HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Սերգեյ Գասպարյանը մեղադրում է Փարավոն Միրզոյանին. «Ես նրան ասում եմ` դու վաճառել ես իմ գործերը: Թող մի անգամ բռնի կոկորդիցս, ասի` ես չեմ արել»:

Հայկական բյուրեղապակու երբեմնի համբավը

Հայկական գեղարվեստական բյուրեղապակու թանգարանը ստեղծվել ու մեծ խնամքով եւ դժվարություններով պահպանվել է գրեթե 30 տարի: 1968 թ.արվեստագետ Սերգեյ Գասպարյանը Լենինգրադից (այժմ` Սանկտ-Պետերբուրգ) հրավիրվում է Հայաստան եւ հիմնում արդյունաբերության նոր ոլորտ` հայկական կիրառական արվեստը հարստացնելով գեղարվեստական  բյուրեղապակեգործության ճյուղով:

Ստեղծագործական աշխատանքը համադրելով արտադրության համար նորբյուրեղապակյա նմուշներ ստեղծելու հետ` առաջին իսկ օրվանից Սերգեյ Գասպարյանը վարպետներ է պատրաստում, փորձ ձեռք բերելու նպատակով նրանց գործուղում Ռուսաստանի հնագույն նմանատիպ գործարաններ: Որոշ ժամանակ անց արդեն Հայաստանի բյուրեղապակու գործարանում արվեստագետը ստեղծում է գեղարվեստական բյուրեղապակու բաժին, որտեղ տարբեր նկարիչների հետ միասին սկսում են աշխատել հայ բյուրեղապակեգործ վարպետներ: Թանգարանի հիմնադիրն իրենց ստեղծած նմուշներով ապահովում է Հայաստանի մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին ու տոնավաճառներին, ինչպես նաեւ կազմակերպում ցուցահանդեսներ: Շուտով գործարանի այս բաժնի հետ սկսում են կնքվել պատվերների պայմանագրեր: Դրանց շնորհիվ տարեկան պետբյուջե է մուտքագրվում 25-30 մլն ռուբլի:

1970 թ. Սերգեյ Գասպարյանի հրավերով եւ ջանքերով Լենինգրադից ընտանիքներով Հայաստան են տեղափոխվում անվանի ապակեփչող-բյուրեղապակեգործ վարպետներ, որոնցից Պավել Իվանովիչ Զինչենկոն 35 տարի ապրում է Երեւանում: Մեծ է նրա ավանդը հայ վարպետներ պատրաստելու գործում:

1973 թ. Մոսկվայում, հերթական ցուցահանդեսից հետո, «Советская культура» թերթի ընդարձակ հոդվածում փաստում են, որ «արվեստաբանության մեջ ի հայտ է եկել այնպիսի նոր հասկացություն, ինչպիսին է հայկական բյուրեղապակին»:

Ստեղծագործական եւ կազմակերպչական աշխատանքի առաջին իսկ օրվանից ընտրելով եւ խնամքով պահպանելով հիմնականում գործարանում ստեղծագործող երկու նկարիչների` իր եւ Կ. Պողոսովի հատընտիր ստեղծագործությունները, տարիների ընթացքում Բյուրեղավանի «Հայբյուրեղապակի» գործարանում Սերգեյ Գասպարյանը հիմնում է գեղարվեստական բյուրեղապակեգործության ինքնատիպ թանգարան, որի հավաքածուն հետագայում համալրվում է երիտասարդ շնորհալի նկարիչների եւ վարպետների աշխատանքներով:

Սեփականաշնորհումից հետո

Հայաստանի անկախացումից հետո գործարանը սեփականաշնորհվում է: Այս եզակի թանգարանը չկորցնելու համար պահանջվում էր այն պահպանել պետական հոգածություն ներքո` պետական թանգարաններից մեկում կազմակերպելով դեկորատիվ-կիրառական արվեստի նոր ճյուղի` հայկական բյուրեղապակու մշտական ցուցադրություն: Թանգարանի հիմնադիրն այդ նպատակով 1997 թ. սկսած պարբերաբար գրավոր դիմում է պետության առաջին դեմքերին` խնդրելով ողջ թանգարանը վերցնել պետական հովանու ներքո եւ հնարավորություն տալ պատրաստել հայկական բյուրեղապակու մշտական ցուցադրություն:

790 աշխատանք համալրում է Ազգային պատկերասրահի ֆոնդը

Ի վերջո, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարի 2002 թ. հունիսի 19-ի թիվ 253 հրամանով մասնավորեցված «Հայապակի» ՓԲԸ կազմից առանձնացված շուրջ 790 նմուշ եւ երկու անավարտ առարկա (108 արկղերով եւ 26 մեծ ստեղծագործությունները առանձին) թանգարանի հիմնադիրը մշտական պահպանության է հանձնում Հայաստանի ազգային պատկերասրահին: Դրանից հետո, ըստ արվեստագետի, սկսվում է իր դժվարին կյանքը:

Այս տարվա մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին եւ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանին ուղղված նամակում Սերգեյ Գասպարյանը ներկայացրել է, թե ինչ է կատարվում Ազգային պատկերասրահում` իր թանգարանի հավաքածուն այնտեղ հանգրվանելուց հետո. «Եվ այստեղ` մայրաքաղաքի կենտրոնում, Ազգային պատկերասրահում կատարվեց... կարելի է ասել` ամենաստոր հանցագործությունը... Եթե ես տեղյակ լինեի` ինչ ճակատագիր է սպասվում այս եզակի գործերի թանգարանին, երբեք իմ ձեռքերով ստեղծած թանգարանը չէի գցի Փարավոն Միրզոյանի ձեռքը, որը պատկերասրահում թաքնված գող թշնամու պես վերաբերվեց դժվարություններով ստեղծված եւ առավել մեծ դժվարություններով պահպանված թանգարանի նկատմամբ... Որպես առողջ մտածող եւ ստեղծագործող հայ նկարիչ` խոսքեր չեմ գտնում բնութագրելու, թե ինչ աստիճանի անբարո, ստոր գործարք է կատարել Փ.Միրզոյանը` կործանելով 30 տարիների ընթացքում ի՜նչ դժվարություններով ստեղծված եւ պահպանված թանգարանը, որին ես կյանքս եմ նվիրել: Ներողամիտ եղեք կոշտ խոսքերիս համար, որովհետեւ զավակին կորցրած հոր նման սիրտս ցավում է: Անհնար է պատկերացնել`ինչ աստիճանի խիղճը կորցրած կարող է լինել այն պատասխանատու անձը, որը ողջ նկարիչ հեղինակի գրեթե աչքերի առաջ նրա ստեղծած թանգարանային գործերը տալիս է ինչ-որ անհատի...»:

410 աշխատանք ի պահ է տրվե՞լ, թե՞ վաճառվել է

Նամակում նշված «ինչ-որ անհատը» «Գլաս Ուորլդ Քամփընի» ՓԲ ընկերության սեփականատեր Ա. Քոչարյանն է, որը շշերի արտադրության գործարան է գնել Բյուրեղավանում: ՀՀ մշակույթի նախարարի 2005 թ. հուլիսի 1-ի թիվ 326 – Ա հրամանի համաձայն` ընդունման-հանձնման ակտով եւ «Գլաս ՈւորլդՔամփընի» ՓԲ ընկերության եւ Հայաստանի ազգային պատկերասրահի միջեւ կնքված ժամանակավոր պահատվության պայմանագրով Ազգային պատկերասրահի հավաքածուից 410 թանգարանային առարկա հանձնվել է ընկերությանը` ժամանակավոր ցուցադրման նպատակով: Սերգեյ Գասպարյանը համարում է, որ անունը դնելով «ի պահ»` գործերը տվել են մի սեփականատիրոջ, ով առնչություն չունի այդ աշխատանքների հետ: Նամակներից մեկում նա հայտնում է, որ «Փ. Միրզոյանը հոշոտել, թալանել է թանգարանը եւ տվել է (ճիշտ կլինի` վաճառել է) սեփականատեր Ա.Քոչարյանին»:

Արվեստագետը, որն այսօր ապրում է ծայրահեղ աղքատության եւ հոգեկան անհանգստության մեջ, «Հետքին» պատմում է, որ 2002 թ.-ից սկսած, պարբերաբար անտեսելով իր հարցումները, թե երբ են սկսելու ցուցադրության աշխատանքները, Փ. Միրզոյանը միտումնավոր, տարիներով ձգձգել է թանգարանի ցուցադրությունը: Նա անընդհատ ասում էր, որ Միրզոյանը պարզապես վաճառել է ազգային արժեք ներկայացնող պետական թանգարանի մեծ մասը:

Հատված Սերգեյ Գասպարյանի նամակից

«Այդ օրվանից ես կորցրել եմ հանգիստս, քունս... Տարիներ շարունակ գրություններով դիմել եմ երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, Վերահսկիչ պալատի նախագահին... Սակայն նրանց աշխատակազմի կատարած վատ ու անտարբեր աշխատանքի արդյունքում իմ նամակներն իրենց արդարացի նպատակին չեն հասել' թալանից ու կործանումից թանգարանը փրկելու»:


Ինչ դիրքերում է ՀՀ մշակույթի նախարարությունը

Հատված Սերգեյ Գասպարյանի նամակից

«Իսկ ինչ դիրքերում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ստեղծագործող նկարիչը տարիների ընթացքում հիմնում է հայրենիքում կիրառական արվեստի նոր բնագավառ` իր եզակի գործերի թանգարանով, իսկ նախարարությունը, փոխանակ կատարելու պետության դերն ու պահանջները, պաշտպան լինելու նկարչի կատարած ողջ աշխատանքին, հակառակը` դառնում է «պաշտոնյա» Փ. Միրզոյանի համախոհը: Երեւի այդպես ավելի հեշտ ու շահավետ համարեցին... Իսկ որպեսզի ազատ գործեն, ինձ ավելորդ համարեցին` հոգեկան ծանրագույն վիրավորանք հասցնելով:

Նախարարությունում անգամ չգիտեն, որ նկարիչ Սերգեյ Գասպարյանը, այդքան աշխատանք կատարելով նոր գործարանում, զուգահեռաբար 1970 թ.-ից մինչեւ այսօր իր թե դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններով, թե գեղանկար կտավներով ակտիվորեն մասնակցում է ՀՀ նկարիչների միությունում կազմակերպվող բոլոր ցուցահանդեսներին` վերջին տարիներին ցուցադրելով միայն գունանկար աշխատանքները»:

Սերգեյ Գասպարյանի ստեղծած թանգարանը փրկելու կոչով Ռուսաստանի երեք նկարիչներ 2008 թ. հունիսին նամակ են ուղարկում ՀՀ Կառավարությանը: Նրանք խորհուրդ են տալիս Հայաստանի ղեկավարությանը պահպանել հնագույն հայ ժողովրդի արժեքները: Գրում են, որ միայն Հայաստանի ամենաոխերիմ թշնամին կարող է այդպես վարվել. թաղել Հայաստանում առաջին անգամ ստեղծված գեղարվեստական ապակեգործության ու գեղարվեստական բյուրեղապակու նոր ճյուղերը, որոնք կարող էին էլ ավելի հարստացնել հին հայկական կիրառական արվեստը:

«Մենք` համաշխարհային ճանաչում ունեցող Գուսեւսկյան բյուրեղապակու գործարանի հնագույն ռուսական արտադրության ռուս նկարիչներս, խիստ քննադատում ենք Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի գործողությունները: Մեր ստեղծագործությունները կես դար շարունակ հավաքագրվում են եւ խնամքով պահպանվում ու ցուցադրվում ամբողջ աշխարհին հայտնի Մալցովիների անվան բյուրեղապակու թանգարանում»,-գրված է Հայաստանի Կառավարությանն ուղղված նամակում:

Կառավարությանը հասցեագրված նամակը քսան օր անց վերահասցեագրվել է ՀՀ մշակույթի նախարարությանը` բնորոշվելով որպես Ռուսաստանի քաղաքացիներ Վ. Զայցեւի եւ մյուսների նամակ: Նշենք, որ նամակի հեղինակներն են Գուսեւսկյան բյուրեղապակու գործարանի գլխավոր նկարիչ Վ. Ս. Զայցեւը, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ա. Ս. Կուրիլովը, Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Վ. Ի. Կասատկինը:

Սերգեյ Գասպարյանը կասկածում է

Սերգեյ Գասպարյանի 4 տարվա պայքարից, գրավոր բողոքներից հետո «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրինությունը «Գլաս Ուորլդ Քամփընի» ՓԲԸ-ից գրավոր պահանջում է վերադարձնել ի պահ տրված թանգարանային առարկաները: 2008 թ. դեկտեմբերի 10-ի թիվ 11 ակտով բոլոր առարկաները վերադարձվում են Ազգային պատկերասրահ: Սերգեյ Գասպարյանը, սակայն, մինչ օրս չի կարողացել համոզվել, որ վերադարձված աշխատանքներն իր ստեղծագործություններն են: «Ասում է` աշխատանքները վերադարձված են: Սուտ է, նրանք ցույց չեն տալիս ինձ իմ աշխատանքները, որովհետեւ դրանք չկան: Ես պատկերացնում եմ, որ եթե կենդանի նկարչի օրոք այդպիսի ավազակություն է կատարվում, մահացած նկարիչների աշխատանքների հետ ինչ է կատարվում այնտեղ: Ոչ ինձ դոկումենտ են ցույց տալիս, ոչ մի բան: Ես գիտեմ, որ այդ գործերը այնտեղ չեն»,- հուզված ասում է արվեստագետը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը 2009 թ. փետրվարին Սերգեյ Գասպարյանին ուղղված նամակում գրում է. «Հայտնում ենք, որ դեռեւս 2008 թ. դեկտեմբերի 12-ին «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրինությունը «Գլաս Ուորլդ Քամփընի» ՓԲԸ-ից հետ է ընդունել ի պահ տրված 411 թանգարանային առարկաները` ձեւակերպելով դրանց վերադարձը համապատասխան ընդունման ակտով, ինչի մասին Ձեզ տեղեկացվել է գրավոր: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր պետական թանգարանի հավաքածու հանդիսանում է պետական սեփականություն, հետեւաբար բացառվում է դրանից որեւէ առարկայի օտարումը: Ձեր այն դիտողությունը, թե առարկաները կարող են թալանվել, չի համապատասխանում իրականությանը: Ելնելով թանգարանի ներկայիս ցուցադրական մակերեսի հնարավորությունից եւ հիմք ընդունելով թանգարանի գիտական խորհրդի որոշումը` թանգարանի տնօրինությունը կազմակերպել է հավաքածուի որոշակի մասի ցուցադրություն միայն»:

Նամակի վերջում նախարարը նշել է, որ 2011 թ. նախատեսվում է կազմակերպել «Հայաստանի ազգային պատկերասրահի ապակու հավաքածուն» ժամանակավոր ցուցադրությունը:

Արվեստագետը մեղադրում է եւ պահանջում

Սերգեյ Գասպարյանը մեկ տասնյակից ավելի նամակներ է գրել պետության առաջին դեմքերին` նախագահին, վարչապետին եւ մյուսներին, հիմնականում` նույն բովանդակությամբ:

Հատված Սերգեյ Գասպարյանի նամակից

«Փ. Միրզոյանը ձեւացնելով, թե ցուցադրություն է կատարել, 790-ից 50 ստեղծագործություն խցկելով երկու հին պահոցներում, որտեղ ոչ աշխատանքի անվանումը կա, ոչ տարեթիվը եւ ոճը, առհասարակ ոչ մի տվյալ: Այսպիսով, կատարելով գռեհկության աստիճան անգրագետ, իմիջիայլոց ցուցադրություն 2008 թ. դեկտեմբերին' ՀՀ նկարիչների միության համագումարին իմ բողոքից հետո հայտարարում է, թե տրված աշխատանքները հետ են վերադարձված... Սուտ է:

Հստակ պարզ է` նրանք չեն կարողանում ինձ ցույց տալ իմ բոլոր աշխատանքները, որովհետեւ այդ գործերը կամ պատկերասրահում չեն ընդհանրապես, կամ փոխված են:

Կատարվել է երկու հանցագործություն.

1. Փ. Միրզոյանը թալանել, կործանել է ազգային մշակութային արժեք ներկայացնող բյուրեղապակյա եզակի գործերի ամբողջական թանգարանը:

2. ՀՀ մշակույթի նախարարությունը չհասկանալով, չխորանալով իրադրության մեջ եւ լուրջ պատասխանատվությամբ չվերաբերվելով, հովանավորում է Փ. Միրզոյանին: Մինչեւ ե՞րբ... Չէ՞ որ ուշ, թե շուտ ամեն ինչ պարզվելու է, եւ յուրաքանչյուրն իր մեղքի չափով պատասխան է տալու կատարվածի համար»:

Որպես թանգարանի հեղինակ եւ հիմնադիր` Սերգեյ Գասպարյանը Փ. Միրզոյանից, մշակույթի նախարարությունից պահանջում է, որ պարտադիր իր եւ եւս երեք նկարչի մասնակցությամբ պատկերասրահ հանձնված բյուրեղապակյա գործերի փաստաթղթերի ստուգում անցկացվի: Նրա պահանջն է` ստեղծել «Հայբյուրեղապակի» գործարանի թանգարանի 790 նմուշների ամբողջականությունը եւ փաստացիությունը ստուգող խումբ անպայման իր' թանգարանի հիմնադիր-հեղինակի մասնակցությամբ, ինչպես նաեւ որպես հեղինակի եւ մասնագետի իրեն ընդգրկել մասնակցելու բոլոր ցուցադրական աշխատանքներին մինչեւ վերջ, առանց իր կողմից վարձատրության պահանջի:

Մեկնաբանություններ (1)

neneth7
hetaknnnutyun e petk anckacnel.mard@ patahakanoren ayskan anhangstacac cher lini

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter