HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հողաշեն տունն ամեն պահի կարող է փլվել 2 անչափահաս երեխաների վրա

Սիլվա Գմբիկյանի 9-րդ դասարանցի աղջիկն արդեն մի քանի տարի է ծնողներից հեռու է ապրում եւ գտնվում է տատ ու պապի խնամքի տակ: 5 անձից բաղկացած ընտանիքն ապրում է հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Մարգարա գյուղում: «Ամուսինս՝ Լեւոն Գաբրիելյանը, մասնակցել է Արցախի ազատագրմանը, գեներալ Մանվել Գրիգորյանի ջոկատում է կռվել ու վիրավորվել է:

Պաշտպանության նախարարության կողմից ոչ մի օգնություն կամ ուշադրություն չենք զգացել, պետությունը մեր մասին լրիվ մոռացել է: Գումար չլինելու պատճառով չենք կարողանում ամուսնուս հաշմանդամության թղթերը դասավորենք, որ գոնե մի երկու կոպեկ թոշակ ստանանք: Երեք անչափահաս երեխա ունեմ, ծայրահեղ վատ վիճակում ենք ապրում, բայց ոչ մեկ ձեռք չի գցում, որ ոտքի կանգնենք: Այս տարի աղջիկս դպրոցը պիտի ավարտի, չգիտենք` ինչ անենք, ահավոր դրության մեջ ենք»,- ասաց Սիլվան: Տիկնոջ ասելով` նպաստ էլ չեն ստանում, քանի որ «Նպաստի բաժնից անձնագիր են ուզում, իմ անձնագրի ժամկետն էլ լրացել է, փող չունենք, որ գնամ ժամկետը երկարացնեմ: Ամուսնուս թղթերն էլ կիսատ-պռատ են ու ըտենց հետաձգվում է»: Մարգարայի գյուղապետ Խաչիկ Ասատրյանին հարցրեցինք` արդյոք գյուղապետարանը չի կարո՞ղ փաստաթղթերի հարցում օգնել այս ընտանիքին:

«Ես միշտ էլ իրենց ասել եմ, որ գան իրենց փաստաթղթերի համար հետաքրքրվեն: Դա ինձ համար դժվարություն չի, 2 օրում կդասավորեմ: Լեւոնը ֆիդային է եղել, եթե թղթերն ունենան, ահագին գումար կստանան: Գոնե դուք ասեք, որ գան թղթերը դասավորեն»,- Հետքին պատասխանեց գյուղապետը: Սիլվա Գաբրիելյանն ասում է, որ փաստաթղթերը պետք է մարզկենտրոնում պատրաստեն, բայց իրենք պարզապես միջոց չունեն այնտեղ հասնելու: Նշենք, որ Գաբրիելյանների ընտանիքն ապրում է ծայրաստիճան վատ պայմաններում: Տունը հողաշեն է ու վթարային եւ ցանկածած պահի կարող է փլվել: Տան պատերն իրարից առանձնացած են, իսկ միակ քիչ թե շատ օգտագործելի սենյակի պատերի գաջը տեղ-տեղ թափվել է: Բնակելի սենյակում դրված է սովետական արտադրության հեռուստացույց եւ երկու երկաթե մահճակալ: Փաստորեն, իրար կպած մահճակալներին քույր ու եղբայր նույն անկողնում են քնում, նրանց կողքին էլ` ծնողները: Գաբրիելյանները տանն աթոռ չունեն, փողոցից երկաթե կտորներ են բերել ու մի քանի քար եւ աթոռի փոխարեն հարմարեցրել սենյակում:

«Տեգրս մահացել է, հիմա մի բակի մեջ նրա կնոջ հետ ենք ապրում, տան հետ կապված ոչ մի փաստաթուղթ չունենք, հիմա չգիտենք` այդ տունը մե՞րն է, թե տեգորս ընտանիքինը, օդի մեջ ապրում ենք: Ահ ու դողով ենք ապրում, ամեն պահի հնարավոր է, որ քանդվի գլխներիս»,- ասաց տիկին Սիլվան: Մեր այցելության պահին նրա ամուսինը դուրս էր եկել գյուղամեջ` աշխատանք փնտրելու: Բանվորություն է անում, սակայն այդ գործն էլ ամեն օր չէ, լավագույն դեպքում` շաբաթը 1-2 անգամ: «Շաբաթներով ուտելու հաց չենք ունենում, մի 2 օրվա ալյուր ունենք, կվերջանա` էլի սոված կնստենք: 2 օր է գնում ուրիշի հողերն եմ աշխատում, որ աղջկաս վինետկի փողը դզեմ, տանի դպրոց: Եթե գործ լինի, կանեմ երեխուս օրվա հացի փողը կստեղծեմ, չէ՝ ուրեմն պիտի սոված նստենք: Ամեն անգամ չեմ կարա գնամ սրան-նրան ասեմ` ինձ մի կտոր հաց տվեք, տանեմ երեխես ուտի, ոչ մեկն էլ պարտավոր չի ինձ ամեն օր հաց տա: Դու քո վրա վեկալ, եթե հացի փող չունենաս, ամեն օր կգնա՞ս ուրիշին ասես` ինձ հաց տուր, կամաչես, չէ՞: Ումից էլ գնամ հաց ուզեմ, պիտի ասեն` ջահել կնիկ ես, գնա աշխատի, ունեցի, բայց ցավն էլ էն ա, որ աշխատանք չկա, եթե գործ լինի, անգյալի նման չեմ առնի սոված նստեմ՝ կգնամ կանեմ, երեխեքիս նորմալ կպահեմ: Փշալարերից այն կողմ (որտեղ հայ-թուրքական սահմանն է-հեղ.) 1500 մետր հող ունենք, բայց գյուղից մի 8-10 կիլոմետր հեռու ա, ամեն օր չեմ կարա գնամ-գամ: Մեզ մի քիչ մոտիկ 1500 մետր հողի վրա էլ դատարանը կալանք է դրել, ուզում են ձեռներիցս առնեն, չգիտեմ` ինչ պիտի անենք: Էլեկտրաէներգիայի պարտք ունենք, տեղը հողն են ձեռքներիցս խլում: Պետությունը գոնե հասկանա, որ վիճակներս էնքան վատ ա, որ հոսանքի վարձն էլ չենք կարում վճարել: Իրանք իրանցով դատ են արել ու որոշել են, որ հողը պիտի աճուրդի դնեն: Աշխատանք չունենք, ամուսինս էլ վիրավոր է, չենք հասցնում պարտքը փակենք, որ գոնե հողից չզրկվենք »,- պատմում է Սիլվան:

Բանն այն է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ խնդրելով արձակել վճարման կարգադրություն եւ արգելանք դնել Լեւոն Գաբրիելյանին պատկանող 1500 մետր հողակտորի վրա: Էլցանցերի դիմումը դատավոր Ա. Աղամյանը հիմնավոր է համարել եւ այս տարվա մարտի 3-ին այն բավարարել է: Գաբրիելյանների էլեկտրաէներգիայի պարտքը կազմում է 229 հազար 725 դրամ: Հողակտորը դեռեւս աճուրդի չի հանվել, բայց հստակ է, որ Գաբրիելյաններն այն ետ բերելու ոչ մի շանս չունեն:

«Անցած տարի ուրիշի հողն եմ վերցրել մշակել, ասեցի` մշակեմ գոնե մի քիչ ոտքի կանգնենք, բայց ոռոգման ջուր չտվեցին, ամբողջ բերքս չորացավ, ոչ մի եկամուտ էլ չստացա: Այս տարի էլ նույնը, եսիմ` ջուր կտա՞ն, թե` չէ: Հույսով ապրում ենք, բայց ոչ մի տարի դրական տեղաշարժ չենք զգացել, հիմա էլ ամեն ինչը թանկացրել են, սովից կմեռնենք»,- մտահոգված է Սիլվա Գմբիկյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter