HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունն» առաջարկում է կրպակների ապամոնտաժման խնդրով խորհրդարանական լսումներ հրավիրել

Այսօր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը պաշտոնապես դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, Ազգային ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանին, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանին, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին: ԱԺ նախագահին ու 6 մշտական հանձնաժողովների նախագահներին ուղղված նամակում «Ժառանգությունը» առաջարկում է Երեւան քաղաքում կրպակների ապամոնտաժման խնդրով խորհրդարանական լսումներ հրավիրել հաջորդ շաբաթ:

Ստորեւ ներկայացվում է նամակի ամբողջական տեքստն ու հիմնավորումները:

«Հարգարժան պարոն նախագահ եւ պարոնայք հանձնաժողովների նախագահներ,

«Ժառանգություն» խմբակցության եւ ձեր հանձնաժողովներին անդամակցող մեր պատգամավորների անունից դիմում եմ Ձեզ` առաջիկայում Երեւան քաղաքի Կենտրոն եւ այլ վարչական շրջանների տարածքում գտնվող կրպակների ապամոնտաժման հարցով համատեղ խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկով:

Ս.թ. հունիսից ի վեր կրպակների ապամոնտաժման գործընթացն այլեւս ներառում է ոչ միայն չգործող ու լքյալ, այլ նաեւ գործող կրպակներին: Որքան էլ Երեւանի քաղաքային իշխանությունների կողմից այն ներկայացվում է իբրեւ փուլային ապամոնտաժում, այն սպառնում է դառնալ զանգվածային, որովհետեւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների կողմից կրպակների ապամոնտաժման ծանուցումներ են ուղարկվել հարյուրավոր վարձակալների ու սեփականատերերի: Երեւանի քաղաքային իշխանությունների կողմից կրպակների ապամոնտաժման բանավոր որոշումն ու ձեռնարկած գործողություններն ունեն բազմաթիվ ասպեկտներ.

1. Տեղական ինքնակառավարման ասպեկտ. մինչեւ օրս անհայտ է Երեւանի քաղաքային իշխանությունների հիմնավորումը, թե ի՞նչ պատճառներով ու համատարած կերպով չեն երկարացվել կամ երկարացվում Երեւանի գրեթե բոլոր տարածքներում գտնվող կրպակների հողի վարձակալության պայմանագրերը, ինչո՞ւ է դա զանգվածային բնույթ կրում, երեւանցիների անունից մայրաքաղաքը կառավարելիս ի՞նչ եւ ո՞ւմ շահերին են ստորադասվում կրպակների վարձակալների շահերը, ի՞նչ հիմքերով են քաղաքի տեսքի, էսթետիկայի վերաբերյալ քաղաքապետարանի պաշտոնյանների, ավագանու առանձին անդամների (թող որ մտավորականի կոչմամբ) սուբյեկտիվ ընկալումները կամ բիզնես միջավայրի շահերը գերադասվում գոյատեւման հարց լուծող հազարավոր երեւանցիների ապրելու իրավունքին, ինչպե՞ս է հնարավոր, որ հազարավոր մարդկանց գոյատեւմանն ու իրավունքներին վերաբերող հարցը չքննարկվի Երեւանի ավագանու կողմից, դրա կապակցությամբ չընդունվեն համապատասխան որոշումներ եւ միայն քաղաքապետի բանավոր հանձնարարությունը հիմք հանդիսանա նման գործողությունների համար  եւ այպես շարունակ:

2. Օրինականության եւ իրավական ասպեկտ. Երեւանի նախկին քաղաքային իշխանությունների կողմից վարձակալներին ու սեփականատերերին տրամադրված փաստաթղթերը ներկայիս քաղաքային իշխանությունների կողմից բազմաթիվ վարձակալների դեպքում օրինական չեն ճանաչվում, անվանվում են «իրավական թերի», իսկ հանրությանն ու կառավարությանը հաճախ ներկայացվում է, թե խոսքը միայն ապօրինի կրպակների ապամոնտաժման մասին է: Մինչդեռ, գործնականում «ապօրինի» են ճանաչվում նաեւ այնպիսի կրպակները, որոնց վարձակալության համար Երեւանի նախկին թաղային իշխանությունները տվել են իրենց կնիքով ու ստորագրությամբ թույլտվություններ, եւ դրանց գործողության ժամկետը որոշների պարագայում դեռեւս ուժի մեջ է:

Քաղաքացիների անձնական ու գույքային իրավունքներին վերաբերող Երեւանի քաղաքապետի 14.06.2011թ. թիվ 342144 հանձնարարականը, որին հղում է կատարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը, օրինակ, Փափազյան փողոցի կրպակների ապամոնտաժման գործողությունների համար, մինչ օրս չի տրամադրվել ոչ միայն վարձակալներին, այլեւ պատգամավորներիս, իսկ այժմ էլ հայտարարվում է, թե այդ հանձնարարությունը բանավոր է եղել (դժվար է հավատալ, որ քաղաքապետի բանավոր հանձնարարությունները համարակալվում են…) եւ այլն:

3. Երեւանի քաղաքային իշխանությունների ձեռնարկած ու ոստիկանության աջակցությամբ իրականացված գործողությունների իրավաչափության ասպեկտ. Ինչպես Փափազյան փողոցի վրա տեղադրված կրպակների ապամոնտաժման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի օգոստոսի 16-ի հայտարարությունը փաստեց, քաղաքայաին իշխանությունների եւ ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ: Քաղաքային իշխանությունների կողմից ծանուցվելով հարկադիր ապամոնտաժման գործընթացում իրենց մասնակցության անհրաժեշտության մասին` ոստիկանները ակամա մասնակից են դառնում իրենց եւ վարձակալներին անհայտ որոշումների կատարմանն ու ապօրինի գործողություններին, նպաստում քաղքացիների անձնական ու գույքային անձեռնմխելիության ոտնահարմանը եւ այսպես շարունակ:

4. Մարդու իրավունքների ասպեկտ. Կրպակների ապամոնտաժման ու դրա ժամկետների մասին քաղքային իշխանությունների կողմից վարձակալներին ու սեփականատերերին ծանուցելուց մինչեւ ապամոնտաժման ընթացքում վարչական հարկադրանքի կիրառումն ուղեկցվում են մարդու իրավունքների, գույքային ու անձեռնմխելիության իրավունքների ոտնահարումով, եւ, ի նկատի ունենալով մինչեւ սեպտեմբեր իրականացվելիք ապամոնտաժումների հեռանկարը, նման գործելակերպը կարող է նախադեպի ուժով կրկնվել:

5. Սոցիալական ու ազգային անվտանգության ասպեկտ. կրպակների գործունեությունից վարձակալների ու սեփականատերերի ստացած եկամուտով հոգացվել են հարյուրավոր ընտանիքների, դրանցից հազարավոր օգտվողների կենսական կարիքներ, իսկ ապամոնտաժման դեպքում նրանք բախվում են գործազրկության ու իրենց գոյությունը Հայաստանի Հանրապետությունում պահպանելու, հարկադրված արտագաղթելու հեռանկարներին: Եթե արտագաղթը հռչակված է իբրեւ ազգային անվտանգության սպառնալիք, նշանակում է` տվյալ դեպքում գործ ունենք այն խորացնող կամ խթանող գործընթացի ու քաղաքային իշխանությունների համանման հետեւանքեր հարուցող որոշումների հետ:

6. Տնտեսական ասպեկտ. Կրպակների վարձակալների ու սեփականատարերի գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, տարիներ շարունակ եղել են բարեխիղճ հարկատուներ: Նրանք ոչ միայն ինքազբաղվածություն են ապահովել, այլեւ գործատուներ են հանդիսացել հարյուրավոր մարդկանց համար: Նրանց գործունեության կասեցումը, անկասկած, ազդելու է Երեւանի քաղաքային տնտեսության, քաղաքային ու նաեւ հանրապետական բյուջեների եկամտային մասի վրա: Այս ամենից զատ, Երեւանի քաղաքային իշխանությունների որոշումներն ու գործողությունները դառնում են ձեռնարկատիրությամբ զբաղվողներին արհեստական սնանկացման տանող քայլեր, հատկապես, երբ նրանցից շատերը բանկերից վարկեր են վերցրել, գրավադրել են անձնական գույք, այս տարիների ընթացքում ձեւավորել են հաճախորդների ցանց, եւ այժմ քաղաքային իշխանությունների կողմից խաղի կանոնների անհասկանալի, չհիմնավորված փոփոխության արդյունքում հայտնվում են լրջագույն մարտահրավերների առջեւ` տարիների բիզնես գործունեությունը դադարեցնելուց մինչեւ գրավադրված անշարժ գույքից զրկվելու վտանգներին դեմ հանդիման:

Կրպակների ապամոնտաժման գործընթացի վերը համառոտ նկարագրված բազմակողմանի բնույթն էլ մեզ համար հիմք է հանդիսանում միաժամանակ ԱԺ վեց մշտական հանձնաժողովներին դիմելու եւ համատեղ խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երեւանի քաղաքային իշխանությունների հայտարարության համաձայն` 266 կրպակների ապամոնտաժման հարցերը պետք է լուծվեն մինչեւ սեպտեմբեր, ի նկատի ունենալով, որ այս գործողությունների արդյունքում մայրաքաղաքում օրեցօր մեծանում է սոցիալական լարվածությունը, ինչպես նաեւ` այն հանգամանքը, որ ԱԺ ամառային արձակուրդներն ավարտվել են, առաջարկում ենք դիտարկել հաջորդ շաբաթվա ընթացքում լսումներ հրավիրելու տարբերակը:

«Ժառանգություն» կուսակցությունը մեծապես օգտակար կարող է լինել կրպակատերերի հետ կապ պահպանելու, նրանց ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու առումով:

Ակնկալում ենք, որ մշտական հանձնաժողովներն իրենց հերթին լսումների ժամանակ կապահովեն Երեւանի քաղաքային իշխանության բարձրագույն օղակների, պատասխանատու ու հարցին առնչակից այլ գերատեսչությունների, Կառավարության ներկայացուցիչների մասնակցությունը»,-ասված է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի նամակում:

«Ժառանգություն» խմբակցության պաշտոնական գրությանը կցվել է նաեւ օգոստոսի 16-ին ՀՀ նախագահի նստավայր փոխանցված շուրջ 100 կրպակատերերի նամակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter