HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Գեորգի Պետրոսյան. «Ղարաբաղի կողմից կա կտրուկ անհամաձայնություն` Մադրիդյան սկզբունքների հետ կապված»

310308_gpetrosyan

ԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա նիստի` կառավարության հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորների բոլոր հարցերն ուղղված էին արտգործնախարարին: Ժողովրդավարություն խմբակցությանը, օրինակ, հետաքրքրում էր, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների կողմից հրապարակվող որոշ մանրամասները` Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որոնց հիման վրա շարունակում են բանակցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:

«Ի՞նչ եք կարծում, այդ հնարավորությունների շուրջ հնարավո±ր է հասնել այնպիսի համաձայնության, որը կբավարարի նաեւ ԼՂՀ ժողովրդին»,- հարցն այսպես շարունակեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Վահրամ Աթանեսյանը: Արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, նորմալ դիվանագիտական պրակտիկա համարելով բանակցությունների կոնֆիդենցիալությունը, նշեց, որ տեղյակ է Մադրիդյան սկզբունքներին, որոնց մասին խոսվում է համանախագահների հետ հանդիպման ժամանակ:

«Գաղտնիք չեմ ասելու, որ Ղարաբաղի կողմից կա կտրուկ անհամաձայնություն` մադրիդյան սկզբունքների հետ կապված` մի քանի հիմնական կետերի մասով»,- ընդգծեց Գ. Պետրոսյանը: Նրա խոսքերով` բազմաթիվ անգամ, տարբեր առիթներով, նախագահի կողմից նույնպես նշվել է այն մասին, որ Ղարաբաղի հանրապետության դիրքորոշումը ոչ մի կետով չի փոխվել, որովհետեւ ազատ զարգացումը, անկախ կարգավիճակը եւ անվտանգությունն այն սկզբունքներն են, որոնցով պետք է առաջնորդվի իշխանությունը: Ավելին` նա շեշտել է, որ հնարավոր է մի քիչ ավելի կոշտացնեն Ղարաբաղի դիրքորոշումը:

Արտգործնախարարը շեշտեց, թե «երբեք չի լինելու մի որոշում, որի մասին տեղյակ չլինեն բոլորը», այնուհետեւ ավելացրեց. «Ունենք պետություն, Սահմանադրություն եւ սեփական շահեր, որոնք պետք է բոլորս միասին պաշտպանենք եւ որոնցով պետք է առաջնորդվենք»:

Սա, թերեւս, պատգամավոր Արպատ Ավանեսյանի հարցում հնչած` ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումների վերաբերյալ մտահոգությունների պատասխանն էր նաեւ: Նրան մտահոգում է նաեւ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ծրագրի որոշ կետեր, որոնք վերաբերում են Ղարաբաղին: Գեորգի Պետրոսյանն այն կարծիքին է, որ այդ փաստաթղթերն արդեն ինչ-որ իմաստով հնացած են:

«Ցանկացած ժողովուրդ, երբ պետություն է ստեղծում, առաջնորդվում է պետության եւ իր ժողովրդի շահերով: Այդ տեսակետից, իհարկե, կարեւոր է, թե ինչ է գրվել Հայաստանում: Բայց շատ ավելի կարեւոր է` ինչ ենք անելու եւ ասելու մենք: Մեր հիմնական քայլը համարում եմ Սահմանադրության ընդունումը, եւ Սահմանադրության համաձայն ունենք մեր շահերը, նպատակները, որոնց վրա հիմնվում եւ հիմնվելու են քաղաքական իշխանությունները: Եւ դրա համար մեզնից պահանջվելու է մի բան` միասնական, ինչպես որ այս տարիների ընթացքում, մեկ բռունցքի նման դիմակայել բոլոր մարտահրավերներին` հիմնվելով սեփական շահերի եւ գլխավոր օրենքի  վրա»,- հավելեց արտգործնախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter