HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չնայած ճգնաժամին` փոքր և միջին ձեռնարկությունների թիվն ավելանում է

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց կենտրոնի 2009թ. առաջին չորս ամիսների կատարած աշխատանքը: Նա նշեց, որ փոքր և միջին ձեռնարկատիրությանը տրամադրված պետական աջակցության 2009-թ. ծրագրի շրջանակներում բավարարվել է 4028 աջակցության հայտ: Տրամադրվել է աջակցություն 2 230 ՓՄՁ սուբյեկտի, որոնցից 715-ը աջակցություն ստացել են ծրագրային մի քանի ուղղություններով: «Աջակցությունը տրամադրվել է բիզնես-խորհրդատվության, ուսուցման, տեղեկատվության, ֆինանսական ռեսուրսների ներգրավման և մի շարք այլ ուղղություններով: Մշակվել է շուրջ 39 գործարար ծրագիր` 2009-ի առաջին չորս ամիսների ընթացքում: 330 մարդ մասնակցել են ուսուցողական վերապատրաստման դասընթացներին, որոնք առընչվել են հարկային համակարգին, բիզնեսի վարման հիմունքներին և այլն: Մեր մարզային մասնաճյուղերում ու կենտրոնական գրասենյակում 3400 կազմակերպություն ստացել են անհրաժեշտ խորհրդատվություն»,- ասաց Իշխան Կարապետյանը: Կենտրոնի կողմից իրականացվել են նաև ֆինանսական աջակցության ծրագրեր: ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող վարկային երաշխավորությունների տրամադրման շրջանակներում առաջկցություն է ստացել 23 փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտ, որոնց տրամադրվել են 170.5 միլիոն դրամի վարկային միջոցներ: Վարկավորման միջին տոկոսադրույքը կազմել է 16 տոկոս` առաջին չորս ամիսների կտրվածքով, Ի. Կարապետյանի հավաստմամբ` այն դեպքում, երբ ըստ գնահատականների` միջին տոկոսադրույքը տատանվում է 18-22 տոկոսի սահմաններում: Պետական երաշխավորությունների ծրագրով աջակցություն ստացած բոլոր տնտեսվարող սուբյեկտները ներկայացնում են ՀՀ մարզերը: «Մեր կենտրոնը համապատասխան մեխանիզմներով համաֆինանսավորում է, որպեսզի մեր փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները` թե’ մարզերից, թե’ Երևանից, կարողանան լուծել իրենց խնդիրները հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և այլ ուղղություներով: 2009-ին աշխատանքներ են իրականացվել նաև տնտեսության զարգացմանը նպաստող աջակցության ծրագրերի գնահատման օպերատիվ շտաբ ներկայացված հայտերի և բիզնես-ծրագրերին աջակցելու ուղղությամբ: Մենք աջակցել ենք շուրջ յոթ կազմակերպությունների` 1.3 միլիարդ դրամ գումարի չափով ֆինանսական ռեսուրսներ ներգրավելով: Այսպիսով, ակնկալվում է , որ կհիմնադրվի 815 նոր աշխատատեղ, ու քանի որ ոլորտների գործունեության ծրագրերը լրիվ տարբեր են, օրինակ, հումքի մթերման գործընթացներում կներգրավեն շուրջ 530 գյուղացիական տնտեսություններ»,- ասաց նա: Նշենք, որ վերոնշյալ` կենտրոն հայտ ներկայացրած ու աջակցություն ստացած յոթ կազմակերպություններն են` «Դայկալատ» ՍՊԸ-ն, «Սորսիո» ՓԲԸ-ն, «Կոնսեր» ՍՊԸ-ն, «Վայք գրուպ» ՓԲԸ-ն, «Հերգինյան եղբայրներ» ՍՊԸ-ն, «Էմ ընդ էմ 360» ՍՊԸ-ն և «Թամարա ֆրուտ» ընկերությունը: «Սորսիո» ընկերությունը զբաղվում է բարձր ինֆորմացիոն տեխնոլոգիաներով, արտադրում է ծրագրային փաթեթներ: Ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը նշեց, որ իրենք ստացել են 125 միլիոն դրամի չափով աջակցություն, որը  հիմանականում ուղղվելու է վաճաքի և մարկետինգի զարգացման ուղղությամբ: «Թամարա Ֆրուտ» ընկերության նախագահ Բորիս Հովհաննիսյանն էլ նշեց, որ իրենց տրամադրվել է պետական երաշխիքով վարկ ` մեկ  միլիոն 500 հազար ԱՄՆ  դոլար համարժեք, և սուբսիդիայով` 300 միլիոն դրամ: Վարկը տրամադրվել է վերաֆինանսավորման և շրջանառու կապիտիալի համար, իսկ սուբսիդիան` գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար: «Արտադրանքը պետք է գնենք գյուղատնտեսական ընկերություններից և հիմնականում պետք է արտահանվի: Ծրագրի շրջանակներում արդեն ներկրվել է տնկիներ Հոլանդիայից, գործն առաջ է ընթանում»,- ասաց Բ. Հովհաննիսյանը: «Կոնսեր» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Համլետ Ավագյանի խոսքերով` ընկերությունը պետական երաշխիքով ստացել է վարկ` 395 միլիոն դրամի չափով` տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով: Միջոցներն ամբողջովին ուղղվելու են գյուղմթերքների մթերմանը: Ընկերությունը զբաղվում է պահածոների արտադրությամբ: «Ընդհանրապես գյուղմթերքների մշակման համար վարկեր շատ քիչ են տրամադրվում, ու եթե չլինի պետական աջակցությունը, ընկերությունները տեղից շարժվել չեն կարող»,- հավաստիացրեց Հ.Ավագյանը: Իշխան Կարապետյանը ներկայացրեց նաև 2008թ. ցուցանիշները` համաձայն որոնց` փոքր և միջին ձեռնարկությունների տեսակարար կշիռը 2008թ. երկրի համախառն ներքին արդյունքում կազմում է 41.7 տոկոս: Զբաղվածների ընդհանուր թվաքանակում ՓՄՁ տեսակարար կշիռը կազմել է 42.1 տոկոս: ՓՄՁ զարգացման ինդեքսը կազմել է 544, որը շուրջ 36տոկոսով գերազանցում է 2007թ. մակարդակը: «Մեր հիմնական ծրագրերը սկսել են իրականացվել 2004-2007թթ. ընթացքում, ու այդ ընթացքում ունենք դեպքեր, երբ ընկերությունները հաջողել ու զարգացրել են իրենց գործունեությունը, և ունենք դեպքեր, երբ կազմակերպությունները ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը:Վերջիններս առավելագույնը 1-2 տոկոս են կազմում»,- ասաց Ի.Կարապետյանը: Ի .Կարապետյանի հավաստմամբ` չնայած տնտեսական ճգնաժամին` ՓՄՁ-ների` իրենց կողմից մատուցվող ծառայությունների պահանջարկը էականորեն  աճել է: 2008-ի առաջին եռամսյակի համեմատությամբ այս տարի նույն ժամանակահատվածում կենտրոնին դիմող կազմակերպությունների քանակը 50 տոկոսով ավելացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter