HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակում ուղեվարձը հիսուն դրամով կթանկանա

Մի քանի օր է` Երազգավորս գյուղի բնակիչները դժգոհում են, որ իրենց տրանսպորտը ինքնագլուխ ձևով 100-ից դարձրել են 150 դրամ: Նմանապես Մարալիկի բնակչությունը փաստում է, որ Զատկի տոնից առաջ` ուրբաթ և շաբաթ օրերին, Գյումրիից Մարալիկ ուղևորվող  երթուղայինների վարորդները 250 դրամի փոխարեն  300 դրամ են գանձել` ուղևորներին ոչ մի հիմնավոր պատճառաբանություն չներկայացնելով: Իսկ Գյումրիի ծայրամասային, խուլ թաղամասերից մեկի` Բուլվարայինի միակ տրանսպորտը` 10 համարի ավտոբուսը,  ապրիլի 1-ից` գազի թանկացման օրվանից արդեն 15 օր է «անհետ կորել է»: Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարահաշինության բաժնի պետ Մարզպետունի Մարգարյանը մեզ տեղեկացրեց, որ ներմարզային երթուղիների մրցույթը շահած 13 կազմակերպություններից 10-ը  Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին  թանկացման պահանջ են ներկայացրել, սակայն հաշվարկներ չեն կատարել ու թանկացումը չեն հիմնավորել: «Հարգարժան մարզպետ, վառելիքի, քսայուղերի ու ավտոպահեստամասերի գների վերջին կտրուկ բարձրացումները մրցույթներում հաղթող ճանաչված ներմարզային երթուղիներ սպասարկող կազմակերպությունների տնօրեններին ստիպում են վերանայել փոխադրավարձը բոլոր երթուղիներում: Հաշվի առնելով մեր մարզի ազգաբնակչության ցածր մակարդակը, ձգտելով խուսափել սոցիալական իրավիճակի անհարկի սրացումներից, մեր ընդհանուր համաձայնությամբ ուղեվարձերը կբարձրանա հնարավորինս նվազագույն չափով` հիսուն դրամով, որը թույլ կտա ապահովել պահանջվող մակարդակը և կատարել հարկային պարտավորությունները: Հարգարժան մարզպետ, խնդրում ենք թույլ տալ կատարել վերոհիշյալ փոփոխությունը»,- գրված է ՍՊԸ-ների տնօրենների` մարզպետին ուղղված գրության մեջ: Մինչդեռ, ըստ Մարզպետունի Մարգարյանի, նրանք իրավունք չունեն բոլորի անունից հանդես գալու և պետք է շեշտադրեն, թե կոնկրետ որ երթուղիներում է այդքան անհրաժեշտ թանկացումը: Բացի այդ, ըստ մարզպետարանի պաշտոնյայի, կառավարության որոշման   մրցութային կարգի մեջ ամրագրված է, որ քսայուղերի, մեքենամասերի, վառելիքի թանկացման դեպքում մրցույթում հաղթած ընկերությունը իրավունք ունի հաշվարկներով, հիմնավորումներով դիմել հանձնաժողովին` ուղերավարձը թանկացնելու համար, մինչդեռ շիրակցի գծատերերը «հախուռն» մոտեցում են ցուցաբերել: «Հիսուն դրամ ասել ու անցնել` սխալ է, իսկ ինչու ոչ հարյուր կամ, ասենք, քսանհինգ, այդ հիմնավորումը չի ներկայացված, համընդհանուր առաջարկում են թանկացնել հիսուն դրամով, բայց երթուղիներ կան, որոնք միշտ էլ շահութաբեր են աշխատել և այսօր էլ աշխատում են: Հանձնաժողովը տրամադրված չէ թանկացման, մենք ցանկություն չունենք, որ ազգաբնակչության այս ծանր վիճակում ևս մեծ խնդիր առաջացնենք, առանց այն էլ դժվար կացութաձևին, բայց, միևնույն ժամանակ, իրավունք չունենք չմտածել գործարարի մասին, եթե մարդը ներդրում է արել, մրցույթի է մասնակցել ու շահույթ չպիտի ունենա, բնականաբար նա կխուսափի հետագա շահագործումից: Վերցնենք հետևյալ օրինակը և միասին քննարկենք. մենք մերժում ենք, իրենք շահույթ չեն ստանում, և առանձին երթուղիների սպասարկումից հրաժարվում են: Այստեղ մեկ այլ պրոբլեմ է առաջ գալու, որ մյուս համայնքների բնակչությունը զրկվելու է մարզկենտրոնի հետ կապից, իսկ էսօր մեր գյուղաբնակները, եթե քաղաքի հետ կապ չունենան, իրենց  գյուղատնտեսական արտադրանքը սպառելու հնարավորություն չեն ունենա: Էստեղ դրված է գործարարի շահույթի պահը, էնտեղ էլ դրված է ազգաբնակչությանը սպասարկելու պահը: Եթե շահույթ չի ստանում, մեր մարզի առանձին համայնքների ճանապարհները շատ անմիխիթար են, կստացվի, որ մենք չեն կարողանա պահանջ ներկայացնել կուլտուրական ու անվտանգ սպասարկման, ոչ մի ներդրող, ոչ մի գործարար, եթե շահույթ չհետապնդի, իր լավ մեքենաները սարսափելի ճանապարհների վրա չի դնի: Մենք էլ բարդ իրավիճակում ենք հայտնվել, օբյեկտիվ որոշում է պետք կայացնել»,- ասում է տրանսպորտի բաժնի պետը: Իսկ  ինչպես են վարվելու այն երթուղիների պատասխանատուների հետ, որոնք ժամանակից շուտ արդեն իսկ աշխատում են թանկացրած սակագներով: «Եթե խոսքը Երազգավորսի գծի մասին է, ասեմ, որ այստեղ թանկացում չի եղել, ընկերությունը այդ երթուղին շահել է հարյուր հիսուն դրամով, բայց բարեգործություն է արել, հարյուր դրամով է փոխադրումները կատարել, և էդ թանկացումների հետևանքով շահած գնով է սկսել սպասարկել, մենք` ներմարզային երթուղիների մրցութային հանձնաժողովը, մարզպետարանը նրան շնորհակալություն պետք է հայտնենք, որ երեք տարի ավելի ցածր գնով է սպասարկել: Հիմա մարդն իր շահած գնով է սպասարկում, աղմուկ են բարձրացնում, սա դարձրել են մատի փաթաթան և անընդհատ շահարկում են: Պաշտոնյա լինելուց զատ` ես էլ եմ մարդ ու դեմ եմ ցանկացած գնի թանկացման, դա կլինի կարագի, ձեթի, յուղի գին, թե  ուղեվարձ, բայց սպասարկող ընկերություններն էլ իրավունքներ ունեն, և մենք իրավունք չունենք նրանց ևս չլսել»,- պարզաբանում է մարզպետարանի պաշտոնյան: Նկատենք, որ ուղեվարձերի թանկացումից ամենից շատ տուժում են Գյումրիի բուհերում սովորող ուսանողները, գյուղերում աշխատող գյումրեցի բուժաշխատողներն ու ուսուցիչները, որոնց համար երեք տարի շարունակ ոչ մի զեղչ չի գործում: «Օրենքով ոչ մի զեղչ նրանց համար չի գործում, մարզպետարանը ժամանակին գծերը սպասարկող ընկերություններին կարողացավ համոզել, խնդրել, հայրենասիրություն քարոզել, որ զեղչեր անեն, կտրոններ ստեղծեցինք` նկարով և այլն, բայց արդեն երրորդ տարին է` մեր ընկերությունները բողոքեցին, թե հրաժարվում ենք հայտ ներկայացնել մրցույթի, էսպես չի լինի, կոպիտ ասած, քանի որ էդ բոլորի նախաձեռնողն ու իրականացնողը ես եմ, ես մտնում էի գծատիրոջ գրպանը; Ընթացքում ստացվեց, որ էն մարդիկ, որոնք էդ արտոնությունից չպետք է օգտվեին, գյուղաբնակ ուսուցիչ էին, բայց դպրոցի տնօրենը նրանց անունը ևս ցուցակի մեջ գրել էր, մենք էլ վստահելով, նրան ևս կտրոն էինք տվել` անվճար երթևեկման: Էդպիսի խարդախություններ շատ ի հայտ եկան, կամ ուսանող կար, որ տարկետում էր ձևակերպել, բայց օգտվում էր զեղչի կտրոնից: Փաստորեն, պետական մոտեցում չկա, մենք էլ մեր նախաձեռնությամբ բավականին շատ նեղություն պատճառեցինք մեր ընկերություններին»,- ասում է Մարզպետունի Մարգարյանը: Մեր այն հարցին , թե ինչու գծատերերը մրցույթը շահում են, սակայն հրաժարվում են Աշոցքի տարածաշրջանի ծայրամասային գյուղերի, օրինակ` Սիզավետի կամ Սարագյուղի բնակիչներին սպասարկելուց, մարզպետարանի պաշտոնյան պատասխանեց, որ շատերը վնասով աշխատելու պատճառով հրաժարվում են ծայրամասային երթուղիներից, պետությունն էլ այս նպատակի համար դոտացիա չի հատկացնում: «Մենք իրավունք չունենք ստիպելու, թե գնա` վնասով աշխատի: Ես սա կապում եմ մի քանի պահերի հետ. առաջինը սոցիալական ծանր վիճակն է, գյուղացին օգուտ չի ստանում, և գյուղմթերքը չի բերում քաղաք վաճառելու նպատակով, երկրորդ` տաքսիների քանակն  այնքան է շատացել, որ ուղևոր փախցնելու գործընթաց է սկսվել, դրա համար էլ ձեռնտու չէ այս գծի համար հայտ ներկայացնել: Մեր մարզի մոտ քսան երթուղիներ բաց են մնացել, հայտ ներկայացնող չկա, մենք հորդորում, համոզում ենք, որ գան մրցույթի մասնակցեն, բայց ցանկություն հայտնող չկա: Երթուղի կա, որի մրցույթին ընդամենը մի հոգի է մասնակցում, մրցույթները, կոպիտ ասած, ձևական բնույթ են կրում, ոնց որ մենք սիրով ասենք` գիծն առ քեզ, արի սպասարկի: Էնքան որ անունը մրցույթ ենք դրել, խիղճներս կորցնենք, մրցույթ էլ չանենք, ուզենք-չուզենք` պիտի գիծը տանք: Մեր ճանապարհներն էլ ահավոր են, բոլորը փախնում են»,- ասաց Մարզպետունի Մարգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter