HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Անհետ կորած ամերիկահայ գործարարի մասին տեղեկություններ չկան. նրան պատկանող հյուրանոցի շինարարությունը շարունակվում է

16_05-hyuranoc11 Երեւանի կենտրոնում կառուցվող այս հյուրանոցի սեփականատերն ամերիկահայ գործարար Նազարեթ-Հագոփ Բերբերյանն է: Նա ապրիլի 25-ին` ժամը 20:00-ի սահմաններում, դուրս է եկել իր բնակարանից (ք. Երեւան, Ամիրյան 5 շենք, բնակարան 3) եւ այլեւս չի վերադարձել: Բերբերյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, սակայն այդ օրվանից նրա մասին տեղեկություն չունեն ո՛չ հարազատներն ու մտերիմները, ո՛չ էլ ընկերներն ու նրա հյուրանոցի շինարարության վրա աշխատողները: Հյուրանոցը գտնվում է Երեւանի կենտրոնում` Հանրապետության հրապարակից մոտ 200 մետր վերեւ` Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում` Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ: Սա նշանակում է, որ այն շատ բարձր գին ունի: Առհասարակ, Երեւանի կենտրոնում նմանատիպ կառուցապատում իրականացնողների մեջ որեւէ պատահական մարդ չկա: 07_05-nazareth-berberianՆազարեթ Բերբերյանն ԱՄՆ քաղաքացի է: Նա ընտանիքով Երեւանից Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1970-ականների սկզբին: Նազարեթի ընտանիքը` կինը, զավակները եւ քույրը, ապրում են ԱՄՆ-ում: Լոս Անջելեսում Ն. Բերբերյանն ունի խանութների ցանց: 1990-ականների կեսերին Ն. Բերբերյանը տեղափոխվել է Երեւան, ձեռք բերել Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող գորգագործական ֆաբրիկան: Նա բարեգործություններ էր անում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, իսկ վերջին շրջանում որոշել էր Հայաստանում իրականացնել մի մեծ բիզնես պրոեկտ: Հյուրանոցը կառուցելով` Նազարեթը ծրագրել էր ձեւավորել «զբոսաշրջության շրջան». շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում պետք է տեղակայվեին հուշանվերների խանութներ: Բացի այդ` հյուրանոցում ապաստանած զբոսաշրջիկներին պետք է հնարավորություն տրվեր այցելել Դալարի գորգագործության ֆաբրիկա, ծանոթանալ գորգերի ձեռագործ արտադրությանը, իսկ ցանկության դեպքում գնել ոչ միայն դուր եկած սովորական գորգը, այլեւ շատ մատչելի եւ փոքրիկ «հուշանվեր-գորգեր»: Վերջին շրջանում Նազարեթ Բերբերյանը Հայաստանի տարբեր բնակավայրերում փնտրել է հնաոճ իրեր` հյուրանոցը եւ գորգի ֆաբրիկան ուրույն ձեւով կահավորելու եւ ձեւավորելու համար: Մեր տեղեկություններով` միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Բերբերյանի մոտ սկսվել են որոշակի դժվարություններ: Նա բանակցություններ էր վարում միջազգային հյուրանոցային ցանց ունեցող երկու ընկերությունների հետ` ակնկալելով ներդրումներ նրանց կողմից: Թե ի՞նչ ընթացք են ունեցել բանակցությունները, դժվար է ասել, քանի որ Նազարեթը բնավորությամբ «փակ» եւ իր ծրագրերի մասին շատ քիչ էր խոսում: Ն. Բերբերյանի անհետացումից հետո առ այսօր նրա հարազատներից որեւէ մեկը Հայաստան չի եկել: Մեզ հայտնի է դարձել, որ նրանք դիմել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, եւ դեսպանատունը սկսել է զբաղվել իր քաղաքացու ճակատագրով` պարբերաբար «անհանգստացնելով» ՀՀ ոստիկանությանը: Երբ ոստիկանությունը տեղեկացել է Նազարեթ Բերբերյանի անհետացման մասին, անմիջապես սկսել է հարցաքննել նրա շրջապատի մարդկանց: Սակայն մի քանի օր անց այս հարցաքննությունները դադարեցվել են, ինչից կարելի է ենթադրել, որ ոստիկանությունն ունի իր վարկածը եւ աշխատում է այդ ուղղությամբ: Ոստիկանության մեր աղբյուրը հաստատեց, որ կա Բերբերյանի անհետացման կոնկրետ վարկած, սակայն, նախաքննության գաղտինության շահերից ելնելով, տվյալներ չհրապարակեց: Նա հատուկ շեշտեց, որ ինֆորմացիայի ցանկացած արտահոսք կարող է լուրջ վնասել գործի քննությանը: Ուստի, մենք նույնպես առայժմ զերծ կմնանք մեր ունեցած տեղեկությունները հրապարակելուց: Բայց ուզում ենք նշել, որ Բերբերյանի հյուրանոցի շենքը, որտեղ, ի դեպ, հենց այս պահին շինարարական եռուզեռ է, մասնագետների գնահատմամբ` այս վիճակում արժե 20 մլն դոլար: 16_05-hyuranoc2

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter