Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Համայնքապետին անվստահություն են հայտնում. կհաջողվի՞



Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներն ամփոփել են մարզի Փոքր Մասրիկ գյուղում իրականացրած վարչական վերահսկողության արդյունքները եւ մարզպետ Նվեր Պողոսյանին են ներկայացրել մի տեղեկանք, որը նրան հիմք է տալիս անվստահություն հայտնել համայնքի ղեկավարին: Սա Փոքր Մասրիկի համայնքապետ Գագիկ Սարոյանին անվստահություն հայտնելու առաջին դեպքը չէ:

Երեք տարի առաջ մարզպետարանը նման գործընթաց էր սկսել, սակայն, իրազեկ անձանց տեղեկացմամբ, այն ձախողվել է համայնքապետի ունեցած հզոր «ալիբիի» շնորհիվ` այն ժամանակ նա «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր: Անվստահության երկրորդ գործընթացը նախաձեռնելով` նրանք հաջողության հասնելու մեծ վսահություն չունեն, քանի որ Փոքր Մասրիկի համայնքապետ Գ. Սարոյանը վերջին երեք տարիներին համալրել է Հանրապետական կուսակցության շարքերը, որտեղից համայնքապետ Սարոյանին այս անգամ նույնպես անձեռնմխելիություն են խոստացել:

Գագիկ Սարոյանը, ով համայնքի ղեկավար է 1989 թ.-ից, այսինքն` գյուղը Ադրբեջանից տեղահանված հայ փախստականներով վերաբնակեցնելու առաջին իսկ օրից, իր ղեկավարման տարիներին հասցրել է 40 մլն դրամի պարտք կուտակել համայնքային բյուջեում` առաջին «պատվավոր» տեղը զիջելով մարզի Փամբակ գյուղին, որի պարտքը հասնում է 50 մլն դրամի:

Բյուջեի պարտքերը կրճատելու նկատառումով մեկ տարի առաջ համայնքապետը փակել էր գյուղի մշակույթի տունը, գրադարանը, սակայն դրանից պարտքերը չեն նվազել: Ինչպես մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ներկայացրեց Գ. Սարոյանը` 2004 թ. մարտից համայնքապետարանի աշխատակազմը աշխատավարձ չի ստացել եւ աշխատողների սոցվճարների պարտքերը գնալով աճել են` հասնելով 11 մլն դրամի: Սոցապհիմնադրամին ունեցած պարտքը մարելու համար համայնքի բյուջեն եւ ամբողջ ունեցվածքն արդեն մի քանի տարի կալանքի տակ են գտնվում:

ԴԱՀԿ-ի որոշմամբ` աճուրդի է հանվել նաեւ համայնքային սեփականություն համարվող գյուղտեխնիկան` կոմբայն, «Բելոռուս» մակնիշի տրակտոր, բեռնատար ավտոմեքենա, կցասայլ եւ այլն: Համայնքապետը մեզ հայտնեց, որ 2003 թ.-ից հարկերի հավաքագրումը ցածր է եղել` տարեկան 20-30 %, եւ երբ մարզպետարանը, այս տարվա առաջին եռամսյակն ամփոփելով, արձանագրեց, որ նախատեսված 2 մլն 15 հազար դրամի դիմաց Փոքր Մասրիկում 571 հազար դրամ է կազմել համայնքի սեփական եկամուտների հավաքագրումը, այլեւս անհուսալի համարեցին պարտքերի մարումը, եւ նախապատրաստվեց համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթացը:

Համայնքապետը հայտնեց, որ պարտքերը սկսվել են կուտակվել 2002 թ.-ից (այլ աղբյուրի համաձայն` շատ ավելի վաղ` 1996 թ.-ից), չեն գանձվել հողի հարկը, հողի վարձավճարներն ու գույքահարկը: Չգանձելու համար համայնքապետը մեղադրեց հասարակական կազմակերպություններին, որոնք, նրա ասելով, բնակչության հետ աշխատանքներ տանելիս սովորեցնում են չվճարել հարկերը: Կառավարությունն այս տարի սկսեց լուրջ ուշադրություն դարձնել համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման հարցին` մարզպետների ուշադրությունը հրավիրելով հատկապես պարտքեր ունեցող համայնքներում պարտքերի մարման խնդրին:

Գեղարքունիքի մարզը բյուջետային պարտքերի ցուցանիշով հանրապետությունում առաջին տեղն է զբաղեցնում: Ամենամեծ պարտքեր ունեցող համայնքները չորսն են` Վարդենիսի տարածաշրջանի Փամբակ, Փոքր Մասրիկ, Նորակերտ, Դարանակ, որոնց սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշը քննարկելու նպատակով մարզպետարանը մայիսի 15-ին հրավիրել էր կլոր սեղան` հ/կ-ների եւ լրատվամիջոցների մասնակցությամբ:

Քննարկման ժամանակ Փոքր Մասրիկի համայնքապետ Գագիկ Սարոյանը իր ղեկավարած համայնքի բյուջետային պարտքերը կրճատելու միակ ճանապարհ նշել է մանկապարտեզը փակելը` խնայելով երկու աշխատողների աշխատավարձը: Այս առաջարկը չեն պաշտպանել մասնակից հ/կ-ները եւ բուռն բանավեճի ընթացքում, ի վերջո, հարցի լուծումն առաջարկվել է թողնել համայնքի ավագանու քննարկմանը:

Ավագանին փակեց մանկապարտեզը

Երկու օր հետո, մայիսի 19-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստի օրակարգում, որը նախապես տրամադրվել էր ավագանու անդամներին, նշված էր 4 հարց, որոնցից մեկը վերնագրված էր` «Ընթացիկ հարցերի քննարկում»:

Նիստի սկզբում կրկին ավագանու հաստատմանը ներկայացնելով արտահերթ նիստի օրակարգը` Փոքր Մասրիկի համայնքապետ Գագիկ Սարոյանը, պատասխանելով ավագանու անդամների հարցին, թե ինչ նկատի ունի «ընթացիկ հարցեր» ձեւակերպմամբ, պատասխանեց, որ խոսքը մանկապարտեզի էլեկտրաէներգիայի դիմաց ունեցած 40 հազար դրամ պատքի մասին է, սակայն օրակարգը հաստատելուց հետո սահուն անցում կատարեց մանկապարտեզի խնդրին` այն ձեւակերպելով մանկապարտեզը փակելու հարց: Գյուղացիները մանկապարտեզը փակելու` համայնքապետի մտադրության մասին լավատեղյակ էին: Նախկինում էլ նման փորձեր եղել էին:

Մանկապարտեզը փակելու մտահոգությունն ավագանու նիստին մասնակից էր դարձրել նաեւ գյուղի բնակիչներին: Մեր տպավորությամբ` Փոքր Մասրիկի բնակիչների համար մանկապարտեզն, ըստ էության, հոգեւոր ու մշակութային կենտրոնի նշանակություն ուներ: Համայնքապետը, սակայն, եւ գյուղացիներին, եւ մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Բարսեղյանին արգելեց հարցի վերաբերյալ կարծիք հայտնել:

«Ավագանուն նախապես ասեիք, նա էլ ներկայացներ»,- նրանց լռեցրեց համայնքի ղեկավարը: Գ. Սարոյանը նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզպետը մայիսի 15-ին կայացրած որոշումով մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք պետք է քննարկվեն եւ ընդունվեն, որպեսզի դրանով կարողանան լուծել համայնքի բյուջեի ունեցած մոտ 40 մլն դրամ պարտքը: Մարզպետի առաջարկներից մեկով Մեծ Մասրիկի համայնքապետարանը պետք է հաստիքային կրճատումներ աներ` 5 աշխատողներից թողնելով 3-ը, իսկ մնացածի համար սահմաներ նվազագույն աշխատավարձ:

Ըստ այդ առաջարկի` համայնքապետի աշխատավարձը 60 հազար դրամից չպետք է անցնի (համայնքապետի աշխատավարձը 138 հազար դրամ է` հարկերը չհաշվարկած): Ավագանուն տեղեկացնելով մարզպետի առաջարկի մասին` համայնքապետը հայտնեց, որ երկու հաստիքը պետք է միավորի եւ պահի երեք հաստիք` համայնքապետ, հաշվապահ եւ գանձապահ: Միաժամանակ ավագանուն հիշեցրեց, որ ինքն իրավուք ունի ԱԺ պատգամավորի աշխատավարձի 50 տոկոսի չափով աշխատավարձ ստանալ:

Մյուս հաստիքացուցակների կրճատումը նույնպես նրա սրտով չէր` «բա չլինի՞ մեկը, որ բնակչությունից հարկերը հավաքի»: Այնուհետեւ հայտարարեց, որ մարզպետն առաջարկել է փակել նաեւ մանկապարտեզը, ինչին ներկաներն արձագանքեցին վրդովմունքով: Առաջարկին ընդդիմացող ավագանու երկու անդամներ` Սանասար Ղուլյանը եւ Սաշա Դավթյանը հայտնեցին, որ համայնքապետարանը տարիներ շարունակ ոչ մի աջակցություն չի ցուցաբերել մանկապարտեզին, եւ այն գործել է միայն տնօրենի նվիրվածության ու ծնողների աջակցության շնորհիվ, հետեւաբար, համայնքապետն իբրեւ պարտքերի կրճատման միջոց մանկապարտեզը փակելը չպետք է դիտարկի:

Համայնքապետն առաջարկեց ցույց տալ ֆինանսական այն աղբյուրը, որով պետք է վարձատրի մանկապարտեզի երկու աշխատակիցներին: Քանի որ չկա, ուրեմն պետք է փակել:

Սանասար Ղուլյանին այդ ընթացքում հաջողվեց ծանոթանալ մարզպետի գրությանը, որտեղ մանկապարտեզի մասին ոչինչ չկար, եւ նա ներկաներին տեղեկացրեց, որ համայնքապետը կեղծ հայտարարություններ է անում մարզպետի անունից: Ս. Ղուլյանը պահանջեց, որ համայնքապետը հրապարակի մարզպետի գրությունը, սակայն Գ. Սարոյանը նրանից խլեց գրությունը եւ վրդովմունքով պահանջեց քվեարկության դնել առաջարկը:

Ավագանու 5 անդամները 3 կողմ, 2 դեմ ձայնով մանկապարտեզը փակելու որոշում կայացրին: «Ոնց հաշվում եմ` 9 երեխայից ավել չկա»,- իր դիրքորոշումն արդարացրեց առաջարկին կողմ քվեարկած ավագանու անդամներից մեկը: Ի պատասխան` մանկապարտեզի տնօրենն ու հարցին դեմ քվեարկած երկու ավագանիները հայտնեցին, որ կուտակված հարկերը ժողովրդինը չեն, եւ ժողովուրդն իր ստեղծածով չպետք է փոխհատուցի այն, որ գյուղում հարյուրավոր հեկտար հողեր են մշակում համայնքապետն ու իր մերձավորները, իրենք էլ պետք է վճարեն հարկերը:

«Իմ վրա խնդացին, որ այդքանով հանդերձ մանկապարտեզ եմ պահում»,- իր քայլը շարունակում էր արդարացնել համայնքապետը: «Ես գյուղից կգնամ, եթե մանկապարտեզը փակեն»,- բղավում էր գյուղի բնակիչներից Վարսիկ Սիմոնյանը, որի երկու երեխաները մանկապարտեզ են հաճախում:

Համայնքապետին ուղղված մեր հարցը, թե բյուջեի 40 մլն դրամ պարտքը որքանո՞վ կնվազի մանկապարտեզի երկու աշխատակիցներին կրճատելով` անպատասխան մնաց: Մանկապարտեզի տնօրենը նույնպես անտեղյակ էր, թե բյուջեով որքան աշխատավարձ է նախատեսված իրենց համար:

Մանկապարտեզը քաղաքակրթության հետ միակ կապն էր

Փոքր Մասրիկի մանկապարտեզը հիմնադրվել էր գյուղը փախստականներով վերաբնակեցնելու տարին` 1989 թ.-ին, եւ ինչպես ավագանու անդամներն ու գյուղի բնակչությունն էին պնդում` շուրջ 20 տարի գործում էր ջանասեր տնօրենի աշխատանքի եւ իրենց աջակցության շնորհիվ: «Շատ բարվոք վիճակում գտնվող համայնքների մանկապարտեզները տարվա կեսը հազիվ են գործում, իսկ այս մանկապարտեզը ստեղծման օրից ողջ տարին գործել է, ծնողներն իրենց ձեռքով են փայտը բերել ու կտրել, որպեսզի ձմռանը անխափան գործի:

Իրենց ձեռքով են վերանորոգել փոթորկից մի քանի անգամ պոկված տանիքը, մինչդեռ համայնքապետն այս տարիներին միայն մեկ անգամ, հետաքրքրությունից դրդված է ոտք դրել մանկապարտեզ, որպեսզի տեսնի, թե գյուղացիները վերանորոգման ինչ աշխատանք են կատարել»,- ասաց տնօրենը:

Համայնքապետարանի բյուջեում պարտքերի կուտակման հետեւանքով 2003 թ.-ից մանկապարտեզը սկսել է աշխատել սահուն գրաֆիկով` օրական մինչեւ 4,5 ժամ, որպեսզի համայնքապետարանը չվճարի նաեւ սննդի գումարը, իսկ աշխատողների թիվը 10-ից կրճատվել է մինչեւ 2-ի:

Համայնքապետարանը միայն աշխատողների աշխատավարձը պետք է վճարեր, սակայն տարիներ շարունակ բյուջետային մեծ պարտքեր ունենալով` չի կատարել նաեւ այդ պարտավորությունը: Մանկապարտեզի աշխատակիցները 2006 թ. դատարանի միջոցով կարողացել են ստանալ 2003-06 թթ. աշխատավարձի պարտքը, սակայն դրանից հետո դարձյալ նրանց աշխատավարձ չի վճարվել:

«1999-2006 թթ. համայնքապետարանը մանկապարտեզին ոչ մի դրամի ֆինանսավորում չի հատկացրել: Չի վճարել անգամ տարիների ընթացքում կուտակված 40 հազար դրամ հոսանքի պարտքը, որի պատճառով մանկապարտեզը հոսանքազրկվել է: Մանկապարտեզին եւ երեխաներին աջակցություն են ցույց տվել մի շարք բարեգործական հ/կ-ներ` «Առաքելություն Հայաստան», «Վորլդ Վիժն», «Քաունթերփարթ ինթերնեշնլ», «Հայ ավետարանական ընկերակցություն» եւ այլն»,- պատմեց Ս. Բարսեղյանը:

Պարզվեց, որ համայնքապետը վաղուց է ունեցել մանկապարտեզը փակելու մտադրություն: Այդ ճանապարհով ցանկանում էր ազատվել տնօրենից, որին համայնքապետի պաշտոնի համար մրցակից է համարում, քանի որ նա կարողացել է մանկապարտեզի շուրջը համախմբել գյուղացիներին: Գ. Սարոյանը մշտապես հայտարարել է, թե 4 երեխա է հաճախում եւ դրա համար չարժե մանկապարտեզ պահել:

Տնօրենը հայտնեց, որ Կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցն այդ հայտարարությունը ստուգելու համար մայիսի 11-ին անակնկալ այցելել է մանկապարտեզ եւ գրանցել 14 երեխայի ներկայություն: Թերթելով հաճախումների գրանցամատյանը` տնօրենը ցույց տվեց, որ տարբեր տարիներին մանկապարտեզ են հաճախել 20-25 երեխա: Այս տարի ավագ խմբի երեխաներից 9-ը դպրոց կգնան:

«Երեք ավագանի հարբած վիճակում նիստի են ներկայացել եւ որոշում են 20 տարի գործող մանկապարտեզի ու գյուղի երեխաների ճակատագիրը»,- ասաց կատարվածից դեռեւս ուշքի չեկած տնօրենը: «Ինչի՞ համար ես գալիս, եթե փող չեմ տալիս»,- հաղթանակածի տոնով վրդովված տնօրենին պատասխանեց համայնքապետը:

Գյուղացիներին հատկապես զայրացրել էր այն հանգամանքը, որ երկու տասնամյակ անգործություն դրսեւորած համայնքապետն իրեն իրավունք է վերապահում բնակչությանը զրկելու քաղաքակրթության հետ առնչվելու վերջին հնարավորությունից` մանկապարտեզից:

Համայնքապետը շարունակում է անգործություն դրսեւորել

Մանկապարտեզի փակման որոշումով համայնքապետը սպառված համարեց նիստի օրակարգը: «Բա մեր խմելու ջրի հա՞րցը, հո ու՞ղտ չենք, երեք օրը մեկ անգամ ենք ջուր խմում»,- նիստի ընթացքում մերթընդմերթ համայնքապետին հիշեցնում էին գյուղացիները:

Բնակչությանն անհանգստացնում էր նաեւ իրենց սեփականության վկայականների խնդիրը, որի պատճառով ներկայումս զրկվում են ցանքատարածքների համար Կառավարության հատկացրած սուբսիդիայից: Ավագանու անդամներից Սանասար Ղուլյանը հաշվառել էր նման խնդիրներ ունեցող համայնքի բնակիչներին եւ առաջարկեց գրությամբ դիմել Կառավարությանը` հարցին լուծում տալու համար:

Համայնքապետն արդեն սպառել էր անձնական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը եւ անհաղորդ էր բնակչության պահանջներին: Սակայն ավագանու պնդմանը, թե գրությունը համայնքապետի վավերացնելուց հետո ուղարկվի Կառավարություն` առանձնապես չընդդիմացավ: Համայնքապետն անպատասխան թողեց նաեւ մեր այն հարցը, թե ինչու գյուղը խմելու ջուր չունի, երբ գյուղամիջում ջրագիծ անցկացնելու վերաբերյալ տպավորիչ ցուցանակ կա փակցված:

Կարծում էինք, որ պաշտոնանկման խնդրի առջեւ կանգնած համայնքապետը, որն այնքան կառչած է իր պաշտոնից, վերջին հնարավորությունը կօգտագործեր սեփական անգործությունը հաղթահարելու համար եւ վերջապես կքննարկեր, թե ինչ միջոցառումներ է պետք ձեռնարկել հարկերը հավաքագրելու նպատակով:

Չէ՞ որ հենց դա է բյուջեի պարտքերը մարելու միակ երաշխիքը: Համայնքապետի ասելով` մարզպետարանը նույնպես հարկերի հավաքագրումը չի կարեւորել անցած տարիներին, չնայած երկու տարին մեկ անգամ ֆինանսական ու վարչական վերահսկողություն է իրականացրել համայնքում: Նրա հավաստմամբ` ուսումնասիրելուց հետո նույնիսկ փաստաթուղթ չեն տվել իրեն, բացառությամբ այս տարի կատարած վերահսկողության, ուր մնաց թե պարտքերի մարումը քննարկվեր կամ միջոցառումներ ձեռնարկվեին:

Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայության գործունեության համակարգման վարչության պետ Իվան Ասատրյանը հերքեց Գ. Սարոյանի ասածը` պնդելով, որ երեք տարի առաջ նրան անվստահություն հայտնելու խնդիրը հասունացել էր հենց այդ ստուգումների արդյունքների հիման վրա, սակայն, երբ դա չիրականացավ, նա շարունակեց կրկին անգործություն դրսեւորել ու անտեսել իրենց խորհուրդներն ու առաջարկները:

Ստեղծված իրավիճակում համայնքապետին անվստահություն հայտնելը գուցեւ լավագույն տարբերակը չէ, քանի որ հանրապետությունում առկա պրակտիկայի համաձայն` նա պաշտոնանկ լինելուց հետո դիմելու է դատարան, որպեսզի դատական կարգով բռնագանձվի անցած 5 տարիների իր աշխատավարձը, որը բավականին մեծ թիվ է կազմում: Ստացվում է` բնակչությունը դեռ երկար ժամանակ անգործունյա համայնքապետին պատանդ կմնա: Այս հարցում գուցե օգնեն իրավապահ մարմինները:

Մեր ունեցած տեղեկություններով` Տարածքային կառավարման նախարարությունը նույնպես ուսումնասիրություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի մեծ չափերի պարտքեր կուտակած չորս համայնքներում` Փամբակ, Փոքր Մասրիկ, Նորակերտ, Դարանակ եւ դրանց արդյունքները ներկայացրել է իրավապահներին:

Սաթենիկ Մակարյան


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ