HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

S.O.S. Սևանն՝ ընդդեմ Սոտքի նախագծի

15_04-sevanՀաշվի առնելով Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունները և ազգային անվտանգությունը՝ կոչ ենք անում քաղաքացիական ողջ հասարակությանը ոտքի կանգնել` դադարեցնելու «GEOPROMINING» ընկերության` Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցմանն ուղղված գործունեությունը և միանալու S.O.S. Սևան հասարակական շարժմանը, որի նպատակն է փրկել Կովկասի քաղցրահամ ջրի  ամենախոշոր պաշարը: «GEOPROMINING» ընկերությունը 2008թ. նախաձեռնել է Սևանա լճի ջրահավաք ավազանի գոտում՝ Սոտքի ոսկու հանքավայրի տարածքում, ոսկու արդյունահանման ֆաբրիկայի, ցիանիդների և այլ թունաքիմիկատների պահեստի ու պոչամբարի կառուցմանն ուղղված գործընթաց: Այս գործընթացի մեջ ներգրավված են ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության, հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության կենտրոնը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և այլ շահագրգիռ պետական հաստատություններ, որոնց «GEOPROMINING» ընկերությունն իր «Սոտքի հանքավայրի տարածքում ոսկու արդյունահանող ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային որոշում` հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը» փաստաթղթում հայտնել է շնորհակալություն աջակցության և խորհրդատվության համար: Փաստաթղթում նաև նշված է, որ հայեցակարգային որոշումները համաձայնեցված են վերոնշյալ կազմակերպությունների հետ: Մինչ այժմ պետական ոչ մի հաստատություն հրապարակայնորեն չի հրաժարվել նշված փաստաթղթի հետ առնչություն ունենալուց: Ավելին, փաստաթուղթը քննարկվել է ս. թ. մարտի 2-ին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ և «GEOPROMINING» ընկերության ղեկավարները: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Սոտքի նախագծի վերաբերյալ գործընթացը տեղափոխվել է նեղ քաղաքական որոշումների դաշտ: Չի բացառվում, որ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, որն արգելում է հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը Սևանի ավազանում, կարող է փոփոխության ենթարկվել: Եթե օրենքից հանվի այդ արգելքը, ապա Սևանա լճին կսպառնան անդառնալի վտանգներ: Գլխավոր վտանգներից մեկը հանքանյութի վերամշակումից հետո դատարկ ապարների կուտակումն է, որոնց ծավալները կարող են հասնել 300 միլիոն տոննայի: Այս հսկայական քանակությունը՝ տարբեր տեսակի մասնիկների և փոշու տեսքով, որոնք ունեն տոքսիկ բաղադրություն՝ ծանր մետաղներ, անտիմոն, մկնդեղ, պիրիտ և այլն, մթնոլորտային տեղումների և քամիների հետ կներթափանցեն ստորգետնյա և գրունտային ջրերի մեջ, ապա դրանց միջոցով՝ Սևան: Ցիանային միացություններով, ծանր և տոքսիկ տարրերով պոչամբարը մշտական ռումբ է Սևանի համար: 28 միլիոն խորանարդ մետր ծավալով պոչամբարի աշխատանքային և անվտանգ վիճակն ապահովելու համար տարեկան մոտ 40 միլիոն դոլլար կպահանջվի: Նախնական հաշվարկների համաձայն՝ հանքի շահագործումից ընդհանուր առմամբ բյուջե մուտք կգործի մոտ 105 միլիոն դոլլար: Դա նշանակում է, որ ընկերության հեռանալուց հետո այդ գումարը կբավականացնի 2,5 տարի, որից հետո պետությունը պարտավոր կլինի պոչամբարը պահելու ծախսերը վերցնել իր վրա՝ փոխանցելով այդ պարտքը սերնդից սերունդ: Սոտքում ոսկու վերամշակման ձեռնարկության տեղադրման դեպքում հազարավոր կիլոգրամների հասնող ցիանային աղերի տեղափոխումը կատարվելու է «Սևան» ազգային պարկի միջով և ճանապարհի այն հատվածներով, որոնք անմիջականորեն հարում են լճին: Հարց է առաջանում՝ ով է կրելու պատասխանատվություն, եթե վթարի դեպքում ցիանային աղերը  լցվեն լիճ: Սոտքը սահմանակից է Քելբաջարին: Նոր վտանգավոր օբյեկտի հայտնվելը սահմանին կարող է դառնալ քաղաքական սպեկուլիացիայի պատճառ, ինչպես նաև ռազմական գործողությունների, հրաձգության, ահաբեկչության նոր թեժ կետ, քանի որ մեկ հարվածով Հայաստանի ողջ սոցիալ-տնտեսական կյանքը կարող է շարքից դուրս գալ: Երկրի ռազմավարական և տնտեսական շահերին սպառնում է նաև Արարատի ոսկու արդյունահանման գործարանի կանխատեսվող փակումը, Արարատում աշխատատեղերի կրճատումը, Սոտք-Արարատ հատվածի՝ ռազմավարական առումով կարևոր երկաթգծի  կաթվածահար լինելը, ինչպես նաև հանքանյութի արդյունահանման նկատմամբ հսկողության կորուստը: Հիմնական ջրային ռեսուրսի՝ Սևանա լճի  աղտոտումն իր հետ կբերի նաև այլ ծանր հետևանքներ, ինչպիսիք են՝ թունավորված խմելու ջուր, թունավորված ոռոգման համակարգ, շարքից դուրս եկած գյուղատնտեսական տարածքներ, ռեկրեացիոն տարածքների և ձկնորսության գոտիների ոչնչացում (Հայաստանի ողջ պաշարը 35 միլիարդ խմ է, որից Սևանա լճինը` 33 միլիարդ խմ): Հաշվի առնելով, որ «GEOPROMINING» ընկերության՝ Սոտքի նախագծին առնչվող գործողությունները հակասում են Հայաստանի ազգային շահերին, ինչպես նաև ՀՀ օրենսդրությանը, S.O.S. Սևան նախաձեռնող խումբը ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններից պահանջում է. • դադարեցնել «GEOPROMINING» ընկերության՝ Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման նախագծի պետական մակարդակով քննարկումները • բացառել Սևանա լճի ավազանում, ինչպես նաև այլ ջրհավաք ավազաններում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման հնարավորությունը` հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ ամրագրված բնապահպանական սահմանափակումները • երաշխավորել, որ ՀՀ բնապահպանական օրենսդրությունը չի վերաձևվի` հարմարեցվելու  «GEOPROMINING» ընկերության նեղ շահերին և «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում ամրագրված հանքարդյունաբերական գործունեության վրա դրված արգելքը կմնա անփոփոխ • կասեցնել ընկերության նախագահ Ռոման Խուդոլիի դիմումի համաձայն տարվող` «GEOPROMINING» ընկերությանը կայունացման վարկ տրամադրելու քննարկումներն այնքան ժամանակ, մինչև ընկերությունը չհրաժարվի Արարատից ոսկու արդյունահանման ֆաբրիկան Սևանի ջրավազան տեղափոխելու իր ծրագրերից և չի ապացուցի իր գործունեության թափանցիկությունը և ՀՀ օրենսդրությանը համապատասխան լինելը: S.O.S. Սևան նախաձեռնող խումբը կոչ է անում ՀՀ բնապահպանության նախարարությանը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, լիարժեք կերպով ապահովել պետության` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված բնապահպանական գործառույթները: Հայտարարում ենք, որ Սևանն ազգային սեփականություն է, Սևանի պահպանությունը երկրի բոլոր քաղաքացիների և ողջ հայության շահն է, որի հետ անհամեմատելի են մասնավոր ընկերության շահերը: Մենք կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանը` միացնել իր ձայնը ի պաշտպանություն Սևանի, և այդպիսով` Հայաստանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter