HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

«Ես ցավում եմ, որ այդ մարդը հիվանդ է, ես կարող էի նրան շանտաժի համար դատի էլ տալ»

Փարավոն Միրզոյանը պատասխանում է «Հետքի» հարցերին

2011 թ. նախատեսվու՞մ է Սերգեյ Գասպարյանի ցուցահանդեսը պատկերասրահում:

Ինչ վերաբերում է Սերգեյ Գասպարյանին, մենք տարիներ առաջ ստացել ենք աշխատանքներ, այդ բոլոր աշխատանքները գտնվում են Ազգային պատկերասրահում, դա տեղաշարժել հնարավոր չէ: Մենք կազմակերպում ենք ցուցադրություն: Նա մի քանի անգամ, տգետ լինելով, եւ չեմ ուզում ավելի կոպիտ բառեր ասել, դիմել է Կառավարություն, հանձնաժողովը եկել, նայել է, տեսել է, որ այդ աշխատանքները տեղում են, դիմել է դատախազություն, իրեն պատասխանել են, գիտեն, որ ինքը հոգեկան հիվանդ է, ես էլ գիտեմ: Երբ մենք այդ աշխատանքներն ընդգրկել ենք, ես 3 ամիս նրան ընդունել եմ աշխատանքի, վճարել եմ, ինքը միանշանակ ավելի լավ գիտի, այդ մարդը այդտեղ աշխատել է, այն ժամանակ հիվանդ չի եղել էլի այդքան երեւի: Աշխատել է, ընդգրկվել է, ինքը դրա համար վճարվել էլ է: Հետո այդ աշխատանքներից, հենց իր ընտրած աշխատանքներից, մինչեւ այսօր էլ ցուցադրվում են Ազգային պատկերասրահի համապատասխան սրահներում:

Նա պնդում է, որ դրանք փոխարինված են:

Իրենն են, բա ո՞ւմն են: Դա ծիծաղելի է: Դատախազությունը, Կառավարությունը, մշակույթի նախարարությունը, իմ կողմից հսկողություն է եղել, աղամանը ո՞վ պիտի փոխի: Դրա իմաստը ո՞րն է:

Կարո՞ղ է գալ, անձամբ համոզվել, որ իր աշխատանքներն են:

Եկել է 3-4 անգամ:

Վերջին անգամ ե՞րբ է եկել:

Մի քանի ամիս առաջ: Մշակույթի նախարարության Նորա Դայանի հետ միասին եկել են, բացել են, տեսել են` ինչ վիճակում են ցուցադրվում, ֆոնդերում ոնց են դրված:

Սերգեյ Գասպարյանին ուղղված նամակի վերջում մշակույթի նախարարը նշել է, որ 2011 թ. նախատեսվում է կազմակերպել այդ աշխատանքների ժամանակավոր ցուցադրություն:

Խնդրեմ, թող ֆինանսավորեն:

Դուք տեղյակ չե՞ք:

Չէ, ես այդ մասին Ձեզանից եմ լսում առաջին անգամ: Եթե այդպիսի որոշում է եղել, մենք պատրաստ ենք ցուցադրելու: Ես ցավում եմ, որ այդ մարդը հիվանդ է, ես կարող էի նրան շանտաժի համար դատի էլ տալ, բայց գիտեմ, որ իմ կոլեգան է, ես լավ եմ վերաբերվում բոլորին, եւ անհարմար է, որ ես իրեն դատի տամ զրպարտելու համար: Նա մի քանի անգամ բուժվել է, եւ այսօր Ազգային պատկերասրահի կամ Փարավոն Միրզոյանի անձի մասին նման բան ասել` բոլորը գիտեն, որ հիմարություն է: Ես ուղղակի ցավ եմ ապրում, որ այդ մարդը վատառողջ է:

Վարչապետի վերահսկողական ծառայության ստուգումներից հետո պատկերասրահում խախտումներ արձանագրվե՞լ են:

Այս տարիներին մի յոթ անգամ տարբեր ստուգումներ են եղել, ոչ մի անգամ չի արձանագրվել որեւէ խախտում:

Պատկերասրահի մասնաճյուղերում անվտանգությունը ապահովվա՞ծ է:

Մենք հիմա արդեն այպես չենք անում, ինչպես առաջ: Մենք հիմա հանձնում ենք ոստիկանությանը: Սիգնալիզացիան միացվում է, եւ պահպանությունը հանձնվում է տեղի ոստիկանությանը:

Ինչպե՞ս է ստացվել, որ Այվազովսկու կրկնօրինակ է եղել Հրազդանի մասնաճյուղից գողացված նկարների թվում:

Չէ, դա էդպես էլ եղել է, միշտ:

Իսկ ուրիշ կրկնօրինակներ շատ կա՞ն:

Ոչ: Դա կրկնօրինակություն չի, դա… գիտես, մեկը կոպիա է արել, էլի, դա էն չի, որ ասենք չիմանաս` դա ի՞նքն է, թե՞ ինքը չէ:

Բայց մարդիկ կարծում էին, որ իսկական Այվազովսկի է եղել:

Չէ, գրել են, լրագրողներն են գրել, որ դա Այվազովսկի է:

Մյուս մասնաճյուղերո՞ւմ էլ այդպիսի կոպիաներ կան:

Ոչ:

Պատկերասրահի գլխավոր շենքում էլ չկա՞ն:

Նման բան անհնար է:

Բա ինչպե՞ս է Այվազովսկին եղել:

Բանն այն է, որ մենք կարող ենք ուրիշ բան մտածել: Արվեստաբանները երբ ուսումնասիրում են, պարզվում է, որ նման աշխատանք նկարիչը երկու վարիանտ է նկարել: Ախր, ժողովուրդը շատ հեշտ է էլի պատկերացնում` պատկերասրահում բերել, կոպիան կախել, տենց բան չկա:

Այսի՞նքն` երկու տարբերակ է նկարել:

Այո, կա նման բան: Օրինակ` Ռոդենի քանդակը, որը հիմա ցուցադրվում է Ազգային պատկերասրահում, իր կյանքի օրոք այդ արձանից 2 հատ են ձուլել: Երկուսն էլ համարվում են օրիգինալ:

Հիմա դա Այվազովսկու հետ կապ ունե՞ր:

Ոչ, ոչ: Ի՞նչ ես ուզում, պարզ ասա, է, մի ֆռացրու… Պարզ ասա:

Ուզում եմ հասկանալ` ինչպե՞ս կարող էր պատահել…

Նվիրել է մեկը, կոպիա է արել, նվիրել է, ուղարկել են Հրազդան` ցուցադրության, որ մարդ տեսնի, որ այդպես նկարում են: Էն գլխից բոլորը իմացել են, որ դա կոպիա է: Դա որեւէ նշանակություն չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter