HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ինչու՞ սպանեցին ամերիկահայ գործարարին. ոստիկանության տարածած հաղորդագրութունը նոր հարցեր է առաջացնում

 Ոստիկանությունը շաբաթ օրը` մայիսի 16-ին, հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հայտնաբերվել է ամերիկահայ գործարար Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դիակը` բռնության հետքերով: Նազարեթ Բերբերյանն իր բնակարանից դուրս էր եկել ապրիլի 25-ի երեկոյան:

«Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ-Հագոփ Բերբերյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Դիակը հայտնաբերվել է Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում: Հեղեղատարի մեջ փոս փորելով` հանցագործները դիակը ծածկել են քարերեով եւ հողով: Թե ինչպե՞ս է հայտնաբերվել դիակը, առայժմ ոստիկանությունն այդ մասին ոչինչ չի հաղորդում: Բայց կարելի է ենթադրել, որ կա ձերբակալված անձ (կամ անձինք), որն էլ, ամենայն հավանականությամբ, ցույց է տվել դիակի գտնվելու վայրը: Ինչպե՞ս է մեքենան հայտնվել «Զվարթնոցում» եւ ո՞վ է այն կանգնեցրել օդանավակայանի ավտոկանգառում:

Առայժմ մեզ չի հաջողվել պարզել` արդյոք օդանավակայանի ավտոկանգառում տեղադրված տեսախցիկների՞ց օգտվելով են իրավապահներն ինչ-որ բան պարզել: Ենթադրվում է, որ հանցագործն է (կամ հանցագործները) մեքենան կանգնեցրել  «Զվարթնոց»-ի ավտոկանգառում: Նա փորձել է այդ կերպ հետքերը կորցնել, կամ էլ հանցագործներից մեկը (մի քանիսը) Նազարեթի մեքենայով հասել է «Զվարթնոց» եւ լքել Հայաստանը:

Արդյոք մեքենայում մատնահետքեր հայտնաբերվե՞լ են, նորից հնարավոր չէ ոստիկանությունից պարզել: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «նախաքննության շահերից ելնելով` դեպքի հանգամանքները եւ հանցագործություն կատարածների անունները ոստիկանությունը չի հրապարակում»:

Սովորաբար, երբ ոստիկանությունը նման հաղորդագրություն է տարածում նշանակում է, որ արդեն կան ձերբակալվածներ եւ հայտնի են հանցագործություն կատարածների անունները: Եւ անունները չեն հրապարակվում միայն այն դեպքում, երբ փախուստի մեջ մարդիկ են լինում: Այսինքն` կարել է ենթադրել, որ հանցագործություն կատարածներից մեկը, կամ մի քանիսը փախուստի մեջ  են: Դեպքի առթիվ մայիսի 5-ին հարուցվել էր քրեական գործ` քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպանություն»: Բոլոր դեպքերում իրավապահներն ունեն բավականին շատ նյութեր սպանությունն արագ բացահայտելու համար: Հանցագործության ամենահավանական դրդապատճառը կարող է լինել Ն. Բերբերյանի բիզնես-գործունեությունը: Նազարեթ Բերբերյանը թիկնապահներ չուներ եւ շրջում էր մենակ: Հնարավոր է` նա դարձել է ռեկետի զոհ, կամ էլ ինչ-որ մարդիկ նրան վերացնելով ՝ փորձելու են տիրանալ Երեւանի կենտրոնում կառուցվող նրա հյուրանոցին: Հիշեցնենք, որ մասնագետները կառուցվող հյուրանոցի արժեքը գնահատում են 20 մլն դոլար: Ն. Բերբերյանը տարածքի հետ կապված խնդիրներ ուներ: Տարածքը, որի վրա կառուցվում է հյուրանոցը, դեռեւս ամբողջությամբ նրանը չէ: Ամերիկահայ գործարարի ընկերությունն այդ տարածքի միայն 50 տոկոսի մասով էր քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքել: Բայց սրանք ընդամենը ենթադրություններ են: Հավանաբար մոտ օրերս ոստիկանությունը սպանության բուն դրդապատճառը կհրապարակի: Բերբերյանի հարազատները դեռեւս Հայաստան չեն եկել, սակայն երկուշաբթի օրը նրա ընտանիքի ներկայացուցիչը կժամանի Երեւան: Նրանց հետ ունեցած հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ հարազատները մտադիր են կատարել դիակի անկախ դատաբժշկական փորձաքնություն:

17_05-depqi-vayr1

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter