HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես իմ երեխաների մեջ ապագա չեմ տեսնում»,- ասում է 6 երեխաների մայրը

Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի թիվ 3/ 5-20 երկու սենյականոց բնակարանում բնակվող Անահիտ Հովհաննիսյանի 7 անձից կազմված ընտանիքը հայտնվել է ծայրահեղ աղքատության մեջ: «Ոչ մի տեղ չեմ աշխատում, ընտանիքս 7 անձից է կազմված` 6 երեխաներս եւ ես:

Ամուսինս անհայտ կորած է, 2008 թ.-ի դեկտեմբերի 3-ին տանից դուրս է եկել, գնացել Վրաստան ու անհետ կորած է, օրգանը գիտի: Ընտանիքիս գոյությունը պահում եմ նիսյայով: Հրանուշ Թանդիլյանի խանութից եմ օգտվում: 47 հազար դրամ նպաստ եմ ստանում, էդքան էլ պարտք եմ անում: Չի հերիքում 7 անձիս: Այսօր ամբողջ օրը օգտվել ենք թաղամասի բարեգործական ճաշարանից` 2 անձի համար տված փայաբաժին ճաշերից: Ինչ ասեմ, բազմանդամ ընտանիք ա, անաշխատանք, ոչ մի հնարավորություն չունեմ, սենց խայտառակ վիճակում ենք»,- ասաց Անահիտը: 27_04-sarahart-1 Տառապանքից ու չսնվելուց սմքած կինը պատմեց, որ ամուսնացել է 1982-ին: Ամուսինն ի սկզբան է չի աշխատել. «Մամաս ա մեզ օգնել, սա իմ հայրական տունն ա, էս տունն էլ էս ձեւով չի եղել, ամեն ինչ կահավորված է եղել, ծախել ենք երեխաների գոյությունը պահպանելու համար: Մինչով օրս էլ սենց տանջանքով ապրում ենք»,- կարծես ինքն իր հետ խոսում էր Անահիտը: 27_04-sarahart-2 Տանը հացի փշրունք անգամ չկար: «Գնացի անտառից, ասեցի, գոնե մի քիչ բանջար բերեմ, որ առանց յուղի, առանց բանի, հենց նենց պտի խաշեմ, տալու եմ ուտեն: Տենամ ինչ եմ անում: Ոչ մի բան չունեմ: Խանութն էլ չի սպասարկում, թե գումարս լրացել ա, նպաստի չափը գիտի, հենց գումարը լրանում ա, էլ ոչինչ չի սպասարկում»,- պատմեց նա: 27_04-sarahart-3 Անահիտի 6 երեխաներից չափահաս է միայն 21-ամյա Սարգիսը, որը նույնպես չի աշխատում: «Էստեղ աշխատանք չկա, հետո էլ` հիվանդ եմ, ջերմություն է տալիս»,- ասաց նա: Խոսելիս Սարգիսի դեմքին քրտինքի կաթիլներ էին հայտնվում: «Շատ վատ ա, անընդհատ պառկած ա, հազում ա»,- բացատրեց մայրը: Բժշկի դիմելու եւ թոքերը ստուգելու մեր առաջարկը Սարգիսը չընդունեց: Թեեւ բացատրեցինք, որ պոլիկլինիկական ծառայությունն անվճար է, մեկ է` ասաց. «Բժիշկ որ կանչենք, գումարի հետ է կապված»: Անահիտի 5 անչափահաս երեխաներից 4-ը սովորում են Ալավերդու Սայաթ-Նովայի անվան միջն. դպրոցում: Երկվորյակներ Աննան եւ Սոնան սովորում են 5-րդ դասարանում, իսկ Կարենը` 3-րդ: Հայարփին սովորում է 8-րդ դասարանում: Վեց տարեկան Արենին մանկապարտեզ չեն ուղարկում նորմալ հագուստ չունենալու պատճառով: 27_04-sarahart-5«Երեխաներից ոչ մեկը լավ չի սովորում: Սրանց մոտ ինչ-որ բան կա, որը ես չեմ հասկանում: Որ ասեմ իրենք դեբիլ են` չէ»,- ասաց Անահիտը: Մոր կարծիքով` երեխաները պարզապես իրենց աղքատության պատճառով դպրոցում անտեսված են եղել: Հինգերորդ դասարանում սովորող Աննան ու Սոնան եւ 3-րդ դասարանում սովորող Կարենը դեռ այբուբենը չգիտեն: Վերջինս այբուբենը մինչեւ Ը տառը գիտի, Սոնան` մինչեւ Հ, Աննան էլ այբուբենն ասելիս հասավ Խ տառին եւ այն ամփոփեց` եւ, օ, ֆ: Երեխաները որեւէ երգ կամ բանաստեղծություն չկարողացան ասել: Մոր պահանջով դպրոցում երեքին էլ նույն դասարանում են թողել, որ այբբենարանը սովորեն: Աղջիկներից Հայարփին հասուն է, գեղեցիկ: Անկեղծորեն խոստովանեց, որ դպրոցում լավ չի սովորում, սակայն մայրն ասաց, որ տան գործերում իրեն շատ է օգնում: Գեղեցիկ ասեղնագործություններ էր կատարում: Նրա օգնությամբ ծաղիկներ էին ասեղնագործել նաեւ քույրերը` Աննան եւ Սոնան: Հայարփին ասաց, որ երազում է «մոդելյոր» դառնալ: 27_04-sarahart-4 Հուսահատության հառաչանք էր Անահիտ Հովհաննիսյանի եզրահանգումն իր երեխաների ապագայի մասին. «Ես իմ երեխաների մեջ ապագա չեմ տեսնում, էս ծանր վիճակը ես զգում եմ, որ իրենց հոգեվիճակի վրա էլ է ազդում, ասում եմ` երբ դուք դասարանում նստած եք, լսու՞մ եք, թե ինչ է ասում ուսուցիչը: Երեխեքն ինձ պատասխանում են. «Մենք մենակ մտածում ենք, որ տուն գանք` ի՞նչ ենք ուտելու»: Նրանց հոգեբանության մեջ մենակ սնունդն է, էդ հոգեբանությամբ էլ ուղեղներն աշխատեցնում են»: Ճակատագրով դատապարտված այս երեխաների մտավոր ունակությունների ու դաստիարակության մասին նրանց ուսուցիչների, ինչպես նաեւ Ալավերդու քաղաքապետարանի եւ «Վորլդ Վիժն» կազմակերպության Մանկական զարգացման կենտրոնի աշխատակիցների կարծիքներն իրարամերժ էին: Կենտրոնի հոգեբան Զառա Նոնինյանի կարծիքով` նրանք վատ երեխաներ են, սակայն կենտրոնում ընդգրկված Աննա, Սոնա եւ Կարեն Սիրունանյանների համար մշակված է անհատական զարգացման ծրագիր, որի համաձայն էլ շաբաթը երեք անգամ նրանց հետ կենտրոնում անցկացվում են պարապմունքներ: Թե անհատական զարգացման ինչ ծրագրեր են մշակված այս երեխաների համար, Զառա Նոնինյանը խուսափեց մեզ տեղեկատվություն տալ: Աննա եւ Սոնա Սիրունանյանների «Հայոց լեզվի» ուսուցչուհի Գոհար Վարդումյանը երեխաների մասին ասաց. «Առաջին տարին եմ դասավանդում, ինչ-որ չափով կարդում էլ են: Նրանց հետ դասարանում առանձին չեմ կարողանում աշխատել: Երբեմն սովորած բառը մոռանում են: Դասարանում, եթե որեւէ աշակերտ անգիր է ասում, նրանցից մեկը (չհիշեց որը) արագ սովորում է: Կենտրոնում կարծեմ նրանց մտավոր հետամնաց են որակել»: Երկվորյակների «Կրոնի պատմության» ուսուցչուհի Սիրամարգ Սադաղյանի կարծիքով էլ`«Շատ թույլ երեխաներ են, որքան պիտի ջանամ, որ նախադասություն հանեմ: Տարօրինակ, թերի, թույլ, ընտանիքով էլ մտավոր հետամնացություն կա: Եթե երկու նախադասություն եմ հանում, գոհանում եմ»: Հուսադրող էր Սայաթ-Նովայի անվան դպրոցի մանկավարժ, Կարեն Սիրունանյանի դասվար Արմենուհի Քարամյանի կարծիքը. «Ես Կարեն Սիրունանյանին առաջին տարին եմ դասավանդում, նախկին տարիներից լսել եմ, որ նա, անուշադրության մատնված, դասերից շատ է բացակայել, ընտանիքում սոցիալական ծանր վիճակ է, երբ երեք տարի կարգին դասի չի եկել, ինչպե՞ս կարող է գիտելիք ունենալ, հատկապես ընտանիքի կողմից անտեսված է: Ես առաջարկել եմ մորը` Անահիտ Հովհաննիսյանին, երեխայի հետ միասին աշխատել, ողջ տարվա ընթացքում երկու անգամ է եկել ծնողական ժողովի, դեկտեմբերից այս կողմ չի երեւացել դպրոցում, չեմ կարողանում հանդիպել: Բազմանդամ, սոցիալապես անապահով, նիսյաներով ապրող ընտանիք է»: «Երեխեք են, էլի, չար երեխեք են, պակաս ապրած երեխեք են, վատ մարդիկ չեն, որ ասեմ շատ վատն են, չէ: Իհարկե, շատ վատ են գոյատեւում: Ամեն օր գալիս են. «Երկու գդալ կոֆե տուր, մի գդալ աղ տուր, պոլի փետը տուր, ասեղ տուր: Ամեն օր: Ոչ թե աղքատ են, դրա համար չենք շփվում, պարզապես ես էդքան չեմ շփվում ոչ մեկի հետ»,- ասաց Սիրունանյանների հարեւանուհի տիկին Անուշը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter