HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառհատումներ, փաստաթղթերի կեղծում, յուրացումներ. Քոչինյանը ձգտում է արագացված դատական նիստ անցկացնել

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում մայիսի 14 –ին կայացավ Հովհաննես Քոչինյանի գործի առաջին դատական նիստը: Դատական այս գործը կարեւորվում է նրանով, որ ամբաստանյալը Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրն է եւ նրա պաշտոնավարման տարիներին ղեկավարում էր «Ջիլիզայի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը (ԴՓԲԸ):

Հովհաննես Քոչինյանը մեղադրվում է ՀՀ Քր. օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածի 1-ին մասով (Տես հոդվածը` Լոռիում ապօրինի անտառահատումների համար մեղադրվում են Քոչինյանները): «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին «Ջիլիզայի անտառտնտեսություն» ԴՓԲԸ տնօրեն Հովհաննես Քոչինյանի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել եւ հիմնավորվել է, որ Հ. Քոչինյանը 2003 թ.-ից մինչեւ 2006 թ. հունիսը, աշխատելով որպես «Ջիլիզայի անտառտնտեսություն» ԴՓԲԸ տնօրեն, լինելով պաշտոնատար անձ, միաժամանակ ղեկավարել է իր կողմից 2000 թ. հիմնադրած «Էրիկ-Էդիկ» արտադրական կոոպերատիվը եւ 2002 թ. հիմնադրած «Շնող» ՍՊԸ-ն: 2004 թ. դեկտեմբերից մինչեւ 2005 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Հովհ. Քոչինյանը ընկերության համար տարբեր ապրանքներ ձեռք բերելու պատրվակով «Ջիլիզայի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի դրամարկղից համապատասխան ելքի անդորրագրերով կանխիկ ստացել է 31 մլն 491 հազար դրամ, որից 11 մլն 408 653 դրամով ընկերության համար շուկայից տարբեր ապրանքներ է գնել: Դատախազությունը չի անդրադարձել նրան, թե դրանց գները որքանով են համապատասխանել շուկայական գներին, 5 մլն 416 717 դրամը հետագայում վերադարձվել է դրամարկղ, իսկ 14 665 630 դրամը յուրացվել է: Բացի այդ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` փաստացի իր ղեկավարած «Շնող» ՍՊԸ-ի ենթադրյալ նախագահ Արման Լորսաբյանի անվամբ 2005 թ. նոյեմբերի 13-ին կազմել է «Ջիլիզա անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի կենտրոնական պահեստից 10 813 851 դրամ ընդհանուր արժողությամբ 10 հազար 558 լիտր բենզին եւ 22 հազար 755 լիտր դիզելային վառելիքն ի պահ ընդունելու կեղծ գրություն եւ այդ կերպ յուրացրել դրանք: 2005-2006 թթ. ընթացքում Հովհ. Քոչինյանը «Ջիլիզայի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ից իր «Էրիկ-Էդիկ» արտադրական կոոպերատիվի եւ «Շնող» ՍՊԸ-ի համար ձեռք է բերել 3 951 760 դրամ ընդհանուր արժողությամբ 934 խմ փայտ, ապա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` դրա դիմաց ընկերության դրամարկղ է վճարել ընդամենը 2 149 760 դրամ, իսկ մնացած 1 802 200 դրամը հափշտակել է: Նկարագրված արարքի համար էլ Հովհ. Քոչինյանին առաջադրվել է մեղադրանք Քր. օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ 314 հոդվածի առաջին մասով: Հիշեցնենք, որ այս քրգործի  առաջին դատական նիստը նշանակված էր ապրիլի 30-ին, սակայն այն չկայացավ ամբաստանյալ Հովհաննես Քոչինյանի` դատարան չներկայանալու պատճառով: Նիստը վարում էր Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը: Մայիսի 14-ի դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալ Հովհ. Քոչինյանը, վկաներ Հասմիկ Մանկիկյանն ու Անուշ Թումանյանը: Դատական նիստին չէին ներկայացել վկաներ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի իրավական հարցերով խորհրդական Հայկ Մարգարյանն ու «Շնող» ՍՊԸ-ի նախագահ Արման Լորսաբյանը: Դատավոր Ս. Բաղդասարյանը հայտնեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը էլեկտրոնային փոստով դատարանին տեղեկացրել է, որ Հայկ Մարգարյանը ստացիոնար բուժվում է և չի կարող ներկայանալ դատական նիստին: Դատական նիստը շարունակելու մասին դատավոր Ս. Բաղդասարյանի հարցմանը Հովհ. Քոչինյանը և նրա շահերի պաշտպան Կարեն Թումանյանը առարկեցին` պատճառաբանելով, որ քրգործում կան հանգամանքներ, որոնք առնչվում են Հայկ Մարգարյանին և պահանջեցին դատական նիստը հետաձգել: Դատավոր Ս. Բաղդասարյանը բացատրեց, որ էլեկտրոնային փոստով դատարանին  ուղարկված նամակը չի կարող հիմք լինել նրա համար, որ Հայկ Մարգարյանը ազատվի ցուցմունք տալուց, դատարանը նրան որպես վկա չհարցաքննի, կամ տրված ցուցմունքները դատաքննությամբ չստուգվեն: Դատավորն առաջարկեց այդ պահին նիստը շարունակել առանց Մարգարյանի, իսկ հետագայում ապահովել նրա ներկայությունը դատական քննությանը: Պաշտպանը դատարանին տեղեկացրեց. «Որովհետև մինչև դատական նիստը մենք ցանկություն ունենք միջնորդություն ներկայացնել դատարանին` արագացված դատական նիստ անցկացնելու համար, վնասի հատուցման հետ կապված տեղեկություն հայտնել, որ իրականում վնասը փակվել ա, ստեղ իրականում դա մինչև դատական նիստը սկսելը պետք է պարզել: Այդ պատճառով ես գտնում եմ, որ միջնորդություններ կան, որ մենք պետք է ներկայացնենք` հաշվի առնելով որոշակի հանգամանքներ»,- նշեց Կարեն Թումանյանը: Քանի որ մեղադրական եզրակացության մեջ մեղադրող կողմն առարկել է արագացված քննության կարգ կիրառելու դեմ, դատավոր Սուրեն Բաղդասարյանը մեկ անգամ ևս փորձեց իմանալ մեղադրողի կարծիքը: «Հնարավո՞ր եք համարում սույն քրեական գործով արագացված դատավարության կիրառումը»,- հարցրեց նա մեղադրող կողմին: Դատախազ Հայկ Մովսիսյանը պատասխանեց, որ եթե պարզվի, որ  նյութական վնասն ամբողջությամբ վերականգնված է, գուցե հնարավոր համարվի արագացված դատի կիրառումը: Փաստաբան Կ. Թումանյանը նաև հայտնեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պետք է ներկայացնի որոշակի տեղեկություններ, որ մեղադրական եզրակացությամբ տրված վնասի չափից փոխհատուցվել և հարթվել է վնասների չափը, այդ պատճառով է ուզում արագացված դատական նիստի միջնորդություն ներկայացնել: Դատավորը նրան տեղեկացրեց, որ վնասի հետ կապված հարցերը պաշտպանական կողմը պետք է ճշտի «Հայանտառի», ոչ թե Հայկ Մարգարյանի հետ: Այդ կապակցությամբ էլ դատարանը որոշեց, որ գործի քննությունը հետաձգելու` պաշտպանական կողմի միջնորդությունը հիմնավորված չէ, և մերժեց այն: «Ինչպե՞ս եք պատկերացնում «Հայանտառ»-ի հետ էդ հարցի ճշտումը»,- պաշտպանին հարցրեց դատավորը: «Գրավոր, որովհետև կատարել ա մարդը իրա պարտականությունը»,- պատասխանեց  պաշտպան Կ. Թումանյանը: Իր միջնորդությունը դատարանի կողմից մերժվելուց հետո պաշտպան Կարեն Թումանյանը հայտարարեց, որ ծանոթ չէ մեղադրական գործի` «Հայանտառ»-ի կողմից ներկայացված քաղհայցին, որովհետև իրեն տրված գործի մեջ քաղհայց չի եղել: Դատավորը բացատրեց, որ քաղհայցը ներկայացվել է, երբ գործը եղել է Հյուսիսային դատարանի վարույթում, և գտնվում է գործի 2-րդ հատորում: Պարզվեց` պաշտպանը քրգործի 2-րդ հատորից տեղյակ չէ, ինչը քիչ հավանական է: Կարեն Թումանյանը դատարանից մի քանի օր ժամանակ խնդրեց քրգործի երկրորդ հատորին ծանոթանալու համար: Դատավոր Սուրեն Բաղդասարյանը ընդունեց միջնորդագիրը և այս անգամ էլ հետաձգեց դատական նիստը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 2-ին: Ըստ Ալավերդիում շրջանառվող տեղեկությունների` ամբաստանյալ Հովհ. Քոչինյանը, դատական նիստը հետաձգելով, փորձում է իր յուրացրած գումարների վերականգնմամբ «ընկնել» մայիսի 28-ին սպասվող  համաներման տակ և խուսափել քրեական պատասխանատվությունից: Մեր հարցմանը դատավոր Սուրեն Բաղդասարյանը պատասխանեց. «Կարելի է դա էլ արդարացված դիտել նրանց կողմից, բայց այս պարագայում չեմ կարծում, թե ինչ-որ նպատակ կա հետաձգման մեջ»: Հովհաննես Քոչինյանն այս յուրացումները կատարելու ընթացքում նաև փաստաթղթեր է կեղծել: Քրգործում Հովհ. Քոչինյանի կողմից կատարված հանցագործության ապացույց են ճանաչված վերջինիս կողմից 2008 թ.-ին «Արդշինինվեստբանկ»-ի Մալաթիա մասնաճյուղում բենզինի և դիզվառելիքի արժեքի վնասի գումարի կանխիկ 2 մլն դրամ մասնակի վերականգնման գումարով, Հովհ. Քոչինյանի կողմից դրամարկղից 31 մլն դրամ կանխիկ ստանալու մասին ելքի օրդերները, որից յուրացրել է 14 մլն դրամը, ինչպես նաև 10 558 լ բենզինի և 22 755 լ դիզվառելիքի կենտրոնական պահեստ մուտքագրելու հաշվետվությունը, նշված բենզինն ու դիզվառելիքը «Շնող» ՍՊԸ-ին ի պահ տալու կեղծարարությունը` վառելիքի փոխարեն «Շնող» ՍՊԸ-ի կողմից վճարված 8 մլն 210 հազար դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր ապրանքների, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի, գազալցման սարքավորումների գնման ակտերով և այլ ապացույցներով: Պարզվում է` Հովհ. Քոչինյանը յուրացրել է նաեւ 2004 թ.-ի մարտի 5-ի ուժեղ քամիներից արմատախիլ եղած անտառի 50 հազար խմ վառելափայտը: Հ. Քոչինյանն այս կապակցությամբ դատախազությանը զավեշտական խոստովանություններ է արել: «Այնպես է ստացվում, որ իմ կողմից վաճառված վառելափայտը գնել եմ ինձնից և այն կրկին վաճառել»,- ցուցունքում գրել է Հ.Քոչինյանը: Ըստ նրա ցուցմունքների` առանց փայտանյութի լրիվ արժեքը տնտեսության դրամարկղ մուծելու է բաց թողել փայտանյութը «Գոլդեն Վուդ», «Երևանկահույք» և այլ ընկերություններին ու իրեն պատկանող ՍՊԸ-ներին, որոնք առ այսօր վերականգնված չեն, սակայն այս չվերականգնված գումարների համար նրա կողմից իրացված 50 հազար խմ փայտանյութի հարկային պարտավորությունները (տույժ, տուգանքներով հանդերձ) ընկերության կողմից կատարվել են` առանց իրացված փայտանյութի արժեքը մուծելու: Ակնհայտ է, որ ամբաստանյալ Հովհաննես Քոչինյանը չի ցանկանում, որ այս ամենի մասին խոսվի դատարանում, չի ցանկանում, որ հանրությունն իմանա այս ապօրինությունների, կեղծիքների, յուրացումների մասին, եւ ամեն ինչ կանի, որ դատարանը բավարարի արագացված դատական նիստ անցկացնելու միջնորդությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter