HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Նախաքննական մարմինն ընտրել է այս պատմությունը մոռացության տալու ճանապարհը»

Փաստաբանները հայտարարում են, որ Լեւոն Գուլյանի գործի վերաքննությունը ձեւական բնույթ է կրել

«Մայիսի 12-ին կլրանա երկու տարին, ինչ ոստիկանության մի շարք աշխատակիցների անօրինական, կամայական եւ հանցավոր գործողությունների հետեւանքով իմ որդին` Լեւոն Գուլյանը, ՀՀ ոստիկանության վարչական շենքի բակում զրկվել է կյանքից:

Մեր ընտանիքի համար այս երկարատեւ ու տառապալից ամիսների սպասումներն, ըստ էության, որեւէ արդյունք չեն տվել: Քրեական գործում որեւէ տեղաշարժ չի արձանագրվել նույնիսկ այն բանից հետո, երբ 2008 թվականի հունիս եւ հուլիս ամիսներին դատական երկու ատյաններ վերացրին քրեական գործը կարճելու մասին որոշումը եւ հաստատեցին, որ գործի նախաքննությունը չի եղել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ, ոստիկանության աշխատակիցների գործողություններին չի տրվել պատշաճ գնահատական, ինչի հետեւանքով չեն հայտնաբերվել եւ չեն պատժվել Լեւոնի մահվան մեջ մեղավոր անձինք:

Փաստորեն, ակնհայտ է հանցագործության փաստը, ըստ էության հայտնի են հանցանք կատարած անձինք, սակայն շուրջ երկու տարի հանցագործությունը համարվում է «չբացահայտված»: Ապրիլի 6-ին հանրապետության բարձաստիճան ղեկավարությանն ու Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված այս բաց նամակով Լեւոն Գուլյանի հայրը` Աշոտ Գուլյանը, ըստ էության, ՀՀ ներպետական ատյաններում իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանությունը հայցելու վերջին փորձն է կատարում` փորձելով կրկին նրանց ուշադրությունը հրավիրել քննություն իրականացնող «իրավապահպան մարմինների դրսեւորած անգործության արդյունքում ստեղծված անթույլատրելի իրավիճակի վրա»:

Լ. Գուլյանի գործի քննությունը 2007 թ. դեկտեմբերի 12-ին փոխանցվել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայության հատուկ կարեւորագույն գործերով (ՀԿԳ) վարույթ: 2008 թ. մարտի 12-ին կայացրած որոշումով քննությունը վարող քննիչ Գաբրիել Պետրոսյանը կարճել էր գործի վարույթը` հանցակազմի բացակայության պատճառով:

«Քննություն իրականացնելու 3 ամիսների ընթացքում նախաքննական մարմինը լրացուցիչ 3 ոստիկանի հարցաքննություն էր իրականացրել, մերժվել էին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների ներկայացրած միջնորդությունները, եւ քննությունն ավարտվել է հետեւյալ եզրահանգումով` պարզվել է անձ, որը որոշակի գործողություն է կատարել, որի արարքում, սակայն, հանցակազմի բոլոր տարրերն առկա չեն»,- մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնել էր տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Արամ Կարախանյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատախազության որոշումը բողոքարկել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը 2008 թ. հունիսին կայացրած վճռով վերացրել էր ՀՀ ոստիկանության վարչական շենքի բակում 2007 թ. մայիսի 12-ին կասկածելի հանգամանքներում զոհված Լեւոն Գուլյանի քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը, եւ վարույթը վերսկսելու որոշում էր կայացրել: ՀՀ գլխավոր դատախազությունը պայքարում էր իր որոշումը պահպանելու համար եւ վճիռը բողոքարկեց Քրեական վերաքննիչ դատարան: 2008 թ. հուլիսի 21-ին Քրեական վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: «Դատարանը ստանձնեց արբիտրի դերը եւ հաստատեց մեր այն դիրքորոշումը, որ նախաքննություն, ըստ էության, չի կատարվել, հատուկ քննչական ծառայությունն ընդամենը ժամանակ է սպանել: Դատարանն անդրադարձավ այն բացթողումներին ու գործողություններին, որոնք նախաքննական մարմինը չէր կատարել»,- նշեց փաստաբան Ա. Կարախանյանը:

Այսպես. 1. Դատարանը թվարկեց այն բոլոր ապացույցները, որոնք ունենալով հանդերձ` նախաքննական մարմինը սխալ եզրակացություն է կատարել: Այսինքն` ճիշտ չի գնահատել ապացույցները:

2. Առկա են անօրինական արարքներ կատարող անձինք, որոնք արդեն իսկ գործով պարզված են, եւ առնվազն այդ անձանց մեղադրանք առաջադրելու խնդիր կա:

3. Նախաքննությունը 1 վարկածով է ընթացել. այն է` Լ. Գուլյանը հոգեկան ծանր վիճակում է գտնվել, չի ցանկացել ճշմարիտ ցուցմունք տալ եւ երբ հասկացել է, որ դա անխուսափելի է, փորձել է պատուհանից փախուստի դիմել, վայր է ընկել ու մահացել: Այն դեպքում, երբ առանցքային 2 վարկած գոյություն ուներ` ա) տուժողին հոգեբանական եւ ֆիզիկական այնպիսի ծանր վիճակում են դրել, որ նա դիմել է փախուստի եւ պատուհանից վայր ընկնելով մահացել է, բ) վայր են նետել որոշակի բարձրությունից, որի արդյունքում վնասվածքներ է ստացել ու մահացել:

«Դատարանի հիշյալ որոշումից հետո շուրջ 7 ամիս իրականացվում է, պայմանականորեն անվանած, երկրորդ նախաքննությունը եւ այս ընթացքում ակնհայտ դարձավ մի բան, որ նախաքննությունն ի սկզբանե իր առջեւ խնդիր է դրել ոչ թե բացահայտելու կատարվածը եւ պարզելու մեղավորներին, այլ կատարել է N քանակությամբ քննչական գործողություններ` այդ ամենը չամփոփելով»,- նշեց փաստաբանը: Նրա ասելով` երբ այդ ամենն ամփոփվում է, ակնհայտ է դառնում, որ կան հարցեր, որոնց վկաները ճիշտ պատասխաններ չեն տալիս, հանգամանքներ, որոնք վկայում են, որ այդ ամենն արվել է ձեւականության շրջանակում:

Դրանց արդյունքում նախաքննության մարմինը հանգեց այն եզրակացության, որ տեղի ունեցածը միջադեպ է, որում որեւէ անձի մեղքը բացակայում է. չկա մեղավոր անձ, չկա հանցագործություն, եւ կատարվածը դժբախտ պատահար է:

«Մայիսի 12-ին կլրանա Լ. Գուլյանի զոհվելու երկու տարին, եւ մենք այսօր ունենք ռեալ չփարատված կասկածներ, որ տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար է, այլ կոնկրետ անձանց վարքի արդյունք: Մենք ունենք չպարզված անձ, որը գտնվել է սենյակում, ունենք դեպքի վայր աշխատասենյակի պատուհանին թողնված մատնահետքեր, որոնց պատկանելությունը չի պարզել նախաքննությունը»,- շեշտեց Ա. Կարախանյանը:

Ա. Կարախանյանի ասելով` դատախազությունը եւ հատուկ քննչական ծառայությունը հարկադրված վերսկսեցին վարույթը, սակայն շարունակեցին ոչինչ չանել: Միայն մեկ տարբերությամբ, որ այս անգամ ընդունվեց դատարանի որոշման մեջ տեղ գտած այն դիտողությունը, որ տուժողի իրավահաջորդներին նախաքննության ընթացքում չեն ներգրավել որեւէ քննչական կամ այլ դատավարական գործողության կատարմանը, հնարավորություն չեն ունեցել իրենց հարցերն ուղղելու հարցաքննված ոստիկանության աշխատակիցներին, փորձագետներին եւ հարցադրումներ անելու:

Վերսկսված նախաքննությանն այս անգամ տուժողի իրավահաջորդ Աշոտ Գուլյանը եւ նրա ներկայացուցիչներ Արամ Կարախանյանն ու Հրայր Ղուկասյանը մասնակցել են, եւ նրանց տպավորությունն այն է, որ նախաքննական մարմինը ձեւական հարցաքննություններ էր կատարում` զուտ իրենց իրավունքն ապահովելու համար: Ա. Կարախանյանի ասելով` քննիչը հարցեր չուներ տալու եւ մի երկու ձեւական հարցից հետո իրենց առաջարկում էր հարցեր տալ վկային: «Այս վերաբերմունքից ակնհայտորեն պարզ է դառնում, որ քննչական մարմինը հերթական անգամ ինչ-որ քայլերի հաջորդականություն է կատարում, որը վերջնական բերելու է վարույթը կարճելուն»,- նշեց փաստաբանը: Վկաների հարցաքննությունից տուժող կողմն այն տպավորությունն է ստացել, որ կատարվածի նախապատմությունը ներկայացնելիս, երեւի թե ընդհանուր պայմանավորվածությամբ, նրանք մոտավորապես նույնն էին կրկնում, բայց երբ մանրամասներ պետք է ճշտվեին, արդեն հակասություններն ի հայտ էին գալիս: Սակայն նախաքննության մարմինը հակասությունները պարզելու, նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու փոխարեն` փորձում է իրենց համոզել, որ հակասություններ չկան, եւ փաստաբանները ոչ էական բաների են ուշադրություն դարձնում: Դատարանի դիտողություններից մեկն էլ այն էր, որ փորձաքննություն չի իրականացվել մանեկենի միջոցով, որից պարզ դառնար, թե իրո՞ք Լ. Գուլյանը վայր նետվելիս կարող էր այդ դիրքով ընկնել եւ այդ վայրում հայտնվել: Փորձաքննություն չիրականացնելը պատճառաբանվել էր նրանով, որ համապատասխան մանեկեն չեն կարողացել ձեռք բերել: Փաստաբանները պարզել են, թե ՌԴ-ի որ գործարանում կարող են պատվիրել մանեկենը կամ որտեղից կարող են ժամանակավոր ձեռք բերել այն` քննչական գործողությունը կատարելու համար: Բոլոր տվյալները փոխանցվել են նախաքննության մարմնին, սակայն դրան ընթացք չի տրվել:

«Այս պահին, եթե չկան ձեւավորված ապացույցներ, որոնք կհիմնավորեն, թե Լ. Գուլյանի մահվան համար ովքեր են մեղավոր, սակայն կան նրա նկատմամբ կիրառված իրավախախտումներ, մասնավորապես նրան ապօրինի ազատությունից զրկելը, որոնք հիմնավորվում են»,- հայտնեց Ա. Կարախանյանը` ավելացնելով, որ դրանց նույնպես նախաքննական մարմինը գնահատական չի տվել: Ավելին, նախաքննական մարմինը հավաստի է համարում ոստիկանության աշխատակիցների այն հայտարարությունը, որ Լեւոն Գուլյանը երեք օր, որոշակի փոքրիկ բացառություններով, իր բարի կամքով է գտնվել ոստիկանությունում:

«Մարդը, եթե նորմալ կենսագործունեության անհրաժեշտություն ունի, պետք է քնի, սնվի եւ այլն, ինչի՞ց դրդված պետք է 72 ժամ անցկացնի այնտեղ, երբ նրա ազգականները քննչական վարչության դիմաց կանգնած սպասում են նրան»,- ընդգծում է Գուլյանների շահերի պաշտպանը:

Վերջինս շեշտում է, որ այդ գործողություները քրեաիրավական առումով խոշտանգում են որակվում: Ոստիկանության ներկայացուցիչները Լ. Գուլյանի կարգավիճակի մասին փաստաբանների հարցադրմանն ի պատասխան` հայտնել են, որ նա ոստիկանությունում գտնվել է հրավիրյալի կարգավիճակով: Մինչդեռ, ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը նման կարգավիճակ չի սահմանել:

«Անօրինականությունն այդպես է իրականացվել, որովհետեւ, եթե ոստիկանությունում նա պահվեր որոշակի կարգավիճակով եւ նրան բացատրվեր պաշտպան ունենալու իր իրավունքը եւ այլն, նա պաշտպանվելու հնարավորություն կստանար: Հենց դրանով է խախտվել նրա ազատ տեղաշարժի իրավունքը, որովհետեւ նրան հնարավորություն չի տրվել վիճարկել ոստիկանության գործողությունները»,- ասում է փաստաբան Ա. Կարախանյանը:

Վերջինս հիշեցնում է դատարանի մատնանշած մեկ այլ օրինախախտում` տուժողի կոշիկներից բացակայում են քուղերը: Փաստաբանը նշեց, որ միայն ժամանակավոր անազատության մեջ պահված անձանցից են վերցնում կտրող, ծակող գործիքներ, քուղերը եւ նման այլ բաներ, որպեսզի բացառվեն նրանց կողմից այլ գործողություները: Փաստաբանի ասելով` այս հակասական իրավիճակին նախաքննական մարմինը դարձյալ ուշադրություն չի դարձնում` ինչու՞ պետք է նրա կոշիկների քուղերը հանեին, երբ ասում են, որ ազատ էր եւ ցանկացած պահի կարող էր հեռանալ ոստիկանությունից:

Նախաքննություն իրականացնողներին «ոչինչ չեն ասում» նաեւ փորձաքննության այն եզրակացությունները, որոնցով Լ. Գուլյանի եղունգների տակ որեւէ նյութի առկայություն չի հայտնաբերվել: Դա ապացույցն է այն բանի, որ ցատկելուց նա որեւէ իրից բռնվելու փորձ չի ձեռնարկել: Այսինքն` եթե նա նպատակ ուներ փախչել պատուհանից ցատկելով, որը նշանակում է նա կառավարել է իր գործողությունները, երբ կարող էր բռնվել բազմաթիվ իրերից, իր եղունգների տակ կմնային ներկի, ժանգի, ցեմենտի, բետոնի եւ նմանատիպ այլ նյութերի մնացորդներ:

Փաստաբանը նշեց, որ տուժողի մեկ-երկու մատնահետքեր պատուհանին հայտնաբերվել են, սակայն այդ մատնահետք թողնելու մեխանիզմի վրա էլ ուշադրություն չի դարձվել, եւ այդ հարցերը եւս չեն մեկնաբանվել: Ա. Կարախանյանի ասելով` նույնիսկ դատարանում բացատրություն տալիս հատուկ քննչական ծառայության քննիչ Գաբրիել Պետրոսյանը, պատասխանելով այն հարցին, թե, եթե պնդում եք, որ այստեղ հանցագործություն չկա, պետք է նաեւ փաստարկեք ձեր համոզմունքը, իսկ եթե չեք պարզել, ինչպե՞ս եք ասում, թե չկա, ասել է, թե ենթադրում է, որ այդպես է եղել: Փաստաբանի ասելով` դատարանում քննիչի տված բացատրությունների մեջ աբսուրդ կար:

Նա պնդում էր, որ իբր Լեւոն Գուլյանը, հրավիրված լինելով ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ ոչ մի բռնություն, քննությանը խորթ մեթոդներ չեն կիրառվել, եւ ազատ լինելով` ցանկացած ժամանակ լքելու այդ վայրը, որոշել է դա անել 3-րդ հարկի պատուհանից վայր նետվելով: «Եթե մենք իբրեւ իրականություն ենք ընդունում քննիչի այն միտքը, որ տուժողը կարող էր հեռանալ, այդ դեպքում պետք է բացատրենք, թե ինչպես եղավ, որ մարդը, գիտակցելով, որ կարող է աստիճաններով իջնել եւ հեռանալ, եւ ոչ ոք նրան ետ չի պահի, ընտրում է 3-րդ հարկից վայր նետվելու տարբերակը: Սակայն, գործի նյութերում չկա այնպիսի փաստարկ, որ «ոչ նորմալ մարդու» այդ պահվածքը Լ. Գուլյանն այդ պահին դրսեւորել է, որովհետեւ եղել է սթրեսի մեջ, կամ` տառապել է հոգեկան հիվանդությամբ կամ այլ իրավիճակ է եղել, որի պատճառով նա ոչ համարժեք քայլ է արել: Փաստաբանների հաջորդ հարցին, թե Լ. Գուլյանն ինչպես է հայտնվել այդ վայրում, որտեղ ինքը գտնվել է, քննիչը նկարագրել է` ասելով, թե լուսամուտից ցատկելու ընթացքում մոտ 1,5-2 մետրի վայր ընկնելով` մեջքով դիպել է գազի խողովակին ու ուժեղ հարվածից հայտնվել է այնտեղ: «Սա ոչ միայն ենթադրություն է, այլեւ ֆանտաստիկ երեւույթ, որը մեր բոլոր պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ մեզ հրամցրել են»,- նշեց փաստաբանը: Ստացվում է, որ ցատկելու ժամանակ կարող ես քո առանցքի շուրջ 180 աստիճան պտտվել ու մեջքով հարվածել խողովակին, որը, պարզվում է, շատ առաձգական է եւ կարող է բավականին հեռու շպրտել դիպչողին:

Փաստաբանի տեղեկություններով` մեկ անգամ եւս նախաքննության մարմինը 2 ամսով երակարաձգել է նախաքննության ժամկետը, այս կերպ նրանք ընտրել են այս պատմությունը մոռացության տալու ճանապարհը:

Քննության ընթացքը փաստաբաններին պարզորոշ ցույց է տվել, որ նախաքննության մարմինը չի ցանկանում գործի քննություն կատարել, եւ այն ձեւակերպումը, որ Հատուկ քննչական ծառայությունն իբրեւ անկախ կառույց է, ստեղծվել է, որպեսզի պետական պաշտոնյաների հետ կապված գործեր քննի, իրական չէ, քանի որ այն չի կարողանում անգամ ոստիկանների հետ կապված քրեական հետապնդում իրականացնել:

«Եթե մինչեւ վերջերս հույս ունեինք, որ հնարավոր է ինչ-որ խնդրի լուծում, եւ այդ հույսը մեզ ներշնչում էին նաեւ դատական ատյանների որոշումները, սակայն տեսանք, որ նրանք շարժվում են տրամագծորեն հակառակ ճանապարհով: Դա էլ մեզ հիմք է տալիս ասելու, որ սպառվել են արդյունավետ միջոցները, որոնք ներպետական ատյաններում կարող էին հաջողության հասցնել»,- ասաց Ա. Կարախանյանը:

Վերջինս նշեց, որ Եվրոպական դատարանն իր բազմաթիվ որոշումներով անդամ երկրների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ երբ անձը ուժային հաստատություն մտավ, այդ պահից սկսած այդ մարդու կյանքի համար պատասխանատու է այդ ուժային հաստատությունը: Հետեւաբար, Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ապացույցներ պետք է ներկայացնի` հիմնավորելու համար, թե, ի վերջո, ինչ է տեղի ունեցել, երբ Լեւոն Գուլյանը ոստիկանության շենքից ներս է մտել: «Վերջինս պետք է ապացուցի, որ ամեն ինչ արել է մարդու կյանքը պահպանելու համար»,- եզրափակեց Ա. Կարախանյանը:

Տես նաեւ՝ Հանցակազմ այդպես էլ չգտան Լեւոն Գուլյանի ինքնասպան լինելը հերքվել է Սպասում են օտարերկրյա փորձագետների եզրակացությանը «Ոստիկանությունում սպանել են եղբորս» Ցույց` ոստիկանության շենքի մոտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter