HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Աֆրիկյանների տունը՝ ոչնչացման վտանգի տակ

Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տունը՝ հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան շենքը, ոչնչացման վտանգի տակ է: Ահազանգում են «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը եւ ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը:

Նրանք այսօր «Արմատ» ակումբի հյուրն էին: Ֆոտոլրագրող Բիանջյանը հիշեցրեց, որ Աֆրիկյանները եղել են Երեւանի ամենահին ընտանիքներից, քաղաքային դումայի անդամներ են եղել, ունեցել են տարբեր գործարաններ, լուրջ ներդրում կատարել քաղաքի պատմության մեջ: Հենց Աֆրիկյանների միջոցներով է 1911թ. առաջին անգամ խմելու ջուրը բերվել Երեւան:

Սովետական կարգերի հաստատումից հետո Աֆրիկյանների ունեցվածքն ազգայնացվել է, իսկ Երեւանի կենտրոնում գտնվող եւ նախկինում նրանց պատկանող երկու շենքերն այսօր ընդգրկված են Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Բայց Կառավարության որոշմամբ դրանցից մեկը՝ Տերյան 11 հասցեում գտնվող հուշարձան շենքը, պետք է ապամոնտաժվի եւ տեղափոխվի: Սակայն Հայկ Բիանջյանն ասում է, թե փորձը ցույց է տալիս, որ իրականում «ապամոնտաժում» նշանակում է քանդել եւ ոչնչացնել:

«Ապամոնտաժումը կատարվում է շատ անխնա ձեւով, շատ դեպքերում ծանր շինարարական տեխնիկայի միջոցով, քանի որ երբեմն շինարարները չեն հասցնում ժամկետների մեջ տեղավորվել եւ ուղղակի էքսկավատորով քանդում են»,- նշում է ֆոտոլրագրողը եւ ցույց տալիս Երեւանի տարբեր հատվածներում կատարված նմանատիպ «ապամոնտաժման» մասին պատմող լուսանկարներ:   

«Մեզ հետաքրքրում է, թե ուր են այդ ապամոնտաժված շենքերի քարերը: 6 տարի առաջ ընդունվեց «Հին Երեւան» պատմամշակութային թաղամաս ստեղծելու նախագիծը, թե ինչպես պետք է այդ բոլոր շենքերն ապամոնտաժվեն եւ վերակառուցվեն: Սակայն մինչ օրս ոչ մի քար չի դրվել այդ թաղամասի ստեղծման համար, ինչի պատճառով մենք խիստ կասկածում ենք, որ նույնպիսի բախտի կարժանանա նաեւ Տերյան 11-ում գտնվող Աֆրիկյանների շենքը եւ մնացած այն շենքերը, որոնք նախատեսված է ապամոնտաժել եւ «Հին Երեւանում» վերակառուցել»,- ասում է Հայկ Բիանջյանը:

Մյուս բանախոսը՝ Սեդրակ Բաղդասարյանը, տեղեկացրեց, որ Պուշկին-Տերյան փողոցների հատման տարածքը, այդ թվում՝ Տերյան 11-ում գտնվող Աֆրիկյանների հիշյալ շենքն ընդգրկող հատվածը, Կառավարության որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ, իսկ ձեռք բերման իրավունքը տրվել է «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ին, որի իրավահաջորդն այժմ «Միլենիում կոնտրակշն» ՍՊԸ-ն է: Կառուցապատողը, Բաղդասարյանի խոսքերով, շենքի բնակիչներին փոխհատուցում տրամադրելով՝ ստիպել է քանդել իրենց նախկին բնակարանները: Արդյունքում շենքը դարձել է վթարային:

«Եվ կառուցապատողը վաղն կասի՝ փլուզվեց, չկարողացանք պահպանել, ինչպես ժամանակին (գլխավոր ճարտարապետ) Նարեկ Սարգսյանն Աբովյան ¼ հասցեում գտնվող Գաբրիելյանների շենքի մասին ասաց՝ շենքը քանդվե՞ց, բա ես ուզում էի պահել»,- նշում է Սեդրակ Բաղդասարյանը:

Նա մանրամասնում է, որ միայն 2000-2006թթ. Երեւանում ոչնչացվել է 29 պատմամշակութային շենք, ընդ որում՝ սա արձանագրել է ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահի խոսքերով՝ բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ Երեւանում քանդվել են նույնիսկ առանց կառավարության համապատասխան որոշման: Օրինակ՝ որմնանկարներով հարուստ Սպայի տունը: Նույն բախտին է արժանացել նույն հասցեում գտնվող պատմամշակութային մեկ այլ հուշարձան՝ Գիլանյանի լիմոնադի գործարանի շենքը, 1883թ.-ին կառուցված Ջանփոլադյանի թատրոնը, որտեղ առաջին անգամ բեմադրվել է Անուշ օպերան:

«Այդ հասցեում եղել են ամառային տնակներ, որտեղ ապրել է Խաչատուր Աբովյանը եւ իր ձեռքով բակում տնկել կաղնու ծառ: Այս ամենը ոչնչացրեցին: Բայց զավեշտալին այն է, որ մինչ օրս այս հուշարձաններն ընդգրկված են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում» և պահպանվում են պետության կողմից»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը եւ նկատում, որ «օրենքով հուշարձան շենքը կարող է տեղափոխվել միայն արտակարգ դեպքերում, երբ շենքին սպառնում է փլուզում»:

Ինչ վերաբերում է Աֆրիկյանների տանը, ապա Բաղդասարյանի կարծիքով՝ այն ոչնչացնելու են, չեն ապամոնտաժելու:

Բերելով Վրաստանի օրինակը՝ ֆոտոլրագրող Բիանջյանը էլ նշում է, թե մեր հարեւան երկրում տեղի է ունենում լրիվ հակառակ գործընթացը՝ հինը վերակառուցվում է եւ դառնում հետաքրքիր բիզնես պրոյեկտ: Նա զարմանում է, թե ինչպես են մեզ մոտ պատկան մարմինների ներկայացուցիչներն անընդհատ խոսում տուրիզմի զարգացման մասին, բայց միաժամանակ քանդում այն, ինչն ամենից շատն է գրավում զբոսաշրջիկին:

«Այսօրվա նորը վաղը հնանալու է եւ դա էլ են քանդելու: Զավեշտալին այն է, որ ամեն տարի նշում են Երեւանի ծննդյան տոնը՝ երկու հազար յոթ հարյուր քանի տարեկանը, բայց արխիվային փաստաթղթերով եւ լուսանկարներով չես կարող ապրել, դու կարող ես ապրել ռեալ քաղաքում, որը պահպանել է իր պատմությունը: Իսկ մենք մեր ձեռքով մեր պատմությունը կործանում ենք»,- ասում է ֆոտոլրագրողը: Նա շեշտում է, որ այսօրվա տրամաբանությամբ առաջնորդվելով՝ վաղվա սերունդն ավելորդ է համարելու Օպերայի շենքը եւ առանց վարանելու՝ քանդելու է նաեւ այն:

«Այսինքն՝ մենք պայքարում ենք այդ նախադեպի դեմ: Եկեք գոնե մի քանի շենք պահպանենք»,- ասում է Հայկ Բիանջյանը:

Մեկնաբանություններ (1)

Frunze
Giteq shat hetqrqir hodvac er... Es el em nuin dzev karcum, vor menq veracnum enq mer mshakuit@ mer dzerqerov, menq xosum enq 1915 tvakani cexaspanutian masin, mexadrum turqerin, baic ari u tes vor nuin2 anum enq hima u mer dzerqerov... Mek amis araj Vrastanic veradarnalov, shat mec cav apreci, tesnelov ayntexi haykakan ekexeciner@, voronq qandvum en, kam el irenc@ darnum: Es inqs patrast em amen kerp paiqarem ays mshakuitayin cexaspanutyan dem...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter