HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հրդեհից 9 ամիս անց. նորից վրան կհայտնվի՞ Կորյունի 23 բակում

Կորյունի 23 բակի 14 տներում նոյեմբերի 24-ին բռնկված հրդեհից անցել է մոտ 9 ամիս: Սակայն բնակիչները դեռ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց տների ճակատագիրը:

Հրդեհից հետո՝ ձմռանը, 3 ընտանիք ավելի քան 1 ամիս ապրեց վրանում: Դեկտեմբերի 24-ին բնակիչներին այցելեց Երևանի այն ժամանակ դեռ նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը և առաջարկեց վարձով ապրել մոտ 4 ամիս, մինչ որոշվի, թե ինչպես է լուծվելու խնդիրը. գուցե այդ տարածքում շենք կառուցվի, և հրդեհված տների բնակիչների հետ պայմանագրեր կնքվեն՝ շենքում տուն ստանալու վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանը հրդեհից տուժած ընտանիքներին 8 ամիս շարունակ տրամադրեց ամսական 150 հազար դրամ, սակայն բնակիչների տան հարցն այդպես էլ չլուծվեց: Օգոստոսից 2-րդ կեսին գումարներ տրամադրելու ժամկետը վերջանում է:

Հրդեհից տուժած Արթուր Սարգսյանի ընտանիքը Կենտրոն համայնքում վարձով ապրել է 4 ամիս: Արթուրն ասում է, որ հետո վարձերը բարձրացան, և ինքն այլևս ի վիճակի չէ քաղաքապետարանի տրամադրած 150 հազար դրամով տուն վարձել կենտրոնում:

2 ամիս առաջ Սարգսյանների 5 հոգանոց ընտանիքը վերադարձել է իր այրված տուն, որը զբաղեցնում է 150 քառ. մետր տարածք՝ 5 սենյակ: Նրանք վերանորոգել են մեկ սենյակի տանիքը: Այժմ Արթուրը, կինը և երկու դպրոցական տղաներն ապրում են մեկ սենյակում: Մեկ այլ սենյակում էլ ապրում է Արթուրի հիվանդ եղբայրը:

Հարևան այրված տուն է վերադարձել նաև Արթուրի հորեղբոր ընտանիքը, որն այժմ ապրում է գրեթե փողոցում՝ տան մուտքի դիմաց՝ մի ծածկի տակ:

Ընդհանուր առմամբ՝ վարձով ապրելու համար քաղաքապետարանից փոխհատուցում է ստացել 9 ընտանիք: Յուրա Մինասյանի ընտանիքը, որի տունը հիմնահատակ այրվել էր, շարունակում է քաղաքապետարանի տրամադրած վարձով ապրել ծայրամասում: Տուժած մյուս 6 ընտանիքից ոմանք վերանորոգել են իրենց տունը, ոմանք ապրում են բարեկամների կամ իրենց երկրորդ տանը: Արթուր Սարգսյանն ասում է, որ այդ ընտանիքները ևս փոխհատուցում չեն ստացել:

Մոտ 2 ամիս առաջ Արթուրը նամակ է գրել նախագահին: «Նախագահը հասցեագրում է քաղաքապետարան, քաղաքապետարանը ուղարկում է Կենտրոն թաղապետարան, թաղապետարանն ասում է՝ մենք փող չունենք: Հասկացանք՝ Կենտրոն թաղապետարանը բյուջե չունի, բայց մենք ունենք պետական պահուստային ֆոնդ: Պետությունը երկրաշարժի, աղետի նման դեպքերում պետք է պահուստային ֆոնդից իր քաղաքացիներին օգնություն տա: Հաշվարկ արեք՝ մեր տները ինչ վնասներ են կրել, եկեք կամ դուք սարքեք, կամ փոխհատուցում արեք, մենք դնենք մեր տները սարքենք, ապրենք»,- ասում է Արթուր Սարգսյանը:

Հունիսի 15-ին նա ստացել է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նամակը, որում ասվում է. «Ներկայումս տվյալ տարածքի հնարավոր կառուցապատողի հետ տարվող բանակցություններն ավարտման փուլում են: Միաժամանակ քաղաքապետարանն արդեն մշակել է Կորյուն 23 բակի ընդհանուր տարածքի կառուցապատման սխեման: Առաջիկայում ներդրողի հետ կքննարկվի համապատասխան պայմանագիր, որում ամրագրված շինարարության և իրացման ժամկետների մասին Ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ»:

Արթուր Սարգսյանին վրդովեցրել է այն, որ քաղաքապետարանը իրենց տան տարածքի վերաբերյալ բանակցում է կառուցապատողի հետ, սխեմա է մշակում, սակայն մինչև օրս իրենց հետ մանրամասները չի քննարկել, իրենց համաձայնությունը չի հարցրել:

«Սեփականատերը ես եմ: Առաջին հերթին դուք պիտի գաք, ինձ հետ խոսեք, ես պիտի գամ համաձայնության: «Էստեղ, ենթադրենք, շենք ենք սարքում, համաձա՞յն ես»: Կամ «շենք չենք սարքում, էստեղ, ենթադրենք, ռեստորան ենք սարքում, քեզ էսքան փող ենք առաջարկում, համաձա՞յն ես»: Առաջին հերթին մեզ հետ պիտի քննարկեն, ոչ թե իրենք իրար մեջ մեր հողի համար ինչ-որ փողեր աշխատեն»,- ասում է Արթուր Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ եթե խնդիրը չլուծվի, ապա իր և իր հորեղբոր ընտանիքները նորից վրան կտեղադրեն Կորյունի 23 բակում ու կապրեն վրանում. անցած դեկտեմբերը վրանում անցկացրին, հիմա էլ կդիմանան առջևում սպասվող ցրտերին:

«Կարող է՝ իրենք վաղը մեզ տուն առաջարկեն չգիտեմ որտեղ: Ես իրենց էդ տներին համաձայն չեմ»,- ասում է Արթուր Սարգսյանը: Նա ուզում է տուն ունենալ միմիայն Երևանի կենտրոնում, քանի որ ողջ կյանքն այդտեղ է ապրել:

Արթուրը նաև ենթադրում է, որ իրենց տները դիտավորյալ են հրդեհել՝ տարածքին տիրանալու համար: «Բայց մենք չենք տա էս հողերը: Մեր սեփականության հողերը մեր պապական հողերն են: Մենք մինչև վերջ գնալու ենք առաջ: Մենք իրենց համար Հյուսիսային պողոտա չենք, որ Հյուսիսային պողոտայի գլխին սարքեցին ու հիմա էլ ուրիշ թաղամասերի գլխին են ուզում սարքել»,- ասում է Արթուրը՝ հավելելով, որ չգիտի, թե ով է դիտավորյալ այրել իրենց տները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter