HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյանը՝ վարչապետին. որոշ դպրոցներում ուսումնական տարեմուտը վտանգված է

Մոտենում է սեպտեմբերի 1-ը: Ուսումնական տարեմուտին դպրոցական շենք-շինությունների վիճակին ծանոթանալու նպատակով սույն թվականի օգոստոսի 17-ին այցելել եմ Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի քանի գյուղերի դպրոցներ, որտեղ ընթանում էին վերանորոգման աշխատանքներ: 

Հուշակերտի, Երվանդաշատի, Բագարանի միջնակարգ դպրոցների վերանորոգման մրցույթը շահել և իրականացնում է «Մելաքս գրուպ» ՍՊԸ-ն: Հուշակերտի դպրոցում տնօրենին կամ մանկավարժներից ոչ մեկին չհանդիպեցի, որպեսզի նրանցից պարզեի, թե արդյոք վերանորոգման նախագիծը համաձայնեցվել է տնօրենի հետ կամ որքանով են բավարարված վերանորոգման աշխատանքների որակով: 

Ինչևէ, շրջեցի վերանորոգվող դպրոցում և տեսա, որ փոշուց ու կեղտից պաշտպանված չէին միջանցքների պատերի ստենդները, դասասենյակների աշակերտական գույքը, իսկ մի դասասենյակում սեղանի վրա անխնամ թափված ու փոշու մեջ կորած չօգտագործված դասագրքեր կային: 

Մեր այն դիտարկմանը, թե ինչպես կարելի է երեխաներին հատկացված պետական գույքի նկատմամբ այսպես անփույթ վարվել, մեկն արձագանքեց, թե դրանք ավելորդ գրքեր են, որոնցից մեկի վերնագիրն էր «Տրամաբանություն»: Դպրոցի վիճակից ակնհայտ էր, որ նախ տնօրինության ու մանկավարժական անձնակազմի կողմից դպրոցի պետական գույքի նկատմամբ չկա հոգատարություն ու սրտացավություն, երկրորդ` դժվար թե դպրոցի վերանորոգման աշխատանքներն ավարտվեն  սեպտեմբերի 1-ին: 

Երվանդաշատի միջնակարգ դպրոցի տնօրենը նույնպես դպրոցում չէր, ինչպես տեղեկացրեց տնտեսվարը, աշակերտների անձնագրային հարցերով գնացել էր մարզկենտրոն: Վերանորոգման աշխատանքներն իրականացնող «Մելաքս գրուպ» ՍՊԸ-ն երկու տարի առաջ նույնպես վերանորոգել էր դպրոցը, մասնավորապես տանիքը, որի մի մասն անցյալ տարի քամին հեշտությամբ ուղղակի հանել էր օդ և նույն կազմակերպությունն այս տարի պետական բյուջեի հաշվին այն կրկին վերանորոգել էր: Փոխել էին դռներն ու պատուհանները, որոնք ամրացված չէին ճիշտ «դյուբելներով», սան հանգույցների պատերի մի մասը սալիկապատված էին, իսկ մնացած մասը նախկին տեսքով էին և սան հանգույցներում աշխատանքները համարվել էին ավարտված:

Դպրոցը չի ունեցել կոյուղագիծ, այն նոր էին անցկացրել մի նախագծով, որը նախապես չէր համաձայնեցվել տնօրենի հետ: Ինչպես նշեցին դպրոցի աշխատակիցները, տնօրենը նախապես համաձայն չի եղել կոյուղագծի նախագծի հետ, որովհետև այն նախագծված է եղել շատ երկարացված ու միացրել են դպրոցից ոչ հեռու գործող նախկին զուգարանի արդեն համարյա լցված կեղտափոսին, որը շատ արագ լցվելու է ու չի ապահովելու կեղտաջրերի հոսքը` անհրաժեշտ թեքություն չունենալու պատճառով:

Տնօրենի առաջարկած տարբերակը շատ ավելի կարճ էր լինելու, այսինքն քիչ ծախսատար և ըստ տեղացիների` ապահովելու էր կեղտաջրերի նորմալ հոսքը: Կոյուղագծի փորձարկման ժամանակ արդեն զգացվել է, որ այն վթարային է: Այնինչ գիծն արդեն ասֆալտապատված էր` առանց կոյուղագծի մետաղյա խողովակները ներկելու: Պարզ է, որպեսզի դրանք արագ շարքից դուրս գան և պետական միջոցները կրկին վատնվի ճիշտ այնպես, ինչպես 2 տարի առաջ տանիքն ամրացնող մեխի գլխիկները չներկելու կամ պարզապես անորակ կառուցելու պատճառով քամին քշել տարել էր պետական միլիոնները: Գյուղը գազաֆիկացված չի, դպրոցը չունի ջեռուցում: 

Նույն «Մելաքս գրուպ» ՍՊԸ-ն  իրականացնում էր նաև Բագարանի դպրոցի վերանորոգումը: :Գյուղը գազաֆիկացված չի, դպրոցը չունի ջեռուցում, դա նշանակում է, որ  դպրոցը ջեռուցվելու է վառարաններով, սակայն դրված պատուհանները թույլ չեն տալու օգտագործել վառարանների ծխատար խողովակներ կամ էլ երևի, եվրոպատուհանների ապակիները պիտի փոխարինեն թիթեղներով:  Տնօրենը խիստ մտահոգ էր այս խնդրով: Այստեղ նույնպես փոխել էին դռներն ու պատուհանները` առանց պատշաճ ամրացնելու, անցկացրել էին կոյուղագիծ, որը կրկին միացրել էին դպրոցի ետնամասում գործող նախկին զուգարանին, որի կեղտափոսը համարյա արդեն լցված է և քանի որ գրունտային հողն այդտեղ ավազային է, կեղտաջրերը ներծծվելով գրունտի մեջ, կարող են խառնվել գյուղի խմելու ջրի աղբյուրների հետ, որոնք գտնվում են հենց դպրոցի կոյուղափոսից ներքև:

Այս մասին  խոսեցին գյուղացիները շատ մտահոգված, որի մասին տնօրենը կրկին իր անհամաձայնությունն էր հայտնել, սակայն  այս դպրոցի դեպքում էլ նախագծողներն իրենց նախագիծն ու քայլերը բոլորովին չէին համաձայնեցրել դպրոցի տնօրենի հետ: Նշենք, որ այստեղ խողովակները թաղելուց առաջ ներկել էին, սակայն շինարարական աղբը դեռ տեղում էր և շինարարները հայտարարել էին, որ այն տեղափոխելու համար գումար չունեն:

Նկատեցինք, որ սան հանգույցները շինարարները վերանորոգել էին առանց այնտեղ հոսանքագիծ անցկացնելու, պատճառաբանելով, որ հոսանքագիծ անցկացնելը նախատեսված չէ նախագծով: Անթույլատրելի, ավելի ճիշտ, հանցագործ շինարարներ, ինչպե՞ս կարելի է թույլ տալ 1ք.մ. մակերես ունեցող ու պատուհան չունեցող զուգարան ունենալ դպրոցում: Ճիշտ է, դպրոցի տնօրենն ասաց, որ ոչ մի ակտ չի ստորագրելու, սակայն Երվանդաշատի տնօրենն էլ 2 տարի առաջ շինարարական աշխատանքների ավարտի մասին ակտը չի ստորագրել և ի՞նչ, ում պետք է եղել ստորագրել ու պետական գումարները ստացել է: «Մելաքս գրուպ» ՍՊԸ շինկազմակերպության ղեկավարների համար կարևորը խնդիրը պետբյուջեի գումարները ցանկացած կեղծիքով տանելն է եղել, այլ ոչ` մեր երեխաների կրթության համար բարենորոգված միջավայր ստեղծելը, որի պատասխանատուն պետությունն է: 

Այստեղ ծնվում է տրամաբանական հարց, ինչպե՞ս է վերոնշյալ շինարարական կազմակերպությունն ամեն տարի շահում տենդերը, ի՞նչ ցուցանիշներով ու չափորոշիչներով, երբ համատարած ու անզեն աչքով տեսանելի է նրանց կողմից կատարված, մեղմ ասած, անորակ  շինարարությունը: 

Մի ավելի խայտառակ վիճակի ականատեսը եղա Արագածոտնի մարզի Արագածավանի թ.2 միջնակարգ դպրոցում, որտեղ վերանորոգման շինարարական աշխատանքներն իրականացնում էր Արագածոտնի մարզպետի եղբոր` Նաիրի Սահակյանի շինարարական կազմակերպությունը, ով նույնպես մշտական տենդեր շահողներից է: Փոխված էին միայն դռներն ու պատուհանները` կրկին  առանց պատշաճ ամրացնելու և սալահատակված էր 1-ին հարկի միջանցքի կեսը: Դպրոցը նման էր ավերակի և ակնհայտորեն ուսումնական տարեմուտին պատրաստ չէր: 

Շինարարության հետ կապված վերոնշյալ խախտումները գուցե ինձ համար նկատելի չլինեին, եթե նույն օրը չայցելեի Շենիկի, Քարակերտի դպրոցներ, որոնք կառուցվել էին «Հայաստանի մանուկների հիմնադրամ»-ի նախագծով, միջոցներով ու մարդասեր, բարեխիղճ շինարարների կողմից,  որտեղ դռները լայն էին, միջանցքները, դասասենյակներն ու զուգարանները լուսավոր, ամեն ինչ տրամադրող էր աշխատելու և սովորելու համար: 

Եղա նաև Վանանդի դպրոցում, որտեղ շինարարությունն իրականացվում էր Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով ու «Տիրունի» շինարարական կազմակերպության կողմից: Այստեղ անհամեմատ բարեխղճորեն էր իրականացվում շինարարությունը, որտեղ էլ սովորեցի, որ տանիքը ամրացնող մեխերի գլուխներն անպայման պետք է ներկվեն և դռներն ու պատուհանները պետք է ամրացվեն հատուկ «դյուբելներով», հակառակ դեպքում շինարարը ստիպված կլինի  քանդել իր արած անորակ գործն ու իր գրպանի  ծախսով  նորից  կառուցել: 

Այս հրապարակումն ահազանգ է ոչ միայն վերոնշյալ դպրոցներում վերանորոգման աշխատանքների անորակության ու պետբյուջեի միջոցները մսխելու և որոշ դպրոցներում ուսումնական տարին անպատրաստ դիմավորելու մասին, այլև այն քաղաքաշինության նախարարին, մարզպետերին ուղղված պատգամավորական հարցում է, որոնցից առաջինն ի պաշտոնե պատասխանատու է հանրապետությունում պետական միջոցներով իրականացվող շինարարության որակի, մյուսները` նաև դպրոցների  բնականոն գործունեության համար: 

Ուստի, ՀՀ Քաղաքաշինության նախարար հարգելի պարոն Վարդանյան, Արմավիրի մարզպետ հարգելի պարոն Ղահրամանյան, Արագածոտնի մարզպետ հարգելի պարոն Սահակյան, խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, 10-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել հոդվածում բարձրացված հարցերի ու խնդիրների վերաբերյալ Ձեր պարզաբանումները:

Անահիտ Բախշյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter