HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2 մլն 200 հազար դրամի հայց` ընդդեմ Լևոն Բարսեղյանի

Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը «Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման եւ պատճառված վնասի վնասի հատուցման պահանջների մասին» հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի:

Արման Ավետիսյանը հայցը ներկայացրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան օգոստոսի 4-ին, դատարանը որոշել է գործն ընդունել վարույթ: Հայցվորը երեք պահանջ է առաջ քաշել. պարտավորեցնել Լեւոն Բարսեղյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Արման Ավետիսյանից, www.asparez.am կայքում հրապարակել դատարանի վճիռը` նշումով «ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով պարտավորեցվել է ԺԱԱ խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանին ներողություն խնդրել «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա.Ավետիսյանից զրպարտության եւ վիրավորանքի համար:…», եւ հօգուտ Ա.Ավետիսյանի Լ.Բարսեղյանից բռնագանձել 2 մլն դրամ (500.000 դրամը` վիրավորանքի եւ 1.500.000 դրամը` զրպարտության համար), բացի այդ պահանջում է փոխհատուցել հայցվորի իրավունքների պաշտպանության համար արված ծախսը` 200.000 դրամ («Բեկկարիա» ՍՊԸ, Անի Խլղաթյան):

Հայցում Ա.Ավետիսյանի ներկայացուցիչը մեջբերել է www.asparez.am կայքում 2011 թվի հունիսին հրապարակված մի քանի հոդվածներ («Կան բաներ, որ չեն ներվում», «Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով», ««Ընտանեկան կապալի՞ն» էին հարվածելու»), որոնցում տեղ գտած մի քանի մտքերը համարում է վիրավորական եւ զրպարտչական` Արման Ավետիսյանի հասցեին (տեսեք այս հաղորդագրությանը կից հայցն ամբողջությամբ):

Ավելի վաղ` այդ հոդվածների հրապարակելուց հետո` 2011 թվի հունիսի 23-ին Ա.Ավետիսյանը դիմել էր կայքի խմբագիր Լեւոն Բարսեղյանին, գրավոր ներկայացնելով իր նկատառումները նույն հոդվածների նույն դրվագների մասին, նամակը հունիսի 27-ին ստանալով, Լ.Բարսեղյանը զանգել էր Ա.Ավետիսյանին եւ տեղեկացրել, որ կայքը պատրաստ է հրապարակել այն ամենը, ինչ Ա.Ավետիսյանը կկամենա` հերքման կամ պատասխանի ցանկացած տեքստ առանց խմբագրման, եւ բացատրել էր, որ դա ակումբի սկզբունքն է:

Հարցրել էր Ա.Ավետիսյանին, թե կա՞ արդյոք որեւէ այլ տեքստ, որ կկամենար Ա.Ավետիսյանը որպես պատասխան կամ հերքում հրապարակել, քան այն, ինչ ուղարկել է նամակով իրեն հունիսի 23-ին, թե՞ ուզում է հարցերը պարզել դատարանում, ինչպես գրել է նամակում: Վերջինս պատասխանել է, թե բավական է իր ուղարկած այդ տեքստի հրապարակումը:

Լ.Բարսեղյանը հարցրել էր, թե կարո՞ղ է արդյոք Ա.Ավետիսյանը ուղարկել նամակի էլեկտրոնային տարբերակը (որպեսզի այն համակարգչով ամբողջությամբ չշարվի նորից), Ավետիսյանը պատասխանել է, թե կուղարկի: 2 օր սպասելով նամակի էլեկտրոնային տարբերակին եւ չստանալով այն, ակումբը արտագրեց ամբողջ նամակը եւ հունիսի 30-ին հրապարակեց իր կայքում: Եւ դրանից 35 օր անց միայն, Արման Ավետիսյանը, փաստորեն չբավարարվելով պատասխանի հրապարակմամբ, որոշել է դատարանում պարզել հարցերը:

Լ.Բարսեղյանը, մեկնաբանելով այս ամենը, դժվարացավ կռահել Ա.Ավետիսյանի տեւական մտածմունքի պատճառը, մանավանդ, հայցվորը հայցի տեքստի մեծ մասը փաստորեն շարադրված ունեցել էր դեռեւս հունիսի 23-ին: Ըստ Լեւոն Բարսեղյանի, հայցվորը, իր հայցում բերված մեկնաբանություններով եւ պահանջներով ոտնձգում է ոչ ավել, ոչ պակաս ՀՀ Սահմանադրությունը` իր կարծիք ունենալու իրավունքը. իր «Կան բաներ, որ չեն ներվում» հոդվածից եւ ակումբի «Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով» հայտարարության պարունակության փաստական շարադրանքից զատված մեկնաբանություններն ու կարծիքները ներկայացնում է որպես իր արժանապատվությունը վիրավորող եւ իրեն զրպարտող տեղեկություններ:

Այս հայցը, ըստ Լ.Բարսեղյանի, ամենեւին անսպասելի չէր լրագրողների եւ ԶԼՄ-ների դեմ օլիգարխաց ու իշխանավորաց համանման մոտ երկու տասնյակ «օրինակելի» հայցերից հետո:

Ակումբը պատրաստ է պատշաճ պատասխաններ տալ անհիմն հայցապահանջներին, վիրավորված Արման Ավետիսյանին եւ նրա ներկայացուցիչներին:

Դատավոր Ա.Խաչատրյանը օգոստոսի 12-ին որոշել է նախնական դատական նիստ նշանակել սեպտեմբերի 9-ին, ժամը 14:30-ին` թիվ 3 դահլիճում: Լեւոն Բարսեղյանը դատարանից հայցի օրինակն ու նիստի ծանուցումը ստացել է օգոստոսի 16-ին եւ երկշաբաթյա ժամկետում կներկայացնի իր պատասխանը հայցին:  

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter