HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճգնաժամը Հայաստան է վերադարձրել բազմազավակ ընտանիքին, սակայն հայրենիքում նրանք չեն կարողանում գոյատեւել

Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի բնակիչ, 37-ամյա Սիլվա Գեւորգյանը 2 ամիս հետո կունենա 6-րդ երեխան: Ըստ ծնողների` երեխան էլ ավելի կծանրացնի ընտանիքի սոցիալական վիճակը: «Փող չունեի, որ մի բան անեի, ես ի՞նչ անեի, ստիպված էի: Շատ եմ մտածում, չգիտենք` ոնց անենք, ոնց ապրենք, նպաստը չի հերիքում, երեխաներին չգիտեմ ինչ անեմ, չեմ կարողանում: Նպաստին չգիտեմ` երեխեքի համար ուտելի՞ք առնեմ, թե՞ հագուստ առնեմ»,- շփոթված ասում է Սիլվան:

04_05-silva-1Ամուսնու` Սամվել Պողոսյանի եւ երեխաների հետ 8 տարի օտարության մեջ դեգերելուց հետո` Սիլվան 6 ամիս առաջ վերադարձել է հայրենի գյուղ: Նա պատմում է, որ համաշխարհաին տնտեսական ճգնաժամի ազդեցությունն իր ընտանիքը զգացել է հենց արտերկրում: «Էնտեղ էլ արդեն վիճակ չկար, վերջում էնտեղ էլ արդեն էլածը լրիվ թանկացավ, հացը շատ թանկացավ, տրանսպորտը թանկացավ, մեզ ասում էին` գնացեք Ձեր երկիրը, ձեր թագավորը, ձեր մեծերը ձեզ կօգնեն ամեն հարցով, ամեն ինչով: Բայց տեսնում եմ, որ ոչ մի տեղից օգնություն չկա, հետո ես մարդ չեմ այստեղ ճանաչում, մեծերի դուռ գնացած չեմ, չգիտեմ, խնդրում եմ շահագրգիռ մի բան դուրս գա , մի բարի մարդ դուրս գա եւ մեզ օգնի ինչ-որ մի հարցով»: Իրենց հայրենի գյուղում նրանք չեն կարողանում հոգալ ընտանիքի հոգսերը: Կաճաճկուտում տուն չունեն: Ժամանակավոր բնակվում են բարեկամներից մեկի կիսախարխուլ տանը: Երեխաներից ավագը` 14, իսկ կրտսերը 7 տարեկան է: Մեծ աղջիկը` Մարիամը, գեղեցիկ ասեղնագործություններ է անում: Արտակը երազում է շարունակել Ռուսաստանի Դաշնությունում կիսատ թողած ըմբշամարտի պարապմունքները: Սենիկը նկարել է սիրում. «Էնտեղ ավելի լավ էր, գործ կար, վաննա կար, բայց ստի ոչ մի բան չկա: Էնտեղ նկարչության եմ գնացել, ստի չկա: Կուզենայի ետ գնամ` նկարելու, շատ եմ սիրում նկարել»,- ասաց Սենիկը: Սոֆյան երազում է մորը միայն ժպտալիս տեսնել, ու մի օր էլ իրենք վերջապես լավ ապրեն. «Ստեղ լավ ա, բայց տուն-տեղ չունենք, մամաս ու պապաս հիվանդ են, էնտեղ կարում էինք շոր առնենք, շատ բան առնենք, բայց ստի չենք կարում առնենք»,- ասաց Սոֆյան: Ընտանիքի հայրը` Սամվել Պողոսյանը, չնայած առողջական ծանր խնդիրներին, պատրաստ է ամեն ինչ անել երեխաների ապագան նրանց սրտով դասավորելու համար: 04_05-silva-3«Դե Ռուսաստան գործ կար` աշխատում էի, պաստայաննի գործ ըլեր, էլի, դժվար ա, բայց դե պտի անենք, էլի: Պտի պահենք երեխեքին»,- ասում է Սամվել Պողոսյանը: Չնայած երեխաների մեծ ցանկությանը, Պողոսյանների ընտանիքը Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու հնարավորություն այլեւս չունի, քանի որ, ըստ նրանց, միայն 5 երեխաների ճանապարհածախսով կարելի է Կաճաճկուտում տուն գնել եւ նորմալ տնտեսություն վարել: Նշենք, որ Կաճաճկուտը սողանքավտանգ է: Տունը, որտեղ ապրում է Պողոսյանների բազմանդամ ընտանիքը, վթարային է դարձել հենց սողանքների պատճառով: Կաճաճկուտի գյուղապետ Մ. Թամազյանն ասաց, որ հնարավորինս օգնում են բազմանդամ ընտանիքին: «Այդ ընտանիքի երեխաներին զիջել ենք դասագրքերի գումարները, իրենց տատիկի մահվան արարողության ժամանակ համայնքի բյուջեից վճարել ենք 20 հազար դրամ օգնություն, Սամվել Պողոսյանին ասել ենք, որ մարդկայնորեն օգնություն ցույց տալու համար ցանկացած պահի կարող է դիմել ինձ: Ինչ վերաբերում է համայնքապետարանի աջակցությամբ բնակարան կառուցելուն, ապա ասեմ, որ մեր համայնքի բյուջեի տարեկան եկամուտը կազմում է 1,2 մլն դրամ, բնականաբար, այս նվազ բյուջեով չենք կարող այդ ընտանիքին իրենց սեփական բնակարանը կառուցելու գործում աջակցել: Ասեմ նաեւ, որ Կաճաճկուտում սողանքների հետեւանքով Սամվել Պողոսյանի ընտանիքի զբաղեցրած բնակարանի նման վթարային շուրջ 60 բնակարան կա: Այնպես որ, դա համայնքապետարանի միջոցներով լուծելու խնդիր չէ»,- ասաց գյուղապետը: Ասում են` ընտանիքը պետության հիմքն է: Իսկ ծանր կացության մեջ հայտնված Պողոսյանների բազմանդամ ընտանիքը պետության ամուր հիմքերի մասին չի խոսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter