HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Պատասխանատու» կառավարություն եւ «անպատասխանատու» մամուլ

Փետրվարին Հետքը տպագրել է մի հոդված (Ապօրինի շինություններն օղակի մեջ են առել Սեւանա լիճը), որտեղ ներկայացվել են փաստեր Սեւանի ափին զանազան պաշտոնյաների, մասնավորապես Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին պատկանող շինության ապօրինի լինելու մասին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը տարբեր առիթներով նշում էր, թե իրենք հետեւելու են մամուլում հրապարակված փաստերին եւ կատարելու համապատասխան քայլեր: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ տրված մամուլի ասուլիսին «Առավոտ» օրաթերթի լրագրողի տված հարցին՝  «Կոռուպցիայի դեմ Ձեր սկսած պայքարում առայժմ որոշ մանր-մունր ձկնիկներ են բռնվում։ Արդյո՞ք Դուք ավելի խոշորների տեղը չգիտեք», ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես, իհարկե, ուրախ կլինեի, եթե դուք խոշոր «ձկների» տեղը ցույց տայիք եւ ոչ միայն մատնացույց անեիք, այլեւ օգնեիք, որ այդ ձկներն ընկնեին ուռկանը»։

Այսքանից հետո մեզ այլ բան չէր մնում, քան սպասել, որ կառավարությունը արձագանքի մեր հրապարակմանը: Անցան ամիսներ, եւ մենք ստիպված եղանք գրել երկու նամակ` ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Դատախազի արձագանքը ստացանք միանգամից՝ մեր նամակն ուղարկել են Գեղարքունիքի մարզի դատախազություն` փաստերն ուսումնասիրելու համար: Զավեշտալի վիճակ է ստեղծվել վարչապետին ուղղված նամակի պարագայում:

Պարզվում է` մեր «պատասխանատու» կառավարությունը «անպատասխանատու» մամուլի նկատմամբ ցուցաբերել է «գերպատասխանատու» վերաբերմունք:  Մեր նամակն ուղարկել են Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որպեսզի վերջինս մանրակրկիտ ներկայացնի, թե ինչպես է ինքը չարաշահումներ կատարել: Վարչապետին ուղղված նամակում տեղեկացրել էինք իր ղեկավարած կառավարության անդամներից մեկի չարաշահումների մասին, իսկ  վարչապետը գտել էր, որ հենց այդ անդամն էլ պիտի պատասխանի լրագրողներին: Հիշեցնենք, որ այդ նույն նախարարից, հոդվածը հրապարակելուց առաջ, ամիսներ շարունակ չէինք կարողանում ստանալ մեր հարցերի պատասխանները:

Վերջապես Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ամիխանյանից ստացանք ինչ-որ պատասխան, որտեղ որեւէ անդրադարձ չկա մեր հոդվածում ներկայացված փաստերին, նախարարի թույլ տված ապօրինություններին: Ստորեւ ներկայացնում ենք Ս. Ամիրխանյանի պատասխանն ամբողջությամբ, սակայն մինչեւ դրան ծանոթանալը նորից կարդացեք հոդվածը (Ապօրինի շինություններն օղակի մեջ են առել Սեւանա լիճը):

«Ի պատասխան Ձեր 18.03.09թ.-ի N03-հ1 գրության` ուղղված ՀՀ վարչապետին, հայտնում ենք, որ 1990 թ.-ից մինչ օրս  1908թ.0մ բացարձակ նիշերից ցածր գոտիներում գտնվող կառույցները ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության և  «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով գույքագրվել են, որի արդյունքում մինչ օրս դադարեցված են բոլոր տեսակի շինարարական աշխատանքները` մինչև ՀՀ նախագահի կողմից ստեղծված «Սևանա լճի հիմնահարցերով զբաղվող» հանձնաժողովի կողմից վերջնական որոշումը կայացնելը: Այդ խախտումների վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետարանի և Սևանի քաղաքապետարանի կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ և նշանակվել են տուգանքներ` յուրաքանչյուրին 200.0 հազար դրամ գումարի  չափով: ՀՀ կառավարության 18.12.2008թ. թիվ 1563-Ն որոշման 14.3 կետի համաձայն, մեկամյա ժամկետում հանձնարարված է «Սևան» ազգային պարկի տարածքում կնքված բոլոր պայմանագրերը համապատասխանեցնել նշված որոշման պահանջներին, որի ընթացքում բոլոր ինքնակամ շենք-շինությունները հաշվի կառնվեն, դրանք կհամարվեն պետական սեփականություն և վարձակալական հիմունքներով կտրամադրվեն համապատասխան վարձակալներին կամ կապամոնտաժվեն վարձակալների միջոցներով: Ինչ վերաբերում է «Սևան» ազգային պարկի Արտանիշի արգելոցին, մինչև «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանի հաստատումը, արգելոցի տարածքը եղել է 2379 հա, որից 222.5 հա-ը` սեփականության իրավունքով հանձնվել է Շորժա համայնքին` որպես արոտավայր և վարելահող, ինչպես նաև Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով 14.5 հա ջրածածկ է եղել և արդյունքում մնացել է 2142 հա, որն այժմ արգելոցի ընդհանուր տարածքի մակերեսն է: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից քաղաքացի Արմեն Մաթևոսյանին վարձակալությամբ տրամադրված 9,6 հա-ի վերաբերյալ հայտնում ենք, որ այդ տարածքը գտնվում է «Սևան» ազգային պարկի անտառածածկ գոտում, այն չի համարվում արգելոցի տարածք, և որտեղ առկա են նաև 3 անասնագոմեր: Իսկ ինչ վերաբերում է ցանկապատին` տարածքը ցանկապատվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համաձայնությամբ` մուտքը Արտանիշի արգելոց սահմանափակելու նպատակով: Նույնը կատարվել է նաև արգելոցի արևելյան մասում, և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին, աշխատանքի է ընդունվել մեկ արտահաստիքային աշխատակից` արգելոցի տարածք այլ անձանց մուտքը արգելելու համար, որտեղ կարող են մուտք գործել միայն գիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Այլ բան է, որ Արտանիշի արգելոցի արևելյան մասում կա 1 սեփականաշնորհված գործող անասնագոմ, որի վերաբերյալ մինչև «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանի հաստատումը, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից բոլոր քննարկումների ժամանակ բազմիցս առաջարկվել է, որպեսզի այդ անասնագոմի տարածքը դուրս թողնվի պարկի սահմաններից, սակայն այդ հարցին մինչև օրս դրական լուծում չի տրվել և այն գտնվում է արգելոցի տարածքում: Հայտնում ենք նաև, որ մինչև «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանի ՀՀ կառավարության կողմից հաստատումը, այն հաստատվել է ՀՀ բնապահպանության նախարարի և Գեղարքունիքի մարզպետի կողմից:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար` Ս. Ամիրխանյան

Սա ընդամենը մի դրվագ է «պատասխանատու» կառավարության եւ «անպատասխանատու» մամուլի հարաբերություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter