 3-րդը համարը` նվիրված Հայաստան-Թուրքիա սահմանամերձ շրջաններին: Սակայն վաղաժամ մահն ընդհատեց Ռուբենի բոլոր ծրագրերը: Ռուբեն Մանգասարյանի երկար տարիների ընկեր, «Կոլաժ» գործակալության տնօրեն Աշոտ Մուրադյանը հույս ունի, որ համատեղ ուժերով ու ջանքերով կկարողանան շարունակել Ռուբենի սկսած գործը: Երրորդ համարը գրեթե պատրաստ է հրատարակման, «բայց քանի դեռ տպարան չի մտել, պետք է աշխատել դրա վրա, որպեսզի վատը չլինի և չզիջի նախորդներին»,- ասում է Աշոտ Մուրադյանը:

Մաքս Սիվասլյան. «Ռուբենը կյանքը տվեց ֆոտոլրագրությանը»

Ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Սիվասլյանը մոտ 15 տարի է` ճանաչում է Ռուբենին: Երբ Ֆրանսիայից նոր էր ժամանել Հայաստան, ծանոթացել է Ռուբենի հետ, և մինչև նրա մահը մտերմիկ հարաբերություններ են պահպանել: 30_03-r_mangasaryan-1

«Ռուբենը անսահմանորեն նվիրված էր լուսանկարչությանը: Աշխատում էր եռանդորեն: Ինձ շատ է դուր գալիս Ռուբենի «Սև կյանք» շարքը, շատ տպավորիչ է: Ռուբենն ընկերության մեջ նախանձություն չուներ, որը բնորոշ է բոլորին և հատկապես ֆոտոլրագրողներին, Ռուբենն ազատ ու անկեղծ էր և չուներ այդ նախանձությունը: Նա աշխատում էր հիմնականում մարդկային ողբերգության թեմաների վրա` երկրաշարժ, պատերազմ, սոցիալական ծանր վիճակ և այլն: Նա ուզում էր ցույց տալ և ցույց էր տալիս այդ ամենը շատ էմոցիոնալ: Նրա նկարներում երևում էր ժողովրդի ցավը: Ռուբենի մահը մեծ կորուստ էր մեր համար: Ռուբենը շատ բան արեց ֆոտոլրագրության համար, նա կյանք տվեց ֆոտոլրագրությանը և դեռ շատ անելիքներ ուներ: Ռուբենը նկարում էր դասական ոճով, սկսել էր սև-սպիտակով, հետո անցավ գունավորին: Անշուշտ, Ռուբենը բարձրացրեց հայաստանյան ֆոտոլրագրությունը այլ մակարդակի: Նա աչք ուներ, էլ չեմ խոսում տեխնիկայի մասին: Ֆոտոյի համար պետք է սեր, էմոցիա ունենալ, նա այս սերը, էմոցիան և կիրքը փոխանցել է նաև իր ուսանողներին: Նրա ուսանողների քննության ժամանակ ես տեսա Ռուբենի սերը, սիրտը, զգայունակությունը: Ռուբենի նկարներից շատերն են տպավորիչ եղել, օրինակ ղարաբաղյան նկարներից` զինվորի նկարը առանց շորերի, դիակի նկարը և այլն: Ֆանտաստիկ էր նրա ռեպորտաժը եզդիների մասին, որոնք գնում են դեպի Արագած»,-պատմում է Մաքս Սիվասլյանը:

Զավեն Խաչիկյան.  «Ռուբենին պետք է պարզության մեջ փնտրել»

«Մի 100 տարի ճանաչում եմ Ռուբոյին: Չեմ հիշում` ինչպես ենք ծանոթացել, երբ ապրում ես` չես հարցնում, թե` էդ ո՞նց»,- մեր հարցին, թե որքան ժամանակ է ճանաչում Ռուբեն Մանգասարյանին, Զավեն Խաչիկյանն այսպիսի պատասխան տվեց: 30_03-r_mangasaryan-2 «Հաճախ միասին էինք, գրեթե նույն միջավայրն էր: Շատ ճանապարհներ միասին ենք անցել: Տղերքը կողքից հումորով ասում էին` «ֆոտոգրաֆիկ զույգ» եք: Ռուբոն ճանապարհի անփոխարինելի ընկեր էր»: Զավեն Խաչիկյանն ասում է, որ իրենց լուսանկարչական  արխիվները տեղ-տեղ շատ մոտ են, քանի որ հաճախ միասին էին լուսանկարում: «Այնպես չէր, որ ես ստեղծեի, ինքը «չխկացներ», կամ ինքը ստեղծեր` ես «չխկացնեի», եթե ինձ մոտ լայնանկյուն օբյեկտիվ էր, ապա իր մոտ` տելեօբյեկտիվ, եթե ես ասում էի` սև-սպիտակ ժապավեն, նա ասում էր` գունավոր: Այդ իմաստով «հակառակորդներ» էինք: Երբ երկուսով էինք, մեր շուրջը ձևավորվում էր մի միջավայր, ուր արարվում էին լուսանկարներ: Ումն էին դրանք` իմը, թե իրենը, հիմա առավել ևս կարևոր չէ: Ռուբոն բավականին մեծ արխիվ ունի:  Նա ավելի շատ news-ի դաշտում էր աշխատում, նա ֆոտոլրագրող էր: Հիմա Ռուբեն Մանգասարյանը շատ ալբոմներ պետք է ունենար: Նա չէր ճոռոմացնում կյանքը: Ռուբենին պետք է պարզության մեջ փնտրել, նրան նկարագրելիս բարդ ու ճոռոմ բառեր պետք չեն: Ռուբենը սիրում էր շատ մտերիմներ ունենալ: Իսկ ամենաշատ սիրում էր դոկումենտալ լուսանկարչությունը: «…որովհետև ձեզ հետ միասին մենք բոլորս Նոյից ենք ելել ու Նոյն ենք, և շատ հնարավոր ու անխուսափելի է, որ օրերից մի օր նոյաբար, գինով ու ընկած լինենք, և մեր «բարիքները» անպարկեշտորեն թափթփված լինեն, և պարկեշտությունը պահանջվի ոչ մեր անօգ ընկած բարիքից, այլ մեր որդիների աչքից ու վարքից»,- Հրանտ Մաթևոսյանի այս տողերով կարելի է բնորոշել Ռուբենին` ասում է Զավեն Խաչիկյանը և հավելում, որ այն, ինչ ստեղծվել է Ռուբենի կողմից, մնայուն է: «… 1992 թ. Ստեփանակերտի հյուրանոցի` Աղդամ նայող պատշգամբում նստել ու սուրճ էինք խմում, մեկ էլ թուրքերը սկսեցին գնդակոծել, նայեցինք իրար, երևի մտածեցինք` թաքնվել, թե… Հետո շարունակեցինք սուրճ ըմպել, մի երկու հատ էլ ռմբակոծեցին, շարունակում էինք սուրճը, մի քանի րոպե... ու հասկանում ես այն, ինչ մարդիկ ամիսներ շարունակ սթրես էին տանում ռմբակոծվող գյուղաքաղաքներում»,- պատմում է Ռուբեն Մանգասարյանի երկար տարիներ ընկեր, լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը:

Սոնա Համալյան. «Հայաստանը կորցրեց պատերազմի ամենալավ դոկումենտալ նկարչին»

«Ես Հայաստանը սիրեցի Ռուբենի նկարների պատճառով»,- ասում է Սոնա Համալյանը, ով ծանոթացել է Ռուբենի հետ 1991 թ.-ին, երբ եկել է Հայաստան: «Մեր այսօրվա ղեկավարները չեն արժևորում լուսանկարները, բայց ֆոտոն է, որ Հայաստանին արժեք է տալիս: Ես ամբողջ Ղարաբաղի պատերազմը ապրեցի ու զգացի Ռուբենի ֆոտոների միջոցով: Ամբողջ Հայաստանը ես շրջել եմ Ռուբենի և Զավենի հետ: Ես անընդհատ մտածել եմ, թե մարդ այսքան էլ կապված լինի հողին, ինչքան Ռուբենը: Եթե Ռուբենը և Զավենը չլինեին, ես չէի սիրահարվի Հայաստանին: Ամեն ինչին համ ու հոտ էր տալիս, ես չեմ ուզում հուշերով ապրել, ես ուզում եմ ինքս ինձ խաբել, որ Ռուբենը կա»,- ասում է Սոնա Համալյանը: 30_03-r_mangasaryan-3 «Շատ եմ հավանում Ռուբենի Ղարաբաղյան պատերազմի լուսանկարները, ինձ համար ցնցող նկար էր վանդակի մեջ գերի ադրբեջանցու լուսանկարը: Ռուբենը խոսել էր այդ գերու հետ և ինձ ասաց, որ ամեն ինչ մի կողմից նայել պետք չէ, որ նա գերի է, իրեն սպասող քույր ունի, ընտանիք ունի: Երբ գնում էր մի տեղ, օրինակ` պատերազմ, ամբողջ պատերազմն իր մեջ կզգայիր, այդ իմաստը կար նրա լուսանկարների մեջ: Հայաստանը կորցրեց պատերազմի ամենալավ դոկումենտալ նկարչին, ես չգիտեմ, իրենք լուր ունեն Ռուբենի մահվան մասին»: «Հայաստանում լուսանկարչությունը տեղ չի գրավում, Ռուբենի արխիվները ապշեցուցիչ են, հուսամ` մեկը կմտածի գիրք ստեղծել Ռուբենի աչքերով տեսած Հայաստանի նկարներով: Ռուբենի նկարներում համարձակություն կար: Սև ու սպիտակ նկարների մեջ` գույն, կոլորիտ և ուժ կար: Ռուբենի նկարներում իրականությունն էր: Իր ամեն մի լուսանկարը հազար կյանքի պատմություն արժեր: Ռուբենի նկարներում պատկերվում են Հայաստանի իրադարձությունները ամբողջ թելով` երկրաշարժից Ղարաբաղյան պատերազմ, անկախություն: Նրա նկարները կարծես թե ասում են` օտարներին Հայաստանը միայն Գառնի-Գեղարդով մի ներկայացրեք, այլ ներկայացրեք չտեսնված Հայաստանով: Ռուբենը համեստ էր, բայց տարբեր երկրներից Հայաստան այցելող լուսանկարիչները փնտրում էին Ռուբենին»: Սոնա Համալյանը զարմացած է, որ երբ Ռուբենը սկսել էր խմբագրել «National Geographic Traveller» հանդեսը, նրան պետական ոչ մի աջակցություն չէր ցուցաբերվում: Ռուբենն այդ ամենը կարողացավ անցնել: Իսկ առաջին համարի անվանման համար տիկին Սոնան առաջարկել է խորագիր` «Անտեսանելի Հայաստան», սակայն Ռուբենն այն ավելի լավ է ձևակերպել` «Չտեսնված Հայաստան»: Տիկին Սոնան ասում է, որ իսկապես, նա կարողանում է աշխարհին ցույց տալ թաքնված Հայաստանը, դեռ չտեսնված Հայաստանը: «Ամեն անգամ, երբ ծանոթացնում էի իմ ընկերներին Ռուբենի հետ, նրան կատակով ներկայացնում էի որպես Հայաստանի թիվ 2 լուսանկարիչ, առաջինը Զավենին էի ասում: Ռուբենը դա որպես կատակ էլ ընդունում էր և ավելացնում, որ ինքը շատ ուրախ է` լինել 2-րդը, որովհետև առաջինը լինել ցանկացողները շատ են, իսկ երկրորդ` քիչ կա: Բայց նրանք ինձ համար հավասար արժեք են, ես պարզապես կատակում էի»,- հիշում է Ս. Համալյանը: «1991 թ.-ին մենք «Բամբասանքի ակումբ» հիմնեցինք երեք հոգով` ես, Զավենը և Ռուբենը: Մենք բամբասում էինք իրարից. Զավենը և Ռուբենը կարող էին հանգիստ ինձնից բամբասել, ես ու Զավենը` Ռուբենից, Ռուբենը և ես` Զավենից: Եթե Զավենն իմանա, թե որքան ենք իրենից բամբասել…Մի անգամ էլ Ռուբենը մեր ներքին բամբասանքը դուրս էր հանել, մենք նրան ժամանակավոր հանեցիք մեր ակումբից, բայց հետո մի լավ բամբասանք բերելու համար նորից ետ ընդունեցինք,- կատակում է տիկին Սոնան և շարունակում,- մենք բամբասանքի ակումբ ստեղծեցինք միայն այն պատճառով, որ Հայաստանում բամբասանքը շատ վատ կերպով էր արվում: Մենք ուզեցինք բամբասանքին տալ բարի բնույթ: Մենք ուզեցինք մարդկանց ցույց տալ, որ  կարելի է համով-հոտով բամբասանք անել, և ոչ թե իրար վատաբանել: Մենք հասցրեցինք բամբասանքը արվեստի մակարդակին: Օրինակ` Ռուբենը կամ Զավենը ինձ «Ֆոտո բամբասանքներ» էին ուղարկում առանց բառերի»:

Վահան Իշխանյան. «Լուսանկարիչ ու Ռուբո իմ պատկերացման մեջ նույնանում են»

«Նայում եմ Ռուբոյին դագաղի մեջ պառկած, աչքս չեմ կարում կտրեմ, նույն Ռուբոն, քնած, աչքերը փակ, բայց ինչ-որ բան էն չի, իմ ճանաչած Ռուբոյից տարբեր ա: Ի՞նչն ա տարբեր: Չեմ հասկանում: Սենյակից դուրս եմ գալիս, Ռուբոյի պատկերը հետս, ու արա~, իմացա, Ռուբոն կոստյումով էր, առաջին անգամ Ռուբոյին տեսնում եմ կոստյումով: Ինչքա~ն խորթ ա կոստյումը Ռուբոյին: Նա միշտ ժիլետով ու ջինսով էր, եթե դագաղում էլ ժիլետով լիներ, չէի ասի, թե մահացած ա»,- իր բլոգում գրում է լրագրող Վահան Իշխանյանը: «Լուսանկարիչ ու Ռուբո իմ պատկերացման մեջ նույնանում են, ոչ թե Ռուբոն ամենալավ նկարիչն ա, կամ մեկից լավը, մյուսից վատը,  չէ, խոսքը լավի ու վատի մասին չի, Ռուբոյի իմիջը հենց իմ պատկերացրած լուսանկարչինն ա, նրա կյանքի բոլոր դետալները` կարթը, ջիպը, նախկին լաբորատորիան` կասկադում, անլուսամուտ խուցը, ուր պլյոնկեքն էր պռայավկա անում ու նկար տպում, հետո ցիֆրավոյ ֆոտոն, կոմպերը, քեմըլը, օղին ու լուսանկարներ, լուսանկարներ` Աֆրիկա` ծովի ափին սևամորթ տղան պպզած, պատերազմը` ամենատարբեր դեմքեր, կրակ ու մահ, հեղափոխություն` 88, 90, 96 թվեր»,-գրում է Վահան Իշխանյանը:

Աշոտ Մուրադյան. «Ռուբենն ասում էր` պետք է նկարել այն դեպքում, երբ չես կարող չնկարել»

«Ինչ սովորույթներ ուներ Ռուբեն Մանգասարյանը» հարցին լուսանկարիչ, «Կոլաժ» գործակալության տնօրեն Աշոտ Մուրադյանը պատասխանում է՝ «все свое ношу с собой», իսկ երբ ուզում էր մենակ մնալ, ասում էր` «а теперь уxодите, это мой колодец»: Աշոտ Մուրադյանը Ռուբենին ճանաչում է 1983 թ.-ից, երբ Ռուբենն աշխատում էր «Երևան» ստուդիայում` որպես լուսանկարիչ, իսկ ինքը գնացել էր պրակտիկայի: Շատ շուտ են սկսել ընկերություն անել: Սովետական տարիներից լուսանկարել են միասին: Եվ քանի որ լուսանկարչությունը չի սիրում տեղում մնալ, իրենք անընդհատ շարժման մեջ էին, շատ տեղերում են եղել միասին: 30_03-r_mangasaryan-5 «Ժուռնալիստիկայի բնագավառում Ռուբենը շատ բանի հասավ, շատ լավ արխիվ ունի:  Ցավոք, Ռուբիկի նկարներն այն ձևով, այն տեղում չեն ցուցադրվել, որին արժանի էին այդ նկարները և իր ողջ արխիվը: Միանշանակ հայ ֆոտոլրագրողներից Ռուբենը լավագույններից մեկն էր: Պրոֆեսիոնալիզմը միայն կոնկրետ լուսանկարչություն անելը չի, այլ նաև այդ ոլորտում կատարած աշխատանքի քանակն է: Ես ցնցվել էի «Սև կյանք» շարքից: Բայց ինքն էլ էր ցնցված այդ շարքից, մենք հույսեր ունեինք, որ այն կգրավի որևէ գլխավոր մրցանակ «Wordpress»-ի մրցույթում, բայց, ինձ թվում է, այդ շարքը ոչ թե չգնահատվեց, այլ չնկատվեց: Չեմ կարող ասել, թե որն է ավելի ճիշտ պրոֆեսիոնալիազմի առումով` սկզբից վազել նկարել, թե` վազել օգնել, բայց Ռուբիկը սկզբից վազել օգնել է, հետո նոր նկարել: Ռուբիկի նկարներում առաջին պլանի վրա է սոցիալական ու ռեալիստական ինֆորմացիան` իրադարձությունը: Կա շատ լավ տեսարան, և կա միջին տեսարան, բայց ինքը երբեք միջինը չէր նկարում: Ռուբենն ասում էր` պետք է նկարել այն դեպքում, երբ չես կարող չնկարել: Մենք, ընկերների հետ միասին, կատակով ասում էինք, որ ինքը գիտի օբյեկտիվի մեջ եղած գծերի կամ կետերի քանակը, դա nonsense է, քանի որ խոսքը միլիոնավոր գծերի ու կետերի մասին է, բայց մենք այդպես էինք ասում»:

Կարեն Միրզոյան. «Ռուբենը երբեք չէր մտածում Հայաստանից գնալու մասին»

«Մենք չունենք շատ ֆոտոլրագրողներ և եթե նայեինք, օրինակ, Ղարաբաղյան շարժման տարբեր լուսանկարներ, միանգամից կարելի է ասել, որ սա Ռուբոյի նկարներն են: Ռուբենի մոտ տարբեր ուղղություններ կային. սկզբում նա նկարում էր սև ու սպիտակով, վերջերս այլևս երբեք սև ու սպիտակով չէր նկարում, միայն գունավոր ու թվային էր նկարում: Մեծ ուշադրություն էր դարձնում սոցիալապես անապահով ընտանիքներին: Շատերը միգուցե քննդատում էին նրան, որ այդպիսի նկարներ էր նկարում, բայց, իմ կարծիքով, ճիշտ է ժողովրդին ներկայացնել, թե ինչ է կատարվում երկրում, որ մարդիկ ռեալ հասկանան իրականությունը: Բայց ինքը չէր նկարում մի վատ ընտանիք և անցնում մեկ ուրի‎շ ընտանիքի: Ռուբենը հասցնում էր նրան, որ այդ ընտանիքին որևէ ձևով օգնեն: Ինքը մի ընտանիք նկարում էր 4-5 տարի: Այնքան էր նկարում, որ այդ ընտանիքը որոշ չափով բարելավվի: Դա կարևոր է և քիչ է զարգացած Հայաստանի ժուռնալիստիկայում: Եթե դու մտնում ես մի տուն, պետք է հասկանաս, որ քո ետևից գալիս է ուժ կամ դու պիտի ունենաս ուժ, որպեսզի պատասխան տաս, թե ինչի համար ես մտել այդ ընտանիք, և իրենց նկարել ես ոչ թե քո հաճույքի, այլ նրանց օգնելու համար»,- պատմում է լուսանկարիչ Կարեն Միրզոյանը: Նա վերջին շրջանում Ռուբենի հետ վարում էր ֆոտոլրագրության դասընթացը Կովկասի ինստիտուտում: 30_03-r_mangasaryan-4 Կարենի կարծիքով` Ռուբենի լուսանկարներում ամեն ինչ տեխնիկապես «տեղը տեղին էր», նրա լուսանկարները պրոֆեսիոնալ էին, իսկ վերջին նկարներում նկատվում էին նմանություններ Կարավաջոյի գործերի հետ` գունային առումով, թեկուզ, օրինակ, «Սև կյանք» շարքը: «Այդ նկարները շատ ուժեղ են արված ու նման են 17-րդ դարի նկարչությանը: Նրա գունավոր նկարները նայելիս երևում է, որ ինքը նկարիչների ընտանիքից է դուրս եկել: Հայաստանը կորցրեց ակտիվ, խելոք գործչի, մարդու, որն ուներ գաղափարներ և դրանք կամաց-կամաց իրականացնում էր: Երկրաշարժ, պատերազմ, անկախացում, ազատության թեմա, Երևանի բարելավումը, գեղեցկանալը. այս թեմաներն են եղել Ռուբենի արխիվում, սակայն, դրան հակառակ, նա նկարում էր սոցիալական անապահով շերտին: Հետո սկսվել է համագործակցությունը թուրք ֆոտոլրագրողների հետ: Նա արդեն դասավանդում էր, կուրս ուներ ու ավելի քիչ էր նկարում: Բայց քիչ նկարելը նրան ավելի մտածված նկարելու հնարավորություն էր տվել: Նա հասկացավ, որ ժամանակն է, որ ինքը մեծ պատմություններ նկարի, սկսվել էր «Մեհրաբարև» ծրագիրը, հետո ինքը մի այլ ծրագիր էր անում թուրք լրագրողի հետ` սահմանի նկարները: Ռուբենն արդեն ֆիքսվել էր այդ թեմայի վրա, ուրիշ թեմաներով գրեթե չէր նկարում: Ռուբենն այն մարդկանցից էր, որ երբեք չէր մտածում Հայաստանից գնալու մասին, մտածում էր Հայաստանում մեծ գործ անելու մասին:  Մեծ կապեր ուներ դրսի աշխարհի ու հայտնի ամսագրերի հետ: Մենք դրսից արդեն շատ նամակներ ենք ստացել, որտեղ ասում են, որ իրենք կորցրել են կապը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի հետ»,- պատմում է Կարեն Միրզոյանը: Կարենը եղել է նաև Ռուբենի ուսանողը: Ռուբեն Մանգասարյանից նա մեծ փորձ է ձեռք բերել թե' դրսում աշխատելու, թե' արտերկրում եղած ժամանակ տարբեր հարցեր կարգավորելու գործում: Չնայած Կարենը նշում է, որ ինքը և Ռուբենը տարբեր տեսակետներ ունեն լուսանկարների վերաբերյալ, և երբեմն Ռուբենը չէր ընդունում Կարենի նկարները, որովհետև վերջինս ավելի շատ տեխնիկական ասպեկտների վրա է հիմնվում, բայց ընկերական հարաբերությունները դրանից չէին տուժում: «Ես իր կուրսում էի, բայց շատ քիչ էի գալիս դասերին»,- կատակով խոստովանում է Կարենը:

Լորանս Ռիտտեր. «Մենք զգում ենք Ռուբենի պակասը»

Ռուբեն Մանգասարյանը 2002 թվականից Կովկասի ինստիտուտում ղեկավարում էր ֆոտոժուռնալիստիկայի դասընթացները: «Ռուբենն անընդհատ զբաղվում էր իր ուսանողներով, փորձում էր միշտ նոր ծրագրեր իրականացնել և իր ուսանողներին էլ ընդգրկել այդ ծրագրերում: Մենք զգում ենք Ռուբենի պակասը և' որպես ֆոտոլրագրող, և' որպես  դասախոս, և' որպես ընկեր: Ռուբենը շատ հեշտ շփվող մարդ էր, միշտ ուներ համապատասխան անեկդոտ: Ռուբենը սիրում էր ձկնորսություն, սիրում էր ազատություն, բնություն, Հայաստանը»,- ասում է Կովկասյան ինստիտուտի լրագրության բաժնի ղեկավար Լորանս Ռիտտերը: Նա արդեն 4 տարի է աշխատում էր Ռուբենի հետ: Թե ինչպես է դասավորվելու Ռուբեն Մանգասարյանի ֆոտոլրագրության դասընթացի ճակատագիրը` դեռևս անհայտ է, քանի որ ամբողջը կարգավորում և համակարգում էր հենց ինքը` Ռուբեն Մանգասարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter